Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 12/15 էջ 23–25
  • Ավարտականի գեղեցիկ օրը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ավարտականի գեղեցիկ օրը
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Քաջալերական խոսքեր՝ ուսանողներին
  • Ուսանողների հետ պատահած քաջալերական դեպքեր և հարցազրույցներ
  • Մղված են՝ ծառայելու Աստծուն
    2000 Դիտարան
  • Պատրաստակամության ոգին մարդկանց բերում է «Գաղաադ»
    2001 Դիտարան
  • Գաղաադի շրջանավարտներին քաջալերանք է տրվում խոսել ‘մեծամեծ բաների’ մասին
    2003 Դիտարան
  • Աստվածաշնչյան կրթությունը հավատ է կերտում
    2007 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 12/15 էջ 23–25

Ավարտականի գեղեցիկ օրը

«ԵՀՈՎԱՆ մեզ մի գեղեցիկ օր է պարգևել։ Պայծառ արևը, կապույտ երկինքը, կանաչ խոտը, դայլալյող թռչունները՝ այս ամենը վկայում է այն մասին, որ օրը իսկապես գեղեցիկ է լինելու։ Եվ մենք հիասթափություն չենք ապրի, քանի որ Եհովան հիասթափության Աստված չէ։ Նա օրհնությունների Աստված է»։

Այս քաջալերական խոսքերով Կառավարիչ մարմնի անդամ, եղբայր Սեմյուել Հերդը սկսեց «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 117–րդ դասարանի ավարտական ծրագիրը, որն անցավ 2004 թ. սեպտեմբերի 11–ին։ Այդ հրաշալի ծրագրի ընթացքում հնչեցին Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդներ և ներկայացվեցին դեպքեր ուսանողների ու մի քանի փորձառու միսիոներների ծառայությունից։ Այո, այդ օրն իրոք գեղեցիկ էր բոլոր 6 974 ներկաների համար, որոնք հավաքվել էին «Դիտարանի» կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք), ինչպես նաև Բրուքլինի և Ուոլքիլի մյուս համալիրներում, որ այդ կենտրոնին միացած էին ձայնային ու հեռուստատեսային կապով։

Քաջալերական խոսքեր՝ ուսանողներին

Եղբայր Հերդը ներկայացրեց առաջին հռետորին՝ Ջոն Կիկոտին, որն ԱՄՆ–ի մասնաճյուղի կոմիտեի անդամներից է։ «Պահպանիր ուրախությունդ միսիոներական ծառայության մեջ» թեմայում եղբայր Կիկոտը քաջալերական խոսքեր հղեց ներկաներին։ Նա նշեց, որ «Գաղաադի» ուսանողները աչքի են ընկնում իրենց ուրախությամբ. մի բան, որ ակնհայտ է նաև ավարտականի ընթացքում։ Աստվածաշնչյան կրթությունը, որ շրջանավարտները ստացան դասընթացների ժամանակ, ուրախություն բերեց նրանց, և այժմ այդ ծառայողները կարող են օգնել ուրիշներին՝ ապրելու նույն ուրախությունը։ Ինչպե՞ս են նրանք դա անելու։ Միսիոներական ծառայության մեջ իրենց տրամադրելով։ Հիսուսն ասել է. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։ Ուսանողները կկարողանան պահպանել իրենց ուրախությունը, եթե ընդօրինակեն Եհովային՝ առատաձեռն ու երջանիկ Աստծուն, որը հնարավորություն է տալիս մարդկանց ճանաչել ճշմարտությունը (Ա Տիմոթէոս 1։11)։

