Դուք կարող եք ուրախացնել Աստծուն
ԱՐԴՅՈ՞Ք մենք կարող ենք որևէ ձևով ազդել Աստծո զգացմունքների վրա։ Մի՞թե նա ուրախանալու կարողություն ունի։ Մի բառարանում «Աստված» բառը բացատրվում է որպես «գերագույն կամ բարձրագույն էություն»։ Իսկ եթե այդ ահազդու էությունն ընդամենը ո՞ւժ է։ Մի՞թե կարելի է ակնկալել, որ անդեմ ուժը ի վիճակի կլինի ուրախանալու։ Հազիվ թե։ Փորձենք պարզել, թե ինչ է Աստվածաշունչը հայտնում Աստծո մասին։
«Աստված Ոգի է»,— ասում է Հիսուս Քրիստոսը (Յովհաննէս 4։24, ՆԱ)։ Ոգին կենդանի էակ է, որը տարբերվում է մարդուց։ Նա ունի մարմին, որը, սակայն, ոգեղեն է և անտեսանելի մարդու աչքին (Ա Կորնթացիս 15։44, ՆԱ; Յովհաննէս 1։18)։ Պատկերավոր լեզվով Աստվածաշունչը նույնիսկ ասում է, որ Աստված ունի աչքեր, ականջներ, ձեռքեր և այլն։a Նա ունի նաև անուն՝ Եհովա (Սաղմոս 83։18)։ Փաստորեն, Աստվածաշնչի Աստված ոգեղեն անձնավորություն է (Եբրայեցիս 9։24)։ «Նա կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր» (Երեմիա 10։10)։
Լինելով կենդանի անձնավորություն՝ Եհովան կարող է մտածել և գործել։ Նա ցուցաբերում է իր հատկությունները և արտահայտում է իր զգացմունքները, ընդունակ է սիրելու կամ չսիրելու։ Ամբողջ Աստվածաշնչում կարելի է հանդիպել այնպիսի արտահայտությունների, որոնք ցույց են տալիս, թե ինչն է հաճելի Աստծուն, և ինչը՝ տհաճ։ Եվ եթե մարդու կողմից հորինված աստվածներն ու կուռքերն ընդամենը արտացոլում են իրենց ստեղծողների բնավորության գծերն ու զգացմունքները, ապա ամենակարող Աստված՝ Եհովան, այն զգացմունքների Հեղինակն է, որ դրված են մարդու մեջ (Ծննդոց 1։27; Եսայիա 44։7–11)։
Եհովան, անկասկած, երջանիկ Աստված է (Ա Տիմոթէոս 1։11)։ Նա ուրախություն է ստանում ոչ միայն իր արարչագործական աշխատանքից, այլև իր նպատակներն իրականացնելուց։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան հայտարարում է. «Անում եմ իմ բոլոր ուզածը [«այն ամենը, ինչից բավականություն եմ ստանում», ՆԱ].... Ես խօսել եմ, կատարելու էլ եմ, ես որոշել եմ, անելու էլ եմ» (Եսայիա 46։9–11)։ Իսկ սաղմոսերգուն գրում է. «Տէրն ուրախ լինի իր գործերովը» (Սաղմոս 104։31)։ Սակայն կա ևս մի բան, որ ուրախություն է պատճառում Աստծուն։ Ահա թե ինչ է ասում նա. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու» (Առակաց 27։11)։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է դա նշանակում. մենք կարող ենք ուրախացնել Աստծուն։
Ինչպես կարող ենք ուրախացնել Աստծուն
Տեսնենք, թե ինչպես ուրախացրեց Եհովային Նոյ նահապետը։ «Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ», քանի որ «արդար եւ կատարեալ մարդ էր իր դարումը»։ Մեծապես տարբերվելով իր ժամանակակիցներից՝ Նոյը այնպիսի հավատ և հնազանդություն դրսևորեց, որ դրանով բավականություն պատճառեց Աստծուն։ Ուստի Արարիչը կարող էր ասել. «Նոյը Աստուծոյ հետ վարուեցաւ [«քալեց», ԱԱ]» (Ծննդոց 6։6, 8, 9, 22)։ «Հաւատքով Նոյը.... երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար» (Եբրայեցիս 11։7)։ Նահապետը ուրախացրեց Եհովային, և Աստված օրհնեց նրան ու նրա ընտանիքին՝ փրկություն պարգևելով նրանց մարդկության պատմության այդ աղետալի ժամանակաշրջանում։
Նահապետ Աբրահամը նույնպես հաշվի էր առնում Եհովայի զգացմունքները։ Նա շատ լավ գիտեր Աստծո մտածելակերպը։ Դա պարզ երևում է այն դեպքից, երբ Եհովան տեղեկացրեց Աբրահամին, որ Սոդոմ և Գոմոր քաղաքները իրենց անառակության պատճառով կործանվելու են։ Աբրահամը այնքան լավ էր ճանաչում Եհովային, որ կարող էր հասկանալ հետևյալը. անհնար է, որ Աստված չարի հետ կործանի արդարին (Ծննդոց 18։17–33)։ Տարիներ անց, հնազանդվելով Աստծո առաջնորդությանը, Աբրահամը պատրաստ եղավ «Իսահակին պատարագ մատուց[ել]»՝ «մտածելով թէ Աստուած կարող է մեռելներից էլ յարուցանել [նրան]» (Եբրայեցիս 11։17–19; Ծննդոց 22։1–18)։ Աբրահամն այնքան կարևոր էր համարում Աստծո զգացմունքները և այնպիսի հնազանդություն ու ամուր հավատ էր ցուցաբերում, որ «Աստուծոյ բարեկամ կոչուեցաւ» (Յակոբոս 2։23)։
Աստծո սիրտն ուրախացնելու ձգտում ունեցող մարդկանցից էր նաև հին Իսրայելում ապրած Դավիթ թագավորը։ Նրա մասին Եհովան ասաց. «Յեսսէի որդի Դաւիթին գտայ իմ սրտի պէս մարդ, որ նա իմ բոլոր կամքը կ’անէ» (Գործք 13։22)։ Հսկա Գողիաթի դեմ դուրս գալուց առաջ Դավիթը, անվերապահորեն վստահելով Աստծուն, Իսրայելի Սավուղ թագավորին ասաց. «Եհովան որ առիւծի եւ արջի ձեռքից ինձ ազատեց, այս Փղշտացիի ձեռքիցն էլ կ’ազատէ»։ Եհովան օրհնեց Դավիթին՝ ամրացնելով նրա վստահությունը իր հանդեպ և օգնելով տապալել Գողիաթին (Ա Թագաւորաց 17։37, 45–54)։ Դավիթն ուզում էր բավականություն պատճառել Եհովային ոչ միայն իր գործերով, այլև ‘իր բերանի խոսքերով և սրտի խորհուրդներով’ (Սաղմոս 19։14)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Ինչպե՞ս մենք կարող ենք ուրախացնել Աստծուն։ Որքան ավելի շատ իմանանք, թե այս կամ այն բանի հանդեպ ինչ է զգում Եհովան, այնքան ավելի լավ կհասկանանք՝ ինչպես կարող ենք ուրախացնել նրա սիրտը։ Ուստի Աստվածաշունչ կարդալիս շատ կարևոր է ձգտել Աստծո զգացմունքների մասին սովորել, որպեսզի «լցուի[ն]ք նորա կամքի գիտութիւնովը, ամեն իմաստութիւնով եւ հոգեւոր հանճարով. որ [գնանք] ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան» (Կողոսացիս 1։9, 10)։ Գիտությունն, իր հերթին, կօգնի, որ կերտենք մեր հավատը։ Սա չափազանց կարևոր է, քանի որ «առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել [Աստծուն]» (Եբրայեցիս 11։6)։ Այո՛, ջանք թափելով ամրացնել մեր հավատը և համապատասխանեցնելով մեր կյանքը Եհովայի կամքին՝ կարող ենք ուրախացնել նրա սիրտը։ Միևնույն ժամանակ, մենք պետք է զգույշ լինենք, որ չվիրավորենք նրա զգացմունքները և չտրտմեցնենք նրա սիրտը։
Մի տրտմեցրեք Աստծո սիրտը
Այն, թե ինչպես մարդիկ վիրավորեցին Աստծո զգացմունքները, երևում է Նոյի օրերի մասին պատմող աստվածաշնչյան օրինակից։ Դա մի ժամանակ էր, երբ «շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ։ Եւ Աստուած տեսաւ երկիրը, եւ ահա ապականուած էր, որովհետեւ ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վերայ»։ Ի՞նչ զգաց Աստված՝ տեսնելով մարդկանց անբարոյականությունն ու բռնությունը։ «Եհովան զղջաց, որ երկրի վերայ մարդը ստեղծեց, եւ իր սրտի մէջ տրտմեց» (Ծննդոց 6։5, 6, 11, 12)։ Աստված զղջաց՝ ափսոսանք զգաց, որ նրանց վարքն այդ աստիճանի հանցավոր էր դարձել, այնպես որ նա փոխեց իր վերաբերմունքը նախաջրհեղեղյան ամբարիշտ սերնդի հանդեպ։ Այդ սերնդի չարագործությունները այնպիսի տհաճություն պատճառեցին նրան, որ Աստված մարդկանց հետ վարվեց ոչ թե որպես Արարիչ, այլ որպես կործանող։
