Մի՛ մոռացեք գովելու կարևորության մասին
ԵՐԲԵՎԷ լսե՞լ ես, որ որևէ մեկը դժգոհի իր գործատիրոջից, թե նա գրեթե չի գովում իրեն։ Գուցե դու է՞լ նույն գանգատն ունես։ Իսկ եթե երիտասարդ ես, գանգատվո՞ւմ ես, որ ծնողներդ և ուսուցիչներդ քեզ չեն գովում։
Ոմանց գանգատները գուցե հիմնավոր են։ Սակայն, ինչպես նշում է մի գերմանացի հոգեբան, աշխատողների դժգոհության պատճառը ոչ այնքան գովեստի խոսքերի պակասն է, որքան իրենց հանդեպ գործատիրոջ անուշադրությունը։ Ինչ էլ որ լինի դժգոհության պատճառը, ակնհայտ է, որ գովասանքն ու անկեղծ հետաքրքրությունը՝ երկուսն էլ կարևոր են, եթե ցանկանում ենք լավ փոխհարաբերություններ ունենալ մարդկանց հետ։
Գովելը մեծ տեղ ունի նաև երկրպագության մեջ։ Քրիստոնեական ժողովում պետք է լինի ջերմ մթնոլորտ, որտեղ մարդիկ չեն զլանում իրար գովել և անկեղծորեն հետաքրքրվել միմյանցով։ Ժողովում այսպիսի հիանալի մթնոլորտ ստեղծվում և պահպանվում է այն բանի շնորհիվ, որ նրա անդամները հետևում են Աստվածաշնչի առաջնորդությանը։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե ժողովում սիրո մթնոլորտ է տիրում, բարելավումները երբեք ավելորդ չեն լինի։ Սա հիշելով՝ եկեք քննենք, թե գովելու հարցում ինչ լավ օրինակ են թողել Եհովայի վաղեմի ծառա Եղիուսը, Պողոս առաքյալը և հենց ինքը՝ Հիսուս Քրիստոսը։
Քաղաքավարությամբ ու հարգանքով տրված խորհուրդ
Եղիուսը (որը, հավանաբար, Աբրահամի հեռավոր բարեկամն էր) մեծապես օգնեց Հոբին հավասարակշռված տեսակետ ունենալ Աստծու հետ իր փոխհարաբերությունների վերաբերյալ։ Նա քաղաքավարի էր ու հարգալից։ Եղիուսը համբերությամբ սպասեց, մինչև հասնի խոսելու իր հերթը։ Եթե Հոբի այսպես կոչված ընկերները միայն նրա թերությունները նշեցին, Եղիուսը, բացի խորհուրդ տալուց, նաև գովեց նրան արդար ընթացքի համար։ Ակնհայտ էր, որ նա՝ որպես ընկեր, ջերմ էր Հոբի հանդեպ և անկեղծորեն հետաքրքրված էր նրանով։ Ի տարբերություն մյուսների՝ Եղիուսը անունով դիմեց Հոբին։ Նա քաղաքավարությամբ խնդրեց. «Մէկ լսիր իմ խօսքը, ով Յոբ, եւ իմ բոլոր ասածներին ականջ դիր»։ Կարեկցելով Հոբին՝ Եղիուսը հարգանքով ասաց. «Ահա ես ասածիդ պէս Աստուծոյ համար լինիմ. ես էլ եմ ցեխից կազմուած»։ Ապա նրան գովելով՝ ավելացրեց. «Եթէ խօսք կայ, պատասխանիր ինձ. ասիր, որ փափաքում եմ քեզ արդարացնել» (Յոբ 33։1, 6, 32)։
Կարելի է ասել, որ քաղաքավարի և հարգալից լինելը գովելու կերպերից մեկն է։ Այդպիսի վերաբերմունք դրսևորելով՝ մենք կարծես ասում ենք դիմացինին. «Դու արժանի ես իմ ուշադրությանը և հարգալից վերաբերմունքին»։ Դրանով ցույց ենք տալիս նրա հանդեպ մեր ջերմ վերաբերմունքն ու անկեղծ հետաքրքրությունը։
