Գաղաադի շրջանավարտներին քաջալերանք է տրվում խոսել ‘մեծամեծ բաների’ մասին
ՄԻ ՀՈԾ բազմություն՝ բաղկացած 52 երկրներից ժամանած 6 635 անհատներից, ներկա էր «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 115–րդ դասարանի ավարտականին, որը կայացավ 2003 թ. սեպտեմբերի 13–ին։
Նրանք ունկնդրեցին, թե ինչպես դասարանի 48 ուսանողներին քաջալերանք տրվեց «Աստուծոյ մեծամեծ բաները» տանել հասցնել 17 երկրների մարդկանց (Գործք 2։11)։ Հենց այդ երկրներում շրջանավարտները կկատարեն իրենց միսիոներական գործը։
Ստիվեն Լեթը, որ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ է և այդ միջոցառմանը հանդես էր գալիս որպես նախագահող, բացման խոսքում ուսանողներին հիշեցրեց. «Երբ գնաք ձեր նշանակման երկրները, անկախ այն բանից, թե ուր կգնաք կամ ինչ հանգամանքներում կլինեք, ձեզ հետ եղողները ավելի շատ կլինեն, քան ձեզ դեմ եղողները»։ Իր խոսքը հիմնելով «Դ Թագաւորաց» գրքի 6–րդ գլխի վրա՝ եղբայր Լեթը հիշեցրեց ուսանողներին, որ իրենք կարող են ակնկալել Եհովա Աստծո և բյուրավոր հրեշտակների պաշտպանությունը «Աստուծոյ մեծամեծ բաները» հայտնելու գործում (Դ Թագաւորաց 6։15, 16)։ Առաջին դարում քրիստոնյաները հալածանքների էին ենթարկվում, մարդիկ անտարբեր էին նրանց քարոզչական և ուսուցողական գործի հանդեպ. այսօր էլ քրիստոնյա միսիոներները նման հանգամանքներ են դիմագրավում։ Սակայն նրանք կարող են աջակցություն ակնկալել երկնքից, ինչպես նաև Եհովայի երկրային կազմակերպությունից (Սաղմոս 34։7; Մատթէոս 24։45)։
Խոսեք «Աստուծոյ մեծամեծ բաները»
Նախագահողի բացման խոսքերից հետո ելույթ ունեցավ ԱՄՆ–ի մասնաճյուղի կոմիտեի անդամ Հարոլդ Քորկերնը։ Նրա ելույթը կոչվում էր՝ «Իրական ակնկալիքներ ունենալը ուրախ և հաջող ծառայության բանալին է»։ Եղբայր Քորկերնը նշեց, որ չիրականացված հույսերը կարող են մարդուն ի վերջո հիասթափություն պատճառել, ինչպես Առակաց 13։12–ն է ցույց տալիս։ Բայց հիասթափությունը հաճախ ծագում է անիրական ակնկալիքներ ունենալուց։ Հարկավոր է, որ շրջանավարտներն ունենան հավասարակշռված, իրական տեսակետ ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների հանդեպ։ Նրանք կարող են սպասել, որ ինչ–ինչ սխալներ կանեն, երբ մարդկանց կօգնեն հասկանալու, թե որոնք են «Աստուծոյ մեծամեծ բաները», բայց նրանք չպետք է չափազանց տխրեն դրանց պատճառով։ Եղբայր Քորկերնը նոր միսիոներներին խրախուսեց ապավինել Եհովային, որը իրեն հաստատամտորեն փնտրողներին պարգևատրում է (Եբրայեցիս 11։6)։
Հետո ելույթ ունեցավ Կառավարիչ մարմնի անդամ Դանիել Սիդլիկը։ Թեման կոչվում էր՝ «Քրիստոնեական հույս. ի՞նչ է դա»։ Նա ասաց. «Հույսը քրիստոնեական առաքինություն է։ Դա ճշտի մի չափանիշ է, որը անհատին բերում է պատշաճ հարաբերությունների մեջ Աստծո հետ։ Քրիստոնյա չեղող մարդկանց համար անհնար է ունենալ այն հույսը, որ մենք ունենք»։ Եղբայր Սիդլիկը նկարագրեց քրիստոնեական հույսի տարբեր երեսակներ, որոնք օգնում են անհատին շարունակել լավատեսորեն նայել իրերին՝ չնայած կյանքի դժվարություններին։ «Հույս ունենալով՝ մենք կարող ենք է՛լ ավելի եռանդուն լինել և ունենալ հաղթական ոգի»։ Քրիստոնյայի հույսն օգնում է իրեն Եհովային տեսնելու որպես նպատակներ ունեցող Աստծո և ուրախություն գտնել նրան ծառայելու մեջ (Հռովմայեցիս 12։12)։