Ծրագրի հաջորդ ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը։ Նրա թեմայի վերնագիրն էր «Ինչպե՞ս ես պատրաստվում լեզու գտնել մարդկանց հետ»։ Համերաշխ ապրելը, ինչ խոսք, լավ է ու հաճելի, թեև դրան հասնելու համար գուցե անհրաժեշտ լինի «ամենին ամեն բան» դառնալ (Ա Կորնթացիս 9։22; Սաղմոս 133։1)։ Եղբայր Սփլեյնը նշեց, որ միսիոներական ծառայության ընթացքում ուսանողները գործ կունենան բազմաթիվ մարդկանց հետ՝ իրենց քարոզչական տարածքում ապրողների, մյուս միսիոներների, նոր ժողովի եղբայրների ու քույրերի, ինչպես նաև մասնաճյուղում ծառայող այն անհատների, որոնց հանձնարարված է առաջնորդել քարոզելու և ուսուցանելու գործը։ Նա գործնական խորհուրդներ տվեց այն մասին, թե շրջանավարտներն ինչպես կարող են հնարավորին չափ հաճելի դարձնել իրենց փոխհարաբերությունները ուրիշների հետ։ Հարկավոր է սովորել տեղի լեզուն, ուշադիր լինել տեղի սովորույթների նկատմամբ ու պատրաստ լինել հարմարվելու դրանց, չխառնվել մյուս միսիոներների անձնական կյանքին և հնազանդվել առաջնորդություն վերցնող եղբայրներին (Եբրայեցիս 13։17)։

Հաջորդ հռետորը «Գաղաադի» ուսուցիչ Լորենս Բոուենն էր։ Նա ներկաներին ուղղեց հետևյալ հարցը՝ «Ինչպե՞ս ես մտածում»։ Բոուենը հիշեցրեց ուսանողներին, որ նրանք, ովքեր ‘աչքի երևույթով [տեսածով]’ էին դատում, Հիսուսին որպես Մեսիա չընդունեցին (Յովհաննէս 7։24)։ Քանի որ անկատար ենք, բոլորս էլ պետք է զգուշանանք ‘մարդկանց բաները’ մտածելուց և փոխարենը ‘միտք անենք Աստծո բաները’ (Մատթէոս 16։22, 23)։ Նույնիսկ հոգևոր մարդիկ պետք է շարունակ բարեփոխեն իրենց մտածելակերպը։ Այդ բարեփոխություններից է կախված՝ կհասնե՞նք մեր նպատակակետին, թե՞ հոգևոր նավաբեկության կենթարկվենք, ճիշտ ինչպես բաց ծովում գտնվող նավի դեպքում։ Մենք կկարողանանք մտածել ‘Աստծո բաները’, եթե շարունակաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը իր համատեքստով։

Ծրագրի այս մասը եզրափակեց «Գաղաադ» դպրոցի մեկ ուրիշ ուսուցիչ Ուոլաս Լիվերանսը։ Նրա թեման, որ հիմնված էր Եսայիա 55։1–ի վրա, կոչվում էր «Ի՞նչ կգնես»։ Եղբայր Լիվերանսը քաջալերեց ուսանողներին «գնել» այն թարմությունը, ուրախությունը և հոգևոր սնուցումը, որ բերում է մեր օրերի վերաբերյալ Աստծո մարգարեական պատգամը։ Եսայիայի մարգարեության մեջ Աստծո այս պատգամը նմանեցվում է ջրի, գինու և կաթի։ Ինչպե՞ս կարելի է «առանց փողի» գնել այն։ Եղբայր Լիվերանսը բացատրեց, որ դա հնարավոր է այն դեպքում, եթե ուշադրություն դարձնենք Աստվածաշնչի մարգարեություններին և Աստծո մտքերով ու ճանապարհներով փոխարինենք Գրություններին հակասող մտքերն ու ճանապարհները (Եսայիա 55։2, 3, 6, 7)։ Այդպես վարվելով՝ նոր միսիոներները կարող են զորանալ իրենց օտարերկյա ծառայության մեջ։ Անկատար մարդը հաճախ կարծում է, թե երջանկությունը կախված է նյութական ապահովվածությունից։ «Մի «գնեք» դա,— խրախուսեց հռետորը։— Մի «վաճառվեք» այդ մտածելակերպին։ Ջանք թափեք ժամանակ հատկացնել Աստծո մարգարեական Խոսքը խորությամբ ուսումնասիրելուն։ Դա կարող է թարմացնել, զորացնել և ուրախություն պատճառել ձեզ միսիոներական ծառայության մեջ»։