Քաղաքավարի լինելը ավելին է նշանակում, քան պարզապես էթիկայի կանոններին հետևելը։ Մենք կհասնենք մարդկանց սրտին, եթե քաղաքավարի վերաբերմունք դրսևորելիս անկեղծ լինենք։ Այն պետք է արտահայտի իսկական հետաքրքրվածություն և սեր դիմացինի հանդեպ։
Նրբանկատորեն տրված գովասանք
Պողոս առաքյալը ցույց տվեց, թե նրբանկատորեն տրված գովասանքն ինչ լավ արդյունքների կարող է բերել։ Քննենք հետևյալ օրինակը։ Իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ Աթենքում քարոզելիս Պողոսը որոշ հույն փիլիսոփաների առջև պաշտպանեց քրիստոնեությունը։ Ուշադրություն դարձրու, թե որքան նրբանկատորեն նա դա արեց։ «Էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից մի քանիսը սկսեցին հակաճառել նրան, և ոմանք ասում էին. «Այս դատարկախոսն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ մյուսները, թե՝ «թվում է, թե նա օտար աստվածների քարոզիչ է»» (Գործեր 17։18)։ Լսելով այս խոսքերը՝ Պողոսը չվրդովվեց, այլ հանգիստ պատասխանեց. «Ո՛վ աթենացի մարդիկ, տեսնում եմ, որ ամեն ինչում դուք ավելի շատ եք վախենում աստվածներից, քան մյուսները»։ Նա չհանդիմանեց աթենացիներին, որ կռապաշտ էին։ Փոխարենը՝ Պողոսը գովեց նրանց, որ կրոնասեր էին (Գործեր 17։22)։
Արդյո՞ք Պողոսը կեղծավոր էր։ Բոլորովի՛ն։ Նա գիտեր, որ ուրիշներին դատելը իր պարտականությունը չէ. Առաքյալը լավ հասկանում էր, որ մի ժամանակ ինքն էլ չգիտեր ճշմարտությունը։ Նրա առաջադրանքը Աստծու պատգամը հայտնելն էր և ոչ թե մարդկանց դատելը։ Պողոսը սեփական փորձից գիտեր, որ կեղծ կրոնի որոշ անկեղծ անդամներ ի վերջո դարձել են ճշմարիտ կրոնի եռանդուն ջատագովներ։ Նույնը կարող են այսօր ասել շատ Եհովայի վկաներ։
Պողոսի նրբանկատ մոտեցումը լավ արդյունքներ բերեց։ «Մի քանի մարդիկ միացան նրան և հավատացյալներ դարձան, որոնցից էին նաև Դիոնիսիոսը՝ Արեոպագոսի դատարանի մի դատավոր, և Դամարիս անունով մի կին ու նրանցից բացի՝ ուրիշներն էլ» (Գործեր 17։34)։ Պողոսը իմաստնորեն վարվեց, որ չդատապարտեց աթենացիներին ճշգրիտ գիտելիքներ չունենալու համար։ Նա գովեց նրանց անկեղծ հավատ ունենալու համար, թեև նրանց համոզմունքները սխալ էին։ Այսօր էլ կան ազնվասիրտ մարդիկ, որոնք, սակայն, ապատեղեկացված լինելու պատճառով սխալ հայացքներ ունեն։
Պողոսը նրբանկատորեն խոսեց նաև Հերովդես Ագրիպպաս II–ի հետ, երբ կանչվեց նրա մոտ, որպեսզի պաշտպանի իրեն։ Հայտնի էր, որ Հերովդեսն արյունապիղծ կապի մեջ էր իր քրոջ՝ Բերնիկեի հետ, ինչը ակնհայտորեն դատապարտվում է Աստծու Խոսքում։ Այնուամենայնիվ, Պողոսը դատապարտական մի բառ անգամ չասաց նրան։ Փոխարենը՝ նա Հերովդեսին գովելու հիմնավոր պատճառ գտավ։ Առաքյալն ասաց. «Ինչ վերաբերում է այն ամենին, ինչում ես հրեաների կողմից մեղադրվում եմ, Ագրիպպա՛ս թագավոր, ինձ երջանիկ եմ համարում, որ քո առջև է, որ այսօր պետք է պաշտպանեմ ինձ, մանավանդ որ դու գիտակ ես հրեաների բոլոր սովորույթներին և նրանց մեջ եղող վեճերին» (Գործեր 26։1–3)։
