Իսկական բարեկեցություն Աստծու նոր աշխարհում
ՔՐԻՍՏՈՆՅԱ ամուսին և հայր Դեյվիդըa տեղափոխվեց Միացյալ Նահանգներ՝ վստահ լինելով, որ ճիշտ քայլ է կատարում։ Թեև չէր ցանկանում թողնել կնոջն ու երեխաներին, նա համոզված էր, որ եթե ավելի շատ դրամ վաստակի, ապա կարող է բարելավել նրանց կյանքը։ Այդ իսկ պատճառով նա ընդունեց Նյու Յորքում ապրող հարազատների հրավերը և շուտով այնտեղ աշխատանք գտավ։
Անցան ամիսներ, և Դեյվիդի լավատեսական հայացքը սկսեց աղոտանալ։ Նա գրեթե ժամանակ չէր ունենում հոգևոր բաների համար։ Նույնիսկ եղավ մի պահ, որ նա գրեթե կորցրեց Աստծու հանդեպ իր հավատը։ Դեյվիդը իր կացության ողջ լրջությունը գիտակցեց միայն այն բանից հետո, երբ անբարոյություն գործեց։ Կենտրոնացած լինելով նյութական բարգավաճման վրա՝ նա աստիճանաբար հեռացել էր այն ամենից, ինչ իրականում թանկ էր իր համար։ Ինչ–որ բան հարկավոր էր փոխել։
Դեյվիդի պես՝ շատերն են ամեն տարի աղքատ երկրներից գաղթում՝ հույս ունենալով բարելավել իրենց տնտեսական վիճակը։ Սակայն շատ հաճախ նրանք բավական թանկ են վճարում դրա համար. հոգևոր մեծ կորուստներ են ունենում։ Ոմանք հարցնում են. «Կարո՞ղ է քրիստոնյան ձգտել նյութական հարստության և միևնույն ժամանակ հարուստ լինել Աստծով»։ Համբավավոր գրողներն ու քարոզիչները ասում են, որ դա հնարավոր է։ Բայց ինչպես Դեյվիդի և ուրիշների օրինակն է փաստում, դժվար է այդ երկու նպատակին հասնել միաժամանակ (Ղուկաս 18։24)։
Փողը չարիք չէ
Փողը մարդն է ստեղծել։ Ինչպեսև նրա ստեղծած շատ բաներ, այն ինքնին վատ չէ։ Փողը ընդամենը փոխանակման միջոց է։ Ուստի, եթե այն ճիշտ ձևով է օգտագործվում, ապա կարող է ծառայել լավ նպատակի։ Օրինակ՝ Աստվածաշունչն ընդունում է, որ ‘արծաթը հովանի’՝ պաշտպանություն է, հատկապես այն դեպքում, երբ անհատն աղքատ է (Ժողովող 7։12)։ Առնվազն ոմանց, եթե ոչ բոլորին, թվում է, որ «փողը պատասխան է տալիս ամեն ինչի համար» (Ժողովող 10։19, New International Version)։
Աստվածաշունչը դատապարտում է ծուլությունը և խրախուսում ջանասեր աշխատանքը։ Մենք պետք է հոգանք մեր ընտանիքի կարիքները, իսկ եթե մի քիչ ավելի շատ ունենք, ապա ի վիճակի ենք «տալու նրան, ով կարիքի մէջ է» (Եփեսացիս 4։28, ԷԹ; Ա Տիմոթէոս 5։8)։ Բացի այդ, Աստվածաշունչը մեզ քաջալերում է վայելել մեր ունեցվածքը և ոչ թե ապրել ինքնամերժ կյանքով։ Այն ասում է, որ ‘առնենք մեր բաժինը’ և ըմբոշխնենք մեր աշխատանքի պտուղները (Ժողովող 5։18–20)։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում կան օրինակներ հավատարիմ տղամարդկանց և կանանց, որոնք հարուստ են եղել։
Հավատարիմ մարդիկ, որոնք հարուստ էին
Աբրահամը՝ Աստծու հավատարիմ ծառան, ուներ մեծաթիվ անասուններ, արծաթ, ոսկի և հարյուրավոր ծառաներ (Ծննդոց 12։5; 13։2, 6, 7)։ Արդար Հոբը նույնպես բավական հարուստ էր. ուներ անասուններ, ծառաներ, ոսկի ու արծաթ (Յոբ 1։3; 42։11, 12)։ Նույնիսկ այսօրվա չափանիշներով՝ այս մարդիկ շատ հարուստ էին։ Բայց նրանք հարուստ էին նաև հոգևորապես՝ Աստծով։
Պողոս առաքյալը Աբրահամին անվանեց «հայր.... ամեն հաւատացեալների»։ Աբրահամը ժլատ մարդ չէր, և նա մեծ կապվածություն չուներ իր ունեցվածքի հետ (Հռովմայեցիս 4։11; Ծննդոց 13։9; 18։1–8)։ Իսկ Հոբին Աստված անվանեց «կատարեալ եւ ուղիղ մարդ» (Յոբ 1։8)։ Հոբը միշտ պատրաստ էր օգնելու աղքատներին ու խեղճերին (Յոբ 29։12–16)։ Աբրահամն ու Հոբը ապավինեցին Աստծուն և ոչ թե իրենց հարստությանը (Ծննդոց 14։22–24; Յոբ 1։21, 22; Հռովմայեցիս 4։9–12)։
