Հավատդ փաստիր գործերով
«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է» (ՅԱԿՈԲՈՍ 2։17)։
1. Վաղ քրիստոնյաների համար ինչո՞ւ էր կարևոր հավատը փաստել գործերով։
ՎԱՂ քրիստոնյաներն իրենց հավատը փաստում էին իրենց ապրելակերպով։ Հակոբոս աշակերտը բոլոր քրիստոնյաներին հորդորեց. «Խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ»։ Նա նաև ասաց. «Ինչպէս որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպէս եւ հաւատքն առանց գործերի մեռած է» (Յակոբոս 1։22; 2։26)։ Այս խոսքերը գրելուց 35 տարի անց շատ քրիստոնյաներ շարունակում էին փաստել իրենց հավատը համապատասխան գործերով։ Բայց, ցավոք, ոչ բոլորն էին այդպես վարվում։ Հիսուսը գովեց Զմյուռնիայի ժողովի անդամներին, մինչդեռ Սարդեսի ժողովի քրիստոնյաներին նա ասաց. «Գիտեմ քո գործերը, որ անուն ունիս թէ կենդանի ես, բայց մեռած ես» (Յայտնութիւն 2։8–11; 3։1)։
2. Ի՞նչ հարց պետք է քրիստոնյան ինքն իրեն տա իր հավատի մասին։
2 Հիսուսը կոչ արեց Սարդեսի ժողովի անդամներին (և բոլոր նրանց, ովքեր հետագայում կկարդային իր խոսքերը), որ փաստեն քրիստոնեական ճշմարտության հանդեպ ունեցած իրենց սկզբնական սերը ու հոգևորապես արթուն մնան (Յայտնութիւն 3։2, 3)։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն հարց տալ. «Իսկ ի՞նչ կարելի է ասել իմ գործերի մասին։ Այն բանից, թե ինչպես եմ վարում կյանքս, պարզ երևո՞ւմ է, որ ջանք չեմ խնայում իմ բոլոր գործերով փաստելու հավատս, նույնիսկ կյանքի այն ոլորտներում, որոնք անմիջականորեն կապ չունեն քարոզչական գործի կամ ժողովի հանդիպումների հետ» (Ղուկաս 16։10)։ Կարելի է քննության առնել քրիստոնեական կյանքի բազմաթիվ երեսակներ, սակայն այս հոդվածում կքննարկենք միայն մեկ երեսակ՝ ընկերական հավաքույթները, այդ թվում նաև հարսանեկան խնջույքները, որ հաճախ հետևում են քրիստոնեական ամուսնություններին։
Ընկերական փոքր հավաքույթներ
3. Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը հավաքույթների առնչությամբ։
3 Գրեթե բոլորիս էլ հաճելի է, երբ հավատակիցները մեզ հրավիրում են խնջույքի։ Եհովան երջանիկ Աստված է և ցանկանում է, որ իր ծառաներն էլ երջանիկ լինեն (Ա Տիմոթէոս 1։11, ՆԱ)։ Նա Սողոմոնին ներշնչեց, որ գրի առնի հետևյալ ճշմարտությունը. «Ես գովեցի ուրախութիւնը, որ մարդիս համար արեգակի տակին մի լաւ բան չ’կայ, բացի միայն ուտել ու խմել եւ ուրախանալը. եւ սա է նորա հետ գնում իր աշխատութեան մէջ իր կեանքի օրերումը» (Ժողովող 3։1, 4, 13; 8։15)։ Այդպիսի ուրախություն կարելի է ստանալ, երբ հավաքվում ենք ընտանեկան ճաշկերույթի կամ ընկերական փոքրիկ հավաքույթի ճշմարիտ երկրպագուների հետ (Յոբ 1։4, 5, 18; Ղուկաս 10։38–42; 14։12–14)։
4. Ի՞նչը պետք է հետաքրքրի հավաքույթ կազմակերպող անհատին։
