Հպա՛րտ եղիր, որ դու քրիստոնյա ես
«Նա որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ 1։31)։
1. Մարդկանց մեջ ինչպիսի՞ տրամադրվածություն է նկատվում կրոնի հանդեպ։
«ԱՊԱԹԵԻԶՄ»։ Մի կրոնական մեկնաբան վերջերս այս բառն օգտագործեց բնորոշելու համար այն, թե ինչպիսի վերաբերմունք ունեն շատ մարդիկ իրենց հավատի հանդեպ։ Նա բացատրում է. «Ամենաուշագրավ բանը, որ նկատվում է ժամանակակից կրոնի մեջ, ամենևին էլ կապված չէ անմիջապես կրոնի հետ. դա մի վերաբերմունք է, որ լավագույնս բնորոշվում է «ապաթեիզմ» բառով»։ Զարգացնելով իր միտքը՝ նա «ապաթեիզմը» սահմանում է որպես «չկամություն՝ սեփական կրոնին բավականաչափ ուշադրություն դարձնելու»։ Մեկնաբանը նշում է, որ շատերը «Աստծուն հավատում են. ....բայց նրանք առանձնապես չեն հետաքրքրվում նրանով»։
2. ա) Ինչո՞ւ զարմանալի չէ, որ մարդիկ հոգևորապես անտարբեր են դարձել։ բ) Ի՞նչ վտանգ է ներկայացնում անտարբերությունը ճշմարիտ քրիստոնյաների համար։
2 Աստվածաշունչ ուսումնասիրողների համար զարմանալի չէ, որ մարդիկ հակված են ապատիա՝ անտարբերություն դրսևորելու (Ղուկաս 18։8)։ Իսկ ինչ վերաբերում է կրոնին, ապա նրա հանդեպ հետաքրքրվածության բացակայությունը սպասելի է։ Կեղծ կրոնը մոլորեցնում ու հիասթափություն է պատճառում մարդկանց արդեն երկար ժամանակ (Յայտնութիւն 17։15, 16)։ Սակայն համատարած անտարբերությունը և մարդկանց մեջ եռանդի բացակայությունը վտանգ են ներկայացնում ճշմարիտ քրիստոնյաների համար։ Մենք չպետք է անհոգ դառնանք մեր հավատի հանդեպ ու չպետք է կորցնենք Աստծու ծառայության և Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ մեր եռանդն ու խանդավառությունը։ Հիսուսը առաջին դարում Լավոդիկեի քրիստոնյաներին նախազգուշացրեց գաղջ վիճակի մեջ ընկնելուց՝ ասելով. «Ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։ .... Գաղջ ես» (Յայտնութիւն 3։15–18)։
Գիտակցենք, թե ովքեր ենք մենք
3. Իրենց ինքնության ո՞ր բնորոշումներով քրիստոնյաները կարող են հպարտանալ։
3 Հոգևոր ապատիայի դեմ պայքարելու համար քրիստոնյաները պետք է հստակորեն հասկանան, թե ովքեր են իրենք, և պետք է առողջ հպարտություն ունենան իրենց հստակ ինքնության հետ կապված։ Աստվածաշունչը բնորոշում է, թե մենք՝ Եհովայի ծառաներս ու Քրիստոսի աշակերտներս, ովքեր ենք։ Մենք Եհովայի ‘վկաներն’ ենք, ‘Աստծու գործակիցները’, քանի որ ակտիվորեն տարածում ենք բարի լուրը (Եսայիա 43։10; Ա Կորնթացիս 3։9; Մատթէոս 24։14)։ Մենք ‘իրար սիրում ենք’ (Յովհաննէս 13։34)։ Ճշմարիտ քրիստոնյաները այն անձինք են, ովքեր, իրենց ըմբռնողականությունը գործի դնելով, այն մարզել են բարին ու չարը զանազանելու համար (Եբրայեցիս 5։14, ՆԱ)։ Մենք ‘լույս տվողներ ենք աշխարհի մեջ’ (Փիլիպպեցիս 2։15)։ Մենք ձգտում ենք «[մեր] վարքը հեթանոսների մէջ բարի պահե[լ]» (Ա Պետրոս 2։12; Բ Պետրոս 3։11, 14)։
4. Ինչպե՞ս կարող է Եհովայի երկրպագուն ցույց տալ, թե ով չէ ինքը։
