Ո՞վ է արժանավոր առաջնորդը մեր օրերում
1940 թվականն էր։ Բրիտանական պառլամենտը ղեկավարման հետ կապված ճգնաժամ էր ապրում։ 77–ամյա Լլոյդ Ջորջը, որն ունկնդրում էր վիճաբանությունը, Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ էր բերել Բրիտանիային։ Քաղաքականության ասպարեզում անցկացրած բազում տարիների փորձը օգնում էր նրան ճշգրտորեն գնահատել բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը։ Մայիսի ութին Համայնքների պալատում ունեցած իր ելույթի ժամանակ նա ասաց. «Ազգը պատրաստ է ամեն տեսակի զոհողության, քանի դեռ ունի ղեկավարություն, քանի դեռ պետությունը պարզ ցույց է տալիս իր նպատակները, և քանի դեռ ազգը վստահ է, որ իր առաջնորդները հնարավորության սահմաններում լավագույնն են անում»։
ԼԼՈՅԴ ՋՈՐՋԻ խոսքերից պարզ է դառնում, որ մարդիկ իրենց առաջնորդներից ակնկալում են լինել հմուտ և ջանադրաբար միջոցներ ձեռնարկել կյանքը բարելավելու ուղղությամբ։ Ահա թե ինչպես է այս միտքը արտահայտում մի կին, որը զբաղվում է նախընտրական քարոզարշավների կազմակերպման և անցկացման հարցերով. «Երբ նախագահ ընտրելիս մարդիկ իրենց ձայնը տալիս են որևէ մեկին, այդ քայլով նրանք վերջինիս են վստահում իրենց կյանքը, ապագան, երեխաներին»։ Նման վստահությունը հսկայական պատասխանատվություն է բերում։ Ինչո՞ւ։
Մեր աշխարհը ողողված է անլուծելի թվացող խնդիրներով։ Ո՞ր առաջնորդն է այնքան իմաստուն և հզոր, որ ի վիճակի է վերացնել պատերազմն ու հանցագործությունը։ Այսօրվա առաջնորդներից ո՞վ է այնքան կարեկից, որ պատրաստ է ու կարող է սննդով, մաքուր ջրով և անհրաժեշտ բուժօգնությամբ ապահովել յուրաքանչյուր մարդու։ Ո՞վ այնքան գիտելիքներ և վճռականություն ունի, որպեսզի պաշտպանի ու վերականգնի շրջակա միջավայրը։ Ո՞ր առաջնորդն է այնքան իմաստուն, որ ի զորու է երկարատև ու երջանիկ կյանք երաշխավորել մարդկանց։
Մարդը չի կարող
Ճիշտ է, որոշ առաջնորդներ ինչ–որ հարցերում հաջողությունների հասել են։ Սակայն նրանք իրենց հպատակներին կարող են ծառայել ընդամենը մի քանի տասնամյակ։ Իսկ նրանց հաջորդնե՞րը։ Հին Իսրայելի Սողոմոն թագավորը, որ ամենահզոր առաջնորդներից մեկն է եղել, այս հարցի շուրջ մտորելով՝ հետևյալ եզրակացությունն արեց. «Ես ատեցի արեգակի տակին աշխատած աշխատանքս, որ թողելու եմ ինձանից յետոյ եկող մարդի համար։ Եւ ո՞վ գիտէ, թէ նա իմաստուն կ’լինի թէ յիմար. սակայն նա տիրելու է իմ բոլոր աշխատանքին, որ աշխատեցի եւ որի մէջ իմաստութիւն ցոյց տուի արեգակի տակին. սա էլ է ունայն» (Ժողովող 2։18, 19)։
Սողոմոնը չգիտեր՝ իր հետնորդը շարունակելո՞ւ է իր բարի գործը, թե՞ ջուրն է գցելու այն։ Նրա տեսանկյունից՝ հին ղեկավարին նորով փոխարինելու անվերջանալի պրոցեսը ունայն է, կամ, ինչպես ասվում է Աստվածաշնչի այլ թարգմանություններում, «անտեղի», «ապարդյուն» և «անիմաստ»։
Երբեմն ղեկավարին փոխելու համար մարդիկ դիմում են բռնության։ Հզոր առաջնորդները սպանվում են իրենց գործը կատարելու պահին։ Աբրահամ Լինկոլնը՝ Միացյալ Նահանգների մեծահարգո նախագահներից մեկը, մի առիթով ասել էր. «Ես ընտրվել եմ, որպեսզի կարճ ժամանակամիջոցում կարևոր պարտականություն կատարեմ, և հիմա՝ ձեր աչքերի առաջ, մեծ իշխանություն եմ ստացել, որը շուտով կանհետանա»։ Նրա կառավարումը իրոք կարճատև էր։ Չնայած որ Լինկոլնը շատ բան արեց ժողովրդի համար և ցանկություն ուներ ավելին անելու, նա երկիրը ղեկավարեց ընդամենը չորս տարի։ Երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց կարճ ժամանակ անց Լինկոլնը սպանվեց մի մարդու կողմից, որն ուզում էր ուրիշ առաջնորդ ունենալ։
Իրենց ապագան չեն կարող ապահովել նույնիսկ լավագույն ղեկավարները։ Ուրեմն արժե՞ արդյոք հույս դնել այն բանին, որ նրանք կապահովեն ձեր ապագան։ Աստվածաշունչը ասում է. «Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ։ Նորա հոգին դուրս կ’գայ, նա դէպի իր հողը կ’դառնայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները [մտադրությունները]» (Սաղմոս 146։3, 4)։
Թերևս դժվար լինի ընդունել այն խորհուրդը, որ չարժե հույս դնել մարդկանց միջից ընտրված առաջնորդների վրա։ Մյուս կողմից՝ Աստվածաշունչը չի ասում, որ մարդկությունը երբեք չի ունենա լավ և հուսալի կառավարություն։ «Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու»,— նշվում է Եսայիա 32։1–ում։ Եհովա Աստված՝ մարդու Արարիչը, նշանակել է ‘մի թագավորի’՝ մի Առաջնորդի, որը շուտով իր հսկողության տակ է առնելու երկրի վրա կատարվող ամեն բան։ Ո՞վ է նա։ Աստվածաշնչյան մարգարեությունները օգնում են բացահայտել նրա ինքնությունը։
Միակ արժանավոր առաջնորդը
Երկու հազար տարի առաջ Աստծո հրեշտակներից մեկը Մարիամ անունով մի հրեա կնոջ այսպիսի խոսքեր ասաց. «Ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. եւ նորա անունը Յիսուս կ’դնես։ Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. եւ նա յաւիտեան կը թագաւորէ Յակոբի տան վերայ. եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ» (Ղուկաս 1։31–33)։ Այո՛, Նազովրեցի Հիսուսն է այն Թագավորը, որի մասին նախագուշակվել էր Աստվածաշնչի մարգարեություններում։
Կրոնական արվեստում Հիսուսին հաճախ պատկերում են իբրև մի թերսնված, թուլակազմ մանուկի կամ էլ մի ճգնավորի, որը լուռ համբերում է այն ամենը, ինչ գալիս է իր գլխին։ Նման պատկերները վստահություն չեն ներշնչում այն բանի նկատմամբ, որ նա կարող է լավ ղեկավար լինել։ Սակայն Աստվածաշնչում Հիսուս Քրիստոսը ներկայացվում է որպես հասուն, եռանդուն ու վճռական անձնավորություն։ Բացի այդ, նա առաջնորդին բնորոշ ուրիշ գծեր էլ ուներ (Ղուկաս 2։52)։ Ստորև ներկայացվում են նրա անզուգական հատկություններից մի քանիսը։
Հիսուսը կատարյալ անարատություն է պահպանել։ Նա այնքան ազնիվ էր ու անարատ, որ հրապարակայնորեն կարող էր պահանջել իր թշնամիներից հիմնավոր մեղադրանք ներկայացնել իր դեմ։ Սակայն վերջիններս չէին կարողանում դա անել (Յովհաննէս 8։46)։ Կեղծավորությունից զերծ նրա ուսուցումները մղում էին անկեղծ սիրտ ունեցող շատ մարդկանց դառնալու նրա հետևորդները (Յովհաննէս 7։46; 8։28–30; 12։19)։
Հիսուսը անվերապահորեն նվիրված էր Աստծուն։ Նա այնքան հաստատակամորեն էր վճռել ավարտին հասցնել Աստծո կողմից իրեն հանձնարարված գործը, որ ոչ մի հակառակորդ՝ մարդ լիներ թե դև, չկարողացավ ետ պահել նրան։ Հիսուսին չէին վախեցնում մարդկանց վայրագ հարձակումները (Ղուկաս 4։28–30)։ Հոգնածությունն ու սովը նրան չէին ընկճում (Յովհաննէս 4։5–16, 31–34)։ Հիսուսը երբեք չշեղվեց իր նշանակետից, նույնիսկ երբ ընկերները լքեցին նրան (Մատթէոս 26։55, 56; Յովհաննէս 18։3–9)։
Հիսուսը շատ հոգատար էր մարդկանց հանդեպ։ Նա կերակրում էր սովածներին (Յովհաննէս 6։10, 11)։ Մխիթարություն էր տալիս ընկճված մարդկանց (Ղուկաս 7։11–15)։ Վերականգնում էր կույրերի տեսողությունը, խուլերի լսողությունը և բժշկության կարիք ունեցողների առողջությունը (Մատթէոս 12։22; Ղուկաս 8։43–48; Յովհաննէս 9։1–7)։ Նա քաջալերում էր իր ջանասեր առաքյալներին (Յովհաննէս, գլուխ 13–17)։ Հիսուսը փաստեց, որ ‘բարի հովիվ’ է և հոգ է տանում իր ոչխարների մասին (Յովհաննէս 10։11–14)։
Հիսուսը պատրաստ էր ծառայել ուրիշներին։ Նա լվաց իր աշակերտների ոտքերը, որպեսզի կարևոր դաս սովորեցնի նրանց (Յովհաննէս 13։4–15)։ Իսկ իր ոտքերը աղտոտում էր՝ Իսրայելի փոշոտ ճանապարհներին բարի լուրը քարոզելով (Ղուկաս 8։1)։ Նույնիսկ երբ մի առիթով Հիսուսը պատրաստվում էր ‘առանձին տեղում’ հանգստանալ, տեսնելով, որ մարդիկ իր մոտ են գալիս նոր գիտելիքներ ստանալու համար՝ չմերժեց նրանց (Մարկոս 6։30–34)։ Այդպիսով նա ջանասեր անձնավորության օրինակ թողեց բոլոր քրիստոնյաներին (Ա Յովհաննէս 2։6)։
Հիսուսը մինչև վերջ կատարեց իր հանձնարարությունը և հեռացավ երկրից։ Հավատարիմ մնալու համար Եհովա Աստված նրան երկնքում թագավոր նշանակեց և անմահություն շնորհեց։ Հարություն առած Հիսուսի մասին Աստվածաշունչը ասում է. «Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում» (Հռովմայեցիս 6։9)։ Կարող եք վստահ լինել, որ նա մարդկության լավագույն Առաջնորդն է։ Այն բանից հետո, երբ Հիսուսն իր հսկողության տակ կառնի երկիրը, այլևս կարիք չի լինի իշխանություն տալ ուրիշ որևէ մեկին կամ փոխել կառավարությունը։ Նրան երբեք չեն հեռացնի պաշտոնից։ Բացի այդ, Հիսուսը երբեք չի ունենա այնպիսի հետնորդ, որը զրոյի կհավասարեցնի նրա գործերը։ Սակայն կոնկրետ ի՞նչ քայլեր է նա ձեռնարկելու մարդկությանը օգնելու համար։
Ի՞նչ է անելու նոր ղեկավարը
72–րդ սաղմոսում մարգարեաբար որոշ մանրամասներ են ներկայացվում այն մասին, թե ինչպես է կառավարելու այս կատարյալ և անմահ Թագավորը։ 7–րդ և 8–րդ համարներում կարդում ենք. «Նորա օրերումը [կ]ծաղկի արդարը. եւ շատ խաղաղութիւն [կլինի]՝ մինչեւ որ լուսին էլ չ’լինի։ Եւ նա [կ]տիրապետէ ծովիցը մինչեւ ծովը. եւ Գետիցը մինչեւ երկրի ծայրերը»։ Հիսուսի բարերար իշխանության ներքո երկրի բնակիչները հավիտենական կյանք և հարատև անվտանգություն կվայելեն։ Նա կվերացնի ներկայումս գոյություն ունեցող բոլոր զենքերը և մարդկանց սրտերից կհեռացնի անգամ պատերազմելու ցանկությունը։ Այն անհատները, ովքեր այսօր անկուշտ առյուծի կամ գազազած արջի նման են վարվում իրենց մերձավորի հետ, ամբողջովին կփոխվեն (Եսայիա 11։1–9)։ Ամենուր խաղաղություն կտիրի։