4 Եթե հավաքույթ ես կազմակերպում և դրա պատասխանատուն ես, ապա պետք է ամեն ինչ լավ պլանավորես, նույնիսկ եթե ընդամենը մի քանի հավատակիցների ես հրավիրում (Հռովմայեցիս 12։13)։ Դու կջանաս, որ «ամեն բան.... պարկեշտութեամբ» լինի և ուղեկցվի ‘վերին իմաստությամբ’ (Ա Կորնթացիս 14։40; Յակոբոս 3։17)։ Պողոս առաքյալը գրեց. «Թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք։ Առանց գայթակղութիւն տալու եղեք» (Ա Կորնթացիս 10։31, 32)։ Ի՞նչ հարցեր կան, որոնց վրա պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնես։ Եթե դրանց մասին նախօրոք մտածես, ապա լավ հնարավորություն կստեղծվի, որ դու և քո հյուրերը գործերով փաստեք ձեր հավատը (Հռովմայեցիս 12։2)։
Ինչպիսի՞ն պետք է լինի հավաքույթը
5. Ինչո՞ւ պետք է տանտերը հատուկ ուշադրություն դարձնի ալկոհոլային խմիչքի և երաժշտության հետ կապված հարցերին։
5 Շատերը, ովքեր հյուրեր են ընդունել, հետևյալ հարցի առաջ են կանգնել. հյուրասիրե՞լ ոգելից խմիչք, թե՝ ոչ։ Որպեսզի շփումը կերտիչ լինի, դա ամենևին էլ անհրաժեշտ չէ։ Հիշենք, որ Հիսուսը կերակրեց իր մոտ եկած մեծաթիվ մարդկանց՝ ավելացնելով հացն ու ձուկը։ Բայց Աստվածաշնչում չի ասվում, թե նա հրաշքով գինի էլ տվեց, թեև մենք գիտենք, որ նա ի զորու էր դա անելու (Մատթէոս 14։14–21)։ Եթե որոշել ես ոգելից խմիչք հյուրասիրել, ապա դա արա չափավորությամբ և, անշուշտ, ոչ ալկոհոլային խմիչքներ էլ դիր սեղանին նրանց համար, ովքեր չեն ցանկանում ոգելից խմիչք գործածել (Ա Տիմոթէոս 3։2, 3, 8; 5։23; Ա Պետրոս 4։3)։ Այնպես մի արա, որ հյուրերից որևէ մեկը ստիպված խմի մի բան, ինչը կարող է ‘օձի պես կծել’ նրան (Առակաց 23։29–32)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել երգի ու երաժշտության մասին։ Եթե նախատեսել ես, որ հավաքույթի ժամանակ երաժշտություն հնչի, ապա, անկասկած, ուշադրությամբ կընտրես երգերը՝ հաշվի առնելով թե՛ ռիթմը, թե՛ բառերը (Կողոսացիս 3։8; Յակոբոս 1։21)։ Շատ քրիստոնյաներ նկատել են, որ Թագավորության մեղեդիները լսելը, ինչպես նաև դրանք երգելը հաճելի մթնոլորտ են ստեղծում (Եփեսացիս 5։19, 20)։ Իհարկե, հարկավոր է պարբերաբար հետևել, որ երաժշտության ձայնը չխանգարի հաճելի զրույցին ու չանհանգստացնի հարևաններին (Մատթէոս 7։12)։
6. Զրույցներից և այլ բաներից ինչպե՞ս կարող է երևալ, որ տանտերը կենդանի հավատ ունի։
6 Ընկերական հավաքույթների ժամանակ քրիստոնյաները կարող են զրուցել տարբեր թեմաների շուրջ, բարձրաձայն ինչ–որ բան կարդալ կամ էլ հետաքրքիր դեպքեր պատմել։ Եթե զրույցը սկսում է ընթանալ ոչ ճիշտ ուղղությամբ, ապա տանտերը կարող է նրբանկատորեն փոխել թեման։ Նա նաև պետք է ուշադիր լինի, որ ինչ–որ մեկը չգերիշխի զրույցի ընթացքում։ Եթե հյուրընկալը նման բան է նկատում, ապա կարող է խոհեմ կերպով միջամտել և մյուսներին էլ ներգրավել զրույցի մեջ, օրինակ՝ հնարավորություն տալով երեխաներին արտահայտվելու, կամ էլ արծարծելով այնպիսի թեմա, որը կմղի բոլորին մեկնաբանություններ տալ։ Անշուշտ, դա շատ դուր կգա և՛ փոքրերին, և՛ մեծերին։ Եթե դու՝ որպես կազմակերպիչ, գործես իմաստությամբ և նրբանկատորեն, ապա քո ‘խոհեմությունը հայտնի կլինի’ ներկաներին (Փիլիպպեցիս 4։5, ՆԱ)։ Նրանք կտեսնեն, որ դու կենդանի հավատ ունես, որն արտացոլվում է քո կյանքի բոլոր ասպարեզներում։