Եհովան վշտանում էր նաև, երբ իր իսկ ժողովուրդը՝ հին Իսրայել ազգը, անընդհատ անտեսում էր Իր զգացմունքներն ու սիրառատ առաջնորդությունը։ Սաղմոսերգուն ողբում էր. «Քա՜նի անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը։ Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին»։ Չնայած դրան՝ «նա ողորմած էր. քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. եւ շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը» (Սաղմոս 78։38–41)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երբ ըմբոստ իսրայելացիները արդարացիորեն տառապում էին իրենց գործած մեղքերի հետևանքով, իրենց «բոլոր նեղութիւնների մէջ [Աստված] նեղվում էր» (Եսայիա 63։9)։
Թեպետ ամեն բան վկայում էր, որ Աստված ջերմ զգացմունքներ է տածում իսրայելացիների հանդեպ, նրանք «անարգում էին Աստուծոյ պատգամաւորներին, եւ արհամարհում էին նորա խօսքերը եւ [ծ]աղրում էին նորա մարգարէներին, մինչեւ որ բարձրացաւ Տիրոջ բարկութիւնն իր ժողովրդի վերայ այնպէս որ բժշկութիւն չ’մնաց» (Բ Մնացորդաց 36։16)։ Պնդաճակատորեն շարունակելով իրենց ըմբոստությունը՝ իսրայելացիներն, ի վերջո, «բարկացրին նորա սուրբ հոգին» այն աստիճանի, որ կորցրին Եհովայի բարեհաճությունը (Եսայիա 63։10)։ Հետևա՞նքը։ Աստված, միանգամայն արդարացի, այլևս չպաշտպանեց նրանց, և վերջիններիս դժբախտություն պատահեց. բաբելոնացիները գրավեցին Հուդան և ավերեցին Երուսաղեմը (Բ Մնացորդաց 36։17–21)։ Որքա՜ն ցավալի է, երբ մարդիկ կյանքում նախընտրում են մեղավոր ուղին, որը վիրավորում և վշտացնում է իրենց Արարչին։
Աստվածաշունչը կասկած չի թողնում այն հարցում, որ Աստված խոր ցավ է զգում, երբ մարդը ամբարիշտ վարք է դրսևորում (Սաղմոս 78։41)։ Աստծուն վիրավորող, նույնիսկ զզվանք պատճառող բաների թվում են՝ հպարտությունը, սուտը, մարդասպանությունը, մոգությունը, գուշակությունը, անբարոյականությունը, համասեռամոլությունը, ամուսնական անհավատարմությունը, արյունապղծությունը, ինչպես նաև նախնիներին երկրպագելն ու աղքատներին կեղեքելը (Ղեւտացոց 18։9–29; 19։29; Բ Օրինաց 18։9–12; Առակաց 6։16–19; Երեմիա 7։5–7; Մաղաքիա 2։14–16)։
Իսկ ի՞նչ է զգում Եհովան կռապաշտության հանդեպ։ Ելից 20։4, 5–ում ասվում է. «Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես»։ Ինչո՞ւ։ Որովհետև կուռքերը «Եհովայ Աստուծոյ առաջին գարշելի են» (Բ Օրինաց 7։25, 26)։ Հովհաննես առաքյալը հետևյալ նախազգուշացումն է տալիս. «Որդեակներ, պահեցէք ձեր անձերը կուռքերիցը» (Ա Յովհաննէս 5։21)։ Իսկ Պողոս առաքյալը գրում է. «Իմ սիրելիք, փախէք կռապաշտութիւնիցը» (Ա Կորնթացիս 10։14)։
Ձգտեք արժանանալ Աստծո հավանությանը
Աստծո «մտերմութիւնը ուղիղների հետն է»։ «Նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը» (Առակաց 3։32; 11։20)։ Մինչդեռ այն անհատները, ովքեր շարունակում են վիրավորել Աստծուն՝ համառորեն անտեսելով և արհամարհելով նրա արդար զգացմունքները, շուտով կճաշակեն նրա բարկությունը (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–10)։ Մոտ ապագայում Աստված ամբողջությամբ վերջ կդնի չարությանը, որ այնքան տարածված է մեր օրերում (Սաղմոս 37։9–11; Սոփոնիա 2։2, 3)։
Սակայն Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ Եհովան «չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետրոս 3։9)։ Աստված շատ ավելի կնախընտրի ջերմություն ցուցաբերել իրեն սիրող արդար մարդկանց հանդեպ, քան թե անբարեհաճություն արտահայտել այն անհատների նկատմամբ, ովքեր ուղղվելու ցանկություն չունեն։ Եհովային հաճելի է ոչ թե «ամբարշտի մեռնելը», «այլ որ ամբարիշտը դարձի գայ իր ճանապարհիցը եւ ապրէ» (Եզեկիէլ 33։11)։
