«Խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է»
ԵՀՈՎԱՅԻ վկաների մեկօրյա համաժողովի ընթացքում Կիմը գործադրում էր ամեն ջանք, որպեսզի կարողանար լսել և գրառումներ կատարել՝ միևնույն ժամանակ փորձելով այնպես անել, որ երկուսուկես տարեկան իր աղջիկը հանգիստ նստեր։ Ծրագրի ավարտին մի քրիստոնյա քույր, որը նստած էր նույն շարքում, շրջվեց դեպի Կիմը և անկեղծորեն գովեց նրան այն բանի համար, որ նա և իր ամուսինը այդքան ուշադիր էին իրենց երեխայի հանդեպ։ Այդ գովասանքը մեծ նշանակություն ունեցավ Կիմի համար։ Անցել են տարիներ, սակայն նա ասում է. «Երբ շատ հոգնած եմ ինձ զգում հանդիպումների ժամանակ, ես մտածում եմ այդ քրոջ ասած խոսքերի շուրջ։ Նրա բարի խոսքերը մինչև այժմ էլ քաջալերում են ինձ դաստիարակել մեր աղջկան»։ Իսկապես, ժամանակին ասված խոսքերը կարող են քաջալերել անհատին։ Աստվածաշնչում գրված է. «Խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է» (Առակաց 15։23)։
Մեզանից ոմանց համար կարող է դժվար լինել ուրիշներին գովել։ Երբեմն մեր սեփական թերությունները գիտակցելու պատճառով կարող է դժվարանանք այդպես վարվել։ Մի քրիստոնյա ասում է. «Ինձ համար դա նման է փափուկ հողի վրա կանգնելուն։ Որքան շատ եմ ոգևորում ուրիշներին, այնքան ինձ ավելի մխրճված եմ զգում հողի մեջ»։ Ամաչկոտությունը, թերարժեքության զգացումը կամ սխալ տպավորություն թողնելու վախը նույնպես կարող են դժվարացնել գովեստի խոսքեր ասելը։ Բացի այդ, եթե մանուկ հասակում մեզ չեն գովել, գուցե դժվարանանք գովել ուրիշներին։
Այնուամենայնիվ, այն բանի գիտակցությունը, որ գովասանքը կարող է լավ ազդեցություն թողնել թե՛ մեզ վրա և թե՛ այն անհատի, որին գովում ենք, կարող է մղել մեզ, որպեսզի ճիշտ ժամանակին գովեստի խոսքեր ասենք (Առակաց 3։27)։ Իսկ ի՞նչ օգուտներ ենք քաղում այդպես վարվելուց։ Եկեք համառոտ քննարկենք դրանցից մի քանիսը։
Օգուտները
Տեղին գովասանքը կարող է ինքնահարգանք առաջացնել այն անհատի սրտում, ում գովեստի խոսքեր ենք ուղղում։ Իլայնան՝ մի քրիստոնյա կին, ասում է. «Երբ մարդիկ ինձ գովում են, զգում եմ, որ նրանք վստահություն ու հավատ ունեն իմ հանդեպ»։ Այո՛, իր ուժերի վրա անվստահ անհատին գովելը կարող է քաջություն տալ նրան հաղթահարելու խոչընդոտները և արդյունքում ստանալ ուրախություն։ Տեղին գովասանքը հատկապես քաջալերում է երիտասարդներին։ Մի պատանի, որին իր բացասական մտքերը վհատեցնում են, ասում է. «Միշտ ձգտում եմ լավագույնն անել Եհովային հաճեցնելու համար, սակայն երբեմն այնպիսի զգացում եմ ունենում, թե ինչ էլ որ անում եմ, բավական չէ։ Երբ որևէ մեկն ինձ գովում է, սրտիս խորքում ես ինձ շատ լավ եմ զգում»։ Աստվածաշնչի հետևյալ խոսքերն իսկապես ճշմարիտ են. «Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ» (Առակաց 25։11)։
Գովասանքը կարող է ոգևորել և քաջալերել անհատին։ Մի լիաժամ քարոզիչ ասում է. «Գովասանքը քաջալերում է ինձ ավելի մեծ ջանքեր գործադրել և բարելավել ծառայությանս որակը»։ Երկու երեխաներ ունեցող մի մայր նկատել է, որ երբ ժողովի անդամները գովում են իր երեխաներին հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալու համար, երեխաները ուզում են ավելի շատ մեկնաբանություններ տալ։ Այո՛, գովասանքը կարող է մղել պատանիներին առաջադիմություն կատարել որպես քրիստոնյաներ։ Իրականում բոլորս էլ կարիք ունենք հավաստիանալու, որ մեզ գնահատում են և հասկանում։ Սթրեսներով լի այս աշխարհում մենք կարող ենք հոգնել և ընկճվել։ Մի քրիստոնյա երեց ասում է. «Ընկճված պահերին գովասանք ստանալը կարծես աղոթքներիս պատասխանը լինի»։ Նույն զգացումներն ունի Իլայնան։ Նա ասում է. «Երբեմն այնպիսի զգացում ունեմ, կարծես թե Եհովան իր հավանությունը ցույց է տալիս ուրիշների խոսքերի միջոցով»։
Գովասանք ստանալը կարող է ապահովության զգացում պարգևել։ Անկեղծորեն գովելը ցույց է տալիս, որ մենք մտածում ենք անհատի մասին։ Այն ջերմ, ապահով և հարգալից մթնոլորտ է ստեղծում։ Դրանով փաստում ենք, որ մենք իսկապես սիրում ենք մեր հավատակիցներին և գնահատում ենք նրանց։ Ժոզի անունով մի մայր ասում է. «Անցյալում ես պետք է ճշմարտության կողմը դիրք բռնեի կրոնապես բաժանված ընտանիքում։ Այդ ժամանակներում հոգևորապես հասուն անհատներից գովասանք ստանալը զորացրեց ինձ, որ վճռական լինեմ և չհանձնվեմ»։ Իսկապես, մենք «իրար անդամ ենք» (Եփեսացիս 4։25)։
Գովեստի խոսքեր ասելը օգնում է մեզ ուրիշների մեջ լավը տեսնել։ Այդպիսով մենք տեսնում ենք ոչ թե ուրիշների թերությունները, այլ լավ կողմերը։ Դեյվիդ անունով մի քրիստոնյա երեց ասում է. «Ուրիշների արածի համար երախտագետ լինելը կօգնի մեզ ավելի հաճախ գովել նրանց»։ Եթե մտածենք այն մասին, թե որքան առատորեն են Եհովան ու նրա Որդին գովում անկատար մարդկանց, դա մեզ նույնպես կմղի առատաձեռն լինել այդ հարցում (Մատթէոս 25։21–23; Ա Կորնթացիս 4։5)։
Գովեստի արժանի անհատներ
Որպես Արարիչ՝ Եհովա Աստված առաջին անձնավորությունն է, որ արժանի է գովասանքի (Յայտնութիւն 4։11)։ Թեև նա մեր գովասանքի կարիքը չունի, որպեսզի իրեն վստահ զգա կամ մղված լինի ինչ–որ բան անելու, սակայն երբ մենք փառաբանում ենք Եհովային այն բանի համար, որ նա ակնածանք է ներշնչում և սիրառատ բարություն է դրսևորում, ապա նա մոտենում է մեզ, և մենք անձնական փոխհարաբերություններ ենք զարգացնում նրա հետ։ Աստծուն գովաբանելը նաև օգնում է ողջամիտ և համեստ տեսակետ ունենալ մեր ձեռքբերումների վերաբերյալ և մղում է, որ մեր հաջողությունները վերագրենք Եհովային (Երեմիա 9։23, 24)։ Բոլոր արժանի անհատներին Եհովան տալիս է հավիտենական կյանքի հեռանկար և դա նրան փառաբանելու մեկ ուրիշ պատճառ է։ Հին ժամանակներում Դավիթ թագավորը ցանկանում էր ‘գովել Աստծու անունը և փառաբանել նրան գովաբանությունով’ (Սաղմոս 69։30)։ Թող որ մենք էլ նման ցանկություն ունենանք։
Մեր հավատակիցները արժանի են տեղին գովասանքի։ Երբ մենք գովում ենք նրանց, ապա վարվում ենք Աստծուց տրված հետևյալ հորդորի համաձայն. «Զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով» (Եբրայեցիս 10։24)։ Այս առումով մեզ համար լավ օրինակ է թողել Պողոս առաքյալը։ Հռոմի ժողովին նա գրեց. «Առաջ գոհանում եմ Աստուածանից Յիսուս Քրիստոսի ձեռովը ձեր ամենի համար. որ ձեր հաւատքը բոլոր աշխարհքի մէջ պատմվում է» (Հռովմայեցիս 1։8)։ Նմանապես, Հովհաննես առաքյալը գովեց իր հավատակից Գայոսին այն բանի համար, որ նա գերազանց օրինակ էր թողնում՝ ‘գնալով ճշմարտության մեջ’ (Գ Յովհաննէս 1–4)։
Մեր օրերում, երբ մեր հավատակիցներից որևէ մեկը օրինակելի կերպով քրիստոնեավայել հատկություն է դրսևորում, ժողովի հանդիպմանը լավ է ներկայացնում իրեն հանձնարարված նյութը կամ սրտանց մեկնաբանություն է տալիս, մեր առջև հրաշալի հնարավորություն է բացվում արտահայտելու մեր գնահատանքը։ Մենք գովելու առիթ ենք ունենում նաև, երբ երեխաներից մեկը ձգտում է բաց անել աստվածաշնչյան համարները ժողովի հանդիպումների ժամանակ։ Իլայնան, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, ասում է. «Աստված բոլորիս էլ տարբեր պարգևներ է տվել։ Երբ նկատում ենք մեր դիմացինի արածը, մենք ցույց ենք տալիս մեր գնահատանքը Աստծու ժողովրդի ունեցած տարբեր պարգևների հանդեպ»։
Ընտանիքում
Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր ընտանիքի անդամների հանդեպ գնահատանք արտահայտելու վերաբերյալ։ Ամուսնուց և կնոջից պահանջվում է շատ ժամանակ և սիրառատ ուշադրություն, ինչպես նաև ջանքեր իրենց ընտանիքի հոգևոր, էմոցիոնալ և նյութական կարիքները հոգալու համար։ Իհարկե նրանք արժանի են լսելու գովեստի խոսքեր միմյանցից և իրենց երեխաներից (Եփեսացիս 5։33)։ Օրինակ՝ առաքինի կնոջ մասին Աստծու Խոսքն ասում է. «Նորա որդիքը կանգնում են եւ նորան երանի տալիս, նորա մարդը կանգնում է եւ գովասանում նորան» (Առակաց 31։10, 28)։
Երեխաները նույնպես արժանի են գովասանքի։ Ցավոք, որոշ ծնողներ հաճախ միայն ասում են երեխաներին, թե ինչ են ակնկալում նրանցից, սակայն հազվադեպ են գովում այն բանի համար, որ նրանք ջանքեր են գործադրում հարգալից և հնազանդ լինելու համար (Ղուկաս 3։22)։ Երեխայի հասունացման տարիներին գովասանքը օգնում է, որ նա իրեն ցանկալի և ապահով զգա։
Իհարկե, ուրիշներին գովելու համար ջանքեր են պահանջվում, սակայն մենք շատ օգուտներ ենք քաղում այդպես վարվելուց։ Իրականում որքան ավելի շատ ջանքեր գործադրենք արժանի անհատներին գովելու համար, այնքան ավելի երջանիկ կլինենք (Գործք 20։35)։
Գովելիս կամ գովասանք ստանալիս ճիշտ տրամադրվածություն ունեցիր