4 Եհովայի ճշմարիտ երկրպագուները նաև գիտեն, թե ովքեր չեն իրենք։ Նրանք «աշխարհքիցը չեն», ինչպես որ իրենց Առաջնորդ Հիսուս Քրիստոսը աշխարհից չէր (Յովհաննէս 17։16)։ Նրանք հեռու են մնում ‘հեթանոսներից’՝ ազգերից, որոնք «խաւարուած են մտքով, եւ օտար՝ Աստուծոյ կեանքիցը» (Եփեսացիս 4։17, 18)։ Ուստի Հիսուսի հետևորդները «ուրան[ում են] ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. եւ խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապր[ում] այս աշխարհումը» (Տիտոս 2։12)։
5. Ի՞նչ է նշանակում ‘պարծենալ’ Եհովայով։
5 Մեր ինքնության վերաբերյալ հստակ հասկացողությունը և տիեզերքի Գերիշխանի հետ ունեցած փոխհարաբերությունները մղում են մեզ ‘պարծենալ Տերով’՝ Եհովայով (Ա Կորնթացիս 1։31)։ Ի՞նչ իմաստով ‘պարծենալ’։ Որպես ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք հպարտ ենք, որ Եհովան մեր Աստվածն է։ Մենք հետևում ենք ահա այս հորդորին. «Սորանով պարծենայ, ով որ պարծենում է, թէ հասկանում եւ ճանաչում է ինձ, որ ես եմ Տէրը, որ երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք եւ արդարութիւն եմ անում» (Երեմիա 9։24)։ Մենք ‘պարծենում’ ենք այն բանով, որ պատիվ ունենք ճանաչելու Աստծուն, և որ նա մեր միջոցով օգնում է մարդկանց։
Դժվարություն
6. Ինչո՞ւ է ոմանց համար դժվար մշտապես հստակ հասկացողություն ունենալ իրենց քրիստոնեական ինքնության վերաբերյալ։
6 Պետք է ընդունել, որ քրիստոնեական ինքնության վերաբերյալ մշտապես հստակ հասկացողություն ունենալը հեշտ չէ։ Քրիստոնեական դաստիարակություն ստացած մի պատանի պատմում է, որ մի ժամանակ հոգևոր թույլ վիճակում է եղել. «Երբեմն զգում էի, որ չգիտեմ, թե ինչու եմ Եհովայի վկա։ Ես աստվածաշնչային ճշմարտությունը սովորել եմ մանկուց։ Երբեմն մտածում էի, թե Եհովայի վկաների կրոնը պարզապես մեկ այլ ուղղություն է, ընդունված կրոն»։ Ուրիշները գուցե թույլ են տվել, որ իրենց ինքնության վերաբերյալ իրենց հասկացողության վրա ազդեցություն թողնեն զվարճությունների աշխարհը, լրատվական միջոցները և կյանքի վերաբերյալ անաստված հայացքները (Եփեսացիս 2։2, 3)։ Իսկ որոշ քրիստոնյաների կյանքում լինում են պահեր, երբ նրանք սեփական ուժերի հանդեպ անվստահություն են զգում և սկսում են այլ կերպ նայել իրենց արժեքներին ու նպատակներին։
7. ա) Ինչպիսի՞ ինքնաքննությունն է տեղին Աստծու ծառաների համար։ բ) Ի՞նչ վտանգ կա ինքնաքննություն անելու հետ կապված։
7 Արդյոք սխա՞լ կլինի ժամանակ առ ժամանակ ուշադիր ինքնաքննություն կատարել։ Ո՛չ։ Հավանաբար հիշում ես, որ Պողոս առաքյալը քրիստոնյաներին խրախուսեց ինքնաքննություն անել. «Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. քննեցէք ձեր անձերը» (Բ Կորնթացիս 13։5)։ Առաքյալը այս խոսքերով հորդորում է մեզ, որ մենք, առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու, ձգտենք հայտնաբերել ցանկացած հոգևոր թուլություն, որ գուցե զարգացել է մեր մեջ, ընդ որում մեր նպատակը պետք