Ուսանողների հետ պատահած քաջալերական դեպքեր և հարցազրույցներ

Հագեցած գրաֆիկը չխանգարեց շրջանավարտներին կանոնավորաբար մասնակցել քարոզչական ծառայությանը։ Դասարանի ուսանողներից մի քանիսը «Գաղաադի» մեկ ուրիշ ուսուցիչ Մարկ Նումարի նախաձեռնությամբ բեմականացրին իրենց հետ տեղի ունեցած դեպքերը, որոնք ընդգծեցին տվյալ ելույթի թեման՝ «Ավետարանը ամոթ չեմ համարում» (Հռովմայեցիս 1։16)։ Ներկաները հաճույքով լսեցին, թե ինչպես են այդ փորձառու քարոզիչները վկայություն տվել տնից տուն ծառայության ժամանակ, ինչպես նաև փողոցում և առևտրի կենտրոններում։ Ամուսնական զույգերից մեկին հաջողվել էր փողոցի ծառայության ժամանակ տարածել 48 գրքույկ և 867 պարբերագիր՝ քարոզելով ընդամենը հինգ շաբաթ օր՝ առավոտյան ժամերին։ Այլ լեզուներ իմացող ուսանողները հատուկ ջանքեր էին գործադրել զրուցելու իրենց ժողովի տարածքում ապրող օտարալեզու մարդկանց հետ։ Ոմանք էլ արդյունավետ կերպով օգտվել էին աստվածաշնչյան գրականությունից, որ հրատարակում են Եհովայի վկաները։ Նրանք այդ գրականությունը առաջարկել էին վերայցելություններ կատարելիս և Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելիս։ Այդ ծառայողները ‘ամոթ չհամարեցին’ քարոզել բարի լուրը։

Ուսանողների ներկայացրած դեպքերից հետո ծառայողական բաժնի անդամ, եղբայր Ուիլյամ Նոնկեսը հարցազրույցներ անցկացրեց փորձառու միսիոներների հետ, որոնք ծառայում են Բուրկինա Ֆասոյում, Լատվիայում և Ռուսաստանում։ Նրանք գործնական խորհուրդներ տվեցին, որոնք համահունչ էին ծրագրի այդ մասի թեմային՝ «Եհովան սիրով վարձատրում է հավատարիմ մարդկանց»։ Եղբայրներից մեկը քաջալերեց ուսանողներին հիշել Գեդեոնի 300 զինվորներից կազմված բանակը։ Նրանցից յուրաքանչյուրն իր հանձնարարությունն ուներ և կատարելով այն՝ իր լուման ներդրեց հաղթանակի հասնելու գործում (Դատաւորաց 7։19–21)։ Նմանապես, այն միսիոներները, ովքեր չեն թողնում իրենց հանձնարարված ծառայությունը, մեծապես վարձատրվում են։

Հաջորդ հարցազրույցների թեման էր «Ամենի համար ամեն բան դարձեք»։ Դրանք անցկացրեց Սեմուել Ռոբերսոնը՝ Պատերսոնի ուսուցիչներից մեկը։ Նա հարցազրույց վերցրեց չորս եղբայրներից, որոնք Սենեգալի, Գուամի, Լիբերիայի և Մադագասկարի մասնաճյուղերի կոմիտեների անդամ են։ Այդ երկրներում ընդհանուր առմամբ ծառայում է 170 միսիոներ։ Շրջանավարտներն ու ներկաները լսեցին, թե ինչպես են մասնաճյուղերի կոմիտեները օգնում նոր միսիոներներին հարմարվել իրենց նշանակմանը։ Հաճախ անհրաժեշտ է լինում սովորել տվյալ վայրում ընդունված բարքերը, որոնք կարող են տարօրինակ թվալ Արևմուտքում ապրողներին։ Օրինակ՝ որոշ երկրներում կարելի է տեսնել, որ տղամարդիկ, այդ թվում նաև քրիստոնեական ժողովի անդամները, ձեռք ձեռքի բռնած են քայլում։ Գուամի մասնաճյուղի հսկողության տակ գտնվող որոշ տարածքներում պատվավոր հյուրին (որ կարող է լինել իրենց այցի եկած միսիոները) չղջիկով ապուր են առաջարկում։ Այնուամենայնիվ, մյուս միսիոներները հարմարվել են այդ սովորույթներին, ուստի նորերը նույնպես կկարողանան դա անել։

