Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ է Ա Կորնթացիս 10։8–ում ասվում, որ 23 000 իսրայելացիներ մահացան մեկ օրում պոռնկություն գործելու համար, այնինչ, ըստ Թուոց 25։9–ի, 24 000 հոգի մահացավ։
Մի քանի հանգամանքներ կան, որոնք կարող են բացատրել, թե ինչու են այդ համարներում տարբեր թվեր նշվում։ Ամենապարզ բացատրությունը կարող է լինել այն, որ մահացածների իրական թիվը տատանվում է 23 000–ի ու 24 000–ի միջև, ինչը և հնարավորություն է տալիս այդ թիվը երկու ուղղությամբ էլ կլորացնելու։
Քննենք մեկ այլ բացատրություն։ Պողոս առաքյալը Սատիմում իսրայելացիների հետ պատահածը բերեց որպես նախազգուշական օրինակ հին Կորնթոս քաղաքի քրիստոնյաների համար, որի բնակիչները հայտնի էին իրենց անբարո կենցաղով։ Նա գրեց. «Պոռնկութիւն էլ չ’անենք, ինչպէս նորանցից ոմանք պոռնկութիւն արին, եւ մէկ օրում քսանեւերեք հազար մարդ վայր ընկան»։ Պողոս առաքյալը, առանձնացնելով նրանց, ովքեր պոռնկություն էին գործել ու այդ պատճառով մահվան արժանացել, նշում է այդ մարդկանց թիվը՝ 23 000 (Ա Կորնթացիս 10։8)։
Սակայն Թուոց 25–րդ գլխում ասվում է, որ «Իսրայէլը Բելփեգովրին յարեց. Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ»։ Հետո Եհովան պատվիրեց Մովսեսին սպանել «ժողովրդի բոլոր իշխաններին»։ Իր հերթին՝ Մովսեսը դատավորներին կարգադրեց կատարել այդ հրամանը։ Ի վերջո, երբ Փենեհեսը, արագորեն գործելով, սպանեց մի իսրայելացու, որը մադիանացի կին էր բերել ճամբար, «հարուածը Իսրայէլի որդկանցիցը դադարեց»։ Այս պատմությունը վերջանում է հետևյալ խոսքերով. «Հարուածիցը մեռածները քսանեւչորս հազար հոգի էին» (Թուոց 25։1–9)։
«Թվոց» գրքում տրված թվի մեջ ակներևաբար մտնում են ‘ժողովրդի բոլոր իշխանները’, որ սպանվեցին դատավորների կողմից, ու մնացածները, որ իրենց պատիժը ստացան անմիջապես Եհովայի կողմից։ Շատ հավանական է, որ այդ իշխանները հազար հոգի էին, և գումարային տեսքով բոլոր մահացածների թիվը 24 000 էր կազմում։ Անկախ այն բանից՝ այդ իշխանները պոռնկություն արեցին, անձամբ տոնակատարությունների մասնակցեցին թե համաձայնություն տվեցին մասնակցողներին՝ նրանք մեղավոր էին այն բանում, որ «Իսրայէլը Բելփեգովրին յարեց»։
«Յարեց» թարգմանված բառի առնչությամբ Աստվածաշնչի վերաբերյալ մի աշխատության մեջ նշվում է, որ դա կարող է նշանակել՝ «իր անձը կապել մեկ ուրիշի հետ»։ Իսրայելացիները Եհովային նվիրված ժողովուրդ էին, բայց երբ նրանք «Բելփեգովրին յարեց[ին]», խզեցին իրենց՝ նվիրման վրա հիմնված հարաբերությունները Աստծո հետ։ Մոտ 700 տարի անց Եհովան Ովսեե մարգարեի միջոցով իսրայելացիներին ասաց. «Նորանք եկան Բաալփեգովր, եւ իրանց նուիրեցին ամօթի եւ պիղծ եղան իրանց սիրածին պէս» (Ովսէէ 9։10)։ Բոլոր նման բան անողները արժանի էին Աստծո դատապարտությանը։ Այդ է պատճառը, որ Մովսեսը Իսրայելի որդիներին հիշեցրեց. «Ձեր աչքերը տեսան ինչ որ Եհովան Բելփեգովրին արաւ, որովհետեւ Բելփեգովրի ետեւից գնացող մարդկանցը քո Եհովայ Աստուածը քո միջիցը փչացրեց» (Բ Օրինաց 4։3)։