Ուստի պարտադիր չէ, որ որևէ մեկը դառնա Եհովայի բարկության առարկան։ «Տէրը բազմագութ է եւ ողորմած» (Յակոբոս 5։11)։ Լիովին վստահ լինելով, որ Աստված ջերմ զգացմունքներ ունի ձեր հանդեպ՝ «ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5։7)։ Համոզված եղեք, որ Աստծո սիրտն ուրախացնող մարդիկ, նրա բարեհաճությունն ու ընկերությունը վայելելու հիանալի հեռանկար ունեն։ Հետևաբար մեր օրերում շատ ավելի անհրաժեշտ է «փորձե[լ] թէ ինչ է հաճոյ Տիրոջը» (Եփեսացիս 5։10)։
Որքա՜ն հրաշալի է, որ Աստված հայտնել է իր փառավոր հատկությունների ու զգացմունքների մասին՝ մեր հանդեպ ցուցաբերելով իր մեծ բարությունը, որին արժանի չենք։ Բացի դրանից, ինչպես տեսանք, դուք կարող եք ուրախացնել նրա սիրտը։ Եթե այդպես վարվելու ցանկություն ունեք, մի հապաղեք դիմել ձեր մերձակայքում ապրող Եհովայի վկաներին։ Նրանք ուրախությամբ կպատմեն ձեզ, թե ինչ գործնական ու հասանելի ձևեր են գտել՝ Աստծո հավանությանը արժանանալու։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Ինչո՞ւ են Գրությունները մարդու հատկանիշներ վերագրում Աստծուն» շրջանակը։
[7–րդ էջի վրայի շրջանակը]
Ինչո՞ւ են Գրությունները մարդու հատկանիշներ վերագրում Աստծուն
Քանի որ «Աստված Ոգի է», մենք չենք կարող տեսնել նրան մեր ֆիզիկական աչքերով (Յովհաննէս 4։24, ՆԱ)։ Այդ պատճառով Աստվածաշունչը պատկերավոր արտահայտությունների՝ համեմատությունների, փոխաբերությունների և դիմառնությունների միջոցով օգնում է մեզ հասկանալ Աստծո զորությունը, վեհությունն ու գործերը։ Դիմառնությունը առարկաներին, երևույթներին կամ կենդանի էակներին մարդու հատկանիշներ վերագրելն է։ Ուստի, թեպետ մենք չգիտենք՝ ինչպիսի տեսք ունի Աստծո ոգեղեն մարմինը, Աստվածաշունչը Արարչին նկարագրում է որպես աչքեր, ականջներ, ձեռքեր, բազուկներ, մատներ, ոտքեր և սիրտ ունեցողի (Ծննդոց 8։21; Ելից 3։20; 31։18; Յոբ 40։9; Սաղմոս 18։9; 34։15)։
Այս նկարագրությունները չեն մատնանշում, թե Աստծո ոգեղեն մարմինը կազմված է այն նույն անդամներից, որոնցից կազմված է մարդու մարմինը։ Դիմառնությունները չպետք է հասկանալ տառացիորեն։ Դրանք պարզապես օգնում են մարդկանց ավելի լավ պատկերացնել Աստծուն։ Առանց այսպիսի պատկերավոր արտահայտությունների՝ դժվար, եթե ոչ անհնար, կլիներ Աստծուն նկարագրել այնպես, որ մարդ արարածը կարողանար ըմբռնել։ Բայց սա չի նշանակում, թե Եհովա Աստծո անձնավորությունը հորինվել է մարդկանց կողմից։ Գրությունները պարզ բացատրում են, որ մարդն է ստեղծված Աստծո պատկերով, և ոչ թե Աստված՝ մարդու (Ծննդոց 1։27)։ Քանի որ Աստվածաշունչը գրի առնողները ներշնչված են եղել Աստծո կողմից, Եհովայի անձնավորության նկարագրությունը, որ նրանք տվել են, իրականում հենց Նրա տված նկարագրությունն է Իր սեփական հատկությունների մասին. այն նույն հատկությունների, որոնցով նա տարբեր չափով օժտել է մարդկանց (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Ուստի դրանք ոչ թե Աստծուն վերագրված մարդկային հատկանիշներ են, այլ մարդկանց վերագրված աստվածային հատկանիշներ։
[նկար 4–րդ էջի վրա]
Նոյը արժանացավ Աստծո հավանությանը
[նկար 5–րդ էջի վրա]
Աբրահամի համար կարևոր էր, թե ինչ է զգում Աստված
[նկար 6–րդ էջի վրա]
Դավիթը լիովին վստահում էր Եհովային
[նկար 7–րդ էջի վրա]
Կարդալով Աստվածաշունչը՝ կսովորենք, թե ինչպես կարող ենք ուրախացնել Աստծո սիրտը
[նկար 4–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Courtesy of Anglo-Australian Observatory, photograph by David Malin