Ամուսնություն և հարսանեկան խնջույք
7. Ինչո՞ւ է հարկավոր լրջորեն մոտենալ ամուսնության արարողությանը և հարսանեկան խնջույքը կազմակերպելուն։
7 Աստվածահաճո ամուսնությունը ուրախություն է պատճառում քրիստոնյաներին։ Եհովայի վաղեմի ծառաները, այդ թվում նաև Հիսուսն ու իր աշակերտները սիրով մասնակցել են նման ուրախալի իրադարձության, ինչպես նաև դրանից հետո եղող խնջույքին (Ծննդոց 29։21, 22; Յովհաննէս 2։1, 2)։ Սակայն վերջին ժամանակներում փորձը պարզ ցույց է տալիս, որ քրիստոնյան պետք է հատուկ ջանքեր գործադրի, եթե ցանկանում է, որ հարսանեկան խնջույքն արտացոլի առողջ դատողություն և քրիստոնեական հավասարակշռություն։ Ամուսնության հետ կապված հավաքույթները նույնպես հնարավորություն են տալիս քրիստոնյային գործերով փաստելու իր հավատը։
8, 9. Ինչպե՞ս են շատ հարսանիքներ արտացոլում Ա Յովհաննէս 2։16, 17–ում գրված խոսքերը։
8 Շատ մարդիկ, ովքեր ո՛չ տեղյակ են Աստծու չափանիշներից, ո՛չ էլ հետաքրքրված են դրանցով, կարծում են, թե հարսանեկան խնջույքի ժամանակ թույլատրելի է ծայրահեղությունների մեջ ընկնելը։ Եվրոպական մի ամսագրում նոր ամուսնացած մի կին իր «արքայական» հարսանիքի մասին հետևյալն է գրում. «Մենք նստած էինք շքեղ կառքում, որը տանում էին չորս ձիեր, իսկ մեր ետևից ընթանում էին 12 ձիակառքեր։ Մի կառքով էլ երաժիշտներն էին գնում, որոնք նվագում էին։ Այնուհետև մեզ էկզոտիկ ճաշատեսակներ էին սպասում՝ հրաշալի երաժշտության ուղեկցությամբ։ Ուղղակի աննկարագրելի էր։ Այդ օրը ես ցանկանում էի թագուհի լինել և եղա»։
9 Իհարկե, սովորույթները երկրից երկիր տարբերվում են, սակայն նման խոսքերը հաստատում են Հովհաննես առաքյալի ասածի ճշմարտացիությունը. «Ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է»։ Մի՞թե հնարավոր է պատկերացնել, որ հոգևորապես հասուն քրիստոնյա զույգը ցանկանա «արքայական» հարսանիք անել՝ շռայլ, «հեքիաթային» արարողությամբ։ Իրենց խնջույքը կազմակերպելիս նրանք պետք է հիշեն, որ «Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։16, 17)։
10. ա) Որպեսզի հարսանիքը լավ անցնի, ինչո՞ւ է խիստ կարևոր պլանավորումը։ բ) Ինչպե՞ս պետք է որոշել, թե ում հրավիրել։
10 Քրիստոնյա զույգը կցանկանա լինել իրատես ու խոհեմ, և Աստվածաշունչը կարող է օգնել նրանց այդ հարցում։ Ինչքան էլ որ ամուսնության օրը կարևոր լինի, նրանք հասկանում են, որ այն հավիտյան ապրելու հեռանկար ունեցող երկու քրիստոնյաների համատեղ կյանքի ընդամենը սկիզբն է։ Նրանք պարտավոր չեն շքեղ հարսանեկան խնջույք անելու։ Բայց եթե ցանկանում են հավաքույթ կազմակերպել, պետք է հաշվի առնեն դրա ծախսերն ու բնույթը (Ղուկաս 14։28)։ Նրանց քրիստոնեական ընտանիքի գլուխը, համաձայն Սուրբ Գրությունների, ամուսինն է լինելու (Ա Կորնթացիս 11։3; Եփեսացիս 5։22, 23)։ Ուստի, գլխավորապես փեսան է պատասխանատու հարսանեկան խնջույքի կազմակերպման համար։ Իհարկե, նա սիրալիր կերպով կխորհրդակցի իր ապագա կնոջ հետ, թե ում նրանք կցանկանան և կկարողանան հրավիրել իրենց հարսանեկան խնջույքին։ Գուցե հնարավոր կամ հարմար չլինի հրավիրել բոլոր ընկերներին և բարեկամներին։ Ուստի կան որոշումներ, որոնք կայացնելիս հարկավոր է համեստություն դրսևորել։ Զույգը պետք է համոզված լինի, որ եթե նրանք չկարողանան հրավիրել հավատակիցներից ոմանց, ապա վերջիններս ըմբռնումով կմոտենան ու չեն նեղանա (Ժողովող 7։9)։