«Գաղաադ» դպրոցի քարտուղար Ուոլաս Լիվերանսը քաջալերեց ուսանողներին հետևյալ ելույթով՝ «Շարունակ ոգով ընթացեք» (Գաղատացիս 5։16)։ Նա ցույց տվեց, թե ինչպես էր Բարուքը՝ Երեմիայի գրագիրը, գրեթե դադարել ոգով ընթանալուց։ Մի պահ Բարուքը հոգնել էր ու սկսել էր մեծամեծ բաներ փնտրել իր համար (Երեմիա 45։3, 5)։ Հետո եղբայր Լիվերանսը նշեց, թե ինչպես ոմանք այլևս չհետևեցին Հիսուսին ու մերժեցին հոգևոր ճշմարտությունը, որն անհրաժեշտ է փրկության համար։ Պատճառն այն էր, որ այդ մարդիկ չէին հասկացել, թե ինչ էր նա սովորեցնում, և հիասթափվել էին՝ տեսնելով, որ այդ պահին իրենց ակնկալիքները, կապված ֆիզիկական կարիքը բավարարելու հետ, չեն արդարացվում (Յովհաննէս 6։26, 27, 51, 52, 67)։ Ի՞նչ կարող են սովորել այդ դեպքերից միսիոներները, որոնց առաջադրանքն է մարդկանց ուշադրությունը ուղղել դեպի Արարիչն ու նրա նպատակը։ Հռետորը ուսանողներին քաջալերեց չխորհել դիրքի, մարդկանց կողմից ընդունվելու կամ էլ աստվածապետական նշանակումը սեփական օգտին ծառայեցնելու մասին։
«Դու կլինես տվո՞ղ, թե՞ վերցնող». ահա այսպիսի հարց տվեց «Գաղաադի» ուսուցիչ Մարկ Նումարը։ Նա իր ելույթը հիմնեց Դատաւորաց 5։2–ի վրա, որտեղ անհատ իսրայելացիները գովվում են Բարակի բանակում կամավոր ու անշահախնդրորեն ծառայելու համար։ «Գաղաադի» աշակերտները գովասանքի արժանացան, որ արձագանքել են Մեծ Բարակի՝ Հիսուս Քրիստոսի կոչին, այն է՝ ավելի մեծ մասնակցություն ունենալ հոգևոր պատերազմին։ Քրիստոսի զինվորները պետք է հետաքրքրված լինեն այն բանում, որ արժանանան նրա՛ հավանությանը, ով իրենց վերցրել է ծառայության։ Եղբայր Նումարը ուսանողներին հիշեցրեց. «Հենց որ սկսենք կենտրոնանալ ինքներս մեզ հաճեցնելու վրա, կդադարենք կռվել թշնամու դեմ։ ....Միսիոներական ծառայության մեջ գլխավորը քո անձը չէ։ Գլխավորը Եհովան է, նրա գերիշխանությունը և նրա կամքի իրականացումը։ Մենք որպես միսիոներներ ենք ծառայում ոչ թե այն բանի համար, որ ուզում ենք՝ Եհովան մեզ երջանիկ դարձնի, այլ որ սիրում ենք նրան» (Բ Տիմոթէոս 2։4)։
«Գաղաադի» ուսուցիչ Լորենս Բոուենը անցկացրեց ծրագրի «Սրբացրու նրանց ճշմարտությամբ» բաժինը (Յովհաննէս 17։17)։ Նա նշեց, որ 115–րդ դասարանի ուսանողները Աստծո սրբացված ծառաներն են։ Դպրոցում եղած ժամանակ նրանք նաև քարոզչական ծառայության էին գնում՝ փնտրելով մարդկանց, ովքեր անկեղծորեն սիրում են ճշմարտությունը։ Ինչպես Հիսուսն ու նրա առաջին աշակերտները, ուսանողները ‘իրենց անձից’ չէին խոսում (Յովհաննէս 12։49, 50)։ Նրանք եռանդորեն մարդկանց էին փոխանցում ճշմարտության՝ Աստծո ներշնչումով գրված կենսատու խոսքերը։ Ուսանողների պատրաստած բեմականացումներն ու պատմած դեպքերը ցույց տվեցին, թե ինչ զորավոր ազդեցություն է ունեցել Աստվածաշունչը այն մարդկանց վրա, ում հետ իրենք խոսել են։
Խորհուրդն ու փորձը քաջալերում են
ԱՄՆ–ի մասնաճյուղի ծառայողական բաժնի անդամներ Անտոնի Պերեսը և Անտոնի Գրիֆինը հարցազրույցներ անցկացրին տարբեր մասնաճյուղերի կոմիտեի անդամների հետ։ Նրանք խոսեցին այն դժվարությունների մասին, որոնց նոր միսիոներները բախվում են, ու գործնական խորհուրդներ տվեցին՝ ելնելով անձնական փորձից։ Այդ դժվարություններից են՝ մշակութային տարբերությունները, կլոր տարին արևադարձային կլիման, անսովոր կրոնական ու քաղաքական միջավայրը։ Ի՞նչը կարող է օգնել միսիոներներին հարմարվել նոր պայմաններին։ Կարող է օգնել սերը Եհովայի ու մարդկանց հանդեպ, ետ չնայելը և հապճեպ չգործելը։ Մի մասնաճյուղի կոմիտեի անդամ ասաց. «Մեր նշանակման վայրում մարդիկ դարեր շարունակ ապրել էին մեզանից առաջ։ Անտարակույս, մենք էլ կարող էինք ապրել տվյալ վայրում ու հարմարվել։ Ամեն անգամ բախվելով դժվարությունների՝ մենք դրանք դիտում էինք որպես հնարավորություններ բարելավելու մեր բնավորությունը։ Ապավինելով աղոթքին ու Եհովայի սուրբ ոգուն՝ դու զգում ես Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը. «Ես ձեզ հետ եմ»» (Մատթէոս 28։20)։
Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը հանդես եկավ գլխավոր ելույթով՝ «Շարունակ խոսեցեք Աստծո մեծամեծ բաների մասին»։ Սուրբ ոգու թափվելը Հիսուսի աշակերտների վրա մ.թ. 33–ի Պենտեկոստեին մղեց նրանց խոսելու ‘Աստծո մեծամեծ բաների’ մասին։ Ի՞նչը կարող է օգնել նոր միսիոներներին նման եռանդով խոսելու Աստծո Թագավորության մասին։ Այդ նույն սուրբ ոգին։ Եղբայր Հերդը քաջալերեց շրջանավարտներին ‘հոգով ջերմեռանդ լինել’, ցնծալ իրենց նշանակումներով՝ երբեք չմոռանալով այն կրթությունը, որ իրենք ստացել են (Հռովմայեցիս 12։11)։ «Աստվածաշունչը Աստծո մեծամեծ բաներից է,— ասաց եղբայր Հերդը։— Երբեք չթերագնահատե՛ք նրա արժեքը։ Նրա պատգամը կենդանի է։ Այն թափանցում է մինչև խորքերը։ Օգտագործե՛ք Աստվածաշունչը՝ շտկելու համար այն ամենը, ինչ վերաբերում է ձեր կյանքին։ Թո՛ւյլ տվեք, որ նա փոխի ձեր մտածելակերպը։ Հսկեցե՛ք ձեր միտքը՝ Գրությունները կարդալով, ուսումնասիրելով և նրա շուրջ խորհրդածելով.... Նպատա՛կ դրեք պատմել «Աստուծոյ մեծամեծ բաները»՝ օգտվելով «Գաղաադում» ստացած ձեր գիտելիքներից, և այս հարցում վճռական եղեք»։
Այնուհետև, երբ ընթերցվեցին երկրագնդի տարբեր կողմերից ստացված ողջույնները, ինչպես նաև ուսանողներին տրվեցին դիպլոմները, շրջանավարտներից մեկը կարդաց դասարանի նամակը, որում արտահայտվում էր նրանց գնահատանքը ստացած կրթության համար։ Հետո եղբայր Լեթը այս ուրախալի միջոցառումը իր համապատասխան ավարտին հասցրեց՝ հղում կատարելով Բ Մնացորդաց 32։7 և Բ Օրինաց 20։1, 4 համարներին։ Իր եզրափակիչ խոսքերը կապելով բացման խոսքերի հետ՝ նա ասաց. «Եվ այսպես, սիրելի՛ շրջանավարտներ, հիշե՛ք, որ Եհովան ձեզ հետ կլինի, երբ դուք ձեր նոր նշանակումներում հոգևոր պատերազմի դուրս գաք։ Երբեք չմոռանաք, որ ձեզ հետ եղողներն ավելի շատ են, քան ձեզ դեմ եղողները»։
[շրջանակ 25–րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 7
Նշանակման երկրները՝ 17
Ուսանողների թիվը՝ 48
Միջին տարիքը՝ 33,7
Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 17,8
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13,5
[նկար 26–րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 115–րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.
1) Բրաուն Թ., Գոլեր Ս., Հոֆման Ա., Բրուզիզի Ջ., Թրեյհան Ս., 2) Սմարթ Ն., Քաշմեն Ֆ., Գարսիա Ք., Լոհան Մ., Սեյֆերթ Ս., Գրեյ Ք., 3) Բեքեթ Մ., Նիքոլզ Ս., Սմիթ Ք., Գուլյարա Ա., Ռափենեքեր Ա., 4) Գրեյ Ս., Վասեկ Ք., Ֆլեմինգ Մ., Բեթել Լ., Հերմանսոն Տ., Հերմանսոն Փ., 5) Ռափենեքեր Գ., Լոհան Դ., Դիքի Շ., Կիմ Կ., Թրահան Ա., Վաշինգտոն Ա., Սմարթ Ս., 6) Գոլեր Լ., Բուրգհոֆեր Թ., Գուլյարա Դ., Նիքոլզ Ռ., Վաշինգտոն Շ., Կիմ Ջ., 7) Բեքեթ Մ., Դիքի Ջ., Սմիթ Ռ., Գարսիա Ռ., Հոֆման Ա., Սեյֆերթ Ռ., Բրաուն Հ., 8) Ֆլեմինգ Շ., Բրուզես Փ., Բուրգհոֆեր Վ., Բեթել Թ., Քաշմեն Ջ., Վասեկ Ք.