է լինի այդ թուլությունը վերացնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը։ Քրիստոնյան, ‘փորձելով իր անձը, թե արդյոք հավատի մեջ է’, պետք է պարզի, թե իր խոսքերն ու գործերը ներդաշնա՞կ են իր դավանած հավատի հետ։ Սակայն սխալ ուղղությամբ տարվող ինքնաքննությունը, որը մղում է մեզ փնտրել մեր «անհատականությունը» կամ գտնել պատասխաններ, որոնք կապ չունեն Եհովայի հետ մեր փոխհարաբերությունների, ինչպես նաև քրիստոնեական ժողովի հետ, անիմաստ ու հոգևորապես կործանարար է։a Մենք ամենևին չենք ցանկանա, որ մեր հավատը նավաբեկության ենթարկվի (Ա Տիմոթէոս 1։19)։
Դժվարություններից զերծ չենք
8, 9. ա) Ինչպե՞ս Մովսեսն արտահայտեց իր անվստահությունը սեփական ուժերի հանդեպ։ բ) Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ գ) Եհովայի հավաստիացումները ինչպիսի՞ ազդեցություն են թողել քեզ վրա։
8 Այն քրիստոնյաները, որոնք երբեմն անվստահություն են զգում սեփական ուժերի հանդեպ, արդյոք պե՞տք է կարծեն, թե իրենք անհաջողության են մատնված։ Անշուշտ ոչ։ Նրանք կարող են մխիթարվել՝ իմանալով, որ այդպիսի զգացումները նոր բան չեն։ Անցյալում Աստծու հավատարիմ վկաները ունեցել են այդպիսի դժվարություններ։ Նրանցից մեկը Մովսեսն է։ Նա արտակարգ հավատ, անձնվիրություն և հավատարմություն է դրսևորել։ Երբ նա առաջին հայացքից դժվարին թվացող հանձնարարություն ստացավ, անվստահ ասաց. «Ես ո՞վ եմ» (Ելից 3։11)։ Ակներևաբար, Մովսեսն իր հարցին այսպես կպատասխաներ՝ «ես ոչինչ եմ» կամ՝ «ես անընդունակ եմ»։ Կային որոշ պատճառներ, որոնք Մովսեսին գուցե ստիպել էին իրեն անհամապատասխան զգալ այդ գործն անելու։ Նա ստրուկների ազգից էր։ Մերժվել էր իսրայելացիների կողմից։ Չէր կարողանում սահուն խոսել (Ելից 1։13, 14; 2։11–14; 4։10)։ Մովսեսը հովվություն էր անում. մի գործ, որը գարշելի էր եգիպտացիների համար (Ծննդոց 46։34)։ Ուստի զարմանալի չէ, որ նա իրեն անհամապատասխան էր զգում լինելու Աստծու ստրկացված ժողովրդի ազատարարը։
9 Եհովան սրտապնդեց Մովսեսին՝ տալով երկու ազդեցիկ խոստում. «Ես քեզ հետ կլինիմ, եւ սա քեզ համար նշան կ’լինի, որ ես եմ քեզ ուղարկել. երբոր ժողովուրդը Եգիպտոսիցը հանես, այս սարի վերայ կ’պաշտէք Աստուծոյն» (Ելից 3։12)։ Նախ Աստված իր անհամարձակ ծառային ասաց, որ միշտ նրա հետ կլինի։ Բացի այդ, Եհովան ուզում էր ասել, որ անկասկած կազատագրի իր ժողովրդին։ Դարեր ի վեր Աստված նմանատիպ խոստումներ է տվել իր ծառաներին։ Օրինակ՝ երբ իսրայելացիները կանգնած էին Ավետյաց երկրի շեմին, նա Մովսեսի միջոցով նրանց ասաց. «Ուժովացէք եւ քաջ եղէք, ....քո Եհովայ Աստուածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ» (Բ Օրինաց 31։6)։ Եհովան վստահեցրեց նաև Հեսուին՝ ասելով. «Ոչ մի մարդ չ’կարողանայ քեզ քո կեանքի բոլոր օրերումը դեմ կանգնել.... քեզ հետ կլինեմ. քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ» (Յեսու 1։5)։ Քրիստոնյաներին նա նույնպես խոստանում է. «Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբրայեցիս 13։5)։ Ունենալով այսպիսի մեծ աջակցություն՝ մենք պետք է հպա՛րտ լինենք, որ քրիստոնյա ենք։
10, 11. Ի՞նչը օգնեց ղևտացի Ասափին ճիշտ գնահատել Եհովային մատուցած իր ծառայությունը։
10 Մովսեսի ժամանակներից մոտ հինգ դար անց Ասափ անունով մի հավատարիմ ղևտացի անկեղծորեն գրեց իր կասկածների մասին, թե արդյոք արժե գնալ ուղիղ ճանապարհով։ Այն ժամանակ, երբ նա, փորձություններին և գայթակղություններին դիմագրավելով, ծառայում էր Եհովային, տեսնում էր, որ Աստծուն ծաղրող որոշ մարդիկ ավելի են զորանում ու բարգավաճում։ Ինչպե՞ս դա ազդեց Ասափի վրա։ «Քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին,— խոստովանեց նա,— եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր. որովհետեւ նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս»։ Նա սկսեց կասկածել, թե արդյոք արժե շարունակել Եհովայի երկրպագու լինել։ «Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբութիւնով լուանում,— խորհում էր Ասափը։— Ամեն օր տանջվում եմ» (Սաղմոս 73։2, 3, 13, 14)։
11 Ի՞նչ արեց Ասափը, երբ նրան պատեցին այսպիսի խռովեցուցիչ զգացումներ։ Արդյոք նա հերքե՞ց, որ այդպիսի զգացումներ ունի։ Ո՛չ։ Նա դրանց մասին աղոթեց Աստծուն, ինչպես կարդում ենք 73–րդ սաղմոսում։ Ասափի համար շրջադարձային պահ եղավ այն ժամանակը, երբ նա մտավ տաճարի սրբարանը։ Այնտեղ նա հասկացավ, որ աստվածանվեր կյանքով ապրելը շարունակում է մնալ կյանքի լավագույն ուղին։ Հոգևորի հանդեպ իր գնահատանքը նորացրած՝ Ասափը հասկացավ, որ Եհովան ատում է չարը և ճիշտ ժամանակին կպատժի ամբարիշտներին (Սաղմոս 73։17–19)։ Նա խորությամբ գիտակցեց, որ ինքը Եհովայի առանձնաշնորհյալ ծառան է։ Նա ասաց Աստծուն. «[Ես] միշտ քեզ հետ եմ. դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։ Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կ’ընդունես ինձ» (Սաղմոս 73։23, 24)։ Ասափը դարձյալ սկսեց հպարտանալ իր Աստծով (Սաղմոս 34։2)։
Նրանք խորապես գիտակցում էին, թե ովքեր են իրենք
12, 13. Բերեք օրինակներ Աստծու վաղեմի ծառաների մասին, որոնք հպարտացել են Աստծու հետ ունեցած իրենց փոխհարաբերություններով։
12 Մեր քրիստոնեական ինքնությունը խորապես գիտակցելու կերպերից մեկն այն է, որ քննենք ու ընդօրինակենք Աստծու անձնվեր երկրպագուների հավատը, որոնք, չնայած իրենց կրած դժվարություններին, հպարտ են եղել Աստծու հետ ունեցած իրենց փոխհարաբերությունների համար։ Քննենք Հակոբի որդու՝ Հովսեփի օրինակը։ Երբ նա պատանի էր, նրան դավաճանաբար ստրկության վաճառեցին, ու նա հայտնվեց Եգիպտոսում՝ հարյուրավոր կիլոմետրեր հեռու իր աստվածավախ հորից, ջերմ ու ապահով ընտանեկան օջախից։ Եգիպտոսում Հովսեփի կողքին չկար մեկը, որին նա կկարողանար դիմել աստվածահաճո խորհուրդ ստանալու համար։ Նա ստիպված էր դիմագրավել ծանր իրավիճակներ, որոնք փորձում էին իր բարոյական մաքրությունը և Աստծու հանդեպ ապավինությունը։ Այդուհանդերձ, Հովսեփը գիտակցական ջանքեր էր գործադրում միշտ հիշելու, որ ինքն Աստծու ծառա է, և նա հավատարիմ մնաց այն ամենին, ինչ գիտեր, որ ճիշտ է։ Նույնիսկ թշնամանքով լի միջավայրում՝ նա հպարտ էր, որ Եհովայի երկրպագու է, և չէր վարանում արտահայտել իր զգացումները (Ծննդոց 39։7–10)։
13 Ութ հարյուրամյակ անց մի գերի իսրայելացի աղջիկ, որը ասորի զորագլուխ Նեեմանի ծառաներից էր, չմոռացավ, որ ինքը Եհովայի երկրպագու է։ Երբ առիթ եղավ, նա, Եղիսեին ներկայացնելով որպես ճշմարիտ Աստծու մարգարե, համարձակորեն վկայություն տվեց Եհովայի մասին (Դ Թագաւորաց 5։1–19)։ Այս դեպքից տարիներ անց երիտասարդ Հովսիա թագավորը, չնայած շուրջ բոլորը տիրող այլասերվածությանը, երկար ժամանակ կրոնական բարեփոխումներ կատարեց, վերակառուցեց Աստծու տաճարը և ազգին վերադարձրեց դեպի Եհովան։ Նա հպարտանում էր իր հավատով ու Աստծուն մատուցած երկրպագությամբ (Բ Մնացորդաց, գլուխ 34, 35)։ Բաբելոնում Դանիելը և նրա երեք եբրայեցի ընկերները մի պահ անգամ չմոռացան, որ իրենք Եհովայի ծառաներն են, և նույնիսկ ճնշման ու փորձության ներքո պահեցին իրենց անարատությունը։ Անկասկած, նրանք հպարտ էին, որ Եհովայի ծառաներն են (Դանիէլ 1։8–20)։
Հպարտացիր քո ինքնությամբ
14, 15. Ի՞նչ է ներառում քրիստոնեական ինքնությամբ հպարտանալը։
14 Աստծու վերոհիշյալ ծառաները հաջողության հասան, քանի որ իրենց մեջ առողջ հպարտության զգացում էին զարգացրել այն դիրքի համար, որ ունեին Աստծու առջև։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Ի՞նչ է ներառում քրիստոնեական ինքնությամբ հպարտանալը։
15 Գլխավորապես այն ներառում է խոր գնահատանք Եհովայի անունը կրող ժողովրդի մեկ անդամը լինելու, ինչպես նաև Աստծու օրհնությունն ու հավանությունը ստանալու համար։ Աստված ոչ մի կասկած չունի, թե ովքեր են իրեն պատկանում։ Պողոս առաքյալը, որն ապրում էր կրոնական տեսակետից բավական խառնաշփոթ ժամանակներում, գրեց. «Տէրը ճանաչում է նորանց որ իրն են» (Բ Տիմոթէոս 2։19; Թուոց 16։5)։ Եհովան հպարտանում է նրանցով, ովքեր ‘իրենն’ են։ Նա հայտարարում է. «Ձեզ դպչողը նորա [«իմ», ՆԱ] աչքերի բիբին է դպչում» (Զաքարիա 2։8)։ Ամեն տարակուսանքից վեր է, որ Եհովան սիրում է մեզ։ Մենք էլ մեր հերթին նրա հետ մեր փոխհարաբերությունները պետք է հիմնենք նրա հանդեպ խոր սիրո վրա։ Պողոսը գրեց. «Եթէ մէկը Աստուծուն սիրէ, նա ճանաչուած է նորանից» (Ա Կորնթացիս 8։3)։
16, 17. Ինչո՞ւ են քրիստոնյաները՝ երիտասարդ թե տարեց, հպարտանում իրենց հոգևոր ժառանգությամբ։
16 Վկաների ընտանիքում մեծացած ու Եհովայի վկա դարձած երիտասարդները պետք է քննեն, թե արդյո՞ք իրենք գնալով ավելի խորն են գիտակցում իրենց քրիստոնեական ինքնությունը շնորհիվ Աստծու հետ ունեցած ավելի մտերիմ հարաբերությունների։ Նրանք չեն կարող զուտ իրենց ծնողների հավատից կախում ունենալ։ Աստծու յուրաքանչյուր ծառայի վերաբերյալ Պողոսը գրում է. «Իր Տիրոջ համար է կանգնում կամ ընկնում»։ Ապա շարունակում է. «Մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն» (Հռովմայեցիս 14։4, 12)։ Ակնհայտորեն, ընտանեկան ավանդությունը կեսսրտով շարունակելը չի կարող նպաստել Եհովայի հետ մտերիմ ու տևական փոխհարաբերություններ ունենալուն։