Նույն սաղմոսի 12–14 խոսքերում ասվում է. «Նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ։ Նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կ’լինի նորա առաջին»։ Աղքատ, տկար և խեղճ մարդիկ կդառնան մարդկային երջանիկ ընտանիքի անդամները՝ Թագավոր Հիսուս Քրիստոսի իշխանության ներքո միավորված։ Նրանց կյանքը լի կլինի ուրախությամբ և ոչ թե ցավով ու հուսալքությամբ (Եսայիա 35։10)։
Այդ սաղմոսի 16–րդ համարում տրվում է հետևյալ խոստումը. «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ»։ Մեր օրերում սովը միլիոնավոր մարդկանց մշտական ուղեկիցն է։ Սխալ քաղաքականությունը, ինչպես նաև ագահությունը հաճախ խանգարում են սննդի արդարացի բաշխմանը, ինչի հետևանքով սովից մահանում են բազմաթիվ մարդիկ, հատկապես երեխաներ։ Սակայն Հիսուս Քրիստոսի իշխանության ժամանակ այս խնդիրը կվերանա։ Երկիրը առատ բերք կտա։ Բոլոր մարդիկ կսնվեն լիարժեք, համեղ կերակուրներով։
Կցանկանա՞ք վայելել այս օրհնությունները, որ մարդկանց վրա կթափվեն լավ ղեկավարման արդյունքում։ Եթե այո, ապա քաջալերում ենք ձեզ սովորել այն Առաջնորդի մասին, որը շուտով իր հսկողության տակ կառնի ողջ երկիրը։ Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ այս հարցում։ Դուք հիասթափություն չեք ապրի, քանի որ իր Որդու մասին անձամբ Եհովա Աստված է ասում. «Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ» (Սաղմոս 2։6)։
[շրջանակ 5–րդ էջի վրա]
Հանկարծակի՝ իշխանությունից զրկված
Սովորաբար ղեկավարը իր հպատակներից հարգանք ու աջակցություն կարող է ակնկալել այն դեպքում, եթե ողջամտության սահմաններում խաղաղ և ապահով պայմաններ է ստեղծում նրանց համար։ Սակայն եթե որևէ հարցում մարդիկ կորցնում են իրենց վստահությունը նրա հանդեպ, կարճ ժամանակ անց նրա աթոռը զբաղեցնում է մեկ ուրիշը։ Ահա այն պատճառներից մի քանիսը, որ իշխանությունից հանկարծակի զրկել են հզոր ղեկավարների։
Վատ կենսապայմաններ։ 18–րդ դարի վերջում Ֆրանսիայի քաղաքացիներից շատերը ստիպված էին բարձր հարկեր վճարել, բայց բավարարվել քիչ սննդով։ Սա հանգեցրեց Ֆրանսիական մեծ հեղափոխությանը, որի հետևանքով 1793 թ.–ին թագավոր Լուի XVI–ը հայտնվեց գիլիոտինի առջև։
Պատերազմ։ Առաջին համաշխարհային պատերազմը վերջ դրեց պատմության մեջ եղած ամենահզոր ղեկավարներից մի քանիսի իշխանությանը։ Օրինակ՝ 1917 թ.–ին Պետերբուրգում պատերազմի հետևանքով սկսված սովը հանգեցրեց Փետրվարյան հեղափոխությանը։ Ապստամբության պատճառով Նիկոլայ II ցարը գահընկեց արվեց, և դա նպաստեց կոմունիստական վարչակարգի հաստատմանը։ Ահա մեկ ուրիշ օրինակ. թեպետ 1918 թ. նոյեմբերին Գերմանիան ձգտում էր խաղաղության, սակայն Անտանտի երկրները չդադարեցրին պատերազմը, մինչև գերմանական կառավարությունը չփոխվեց։ Արդյունքում Գերմանիայի կայսր Վիլհելմ II–ը արտաքսվեց Նիդեռլանդներ։
Կառավարման տարբեր համակարգեր հաստատելու ցանկություն։ 1989 թ.–ին երկաթյա վարագույրը վերացվեց։ Քարի պես ամուր թվացող վարչակարգերը փշրվեցին, և նրանց հպատակները, մերժելով կոմունիզմը, հաստատեցին կառավարման այլ համակարգեր։
[նկարներ 7–րդ էջի վրա]
Հիսուսը կերակրել է սովածներին, բուժել հիվանդներին և լավ օրինակ է թողել բոլոր քրիստոնյաների համար
[նկար 4–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Lloyd George: Photo by Kurt Hutton/Picture Post/Getty Images