Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 1/1 էջ 27–30
  • Զգուշացիր Աստծուն տհաճ սովորույթներից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զգուշացիր Աստծուն տհաճ սովորույթներից
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները
  • Ծննդյան ու անվանակոչության հետ կապված արարողություններ
  • Անցում մահից կյանք
  • Ճնշում՝ հարմարվելու
  • Մահացածներին հարգենք, բայց մեծարենք Եհովային
  • Քրիստոնեական թաղում՝ արժանավայել, համեստ, աստվածահաճո
    2009 Դիտարան
  • Պաշտպանիր մահվան մասին աստվածաշնչյան ճշմարտությունը
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Դևերը կողմնակիցներ են փնտրում
    Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
  • Հնարավո՞ր է պաշտպանվել չար ոգիներից
    2009 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 1/1 էջ 27–30

Զգուշացիր Աստծուն տհաճ սովորույթներից

ՓՈՔՐԻԿ բակում աֆրիկյան կիզիչ արևի ճառագայթների տակ մի դագաղ է դրված։ Սգացող մարդիկ, իրար ետևից շարված, հերթով հանգուցյալին են մոտենում։ Մի ծեր տղամարդ կանգ է առնում։ Վշտահար աչքերով՝ նա կռանում է մահացածի դեմքի վրա ու ասում. «Ինչո՞ւ ինձ չասացիր, որ գնում ես։ Ինչո՞ւ ինձ թողեցիր այս վիճակում։ Հիմա, որ դու ետ վերադարձար, ինձ կօգնե՞ս»։

Իսկ Աֆրիկայի մեկ այլ մասում երեխա է ծնվում։ Ոչ ոքի թույլ չեն տալիս տեսնելու նրան։ Երեխային դուրս են բերում մարդկանց ի տես միայն որոշ ժամանակ անց ու ծիսակատարություններից հետո նրան անվանակոչում են։

Մահացածի հետ խոսելը կամ նորածնին ուրիշների աչքից հեռու պահելը ոմանց կարող է տարօրինակ թվալ։ Սակայն որոշ մշակույթներում մարդկանց վարքն ու հայացքները՝ մահվան ու ծննդյան հետ կապված, ձևավորվում են մի անչափ զորեղ հավատալիքի ազդեցությամբ, համաձայն որի՝ մահացած մարդն իրականում մահացած չէ, այլ շարունակում է ապրել ու գիտակցել։

Այս հավատալիքն այնքան զորավոր է, որ ներծծված է մարդկանց այն սովորույթների ու ծեսերի մեջ, որոնք առնչվում են նրանց կյանքի գրեթե բոլոր կողմերին։ Օրինակ՝ միլիոնավոր մարդիկ հավատում են, որ մարդու կյանքի կարևոր փուլերը, ինչպիսիք են՝ ծնունդը, սեռական հասունացումը, ամուսնությունը, որդեծնությունը և մահը, մասեր են մի անցման, որն առաջնորդում է նրան դեպի նախնիների ոգիների ոլորտ։ Այնտեղ, ըստ այս հավատալիքի, մահացած անձնավորությունը շարունակում է ակտիվ դեր խաղալ այն մարդկանց կյանքում, որոնց նա թողել է։ Բացի այդ, նա կարող է շարունակել իր կյանքի շրջանը՝ վերստին ծնվելով։

Այս շրջանի բոլոր փուլերով հանգիստ անցում ապահովելու նպատակով մարդիկ հետևում են բազմաթիվ սովորույթների ու ծեսերի։ Այդ սովորույթների հիմքում ընկած է այն հավատալիքը, որ մարդու ներսում գտնվող ինչ–որ բան նրա մահից հետո շարունակում է ապրել։ Ճշմարիտ քրիստոնյաները խուսափում են ցանկացած սովորույթից, որը կապ ունի այս հավատալիքի հետ։ Ինչո՞ւ։

Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները

Աստվածաշունչը հստակորեն ասում է, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ Աստծո Խոսքում պարզորոշ գրված է. «Կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն.... Նորանց սէրն էլ, նորանց ատելութիւնն էլ, նորանց նախանձն էլ վաղուց է փչացել.... գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ միւս աշխարհքումը [եբրայերեն՝ շեոլ, այսինքն՝ մարդկության համընդհանուր գերեզման], ուր որ դու պիտի գնաս» (Ժողովող 9։5, 6, 10)։ Աստծո ճշմարիտ երկրպագուները երկար ժամանակ է արդեն, ինչ սուրբգրային այս հիմնական ճշմարտությանն են հետևում։ Նրանք հասկացել են, որ հոգին անմահ չէ։ Ընդհակառակը, այն կարող է մեռնել ու քայքայվել (Յակոբոս 5։20)։ Նրանք նաև իմացել են, որ մահացածի ոգի գոյություն չունի (Սաղմոս 146։4, ՆԱ)։ Հնում Եհովան խստորեն կարգադրել էր իր ժողովրդին բացարձակապես հեռու մնալ այն սովորույթներից ու ծեսերից, որոնք կապ ունեին այն հավատալիքի հետ, թե մահացածները շարունակում են ապրել ու կարող են միջամտել մարդկանց գործերին (Բ Օրինաց 14։1; 18։9–13; Եսայիա 8։19, 20)։

Առաջին դարի քրիստոնյաները նույնպես խուսափում էին ցանկացած սովորույթից կամ ծեսից, որն առնչություն ուներ կեղծ կրոնական որևէ ուսմունքի հետ (Բ Կորնթացիս 6։15–17)։ Այսօր Եհովայի վկաները, անկախ իրենց ռասայից, ցեղային պատկանելությունից կամ ծագումից, զգուշանում են այնպիսի ավանդույթներից ու սովորույթներից, որոնք կապված են այն կեղծ ուսմունքի հետ, համաձայն որի՝ մարդու ինչ–որ ներքին էություն շարունակում է ապրել նրա մահից հետո։

Ինչո՞վ կարող ենք մենք՝ քրիստոնյաներս, առաջնորդվել՝ որոշելու համար, թե կարող ենք արդյոք հետևել ինչ–որ սովորույթի, թե՝ ոչ։ Մենք պետք է խորը մտածենք այն մասին, թե արդյոք տվյալ սովորույթը կապ չունի որևէ ոչ սուրբգրային ուսմունքի հետ, օրինակ՝ այն ուսմունքի, համաձայն որի՝ մահացածների ոգիները ազդում են ապրող մարդկանց կյանքի վրա։ Նաև պետք է հաշվի առնենք, թե արդյոք տվյալ սովորույթին կամ ծիսակատարությանը մասնակցելով չենք գայթակղեցնի նրանց, ովքեր գիտեն, թե Եհովայի վկաներն ինչի՛ են հավատում և ի՛նչ են սովորեցնում։ Սրանք ի մտի ունենալով՝ եկեք քննենք երկու հարց՝ կապված ծննդյան ու մահվան հետ։

Ծննդյան ու անվանակոչության հետ կապված արարողություններ

Ծննդաբերության հետ կապված շատ սովորույթներ տեղին են։ Բայց այն վայրերում, որտեղ մարդու ծնունդը դիտվում է որպես անցում նախնիների ոգիների ոլորտից դեպի մարդկային հասարակություն, ճշմարիտ քրիստոնյաները պետք է զգույշ լինեն։ Օրինակ՝ Աֆրիկայի որոշ վայրերում նորածնին պահում են տանը և անուն չեն տալիս, նախքան կանցնի որոշակի ժամանակ։ Թեպետ տարբեր տեղերում այդ ժամկետը կարող է տարբեր լինել, այնուամենայնիվ, երբ ժամանակը լրանում է, երեխայի անվանակոչության արարողություն է կազմակերպվում. երեխային դուրս են բերում և պաշտոնապես ներկայացնում հարազատներին ու ընկերներին։ Այդ ժամանակ նրա անունը հայտարարվում է ներկաներին։

Բացատրելով այս սովորույթի նշանակությունը՝ աֆրիկյան Գանա երկրի բնակիչների մասին պատմող մի գրքում ասվում է. «Համարվում է, որ կյանքի առաջին յոթ օրերին նորածինը «այցելու» է և անցում է կատարում ոգիների ոլորտից երկրային կյանք։ ....Երեխային սովորաբար պահում են տանը ու ընտանիքի անդամ չեղող մարդկանց թույլ չեն տալիս տեսնել նրան» («Ghana—Understanding the People and Their Culture»)։