Հոգևոր այդ ծրագիրը եզրափակեց Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը «Հավատարիմ մնա «մեր Տիրոջ Թագավորությանը»» ելույթով։ Ունկնդիրներին նա հետևյալ հիշեցումը տվեց. «Եհովան ոչ մի բան աննպատակ չի արարել։ Նա որոշակի նպատակներ ուներ՝ կապված իր արարչագործությունների հետ։ Աստծո նպատակը երկրագնդի առնչությամբ չի փոխվել և անշեղորեն մոտենում է իր ավարտին։ Ոչինչ չի կարող խափանել այն» (Ծննդոց 1։28)։ Եղբայր Փիրսը քաջալերեց հավատարմորեն հնազանդվել Աստծո գերիշխանությանը, չնայած այն դժվարություններին, որ առաջացել են առաջին մարդու՝ Ադամի մեղքի հետևանքով։ Շուտով կիրականանա Յայտնութիւն 11։18–ում արձանագրված աստվածաշնչյան մարգարեությունը։ «Մենք ապրում ենք դատաստանի ժամում և քիչ ժամանակ ունենք օգնելու անկեղծ մարդկանց ճանաչել ճշմարտությունը։ Արդյունավետ օգտագործեք ժամանակը՝ ուրիշներին պատմելով Թագավորության բարի լուրը»,— հորդորեց եղբայր Փիրսը։ Այն անհատները, ովքեր անձնվիրաբար աջակցում են Աստծո Թագավորությանը կարող են վստահ լինել, որ Եհովան կօգնի իրենց (Սաղմոս 18։25, ՆԱ)։

Ծրագրի վերջում նախագահողը կարդաց ողջույնի ու բարեմաղթանքի խոսքեր, որ ուղարկվել էին աշխարհի տարբեր մասնաճյուղերից։ Այնուհետև նա հանձնեց ավարտական վկայականները։ Շրջանավարտներից մեկն ընթերցեց դասարանի նամակը, որում ուսանողներն իրենց խոր երախտագիտությունն էին հայտնում ստացած կրթության համար։ Դա շատ հարմար ավարտ էր այն գեղեցիկ օրվան, որը դեռ երկար կմնա բոլոր ներկաների հիշողության մեջ։

[շրջանակ 23–րդ էջի վրա]

ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ներկայացված երկրների թիվը՝ 11

Նշանակման երկրները՝ 22

Ուսանողների թիվը՝ 48

Միջին տարիքը՝ 34.8

Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 18.3

Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13.4

[նկար 24–րդ էջի վրա]

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 117–րդ դասարանի շրջանավարտները

Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.

1) Թոմսոն Է., Նորվել Գ., Փաուել Թ., Կոզա Մ., Մաքինթայր Թ., 2) Ռեյլի Ա., Քլեյթոն Ք., Ալան Ջ., Բլանկո Ա., Մունյոզ Լ., Ռուսթադ Ն., 3) Գուերեռո Զ., Գարսիա Կ., Մեքերլի Դ., Իշիկաուա Տ., Բլանկո Գ., 4) Մաքինթայր Ս., Կրուզ Է., Գուերեռո Ջ., Ռիչի Օ., Ավեյանեդա Լ., Գարսիա Ռ., 5) Փաուել Ջ., Ֆիսկա Հ., Մունյոզ Վ., Բաուման Դ., Շաու Ս., Բրաուն Ք., Բրաուն Լ., 6) Շաու Ք., Ռեյլի Ա., Փելոքուին Կ., Մյունխ Ն., Մեքերլի Դ., Իշիկաուա Կ., 7) Մյունխ Մ., Փելոքուին Ջ., Կոզա Թ., Ավեյանեդա Մ., Ալան Ք., Ռիչի Է., Նորվել Թ., 8) Կրուզ Ջ., Բաուման Հ., Քլեյթոն Զ., Ֆիսկա Է., Թոմսոն Մ., Ռուսթադ Ջ.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը