Ընթերցողների հարցերը
• Քանի որ ղևտացիները հին Իսրայելում ժառանգություն չունեին, ինչպե՞ս կարող էր ղևտացի Անամայելը ագարակ վաճառել իր ղևտացի զարմիկ Երեմիային, ինչպես այդ մասին գրվում է Երեմիա 32։7–ում։
Ղևտացիների առնչությամբ Եհովան Ահարոնին ասաց. «Դու ժառանգութիւն չ’ունենաս. եւ նորանց [Իսրայելի] մէջտեղը բաժին չ’ունենաս» (Թուոց 18։20)։ Այդուհանդերձ, Ավետյաց երկրի տարբեր մասերում ղևտացիներին տրվեցին 48 քաղաքներ «իրանց արուարձաններովը»։ Երեմիայի հայրենի քաղաքը Անաթովթն էր՝ մեկը այն քաղաքներից, որոնք հատկացված էին ‘Ահարոնի որդիներին՝ քահանաներին’ (Յեսու 21։13–19; Թուոց 35։1–8; Ա Մնացորդաց 6։54, 60)։
Ղեւտացոց 25։32–34-ում կարդում ենք, որ Եհովան կոնկրետ հրահանգներ տվեց ղևտացիների սեփականությունը ‘փրկելու’՝ վերագնելու իրավունքի վերաբերյալ։ Ինչպես երևում է, առանձին ղևտացի ընտանիքներ կարող էին ժառանգության իրավունքներ ունենալ սեփականության նկատմամբ, այն օգտագործել, դրա որոշ մասը օտարել։ Բնականաբար նման իրավունքների մեջ մտնում էր սեփականության վաճառքը և վերագնումը։a Շատ առումներով ղևտացիները նույն ձևով էին տիրապետում և օգտագործում սեփականությունը, ինչպես Իսրայելի մյուս ցեղերի մարդիկ։
Հավանաբար ղևտացիների սեփականության իրավունքը ընտանիքում փոխանցվում էր ժառանգաբար։ Սակայն, ինչ վերաբերում էր վերագնման իրավունքին, գործարքը պետք է կատարվեր միայն ղևտացիների միջև։ Բացի այդ, թվում է, նրանք կարող էին վաճառել ու վերագնել միայն այն հողը, որը գտնվում էր քաղաքից ներս, քանի որ «իրանց քաղաքների անդերի արտերը» չպիտի վաճառվեին, որովհետև դրանք «նորանց յաւիտենական կալուածքն» էին (Ղեւտացոց 25։32, 34)։
Ուստի Անամայելից Երեմիայի գնած ագարակը ակներևաբար այնպիսին էր, որը կարելի էր վաճառել և հետագայում ետ գնել։ Հնարավոր է, այն գտնվում էր քաղաքի սահմաններում։ Եհովան ինքը հաստատեց, որ խնդրո առարկա «ագարակը» պատկանում էր Անամայելին, և որ Երեմիան ուներ «ազգականութեան», այսինքն՝ վերագնելու ‘իրավունք’ (Երեմիա 32։6, 7)։ Եհովան այս խորհրդանշական գործարքի միջոցով հաստատեց իր այն խոստումը, որ իսրայելացիները որոշ ժամանակ Բաբելոնում գերի մնալուց հետո վերադառնալու էին և ունենալու էին բոլոր իրավունքները ետ ստանալու իրենց ժառանգական հողերը (Երեմիա 32։13–15)։
Ոչինչ չի վկայում, թե Անամայելը անօրինական ձևով էր տիրացել Անաթովթում եղած այդ սեփականությանը։ Ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե նա խախտեց Եհովայի օրենքը՝ Երեմիային առաջարկելով գնել այդ «ագարակը», կամ թե Երեմիան, գնելով այդ հողամասը, ոչ ճիշտ ձևով օգտվեց իր ‘ազգականության իրավունքից’ (Երեմիա 32։8–15)։
[ծանոթագրություն]
a Մ.թ. առաջին դարում ղևտացի Բառնաբասը վաճառեց իր ագարակը՝ սեփականությունը, ու հասույթը որպես օգնություն նվիրաբերեց Քրիստոսի՝ Երուսաղեմում ապրող հետևորդներին։ Նրա սեփականությունը գուցե գտնվում էր կա՛մ Պաղեստինում, կա՛մ Կիպրոսում։ Հնարավոր է նաև, որ դա պարզապես մի հողատարածք էր, որը Բառնաբասը ձեռք էր բերել Երուսաղեմի մոտակայքում, որտեղ գրեզմաններ կային (Գործք 4։34–37)։