Ոմանց համար գովասանք ստանալը կարող է փորձություն լինել (Առակաց 27։21)։ Օրինակ՝ այն կարող է գերադասության զգացում առաջացնել այն անհատների մեջ, ովքեր հպարտանալու հակում ունեն (Առակաց 16։18)։ Ուստի անհրաժեշտ է զգույշ լինել։ Այս առումով Պողոս առաքյալը շատ գործնական խորհուրդ է տվել՝ գրելով. «Ասում եմ ձեր մէջ ամենին, բան չ’մտածել նորանից աւելի, քան թէ արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպէս՝ ինչպէս որ Աստուած ամեն մէկին հաւատքի չափը բաժանեց» (Հռովմայեցիս 12։3)։ Որպեսզի օգնենք ուրիշներին չընկնել իրենց մասին բարձր կարծիք ունենալու թակարդը, լավ կլինի խուսափենք մեր ուշադրությունը այնպիսի բաների վրա կենտրոնացնելուց, ինչպիսիք են բարձր ինտելեկտն ու լավ արտաքինը։ Փոխարենը՝ մենք պետք է մարդկանց գովենք իրենց լավ գործերի համար։
Երբ ճիշտ տրամադրվածությամբ ենք գովում կամ գովեստի խոսքեր ստանում, դա կարող է դրական ազդեցություն թողնել մեր վրա։ Այն գուցե մղի մեզ գիտակցել, թե որքան ենք պարտական Եհովային մեր կատարած բարի գործերի համար։ Գովասանքը նաև կարող է մղել մեզ շարունակել վարվել արժանավայել կերպով։
Անկեղծ և տեղին գովասանքը պարգև է, որը բոլորս էլ կարող ենք տալ։ Երբ մենք կանխամտածված կերպով գովում ենք որևէ մեկին, դա կարող է ավելին նշանակել նրա համար, քան մենք պատկերացնում ենք։
[շրջանակ/նկար 18-րդ էջի վրա]
Նամակ, որը մեծ ազդեցություն թողեց նրա վրա
Մի շրջագայող վերակացու հիշում է, թե ինչպես մի անգամ նա և իր կինը ձմռան մի ցուրտ օր ծառայությունից վերադարձան տուն։ Նա պատմում է. «Կինս սառել էր և ընկճված էր, ուստի ասաց ինձ, որ իրեն թվում է, թե այլևս չի կարող շարունակել այս ծառայությունը։ Նա ասաց. «Որքա՜ն լավ կլինի լիաժամ ծառայել ժողովում, մնալ մի տեղում և անցկացնել մեր իսկ աստվածաշնչյան ուսումնասիրությունները»։ Ես չշտապեցի որևէ որոշում կայացնել և առաջարկեցի, որ շարունակենք ծառայել մինչև շաբաթվա վերջ և այնուհետև տեսնենք, թե ինչպես է զգում իրեն։ Եթե նա չցանկանար շարունակել այս ծառայությունը, ես հաշվի կառնեի նրա զգացումները։ Այդ նույն օրը մենք գնացինք փոստ և իմացանք, որ մասնաճյուղից նամակ ենք ստացել։ Այն հասցեագրված էր անձամբ կնոջս։ Նամակում ջերմ խոսքեր էին ուղղված նրան այն բանի համար, որ նա այդքան ջանք է գործադրում քարոզչական ծառայության մեջ, ինչպես նաև տոկունություն է դրսևորում, քանի որ դժվար է ամեն շաբաթ գիշերել տարբեր տեղերում։ Նա այնքա՜ն էր զգացված այդ գովասանքից, որ այլևս երբեք չակնարկեց շրջագայական ծառայությունը թողնելու մասին։ Փաստն այն է, որ դրանից հետո մի քանի անգամ հենց նա է քաջալերել ինձ չդադարեցնել այս ծառայությունը, երբ ես մտածել եմ այդ մասին»։ Այս ամուսնական զույգը գրեթե 40 տարի շրջագայական ծառայություն է կատարել։
[նկար 17-րդ էջի վրա]
Ձեր ժողովում ո՞վ է արժանի գովասանքի
[նկար 19-րդ էջի վրա]
Երեխաները քաջալերվում են սիրառատ ուշադրությունից և գովասանքից