Խնջույքի «վերակացուն»
11. Ո՞րն է խնջույքի ‘վերակացուի’ դերը։
11 Եթե ամուսնությունը նշելու համար նորապսակները ցանկանում են հյուրընկալություն կազմակերպել, ապա ի՞նչ կարող են նրանք անել, որ այդ իրադարձությունը արժանավայել կերպով անցնի։ Կանայում տեղի ունեցած հավաքույթի հետ կապված, որտեղ ներկա էր Հիսուսը, կար մի առանձնահատկություն, որը Եհովայի վկաները համարում են շատ իմաստուն և արդեն երկար տարիներ է, ինչ հարսանեկան խնջույքների ժամանակ դա հաշվի են առնում։ Այնտեղ խնջույքի ‘վերակացու’ կար։ Վստահաբար, նա պատասխանատվության զգացում ուներ և ամուսնացողների հավատակիցն էր (Յովհաննէս 2։9, 10)։ Նմանապես և այսօր։ Իմաստուն փեսան կընտրի մի հասուն քրիստոնյա եղբոր՝ այդ կարևոր գործը կատարելու համար։ Հաշվի առնելով փեսայի ցանկություններն ու ճաշակը՝ խնջույքի վերակացուն կարող է կատարել բոլոր անհրաժեշտ բաները թե՛ հավաքույթից առաջ և թե՛ հավաքույթի ընթացքում։
12. Ոգելից խմիչքների գործածման հետ կապված ի՞նչ պետք է հաշվի առնի փեսան։
12 Նկատի ունենալով այն, ինչ քննարկվեց 5–րդ պարբերությունում, որոշ զույգեր նախընտրում են հարսանեկան խնջույքի ժամանակ չհյուրասիրել ոգելից խմիչքներ, որպեսզի ոչ ոք չչարաշահի դրանք և չխաթարի այդ իրադարձության երջանիկ ու հաջող անցկացումը (Հռովմայեցիս 13։13; Ա Կորնթացիս 5։11)։ Սակայն, եթե նրանք նախատեսում են սեղանին դնել ոգելից խմիչք, ապա դա պետք է անեն չափավորությամբ։ Կանայի հարսանիքում, որտեղ ներկա էր Հիսուսը, գինի կար, և անձամբ նա բարձր որակի գինի տրամադրեց հյուրերին։ Հետաքրքիր են խնջույքի ‘վերակացուի’ խոսքերը. «Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր» (Յովհաննէս 2։10)։ Անշուշտ, Հիսուսը դրանով չէր խրախուսում հարբեցողությունը, քանի որ դա անընդունելի էր համարում (Ղուկաս 12։45, 46)։ Գինու որակի վերաբերյալ խնջույքի ‘վերակացուի’ զարմացական խոսքերից պարզ երևում է, որ նախկինում նա տեսել էր, թե ինչպես են հարսանքավորներից ոմանք հարբում (Գործք 2։15; Ա Թեսաղոնիկեցիս 5։7)։ Այսպիսով՝ թե՛ փեսան և թե՛ այն քրիստոնյան, որին փեսան վստահել է սեղանի վերակացությունը, պետք է հավաստիանան, որ բոլոր ներկաները կհետևեն հետևյալ հստակ հրահանգին. «Մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ» (Եփեսացիս 5։18; Առակաց 20։1; Ովսէէ 4։11)։
13. Զույգն ի՞նչ պետք է հաշվի առնի, եթե նախատեսում է, որ հարսանեկան խնջույքին երաժշտություն հնչի, և ինչո՞ւ։
13 Ինչպես և մյուս հավաքույթներում, եթե երաժշտություն պիտի լինի, ապա հարկավոր է ուշադրություն դարձնել ձայնի բարձրությանը, այնպես որ ներկաները կարողանան հեշտությամբ զրուցել։ Մի քրիստոնյա երեց ասում է. «Երբեմն հավաքույթի ժամանակ, երբ զրույցները սկսում են ավելի աշխույժ դառնալ, կամ հյուրերը սկսում են պարել, երաժշտության ձայնը բարձրանում է։ Սկզբում երաժշտությունը ցածր է հնչում, բայց ընթացքում ձայնն այնքան է բարձրանում, որ այլևս հնարավոր չէ նորմալ զրուցել։ Հարսանեկան խնջույքը լավ հնարավորություն է տալիս հաճելի շփում ունենալու։ Որքա՜ն ցավալի կլինի, եթե բարձր երաժշտության պատճառով մարդիկ զրկվեն այդպիսի հնարավորությունից»։ Փեսան և խնջույքի վերակացուն պետք է իրենց պատասխանատու զգան նաև այն հարցում, թե ի՛նչ երաժշտություն կհնչի և թե այն որքա՛ն բարձր կլինի, և այդ գործը չպետք է թողնեն երաժիշտների հայեցողությանը՝ անկախ նրանից՝ նրանք վարձված են, թե՝ ոչ։ Պողոսը գրեց. «Ինչ էլ որ անեք խոսքով կամ գործով, ամեն ինչ արեք Տեր Հիսուսի անունով» (Կողոսացիս 3։17)։ Երբ հյուրերը խնջույքից հետո վերադառնան տուն, հիշելով երաժշտությունը՝ նրանք արդյոք կմտածե՞ն, որ զույգն ամեն ինչ արել էր Հիսուսի անունով։ Ինչ խոսք, շատ լավ կլինի, եթե նրանց տպավորությունը հենց այդպիսին լինի։
14. Հարսանեկան խնջույքից ի՞նչ հաճելի հիշողություններ կմնան քրիստոնյաների մեջ։
14 Անշուշտ, լավ կազմակերպված ամուսնությունը կարող է հաճելի հիշողություններ թողնել։ Ադամն ու Էդիտան, որոնք 30 տարվա ամուսիններ են, մի ամուսնության վերաբերյալ ասում են. «Իսկապես զգում ես, որ քրիստոնեական մթնոլորտ է տիրում։ Հնչում էին Եհովային փառաբանող երգեր, բայց կային նաև ուրիշ հետաքրքիր բաներ։ Պարերն ու երաժշտությունը գլխավոր դեր չէին խաղում։ Ամեն ինչ հաճելի էր ու կերտիչ՝ Աստվածաշնչի սկզբունքներին ներդաշնակ»։ Միանգամայն հստակ է, որ հարսն ու փեսան կարող են շատ բան անել ցույց տալու համար, որ իրենց հավատն ուղեկցվում է գործերով։
Հարսանեկան նվերներ
15. Հարսանեկան նվերներ տալու վերաբերյալ Աստվածաշնչի ո՞ր խորհուրդը կարող ենք կիրառել։
15 Շատ երկրներում ընդունված է, որ ընկերներն ու բարեկամները ամուսնացողներին նվերներ տան։ Եթե մտադիր ես նվեր տալ, ապա ի՞նչը լավ կլինի հիշել։ Հիշիր Հովհաննես առաքյալի խոսքերը ‘երկրային հարստությամբ հպարտանալու’ (ԱՆԹ) մասին։ Նա այդպիսի հպարտությունը, կամ՝ ցուցադրականությունը, կապեց ոչ թե այն քրիստոնյաների հետ, որոնք իրենց հավատը դրսևորում են գործերով, այլ ‘աշխարհի հետ, որն անցնում է’ (Ա Յովհաննէս 2։16, 17)։ Եթե նորապսակները հաշվի են առնում Հովհաննեսի ներշնչյալ խոսքերը, ապա մի՞թե նրանք բարձրաձայն կհայտարարեն նվիրատուների անունները։ Մակեդոնիայի և Աքայիայի քրիստոնյաները նվիրատվություններ կատարեցին Երուսաղեմի եղբայրներին, սակայն ոչ մի հիշատակում չկա, որ նրանց անունները հայտարարվեցին (Հռովմայեցիս 15։26)։ Շատ քրիստոնյաներ, որոնք հարսանեկան նվերներ են տալիս, նախընտրում են, որ իրենց անունը չհրապարակվի և ավելորդ ուշադրություն չդարձվի իրենց անձի վրա։ Այս առումով հետաքրքրական են Հիսուսի խոսքերը, որ գրված են Մատթէոս 6։1–4-ում։
