Կարո՞ղ եք տնօրինել ձեր ճակատագիրը
ՄԵՐ ճակատագիրը նախասահմանվա՞ծ է։ Արդյո՞ք մեր կայացրած որոշումները որևէ ձևով չեն անդրադառնում մեր ապագայի վրա։
Իսկ եթե մարդն է իր ճակատագրի տերը, հնարավո՞ր է արդյոք, որ նա նախապես սահմանվի որևէ առաքելություն կամ ծառայություն կատարելու։ Եվ եթե մարդիկ ազատ են որոշելու իրենց ճակատագիրը, Աստված ինչպե՞ս կարող է իրականացնել իր կամքը երկրի առնչությամբ։ Աստվածաշունչը գոհացուցիչ պատասխաններ է տալիս այս հարցերին։
Նախասահմանություն և ազատ կամք. համատեղելի՞ են
Խորհենք այն մասին, թե ինչպես է Եհովա Աստված մեզ ստեղծել։ Նա «Աստուծոյ պատկերովը ստեղծեց [մարդուն]. արու եւ էգ ստեղծեց նորանց» (Ծննդոց 1։27)։ Քանի որ մենք արարված ենք Աստծո պատկերով, կարող ենք արտացոլել նրա հատկությունները, ինչպես օրինակ՝ սերը, արդարությունը, իմաստությունը և զորությունը։ Աստված նաև ազատ կամք, կամ՝ ընտրելու ազատություն է պարգևել մեզ։ Դրանով մենք տարբերվում ենք երկրի վրա արարված մյուս ստեղծագործություններից։ Մենք կարող ենք որոշել՝ բարոյական հարցերում հետևե՞նք Աստծո առաջնորդությանը, թե՞ ոչ։ Ահա թե ինչու Մովսես մարգարեն ասաց. «Այսօր երկինքն ու երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը ու մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը. որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես» (Բ Օրինաց 30։19, 20)։
Ընտրելու ազատության պարգևը, սակայն, բացարձակ ազատություն չի տալիս։ Այն չի ազատում մեզ ֆիզիկական և բարոյական օրենքներից, որ Աստված սահմանել է տիեզերքում կայուն վիճակ և խաղաղություն պահպանելու նպատակով։ Այդ օրենքները մեր օգտի համար են, և դրանք որևէ ձևով խախտելը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կպատահեր, եթե որոշեինք անտեսել ձգողականության օրենքը և ցատկեինք բարձրահարկ շենքի տանիքից (Գաղատացիս 6։7, 8 ա)։
Ընտրելու ազատությունը իր հետ նաև պատասխանատվություն է բերում. մի բան, որ չունեն այն արարածները, որոնք օժտված չեն նման ազատությամբ։ Գրող Կորլիս Լամոնթը այսպիսի հարց է տալիս. «Մի՞թե կարող ենք պատասխանատվության կանչել մարդուն և պատժել նրան չարագործության համար, եթե ընդունում ենք.... որ նրա որոշումներն ու գործերը նախասահմանված են»։ Իհարկե չենք կարող։ Իրենց արարքների համար պատասխանատվության չեն ենթարկվում բնազդով առաջնորդվող կենդանիները։ Եվ ոչ էլ համակարգիչներն են պատասխան տալիս այն գործողությունների համար, որ ծրագրված են կատարելու։ Ուստի ընտրելու ազատություն ունենալով՝ մենք պատասխանատու ենք մեր կատարած քայլերի համար։
Որքա՜ն անսիրտ ու անարդար կլիներ Եհովա Աստված, եթե նախքան մեր ծնվելը կանխորոշեր մեր կյանքի ուղին և հետո մեզ պատասխանատվության ենթարկեր մեր արարքների համար։ Սակայն նա այդպես չի վարվում, քանի որ «Աստուած սէր է», և նրա «բոլոր ճամբաները արդար են» (Ա Յովհաննէս 4։8; Բ Օրինաց 32։4, ԱԱ)։ Ընտրելու ազատություն մեզ պարգևելով՝ Եհովան միևնույն ժամանակ «հավիտենից [չի] սահմանել, թե ում է փրկելու և ում դատապարտելու», ինչպես որ պնդում են նախասահմանության ուսմունքին հավատացողները։ Կամքի ազատությունը բացառում է նախասահմանության գաղափարը։
Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ մեր կայացրած որոշումները անդրադառնում են մեր ապագայի վրա։ Օրինակ՝ Աստված չարագործներին ասում է. «Ետ դարձէք ամեն մէկդ իր չար ճանապարհիցը եւ ձեր չար գործերիցը, ....եւ ես ձեզ չարիք չեմ անիլ» (Երեմիա 25։5, 6)։ Այս կոչն անիմաստ կլիներ, եթե Եհովան արդեն իսկ սահմանած լիներ յուրաքանչյուր անհատի ապագան։ Ավելին, Աստծո Խոսքում ասվում է. «Ուրեմն զղջացէք եւ ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին» (Գործք 3։19)։ Ինչո՞ւ Եհովան պետք է հորդորեր մարդկանց զղջալ և ապաշխարել, եթե նախապես գիտեր, որ նրանք ոչնչով չեն կարող փոխել իրենց ճակատագիրը։
Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան հրավիրել է որոշ մարդկանց՝ երկնքում Հիսուս Քրիստոսի հետ թագավորելու (Մատթէոս 22։14; Ղուկաս 12։32)։ Բայց այնտեղ նաև ասվում է, որ եթե նրանք մինչև վերջ չտոկան, ապա կկորցնեն իրենց առանձնաշնորհումը (Յայտնութիւն 2։10)։ Ինչո՞ւ պետք է Աստված նման հրավեր տար, եթե նախապես որոշած լիներ, որ այդ մարդիկ չեն ընտրվելու։ Խորհենք նաև այն խոսքերի շուրջ, որ Պողոս առաքյալը գրեց իր հավատակիցներին. «Եթէ մենք ճշմարտութեան գիտութիւնն ընդունելուց յետոյ յոժար կամքով մեղք գործենք, այլ եւս նորանից յետոյ մեղքերի համար զոհ չէ մնում» (Եբրայեցիս 10։26)։ Այս նախազգուշացումն իմաստ չէր ունենա, եթե Աստված նախապես սահմանած լիներ նրանց ճակատագիրը։ Բայց մի՞թե Աստված չէր կանխորոշել, որ առնվազն մի քանի հոգի Հիսուսի հետ ղեկավարներ են լինելու։
Նախասահմանված՝ անհատնե՞ր, թե՞ խումբ
«[Աստված] մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով,— գրեց Պողոս առաքյալը։— Ինչպէս որ ընտրեց մեզ նորանով աշխարհքի ստեղծելուցն առաջ.... մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն» (Եփեսացիս 1։3–5)։ Ի՞նչ էր Աստված նախապես սահմանել, և ի՞նչ է նշանակում ընտրված լինել «աշխարհքի ստեղծելուցն առաջ»։
Այս խոսքերից երևում է, որ Աստված ընտրեց առաջին մարդու՝ Ադամի ժառանգներից ոմանց, որպեսզի նրանք երկնքում Քրիստոսի հետ կառավարեն (Հռովմայեցիս 8։14–17, 28–30; Յայտնութիւն 5։9, 10)։ Բայց այն ենթադրությունը, թե Եհովա Աստված որոշ անհատների համար այդ առանձնաշնորհումը նախատեսել էր նրանց ծնվելուց հազարավոր տարիներ առաջ, հակասում է այն իրողությանը, որ մարդիկ օժտված են ընտրելու ազատությամբ։ Աստված նախապես սահմանել էր մարդկանց խմբի, կամ՝ դասակարգի կազմավորումը, և ոչ թե որոշել էր, թե ովքեր են լինելու այդ դասակարգին պատկանող առանձին անհատները։
Ահա մի օրինակ. ենթադրենք, թե կառավարությունը վճռում է ինչ–որ գործակալություն հիմնել։ Այն նախապես որոշում է, թե ինչով է զբաղվելու այդ գործակալությունը, ինչ լիազորություններ և որքան աշխատող է ունենալու։ Ի վերջո՝ նախագծի հաստատումից որոշ ժամանակ անց, գործակալությունը սկսում է իր աշխատանքը, և նրա աշխատակիցները հրապարակում են հետևյալ հայտարարությունը. «Մի քանի տարի առաջ կառավարությունը որոշեց, թե ինչ գործ ենք անելու։ Այժմ սկսում ենք մեզ հանձնարարված աշխատանքը»։ Արդյո՞ք այս ամենից ելնելով՝ դուք կեզրակացնեիք, որ կառավարությունը տարիներ առաջ որոշել էր, թե կոնկրետ ովքեր են լինելու այդ գործակալության աշխատողները։ Իհարկե ոչ։ Նմանապես, Եհովան նախօրոք վճռել էր, որ հատուկ «գործակալություն» է հաստատելու՝ ադամական մեղքի հետևանքները վերացնելու նպատակով։ Աստված նախապես սահմանել էր, որ այդ «գործակալության» մեջ ծառայելու են մի խումբ մարդիկ, սակայն չէր որոշել, թե ովքեր են լինելու այդ անհատները։ Նրանք ընտրվելու էին հետագայում, և այդ մարդկանց վերջնական նշանակումը կախված էր լինելու կյանքում նրանց կայացրած որոշումներից։
Իսկ ի՞նչ աշխարհի մասին է խոսում Պողոս առաքյալը, երբ ասում է. «[Աստված] ընտրեց մեզ նորանով աշխարհքի ստեղծելուցն առաջ»։ Պողոսի հիշատակած աշխարհը այն աշխարհը չէ, որի հիմքը Աստված դրեց՝ Ադամին ու Եվային ստեղծելով։ Այդ աշխարհը «շատ բարի էր»՝ զերծ մեղքից և ապականությունից (Ծննդոց 1։31)։ Այն չուներ մեղքից ազատվելու կարիք (Եփեսացիս 1։7)։
Պողոսի հիշատակած աշխարհը առաջ եկավ այն բանից հետո, երբ Ադամն ու Եվան Եդեմում ապստամբեցին Աստծո դեմ։ Այդ աշխարհը ընդհանրապես նման չէր այն մեկին, որը Եհովան ի սկզբանե մտադիր էր ստեղծել։ Այն սկիզբ առավ Ադամի ու Եվայի երեխաների ծննդով։ Այդ աշխարհը կազմված էր այնպիսի մարդկանցից, որոնք օտարացած էին Աստծուց և գերի էին մեղքին ու ապականությանը։ Ի տարբերություն գիտակցաբար մեղք գործած Ադամի ու Եվայի՝ այդ մարդկանց հնարավոր էր փրկել (Հռովմայեցիս 5։12; 8։18–21)։
Եհովա Աստված անմիջապես ելք գտավ այն իրավիճակից, որը ստեղծվեց Եդեմի ապստամբության հետևանքով։ Հենց որ անհրաժեշտություն առաջացավ, նա մի «գործակալություն» հիմնեց։ Դա Հիսուս Քրիստոսի ձեռքում գտնվող Մեսիական Թագավորությունն էր, որի միջոցով մարդկությունը կազատվեր ադամական մեղքից (Մատթէոս 6։10)։ Աստված այդ բանն արեց փրկության ենթակա «աշխարհքի ստեղծելուցն առաջ», այսինքն՝ նախքան ապստամբ Ադամն ու Եվան երեխաներ կունենային։
Սովորաբար իրենց ձգտումներն իրականացնելու համար մարդիկ կարիք են ունենում որոշակի ծրագրեր կազմելու։ Նախասահմանության ուսմունքը կապ ունի այն գաղափարի հետ, թե Աստված պետք է մանրամասնորեն կազմված ծրագիր ունենա, որում նախատեսած պետք է լինի ամեն բան։ Այս ուսմունքի վերաբերյալ իր գրքում Ռոյ Վեդերֆորդը նշում է. «Շատ փիլիսոփաներ ենթադրել են, որ Աստծո վեհափառությանը պատշաճ է ոչ այլ ինչ, քան յուրաքանչյուր իրադարձության բոլոր մանրամասնությունների կանխորոշումը»։ Իրո՞ք Աստված կարիք ունի նախապես ճշգրտությամբ սահմանելու տեղի ունենալիք յուրաքանչյուր իրադարձությունը։
Անհուն զորության և անզուգական իմաստության տեր լինելով՝ Եհովա Աստված ի վիճակի է հաջողությամբ ելք գտնել ցանկացած ծայրահեղ իրավիճակից, որը կարող է առաջանալ իր արարածների ազատ կամքի սխալ գործադրման հետևանքով (Եսայիա 40։25, 26; Հռովմայեցիս 11։33)։ Նա կարող է դա անել առանց հապաղելու և ամեն բան մանրամասն ծրագրելու։ Ի տարբերություն անկատար մարդկանց, որոնց հնարավորությունները սահմանափակ են՝ Ամենակարող Աստծուն հարկավոր չէ հանգամանորեն, ամենայն մանրամասնությամբ կազմված ծրագիր, որում նախապես որոշված է երկրի բնակիչներից յուրաքանչյուրի ճակատագիրը (Առակաց 19։21)։ Ավելին, Աստվածաշնչի մի շարք թարգմանություններ Եփեսացիս 3։11 համարում օգտագործում են «հավիտենական նպատակ» արտահայտությունը՝ «նախապես սահմանված ծրագրի» փոխարեն։
Ինչպե՞ս կարող եք փոխել ձեր ապագան
Երկրի առնչությամբ Եհովան նախապես սահմանված նպատակ ունի։ Յայտնութիւն 21։3, 4–ում ասվում է. «Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան»։ Այո, այս աշխարհը կվերածվի դրախտի, ինչպես որ Եհովան ի սկզբանե որոշել էր (Ծննդոց 1։27, 28)։ Հարց է ծագում՝ արդյոք դուք կլինե՞ք այնտեղ։ Դա կախված է այն որոշումներից, որ կկայացնեք այսօր։ Եհովան չի սահմանել ձեր ճակատագիրը։
Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը հավիտենական կյանքի դուռ է բացում նրան հավատ ընծայող յուրաքանչյուր մարդու առջև (Յովհաննէս 3։16, 17; Գործք 10։34, 35)։ Աստվածաշնչում կարդում ենք. «Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ» (Յովհաննէս 3։36)։ Դուք կարող եք ընտրել կյանքը՝ Աստվածաշնչի օգնությամբ գիտելիքներ ձեռք բերելով Աստծո և նրա Որդու մասին, սովորելով, թե որն է Աստծո կամքը, ինչպես նաև ձեր սովորածը կիրառելով։ Այն անհատին, որը վարվում է Աստծո Խոսքում տեղ գտած իմաստության համեմատ, այսպիսի հավաստիացում է տրվում. «[Նա] ապահով կ’բնակուի, եւ հանդարտ կ’լինի չարիքի վախիցը» (Առակաց 1։20, 33)։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Ի տարբերություն կենդանիների՝ մարդը պատասխանատու է իր քայլերի համար
[թույլտվությամբ]
Eagle: Foto: Cortesía de GREFA