17 Ամբողջ պատմության ընթացքում Եհովայի բազմաթիվ վկաներ են եղել։ Վկաների այդ շղթան սկսվում է մոտ 60 դար առաջ՝ հավատարիմ Աբելից, հասնում է ժամանակակից Վկաների «մեծ բազմությանը», իսկ ապագայում այդ շղթայի մեջ կմտնեն Եհովայի բազմաթիվ երկրպագուներ, որոնք կվայելեն անվերջ կյանքը (Յայտնութիւն 7։9; Եբրայեցիս 11։4)։ Ներկա պահին մենք այդ հավատարիմ երկրպագուների շղթայում ամենավերջինն ենք։ Ի՜նչ հարուստ հոգևոր ժառանգություն ունենք։
18. Ինչպե՞ս են մեր արժեքներն ու չափանիշները մեզ առանձնացնում աշխարհից։
18 Մեր քրիստոնեական ինքնությունը նաև ներառում է արժեքների, հատկությունների, չափանիշների ու բնորոշումների մի ամբողջություն, որը բնութագրում է մեզ՝ որպես քրիստոնյաների։ Դա ‘ճանապարհն’ է, միակ ուղին՝ կյանքում հաջողության հասնելու և Աստծուն հաճեցնելու (Գործք 9։2; Եփեսացիս 4։22–24)։ Քրիստոնյաները ‘ամեն բան փորձում են [‘հավաստիանում են ամեն ինչում’, ՆԱ]’ և ‘բարին ամուր են բռնում’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։ Մենք հստակորեն հասկանում ենք, թե ինչ վիթխարի տարբերություն գոյություն ունի քրիստոնեության ու Աստծուց օտարացած աշխարհի միջև։ Եհովան անորոշության տեղ չի թողնում այն հարցում, թե որն է ճշմարիտ երկրպագությունը, և որն է կեղծը։ Իր մարգարե Մաղաքիայի միջոցով նա հայտարարում է. «Դուք ետ կ’դառնաք եւ կ’տեսնէք արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չ’անողին տարբերութիւնը» (Մաղաքիա 3։18)։
19. Ի՞նչ երբեք չի պատահի ճշմարիտ քրիստոնյաներին։
19 Քանի որ այս խառնաշփոթ ու շեղված աշխարհում Եհովայով պարծենալն այդքան կարևոր է, հարց է առաջանում. ի՞նչը կարող է մեզ օգնել, որ ամեն ժամանակ Աստծու հանդեպ առողջ հպարտության զգացում և քրիստոնեական ինքնության խորը գիտակցում ունենանք։ Հաջորդ հոդվածում օգտակար խորհուրդներ են տրվում։ Դրանք քննելիս դու կարող ես վստահ լինել. ճշմարիտ քրիստոնյաները երբեք «ապաթեիզմի» զոհը չեն դառնա։
[ծանոթագրություն]
a Այստեղ խոսքը բացառապես մեր հոգևոր ինքնության մասին է։ Ոմանք, որ մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունեն, գուցե կարիք ունենան մասնագիտական բուժում ստանալու։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները ‘պարծենալ’ Եհովայով։
• Ի՞նչ սովորեցիր Մովսեսի ու Ասափի օրինակից։
• Աստծու վաղեմի ծառաներից ովքե՞ր էին հպարտանում իրենց ծառայությամբ։
• Ի՞նչ է ներառում մեր քրիստոնեական ինքնությամբ հպարտանալը։
[նկար 14–րդ էջի վրա]
Մովսեսն իրեն մի պահ անվստահ զգաց
[նկար 15–րդ էջի վրա]
Եհովայի վաղեմի շատ ծառաներ հպարտ էին իրենց հստակ ինքնությամբ