Որքա՜ն իմաստուն կլինի, եթե մենք էլ Պողոսի պես նրբանկատորեն վերաբերվենք մարդկանց։ Հարևանին, աշխատակցին, համադասարանցուն կամ համակուրսեցուն գովելը կարող է նպաստել, որ նրանք մեզ հետ խաղաղ փոխհարաբերությունների մեջ լինեն և մեզ լավ վերաբերվեն։ Տեղին ասված գովեստի խոսքերը կարող են շարժել անկեղծ մարդկանց սրտերը ու մղել նրանց հրաժարվելու սխալ տեսակետներից և վարվելու ճշգրիտ գիտելիքների համաձայն։
Հիսուսի կատարյալ օրինակը
Հիսուսը գովում էր մարդկանց։ Հարություն առնելուց և երկինք համբարձվելուց հետո նա Աստծու առաջնորդությամբ Հովհաննես առաքյալի միջոցով իր խոսքերը փոխանցեց Փոքր Ասիայի յոթ ժողովներին։ Հիսուսը չզլացավ գովել նրանց, ովքեր արժանի էին դրան։ Եփեսոսի, Պերգամոնի և Թյուատիրի ժողովներին դիմելիս նա այսպես արտահայտվեց՝ «գիտեմ քո գործերը և քո աշխատանքն ու տոկունությունը, և որ տանել չես կարող վատ մարդկանց», «դու ամուր ես պահում իմ անունը և չուրացար իմ հանդեպ ունեցած հավատդ» և «գիտեմ քո գործերը, քո սերը, հավատը, ծառայությունը և տոկունությունը, և որ քո վերջին գործերն ավելի շատ են, քան նախորդները»։ Սարդեսի ժողովը խիստ խորհրդի կարիք ուներ, բայց Հիսուսը նշեց այդ ժողովի առանձին անհատների մասին, որոնք արժանի էին գովասանքի։ Նա ասաց. «Սակայն դու մի քանի անհատներ ունես Սարդեսում, որոնք չպղծեցին իրենց վերնահագուստները, և նրանք կքայլեն ինձ հետ սպիտակ հանդերձներով, որովհետև արժանի են» (Հայտնություն 2։2, 13, 19; 3։4)։ Ի՜նչ հրաշալի օրինակ թողեց Հիսուսը։
Ընդօրինակելով Հիսուսին՝ մենք չպիտի մի քանի հոգու սխալների պատճառով մեղադրենք ամբողջ խմբին։ Իսկ եթե որևէ մեկին խորհուրդ ենք տալիս, ապա չպետք է մոռանանք նաև գովել, իհարկե, եթե դա տեղին է։ Անհրաժեշտ է հիշել, սակայն, որ եթե գովում ենք միայն այն ժամանակ, երբ պատրաստվում ենք խորհուրդ տալ, հնարավոր է՝ այդ գովասանքը չընդունվի։ Եկեք օգտագործենք մարդկանց գովելու ամեն հնարավորություն։ Այդ դեպքում, երբ խորհուրդ տալու կարիք լինի, անհատն ավելի պատրաստակամորեն կընդունի այն։
Երբ երեցները տեղին են գովում
Կորնելիա անունով մի քույր, որը ծառայում է Եհովայի վկաների եվրոպական մասնաճյուղերից մեկում, հիշում է, որ 1970–ականների սկզբին շրջագայող վերակացուն մի անգամ հարցրել էր, թե արդյոք իրեն հաջողվում է կատարել անձնական ուսումնասիրություն և կարդալ պարբերագրերը։ Կորնելիան ամաչելով խոստովանել էր, որ չի հասցնում կարդալ պարբերագրերի բոլոր հոդվածները։ «Նա չհանդիմանեց ինձ, այլ գովեց, որ կարողացել եմ այդքանը կարդալ,— պատմում է նա։— Նրա գովեստի խոսքերն ինձ այնպես քաջալերեցին, որ վճռեցի այդուհետ կարդալ յուրաքանչյուր հոդված»։