Սակայն ինչո՞ւ են այդ մարդիկ որոշ ժամանակ սպասում ու հետո երեխային հանդիսավոր կերպով անվանակոչում։ Գանայի մասին պատմող մեկ ուրիշ գիրք բացատրում է. «Մինչև ութերորդ օրվա լրանալը երեխան չի համարվում մարդ։ Նա քիչ թե շատ շարունակում է հաղորդակցվել մյուս աշխարհի հետ, որտեղից որ եկել է» («Ghana in Retrospect»)։ Գիրքն ավելացնում է. «Քանի որ անունն է, որ երեխային, այսպես ասած, մարդ է դարձնում, ուստի եթե նրա ծնողները մտավախություն ունեն, որ երեխան կմեռնի, ապա նրանք սովորաբար հետաձգում են անվանակոչությունը, մինչև որ վստահ լինեն, որ նա չի մահանա։ .... Հետևաբար, այդ արարողությունը, որ երբեմն կոչվում է երեխայի «դուրսբերում», մարդկանց կարծիքով, վիթխարի հետևանքներ կարող է ունենալ երեխայի ու ծնողների համար։ Դրանով երեխան մտնում է մարդ արարածների միջավայր»։

Ընտանիքի ավագ բարեկամներից մեկը սովորաբար նախագահում է անվանակոչության արարողության ժամանակ։ Այս իրադարձության մանրամասնությունները վայրից վայր տարբերվում են, սակայն արարողությունը հաճախ ընդգրկում է հեղուկի թափում, նախնիների ոգիներին ուղղված աղոթքներ, որոնցում երախտագիտություն են արտահայտում երեխայի ապահով գալստյան համար, և այլ ծեսեր։

Արարողությունը հասնում է իր բարձրակետին, երբ հայտարարվում է երեխայի անունը։ Թեև ծնողներն են պատասխանատու իրենց երեխային անուն դնելու համար, այնուամենայնիվ հարազատներն այս հարցում հաճախ շատ մեծ ազդեցություն են ունենում նրանց վրա։ Որոշ անուններ տեղացիների լեզվով խորհրդանշական իմաստ են պարունակում, օրինակ՝ «Գնացած ու վերադարձած», «Մայրը երկրորդ անգամ է եկել», «Հայրը կրկին եկել է»։ Որոշ դեպքերում էլ երեխային հատուկ այնպիսի անուն են տալիս, որ նախնիները չցանկանան նորածնին ետ՝ մահացածների աշխարհ տանել։

Անշուշտ, երեխայի ծննդով ուրախանալու մեջ ոչ մի սխալ բան չկա։ Երեխային ինչ–որ մեկի անունով կոչելը և այնպիսի անուն դնելը, որը կապված է նրա ծննդյան հանգամանքների հետ, ընդունելի սովորույթներ են, իսկ որոշելը, թե երբ անուն դնել, անձնական հարց է։ Այդուհանդերձ, քրիստոնյաները, որոնք ցանկանում են հաճելի լինել Աստծուն, զգուշանում են այնպիսի սովորույթներից կամ արարողություններից, որոնց մասնակցելը կարող է տպավորություն ստեղծել, թե իրենք համամիտ են այն տեսակետին, որ նորածինը «այցելու» է, որը անցում է կատարում նախնիների ոգիների աշխարհից դեպի մարդկային հասարակություն։

Բացի այդ, թեև շատ մարդիկ անվանակոչությունը համարում են կարևոր արարողություն, քրիստոնյաները չպետք է անտեսեն մյուսների խիղճը ու պետք է հաշվի առնեն, թե ինչ տպավորություն կթողնեն իրենց հավատը չկիսող մարդկանց վրա։ Օրինակ՝ ի՞նչ կմտածեն ոմանք, եթե քրիստոնյա ընտանիքը նորածին երեխային ուրիշների աչքից հեռու է պահում, քանի դեռ անվանակոչության արարողությունը չի արվել։ Ի՞նչ տպավորություն նրանք կթողնեն, եթե երեխային այնպիսի անուն դնեն, որը չի համապատասխանի այն բանին, որ իրենք Աստվածաշնչի ճշմարտությունը ուսուցանողներ են։

Հետևաբար, որոշելով, թե երեխային ինչպես ու երբ անուն դնել՝ քրիստոնյաները ձգտում են «ամեն բան Աստուծոյ փառքի համար» անել, որպեսզի գայթակղություն չդառնան ուրիշների համար (Ա Կորնթացիս 10։31–33)։ Նրանք չեն ‘անարգում Աստծո պատվիրանը, որ ավանդությունները պինդ պահեն’, որոնք, վերջին հաշվով, նախատեսված են մահացածներին մեծարելու համար։ Ընդհակառակը, քրիստոնյաները փառաբանում ու մեծարում են կենդանի Աստծուն՝ Եհովային (Մարկոս 7։9, 13)։

Անցում մահից կյանք

Մահը, ծննդի պես, շատերի կողմից համարվում է անցում. նա, ով մահանում է, տեսանելի աշխարհից տեղափոխվում է մահացածների ոգիների անտեսանելի աշխարհ։ Շատերը հավատում են, որ եթե մարդու թաղումը չարվի որոշակի սովորույթների ու ծեսերի համաձայն, ապա նախնիների ոգիները, որոնք, ըստ մարդկանց հավատալիքների, զորություն ունեն պատժելու կամ պարգևատրելու ապրող մարդկանց, կբարկանան։ Այս համոզմունքը մեծապես ազդում է այն բանի վրա, թե թաղման արարողություններն ինչպես կկազմակերպվեն ու կանցկացվեն։

Հաճախ այն թաղումների ժամանակ, որոնք նպատակ ունեն խաղաղեցնել հանգուցյալին, մարդիկ էմոցիաների մի ամբողջ «փունջ» են արտահայտում՝ սկսած դիակի մոտ խելահեղորեն ողբալուց ու բղավելուց, վերջացրած թաղումից հետո ուրախ տոնախմբություններով։ Նման տոնախմբությունները հաճախ ուղեկցվում են անսանձ կերուխումով, հարբեցողությամբ, պարերով ու բարձր երաժշտությամբ։ Թաղմանը այնքան մեծ նշանակություն է տրվում, որ նույնիսկ ամենաաղքատ ընտանիքները հաճախ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի բավականաչափ նյութական միջոցներ հավաքեն թաղումը «արժանավայել» անցկացնելու համար, չնայած որ նրանք թերևս դժվարությունների ու պարտքերի մեջ ընկնեն։

Տարիներ շարունակ Եհովայի վկաները ամենայն մանրամասնությամբ բացահայտել են թաղման հետ կապված սովորույթների ոչ սուրբգրային լինելը։a Այդ սովորույթները ներառում են՝ արթնություն (հանգուցյալի կողքին արթուն նստելը), հեղուկի թափում, մահացածի հետ խոսել ու նրան խնդրանք ուղղել, թաղման տարեդարձների հետ կապված հանդիսություններ և այլ սովորույթներ, որոնք հիմնված են այն հավատալիքի վրա, թե մարդու ներսում գտնվող ինչ–որ բան շարունակում է իր գոյությունը նրա մահից հետո։ Նման աստվածանարգ սովորույթները «պիղծ» են, ‘դատարկ խաբեբայություն’, որոնք հիմնված են ‘մարդկանց ավանդության’ ու ոչ Աստծո Խոսքի ճշմարտության վրա (Եսայիա 52։11; Կողոսացիս 2։8)։

Ճնշում՝ հարմարվելու

Ոմանց համար ավանդական սովորույթներից խուսափելը դժվարին խնդիր է, հատկապես այն երկրներում, որտեղ մահացածներին մեծարելը չափազանց կարևոր բան է համարվում է։ Եհովայի վկաները նման սովորույթների չհետևելու պատճառով մարդկանց կողմից դիտվել են որպես կասկածելի անձնավորություններ կամ մեղադրվել են մահացածների հանդեպ անբարյացակամ ու անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ։ Քրիստոնյաներից ոմանք քննադատության և ուժեղ ճնշման ներքո վախեցել են մյուսներից տարբերվել, չնայած որ Աստվածաշնչի ճշմարտության վերաբերյալ ճշգրիտ հասկացողություն են ունեցել (Ա Պետրոս 3։14)։ Ոմանք էլ այն կարծիքն են հայտնել, թե այդ սովորույթներն իրենց մշակույթի մի մասն են, ուստի չեն կարող լիովին խուսափել դրանցից։ Երրորդները այսպես են դատել. որոշակի սովորույթի հետևելուց խուսափելը կարող է հասարակությանը Աստծո ժողովրդի դեմ տրամադրել։

Ինչ խոսք, մենք չենք ցանկանում մարդկանց վիրավորել։ Բայց Աստվածաշունչը մեզ հայտնում է, որ ճշմարտության կողմը հաստատ դիրք բռնելը Աստծուց օտարացած աշխարհի տհաճությունը կառաջացնի (Յովհաննէս 15։18, 19; Բ Տիմոթէոս 3։12; Ա Յովհաննէս 5։19)։ Մենք հոժարակամորեն ենք նման դիրք բռնում՝ գիտակցելով, որ պետք է տարբերվենք հոգևոր խավարում գտնվողներից (Մաղաքիա 3։18; Գաղատացիս 6։12)։ Ճիշտ ինչպես Հիսուսը դիմացավ Սատանայի ճնշմանը՝ անելու այն, ինչ տհաճ է Աստծուն, այնպես էլ մենք ենք դիմանում ենք Աստծուն տհաճ կերպով վարվելու ճնշմանը (Մատթէոս 4։3–7)։ Ճշմարիտ քրիստոնյաները չեն վախենում մարդկանցից. նրանք գլխավորապես ձգտում են հաճելի լինել Եհովա Աստծուն ու մեծարել նրան որպես ճշմարտության Աստծո։ Քրիստոնյաներն իրենց այդ տրամադրվածությունը ցույց են տալիս նրանով, որ չնայած ճնշմանը՝ շարունակում են հետևել ճշմարիտ երկրպագության վերաբերյալ սուրբգրային չափանիշներին (Առակաց 29։25; Գործք 5։29)։

Մահացածներին հարգենք, բայց մեծարենք Եհովային

Բնական է, երբ մարդը խոր ցավ ու վիշտ է ապրում սիրելի անձնավորության մահվան պատճառով (Յովհաննէս 11։33, 35)։ Մահացածին վայելուչ ձևով թաղելը ու նրան հիշելը սիրո տեղին արտահայտություններ են նրա հանդեպ։ Այդուհանդերձ, Եհովայի վկաները մահվան պատճառած վիշտը չեն հաղթահարում ոչ աստվածահաճո սովորույթների հետևելով։ Այսպես վարվելը հեշտ չէ այն մարդկանց համար, ովքեր մեծացել են այնպիսի վայրերում, որտեղ մարդիկ սարսափում են մահացածներից։ Անչափ դժվար կարող է լինել հավասարակշռություն պահել, երբ հարազատի կամ մտերիմ անձնավորության մահը զգացական ցավ է պատճառում։ Բայցևայնպես, հավատարիմ քրիստոնյաները զորանում են Եհովայով՝ ‘ամեն մխիթարության Աստծով’։ Բացի այս, նրանց մեծ թեթևացում է բերում սիրալիր հավատակիցների աջակցությունը (Բ Կորնթացիս 1։3, 4)։ Ճշմարիտ քրիստոնյաների խորին համոզմունքը, որ այն մահացածները, որոնց որ Աստված կպահի իր հիշողության մեջ, մի գեղեցիկ օր կրկին կենդանի կլինեն, մեծ խթան է նրանց համար՝ լիովին հեռու մնալու թաղման հետ կապված ոչ սուրբգրային սովորույթներից, որոնք հերքում են հարության իրական լինելը։

Մի՞թե մենք չենք հրճվում, որ Եհովան մեզ կանչել է ‘խավարից իր զարմանալի լույսի մեջ’ (Ա Պետրոս 2։9)։ Այո, մեր կյանքում տեսնում ենք ծննդյան ուրախություններ և մահվան տխրություններ, բայց թող որ մեր փափագը՝ անելու այն, ինչ ճիշտ է, ու մեր խոր սերը Եհովա Աստծո հանդեպ միշտ մղեն մեզ ‘լույսի որդիների պես գնալ’։ Թող որ երբեք թույլ չտանք, որ Աստծուն տհաճ ոչ սուրբգրային սովորույթները հոգևորապես աղտոտեն մեզ (Եփեսացիս 5։8)։

[ծանոթագրություն]

a Հաճեցեք տեսնել «Մահացածների հոգիները. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում» և «Հավիտենական կյանքի տանող ճանապարհ. գտե՞լ ես այն» (անգլ.) գրքույկները։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը