Արժանավայել ամուսնություն Աստծու և մարդկանց առջև
«Հարսանիք էր Գալիլեայի Կանայումը.... Յիսուսն էլ կանչուեցաւ այն հարսանիքը եւ նորա աշակերտներն էլ» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 2։1, 2)։
1. Հիսուսի՝ Կանայում գտնվելու մասին պատմությունը ինչի՞ վրա է մեր ուշադրությունը հրավիրում։
ՀԻՍՈՒՍԸ, նրա մայրը և աշակերտներից մի քանիսը գիտեին, թե ինչ ուրախություն կարող է բերել արժանավայել ամուսնությունը, որ տեղի է ունենում Աստծու ժողովրդի մեջ։ Մի ամուսնություն նույնիսկ ավելի ուշագրավ դարձավ, երբ Քրիստոսը կատարեց Աստվածաշնչում արձանագրված իր առաջին հրաշքը և դրանով իսկ նպաստեց այդ իրադարձության ուրախությանը (Յովհաննէս 2։1–11)։ Թերևս դու էլ ես բավականություն ստացել՝ ներկա գտնվելով քրիստոնյաների ամուսնության, որոնք ցանկանում են Եհովային ծառայել որպես երջանիկ ամուսիններ։ Կամ գուցե ինքդ ես նախապատրաստվում ամուսնանալու, կամ ընկերդ է ամուսնանում, և դու մտադիր ես օգնել նրան, որ ամեն ինչ լավ անցնի։ Ի՞նչը կարող է նպաստել ամուսնության հաջող անցկացմանը։
2. Ամուսնության վերաբերյալ ի՞նչ տեղեկություն է պարունակում Աստվածաշունչը։
2 Քրիստոնյաները համոզվել են, որ Աստծու ներշնչյալ Խոսքի խորհուրդն անչափ օգտակար է ամուսնության մտադրություն ունեցող տղամարդու և կնոջ համար (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Ինչ խոսք, Աստվածաշունչը մանրամասնորեն չի նկարագրում, թե ինչպես պետք է կատարվի քրիստոնեական ամուսնությունը։ Դա հասկանալի է, քանի որ կախված ժամանակաշրջանից և երկրից՝ սովորությունները և նույնիսկ օրենքները տարբերվում են։ Օրինակ՝ հին Իսրայելում չկար պաշտոնական հարսանեկան արարողություն։ Ամուսնության օրը փեսան իր հարսին բերում էր իր կամ իր հոր տուն (Ծննդոց 24։67; Եսայիա 61։10; Մատթէոս 1։24, ՆԱ)։ Այսպիսի հրապարակային քայլով ամուսնությունը հաստատվում էր, և ոչ մի պաշտոնական արարողություն չէր կատարվում, ինչպիսին որ այսօր է տեղի ունենում բազմաթիվ ամուսնությունների դեպքում։
3. Կանայում կատարվող ո՞ր իրադարձության հաջող անցկացմանը նպաստեց Հիսուսը։
3 Իսրայելացիները, տեսնելով այդ հրապարակային քայլը, ամուսնությունը համարում էին կայացած։ Դրանից հետո նրանք կարող էին մասնակցել խնջույքի, որով նշում էին ամուսնությունը։ Յովհաննէս 2։1–ում հիշատակվում է հենց այդպիսի մի խնջույք։ Աստվածաշնչի շատ թարգմանություններ այս համարը թարգմանում են այսպես. «Կանայում հարսանիք էր»։ Սակայն բնագիր բառի ճշգրիտ իմաստն է՝ «հարսանեկան խնջույք», «ամուսնության հանդես» (Մատթէոս 22։2–10; 25։10; Ղուկաս 14։8)։a Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ Հիսուսը ներկա էր հրեական հարսանեկան խնջույքի և նպաստեց բոլորի ուրախությանը։ Այսօր, սակայն, ի տարբերություն Հիսուսի օրերի, ամուսնություններն այլ կերպ են հաստատվում։
4. Որոշ քրիստոնյաներ ինչպե՞ս են նախընտրում ամուսնանալ, և ինչո՞ւ։
4 Այսօր շատ երկրներում ամուսնանալ ցանկացող քրիստոնյաները պետք է բավարարեն որոշակի իրավական պահանջներ։ Այնուհետև նրանք կարող են ամուսնանալ օրենքին համապատասխանող ցանկացած ձևով։ Դա կարող է լինել համեստ արարողություն, որը վարում է դատավորը, քաղաքապետը կամ պետության կողմից լիազորված ծառայողը։ Որոշ զույգեր նախընտրում են ամուսնանալ այսպիսի ձևով, և հնարավոր է՝ նրանք խնդրեն մի քանի բարեկամների կամ քրիստոնյա ընկերների ներկա լինել որպես օրինական վկաներ կամ պարզապես մասնակցել այդ կարևոր և ուրախ իրադարձությանը (Երեմիա 33։11; Յովհաննէս 3։29)։ Ոմանք էլ գուցե նախընտրեն մեծ հարսանեկան խնջույք չանել, որովհետև նրանցից կպահանջվեր բավականաչափ պլանավորում և խոշոր ծախսեր։ Փոխարենը՝ նրանք գուցե փոքրիկ սեղան գցեն և հրավիրեն մտերիմ ընկերներից ոմանց։ Ինչպիսին էլ լինի մեր անձնական նախընտրությունը, մենք պետք է ընդունենք, որ մյուս հասուն քրիստոնյաները կարող են ուրիշ տեսակետ ունենալ այս հարցում (Հռովմայեցիս 14։3, 4)։
5. Ինչո՞ւ են շատ քրիստոնյաներ ցանկանում, որ իրենց ամուսնության ժամանակ հարսանեկան ելույթ ներկայացվի, և ի՞նչ է այդ ելույթն ընդգծում։
5 Ամուսնացող քրիստոնյաների մեծամասնությունը նախընտրում է, որ իրենց ամուսնության օրը Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ ներկայացվի։b Նրանք ընդունում են, որ Եհովան է սկիզբ դրել ամուսնությանը, և որ նա իր Խոսքի միջոցով իմաստուն խորհուրդներ է տալիս ամուսիններին՝ հաջող ու երջանիկ ընտանեկան կյանք կառուցելու համար (Ծննդոց 2։22–24; Մարկոս 10։6–9; Եփեսացիս 5։22–33)։ Զույգերի մեծ մասը ցանկանում է, որ իրենց քրիստոնեական ընկերներն ու բարեկամները մասնակցեն այդ ուրախ իրադարձությանը։ Սակայն ինչպե՞ս պետք է քրիստոնյաները վերաբերվեն գոյություն ունեցող բազմազան օրենքներին, արարողություններին և նույնիսկ տեղի սովորություններին։ Այս հոդվածում կքննարկվեն ամուսնանալու հետ կապված իրավիճակներ, որ կան աշխարհի տարբեր երկրներում։ Դրանցից մի քանիսը գուցե զգալիորեն տարբերվեն այն բանից, թե ինչ դու գիտես և թե ինչ է ընդունված ձեր բնակավայրում։ Այդուհանդերձ, կնկատես որոշ ընդհանուր սկզբունքներ, որոնք կարևոր են Աստծու ծառաների համար։
Արժանավայել ամուսնությունը օրինական ամուսնությունն է
6, 7. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի ամուսնության իրավական կողմը, և ինչպե՞ս կարող ենք դա փաստել։
6 Ճիշտ է, Եհովան է սկիզբ դրել ամուսնությանը, բայցևայնպես մարդկային կառավարությունները որոշակի իշխանություն ունեն այն հարցում, թե ամուսնանալ ցանկացողները ինչ քայլեր պետք է անեն։ Դրանում սխալ բան չկա։ Հիսուսն ասաց. «Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն» (Մարկոս 12։17)։ Իսկ Պողոս առաքյալը գրեց. «Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած» (Հռովմայեցիս 13։1; Տիտոս 3։1)։
7 Երկրների մեծ մասում Կայսրը, այսինքն՝ պետական իշխանությունները, որոշում է, թե ովքեր ամուսնանալու իրավունք ունեն։ Ուստի, երբ երկու քրիստոնյաներ ցանկանում են ամուսնանալ և, ըստ Գրությունների, ազատ են դա անելու, նրանք բարեխղճորեն ենթարկվում են ամուսնության վերաբերյալ տեղի օրենքներին։ Դա կարող է նշանակել, որ հարկավոր է ձեռք բերել թույլտվություն պետության կողմից լիազորված անձի միջոցով և գրանցել ամուսնությունը։ Երբ Օգոստոս կայսրը պահանջեց, որ ‘մարդահամար անցկացվի’, Մարիամն ու Հովսեփը, հնազանդվելով, գնացին Բեթլեհեմ՝ ‘արձանագրվելու’ (ԱՆԹ) (Ղուկաս 2։1–5)։
8. Ամուսնությունը որքանո՞վ է լուրջ քայլ, և ինչպե՞ս են Եհովայի վկաները փաստում, որ հասկանում են դա։
8 Երբ երկու քրիստոնյաներ օրինական և ընդունված ձևով ամուսնանում են, ապա նրանց ամուսնությունը Աստծու աչքում փաստացի կայացված է։ Ուստի Եհովայի վկաները չեն կրկնում իրենց ամուսնությունը՝ մի քանի անգամ իրավական արարողություններ կատարելով, կամ կրկին ամուսնական երդում տալով, ինչպես որ անում են ամուսնության 25–րդ և 50–րդ տարեդարձի առթիվ (Մատթէոս 5։37)։ (Որոշ եկեղեցիներ անտեսում են ամուսնության համար օրենքով նախատեսված արարողությունը՝ պնդելով, թե ամուսնությունը վավերական չի լինի, եթե քահանան կամ որևէ այլ հոգևորական չկատարի ծես կամ զույգին չհայտարարի որպես ամուսին և կին։) Շատ երկրներում պետությունը լիազորում է Եհովայի վկա որևէ ծառայողի ամուսնություններ վավերացնելու։ Նա կցանկանա, որ հնարավորության դեպքում ամուսնության արարողության ժամանակ Թագավորության սրահում հարսանեկան ելույթ ներկայացվի։ Թագավորության սրահը ճշմարիտ երկրպագության վայր է, և ամուսնությունը Եհովա Աստված է հիմնադրել, ուստի պատշաճ է, որ հենց այդտեղ ելույթ ներկայացվի այդ արարողության կապակցությամբ։
9. ա) Օրինական ամուսնությունից հետո քրիստոնյա զույգը գուցե ի՞նչ ցանկանա անել։ բ) Ի՞նչ առնչություն կարող են ունենալ երեցներն ամուսնացող զույգի պլանների հետ։
9 Այլ երկրներում օրենքը պահանջում է, որ զույգն ամուսնանա պետական հաստատությունում, օրինակ՝ քաղաքապետարանում կամ գրանցվի քաղաքացիական ծառայողի կողմից։ Հաճախ քրիստոնյաները նախընտրում են, որ այդ իրավական քայլից հետո Թագավորության սրահում տեղի ունենա հարսանեկան ելույթ նույն կամ հաջորդ օրը։ (Նրանք չեն ցանկանա, որ շատ օրեր անցնեն քաղաքացիական արարողությունից մինչև աստվածաշնչային ելույթը, քանի որ արդեն ամուսնացած են Աստծու և մարդկանց առջև, ներառյալ քրիստոնեական