16. Հարսանեկան նվերների հետ կապված նորապսակներն ինչպե՞ս կարող են խուսափել մյուսների զգացմունքները վիրավորելուց։
16 Նվիրատուների անունները հայտնելը կարող է ‘մրցակցություն հրահրել’՝ կապված այն բանի հետ, թե ում նվերն է ավելի լավ կամ ավելի թանկ։ Ուստի նորապսակ քրիստոնյաները հրապարակավ չեն հայտարարի նրանց անունները։ Դա գուցե անհարմար դրության մեջ դնի նրանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել նվեր տալու (Գաղատացիս 5։26, ՆԱ; 6։10)։ Իհարկե, սխալ բան չկա, որ հարսն ու փեսան իմանան, թե ով է բերել տվյալ նվերը։ Նրանք գուցե դա իմանան նվերի հետ տրված բացիկից, որը, սակայն, հրապարակավ չեն ընթերցի։ Հարսանեկան նվեր գնելիս, տալիս և ստանալիս մենք բոլորս լավ հնարավորություն ունենք փաստելու, որ նույնիսկ այդպիսի անձնական հարցում մեր հավատը դրսևորվում է գործերով։a
17. Ի՞նչ նպատակ պետք է ունենան քրիստոնյաները կապված իրենց հավատի ու գործերի հետ։
17 Միայն բարոյապես մաքուր կյանք վարելով, քրիստոնեական հանդիպումների հաճախելով և քարոզչական գործին մասնակցելով չէ, որ փաստում ենք մեր հավատը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է կենդանի հավատ դրսևորի, որն արտահայտվում է մեր բոլոր գործերում։ Այո՛, մենք կարող ենք ցույց տալ մեր հավատը «կատարեալ», այսինքն՝ ամբողջովին կատարված գործերով, այդ թվում այն գործերով, որոնք քննարկեցինք այս հոդվածում (Յայտնութիւն 3։2)։
18. Ինչպե՞ս կարող ենք հետևել Յովհաննէս 13։17–ում գրված խոսքերին քրիստոնեական ամուսնությունների և հավաքույթների ժամանակ։
18 Այն բանից հետո, երբ Հիսուսը խոնարհաբար լվաց իր հավատարիմ առաքյալների ոտքերը և դրանով հրաշալի օրինակ տվեց նրանց, նա ասաց. «Եթէ այս [«այս բաները», ԱԱ] գիտէք, երանելի էք՝ թէ որ այս անէք» (Յովհաննէս 13։4–17)։ Այնտեղ, որտեղ մենք այսօր ապրում ենք, գուցե անհրաժեշտ չէ կամ նորմալ երևույթ չէ լվանալ ուրիշի, օրինակ, հյուրի ոտքերը։ Սակայն ինչպես քննարկվեց այս հոդվածում, կան կյանքի այլ բնագավառներ, որոնցում մեր հավատը կարող ենք ցույց տալ՝ սիրառատ և մտածված գործեր անելով, այդ թվում այնպիսի գործեր, որոնք առնչվում են ընկերական հավաքույթներին և քրիստոնեական ամուսնություններին։ Պատրաստվում ես ամուսնանա՞լ։ Հյո՞ւր ես կանչված քրիստոնեական ամուսնության կամ հարսանեկան խնջույքի։ Ինչ դերում էլ որ լինես, քո գործերով կարող ես փաստել, որ հավատ ունես։
[ծանոթագրություն]
a Ամուսնության և հարսանեկան խնջույքի վերաբերյալ լրացուցիչ մտքեր կարելի է գտնել հաջորդ հոդվածում («Թող ձեր ամուսնության օրը ուրախ և արժանավայել լինի»)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
Ինչպե՞ս կարող ես փաստել հավատդ
• ընկերական հավաքույթներ կազմակերպելիս,
• հարսանեկան խնջույք կազմակերպելիս,
• հարսանեկան նվեր տալիս կամ ստանալիս։
[նկար 24-րդ էջի վրա]
Նույնիսկ եթե ընդամենը մի քանի հոգու ես հրավիրում, առաջնորդվիր ‘վերին իմաստությամբ’