Ռեյը, որը նույնպես ծառայում է Եվրոպայի մասնաճյուղերից մեկում, հիշում է իր ռահվիրայական ծառայության առաջին օրը։ Ժողովի նախագահող վերակացուն, որը բավական զբաղված մարդ էր՝ աշխատում էր, ուներ ընտանիք, ինչպես նաև շատ պատասխանատվություններ ժողովում, այդ երեկո, մտնելով Թագավորության սրահ, անմիջապես մոտեցավ Ռեյին ու հարցրեց. «Ինչպե՞ս անցավ ռահվիրայական ծառայության առաջին օրդ»։ Այժմ՝ մոտ 60 տարի անց, Ռեյը դեռևս հիշում է այդ երեցի կողմից ցուցաբերված ուշադրությունը։
Ինչպես երևում է այս երկու օրինակներից, ուրիշների արածները անկեղծորեն և սիրով գնահատելը կարող է հրաշալի արդյունքներ բերել, ինչը չի կարելի ասել, երբ մենք առանց մտածելու, մեխանիկորեն գովում ենք կամ պարզապես շողոքորթում։ Մեր հավատակիցներին գովելու շատ պատճառներ ունենք։ Կարող ենք գովել անհատին, որ Եհովային ծառայելու ցանկություն ունի, լավ պատրաստված մեկնաբանություններ է տալիս, հաղթահարում է բեմից ելույթ ունենալու վախը, եռանդորեն մասնակցում է քարոզչության և ուսուցանելու գործին, առաջին տեղում դնում է Թագավորության շահերը և հոգևոր նպատակներ ունի։ Ուրիշներին գովելը մեծ օրհնություններ է բերում։ Վարվելով այդպես՝ մենք մեզ երջանիկ ենք զգում և դրական մտածելակերպ ենք ձեռք բերում (Գործեր 20։35)։
Երեցները ճիշտ են անում, երբ գովում են ժողովի անդամներին իրենց ծառայությունը լավ կատարելու համար, իսկ երբ խորհուրդ տալու կարիք է լինում, դա անում են սիրուց մղված։ Սակայն նրանք կատարելություն չեն ակնկալում ժողովի անդամներից և յուրաքանչյուր թերություն լուրջ սխալ չեն համարում։
Այն քրիստոնյա երեցները, ովքեր Եղիուսի պես հարգալից են և քաղաքավարի, Պողոսի նման նրբանկատ են և Հիսուսի պես սիրուց մղված հոգատարություն են դրսևորում, իսկական քաջալերանքի աղբյուր կլինեն իրենց եղբայրների համար։ Գովասանքը կմղի ուրիշներին լինելու ավելի լավ քրիստոնյաներ և կնպաստի ջերմ ու մտերիմ փոխհարաբերություններին։ Ըստ ամենայնի, որքա՜ն ուրախացավ Հիսուսը, երբ մկրտության ժամանակ լսեց իր երկնային Հոր գովեստի խոսքերը. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ» (Մարկոս 1։11)։ Եկեք ուրախացնենք մեր եղբայրների ու քույրերի սրտերը՝ անկեղծորեն և տեղին գովելով նրանց։
[նկար 15–րդ էջի վրա]
Պողոսի նրբանկատ մոտեցումը հիանալի արդյունքներ բերեց. նույնը կարող է լինել մեր պարագայում
[նկար 16–րդ էջի վրա]
Ջերմ, անկեղծ հետաքրքրվածությունը կարող է հրաշալի արդյունքներ բերել