ժողովի։) Եթե զույգը ցանկանում է, որ օրինական ամուսնությունից հետո Թագավորության սրահում ելույթ հնչի, նրանք պետք է նախապես թույլտվություն ստանան ժողովի ծառայողական կոմիտեի երեցներից։ Բացի այն, որ այս եղբայրները հաշվի կառնեն ամուսնացողների հեղինակությունը, նրանք նաև կհավաստիանան, որ ամուսնության արարողության ժամանակը չի խանգարի այդ Սրահում նախատեսված հանդիպումների և ծրագրված մյուս միջոցառումների անցկացմանը (Ա Կորնթացիս 14։33, 40)։ Զույգը գուցե ցանկանա Թագավորության սրահը նախապատրաստել ելույթի անցկացմանը, ուստի երեցները նաև կքննեն այդ հարցը և կորոշեն, թե արդյոք անհրաժեշտ է հայտարարություն անել Սրահի օգտագործման վերաբերյալ։
10. Եթե անհրաժեշտ է օրենքով գրանցվել, ապա այս հանգամանքն ինչպե՞ս կանդրադառնա հարսանեկան ելույթի վրա։
10 Հարսանեկան ելույթը ներկայացնող երեցը կջանա այն մատուցել ջերմ, հոգևորապես կերտիչ և արժանավայել կերպով։ Եթե զույգը օրինականորեն գրանցվել է, ապա նա հստակ կնշի, որ նրանք հանդիսանում են ամուսիններ՝ ըստ Կայսրի օրենքի։ Եթե քաղաքացիական արարողության ժամանակ նրանք իրար ամուսնական երդում չեն տվել, ապա գուցե ցանկանան դա անել ելույթի ժամանակ։c Եթե քաղաքացիական արարողությամբ նախատեսված է երդում տալ, բայց նորապսակները ցանկանում են նաև Եհովայի և ժողովի առաջ դա անել, ապա նրանք երդումը կասեն անցյալ ժամանակով՝ ցույց տալով, որ իրենք արդեն ‘միավորված’ են մեկ լծի տակ (Մատթէոս 19։6; 22։21)։
11. Որոշ վայրերում ինչպե՞ս են զույգերն ամուսնանում, և ինչպե՞ս է դա անդրադառնում հարսանեկան ելույթի վրա։
11 Որոշ վայրերում օրենքը զույգից գուցե չպահանջի ամուսնանալ որևէ արարողությամբ, անգամ պետական ծառայողի միջոցով։ Ամուսնությունը կայացած է համարվում, երբ զույգերը պաշտոնյային ներկայացնում են ամուսնության գրանցման ստորագրված փաստաթուղթ։ Դրա հիման վրա կազմվում է ամուսնության վկայական։ Այդուհետ նրանք համարվում են ամուսին ու կին, և վկայականի ամսաթիվը դիտվում է որպես նրանց ամուսնության օր։ Ինչպես արդեն նշվեց վերևում, փաստացի ամուսնացած զույգը գուցե ցանկանա, որ գրանցումից անմիջապես հետո Թագավորության սրահում աստվածաշնչային ելույթ ներկայացվի։ Հոգևորապես հասուն եղբայրը, որն ընտրվել է որպես հռետոր այդ ելույթը ներկայացնելու համար, բոլոր ներկաներին կտեղեկացնի, որ զույգը ամուսնացել է քիչ առաջ տեղի ունեցած գրանցման հիման վրա։ Ցանկացած երդում պետք է տալ այն տեղեկության համաձայն, որ նշված է 10–րդ պարբերությունում, ինչպես նաև ծանոթագրության մեջ։ Թագավորության սրահում ներկաները կուրախանան զույգի հետ և օգուտներ կքաղեն Աստծու Խոսքից տրված խորհուրդներից (Երգ Երգոց 3։11)։
Ամուսնություն՝ ըստ տեղի սովորույթի և օրենքի
12. Ի՞նչ է «ավանդական» ամուսնությունը, և ի՞նչ է խորհուրդ տրվում անել այդպիսի ամուսնությունից հետո։
12 Որոշ երկրներում գոյություն ունի ամուսնանալու մի ձև, որը կարելի է անվանել ամուսնություն՝ ըստ տեղի սովորույթի (այսպես ասած՝ ավանդական ամուսնություն)։ Սա չի վերաբերում այն դեպքին, երբ երկու անհատներ պարզապես ապրում են իրար հետ, ոչ էլ սա չգրանցված ամուսնությունն է, որը առանձին վայրերում որոշակի կարգավիճակ ունի, սակայն չի համարվում լիովին օրինական ամուսնություն։d Այստեղ խոսքն այն ամուսնության մասին է, որը կայացվում է՝ համաձայն տվյալ ցեղում կամ տարածքում ընդունված սովորության։ Այդ սովորությունը կարող է ներառել հարսնագնի լիակատար վճարումն ու ընդունումը, որի հիման վրա զույգը համարվում է օրենքով և Սուրբ Գրություններով ամուսնացած։ Պետությունը այդպիսի ամուսնությունը համարում է վավերական, օրինական և պարտավորեցնող։ Դրանից հետո սովորաբար հնարավոր է լինում գրանցել այդպիսի ամուսնությունը, և զույգը ստանում է պաշտոնական վկայական։ Գրանցվելը կարող է իրավական պաշտպանություն լինել զույգի կամ կնոջ համար, եթե վերջինս այրիանա, ինչպես նաև ապագա երեխաների համար։ Ժողովը «ավանդականորեն» ամուսնացած անհատին կհորդորի հնարավորին չափ շուտ գրանցել ամուսնությունը։ Հետաքրքրական է, որ Մովսիսական օրենքով՝ ըստ ամենայնի, ամուսնություններն ու ծնունդները պաշտոնապես գրանցվում էին (Մատթէոս 1։1–16)։
13. «Ավանդական» ամուսնությունից հետո ի՞նչ է պատշաճ անել կապված հարսանեկան ելույթի հետ։
13 «Ավանդական» ամուսնությամբ միացած զույգերը դառնում են ամուսին և կին։ Ինչպես նշվեց վերևում, այն քրիստոնյաները, ովքեր այսպիսի օրինական ամուսնական կապի մեջ են մտել, գուցե ցանկանան Թագավորության սրահում լսել հարսանեկան ելույթ և մեկմեկու ամուսնական երդում տալ։ Հռետորը կհիշատակի, որ զույգերն արդեն ամուսնացել են՝ համաձայն Կայսրի օրենքների։ Կներկայացվի միայն մեկ ելույթ։ Կայացել է մեկ ամուսնություն, և այս դեպքում դա «ավանդական» ամուսնությունն է, ու բնականաբար, պետք է տեղի ունենա մեկ սուրբգրային ելույթ։ Քրիստոնեական ամուսնությունը հանրության աչքում արժանավայել կլինի, եթե զույգերը հոգ տանեն, որ ելույթը տեղի ունենա հնարավորինս շուտ, նախընտրելի է՝ նույն օրը։
14. Ի՞նչ կարող է քրիստոնյան անել, եթե կարելի է ամուսնանալ և՛ ըստ տեղի սովորույթի, և՛ ըստ օրենքի։
14 Որոշ երկրներում, որտեղ «ավանդական» ամուսնությունը համարվում է օրինական, գոյություն ունեն նաև հնարավորություններ՝ ամուսնանալու ըստ պետական օրենքի։ Օրինական ամուսնությունը սովորաբար կայացվում է պետական պաշտոնյայի կողմից. ամուսնացողները կարող են միմյանց երդում տալ ու ստորագրել քաղաքացիական կացության վերաբերյալ մատյանում։ Որոշ քրիստոնեական զույգեր այսպիսի ամուսնությունը գերադասում են «ավանդական» ամուսնությունից։ Օրենքի տեսանկյունից՝ կարիք չկա ամուսնանալ երկու ձևով։ Ամուսնության յուրաքանչյուր ձևն էլ վավերական է։ Հարսանեկան ելույթի և երդումների վերաբերյալ 9–րդ և 10–րդ պարբերություններում ասված մտքերը վերաբերում են նաև այստեղ նշված օրինական ամուսնությանը։ Գլխավորն այն է, որ զույգն Աստծու և մարդկանց առջև ամուսնանա արժանավայել կերպով (Ղուկաս 20։25; Ա Պետրոս 2։13, 14)։
Թող ամուսնությունն արժանավայել լինի
15, 16. Ի՞նչ պետք է անել, որպեսզի ամուսնությունը արժանավայել լինի։
15 Երբ պարսից թագավորը ամուսնական խնդիր ունեցավ, նրա գլխավոր խորհրդականը՝ Մեմուքանը, տվեց մի խորհուրդ, որը կարող էր դրական արդյունք ունենալ, այն է՝ որ ‘բոլոր կնիկները պատիվ տան իրենց մարդկանց’ (Եսթեր 1։20)։ Քրիստոնեական ամուսնության համար հարկ չկա, որ որևէ թագավոր հրաման արձակի. կանայք իրենք են ցանկանում պատիվ տալ ամուսիններին։ Նույն ձևով էլ ամուսինները պատիվ են տալիս իրենց կողակիցներին և գովում են նրանց (Առակաց 31։11, 30; Ա Պետրոս 3։7)։ Ամուսնության մեջ իրար պատիվ տալը չպետք է լինի միայն շատ տարիներ անց։ Հարկավոր է դա անել հենց սկզբից, այո՛, ամուսնության օրվանից։
16 Միայն ամուսինն ու կինը չէ, որ ամուսնության օրը պետք է իրենց արժանավայել պահեն և իրար պատիվ տան։ Եթե նախատեսվում է հարսանեկան ելույթ, ապա այն նույնպես պետք է արժանավայել լինի։ Ելույթը պետք է ուղղված լինի զույգին։ Ցանկանալով պատվել նրանց՝ հռետորը այն չի ներկայացնի հումորիստական կամ ժողովրդական ոճով։ Նա չպետք է խիստ անձնական մանրամասնություններ շոշափի, ինչը գուցե շփոթեցնի ամուսնացող զույգին և մյուս ունկնդիրներին։ Փոխարենը՝ հռետորը կջանա ելույթը ներկայացնել ջերմ և կերտիչ ձևով՝ առավել ուշադրություն դարձնելով ամուսնության Հիմնադրին ու նրա հիանալի խորհուրդներին։ Այո՛, եթե երեցը վեհ կերպով ներկայացնի ելույթը, ապա դա կնպաստի, որ այդ ամուսնությունը պատիվ բերի Եհովա Աստծուն։
17. Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է հաշվի առնեն ամուսնության իրավական կողմը։
17 Թերևս նկատեցիր, որ այս հոդվածում ամուսնության իրավական կողմի հետ կապված շատ հարցեր շոշափվեցին։ Որոշ բաներ գուցե ուղղակիորեն չեն առնչվում ձեր տարածքում գործող օրենքներին։ Այդուհանդերձ, բոլոր Եհովայի վկաները պետք է քաջ գիտակցեն, որ անչափ կարևոր է ամուսնության հետ կապված հարցերում հարգանք դրսևորել պետական օրենքների՝ Կայսրի պահանջների հանդեպ (Ղուկաս 20։25)։ Պողոսը հորդորեց. «Ամենին վճարեցէք եղած պարտքը. ում որ հարկ պարտ էք՝ հարկ, ում որ մաքս՝ մաքսը.... ում որ պատիւ՝ պատիւը» (Հռովմայեցիս 13։7)։ Այո՛, պատշաճ է, որ քրիստոնյաները հենց ամուսնության օրվանից պատվեն այն կարգը, որ Աստված սահմանել է։
18. Ամուսնության հետ կապված ի՞նչ հարց է արժանի մեր ուշադրությանը, և որտե՞ղ կարող ենք տեղեկություններ գտնել այդ մասին։
18 Բազմաթիվ քրիստոնյաներ ամուսնությունից հետո կազմակերպում են հավաքույթներ՝ հարսանեկան խնջույք կամ ճաշկերույթ։ Հիշենք, որ Հիսուսը ներկա եղավ այդպիսի մի խնջույքի։ Եթե նախատեսվում է հավաքույթ, ապա Աստվածաշնչի խորհուրդն ինչպե՞ս կարող է մեզ օգնել հավաստիանալու, որ այն նույնպես պատիվ կբերի Աստծուն և բարերար ազդեցություն կունենա նորապսակների, ինչպես նաև քրիստոնեական ժողովի վրա։ Հաջորդ հոդվածում կխոսենք հենց այս մասին։e
[ծանոթագրություններ]
a Նույն բառը կարող է օգտագործվել ամուսնության հետ կապ չունեցող խնջույքը նշելու համար (Եսթեր 9։22)։
b Եհովայի վկաների ամուսնական արարողության առթիվ ներկայացվում է «Արժանավայել ամուսնություն Աստծու առջև» վերնագրով 30–րոպեանոց ելույթը։ Ելույթում շոշափվում են սուրբգրային հիանալի խորհուրդներ, որոնք քննարկվում են «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքում և Եհովայի վկաների այլ հրատարակություններում։ Ելույթը օգտակար է թե՛ նորապսակների և թե՛ բոլոր ներկաների համար։
c Եթե տեղի օրենքը ուրիշ ոչինչ չի պահանջում, Աստծուն պատիվ բերող երդումը տրվում է հետևյալ կերպ։ Փեսան ասում է. «Ես՝ [փեսայի անունը], վերցնում եմ քեզ՝ [հարսի անունը], ինձ կին և խոստանում եմ սիրել ու փայփայել քեզ՝ համաձայն քրիստոնյա ամուսինների համար Աստվածաշնչում արձանագրված Աստծու օրենքի, այնքան ժամանակ, քանի դեռ երկուսով, ըստ ամուսնության վերաբերյալ Աստծու սահմանած կարգի, կապրենք երկրի վրա»։ Հարսն ասում է. «Ես՝ [հարսի անունը] վերցնում եմ քեզ՝ [փեսայի անունը], ինձ ամուսին և խոստանում եմ սիրել ու փայփայել քեզ և խոր հարգանք ցուցաբերել քո հանդեպ՝ համաձայն քրիստոնյա կանանց համար Աստվածաշնչում արձանագրված Աստծու օրենքի, այնքան ժամանակ, քանի դեռ երկուսով, ըստ ամուսնության վերաբերյալ Աստծու սահմանած կարգի, կապրենք երկրի վրա»։
d «Դիտարանի» 1962 թ. մայիսի 1–ի համարում (էջ 287, անգլ.) քննարկվում է չգրանցված ամուսնության թեման։
e Տե՛ս նաև «Թող ձեր ամուսնության օրը ուրախ և արժանավայել լինի» հոդվածը, (էջ 28)։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրեն ամուսնության իրավական և հոգևոր կողմերը։
• Եթե երկու քրիստոնյաներ ամուսնանում են քաղաքացիական արարողությամբ, ի՞նչ կարող են նրանք որոշել անել դրանից հետո։
• Թագավորության սրահում ինչո՞ւ են հարսանեկան ելույթներ ներկայացվում։
[նկար 18-րդ էջի վրա]
Հին Իսրայելում փեսան ամուսնության օրը հարսին բերում էր իր կամ իր հոր տուն
[նկար 21-րդ էջի վրա]
«Ավանդական» ամուսնությունից հետո քրիստոնյաները գուցե ցանկանան, որ Թագավորության սրահում ելույթ ներկայացվի