Սողոմոն թագավորը նույնպես հարուստ էր։ Լինելով Երուսաղեմում Աստծու գահի ժառանգորդ՝ նա օրհնվեց ոչ միայն աստվածային իմաստությամբ, այլև մեծ հարստությամբ և փառքով (Գ Թագաւորաց 3։4–14)։ Իր կյանքի մեծ մասը Սողոմոնն ապրեց՝ Աստծուն հավատարիմ մնալով։ Կյանքի վերջին տարիներին, սակայն, նրա «սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ հետ» (Գ Թագաւորաց 11։1–8)։ Սողոմոնի ցավալի օրինակից երևում է, թե մարդիկ սովորաբար ինչպիսի ծուղակներ են ընկնում նյութական հարստության պատճառով։ Քննարկենք դրանցից մի քանիսը։
Հարստության ծուղակները
Ամենավտանգավոր ծուղակը սերն է փողի և այն ամենի հանդեպ, ինչ փողով կարելի է ձեռք բերել։ Հարստությունը ոմանց մեջ այնքան մեծ ախորժակ է գրգռում, որ այն երբեք չի բավարարվում։ Իր թագավորության վաղ շրջանում Սողոմոնը դա նկատել էր մարդկանց մեջ։ Նա գրեց. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստութիւն սիրողը՝ եկամուտից. սա էլ է ունայն» (Ժողովող 5։10)։ Դարեր անց այս կործանարար սիրո մասին խոսել են և՛ Հիսուսը, և՛ Պողոսը (Մարկոս 4։18, 19; Բ Տիմոթէոս 3։2)։
Եթե փողը մեզ համար ինչ–որ բան ձեռք բերելու միջոցից վերածվի սիրո առարկայի, ապա գուցե շատ սխալներ կատարենք, օրինակ՝ ստենք, գողանանք, դավաճանենք։ Հուդա Իսկարիովտացին՝ Հիսուսի առաքյալներից մեկը, իր տիրոջը դավաճանեց ընդամենը 30 արծաթով (Մարկոս 14։11; Յովհաննէս 12։6)։ Ծայրահեղության հասնելով՝ ոմանք նույնիսկ Աստծուն տրվող երկրպագությունը փոխարինեցին փողի պաշտամունքով (Ա Տիմոթէոս 6։10)։ Ուստի, քրիստոնյաները պետք է միշտ ազնիվ լինեն՝ կապված այն բանի հետ, թե ինչ մղումներ ունեն, երբ մտադիր են ավելի շատ դրամ վաստակել (Եբրայեցիս 13։5)։
Կան շատ ավելի աննկատ ծուղակներ, որոնց մեջ կարող է ընկնել հարստության ձգտող մարդը։ Առաջին՝ նյութականի առատությունը անհատին կարող է դրդել ապավինելու սեփական ուժերին։ Հիսուսը սա նկատի ուներ, երբ խոսեց ‘հարստության խաբեբայության մասին’ (Մատթէոս 13։22)։ Նմանապես, Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Հակոբոսը, քրիստոնյաներին զգուշացրեց, որ Աստծուն չմոռանան նույնիսկ այն դեպքում, երբ դրամ վաստակելու պլաններ կազմեն (Յակոբոս 4։13–16)։ Քանի որ դրամը որոշակի անկախություն է տալիս, այն մարդիկ, ովքեր փող ունեն, մշտական վտանգի տակ են՝ ապավինելու ավելի շատ փողին, քան Աստծուն (Առակաց 30։7–9; Գործք 8։18–24)։
Երկրորդ՝ ինչպես վերևում հիշատակված Դեյվիդն անձամբ համոզվեց, հարստության ձգտումները հաճախ անհատից այնքան շատ ժամանակ ու էներգիա են խլում, որ նա աստիճանաբար հեռանում է իր հոգևոր նպատակներից (Ղուկաս 12։13–21)։ Եթե մարդը հարուստ է, ապա թերևս նա հակված կլինի իր ունեցվածքը գլխավորապես օգտագործել հաճելի բաների կամ անձնական ցանկություններին գոհացում տալու համար։
Կարո՞ղ էր Սողոմոնի հոգևոր անկման պատճառը որոշ չափով լինել այն, որ նա թույլ տվեց, որ շքեղ կենսաձևը բթացնի իր դատողությունը (Ղուկաս 21։34)։ Սողոմոնը գիտեր, որ Աստված կոնկրետ արգելել էր օտարազգիների հետ ամուսնությունները։ Բայց նա ի վերջո ունեցավ մոտ հազար կին (Բ Օրինաց 7։3)։ Ցանկանալով հաճելի լինել իր կանանց՝ նա սկսեց միջդավանանքով զբաղվել։ Ինչպես վերևում նշվեց, Սողոմոնի սիրտը աստիճանաբար հեռացավ Եհովայից։
Այս օրինակներից պարզ երևում է Հիսուսի հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային» (Մատթէոս 6։24)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է քրիստոնյան հաջողությամբ պայքարել տնտեսական խնդիրների դեմ, որոնց բախվում է մարդկանց մեծամասնությունը։ Բայց ավելի կարևոր հարց է այն, թե կա՞ արդյոք հույս, որ ապագայում կյանքն ավելի լավ կլինի։
Իսկական բարեկեցություն՝ ապագայում
Ի տարբերություն Աբրահամ ու Հոբ նահապետների և Իսրայել ազգի՝ Հիսուսի հետևորդները ունեն բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ պատրաստելու առաջադրանքը (Մատթէոս 28։19, 20)։ Այդ հանձնարարությունը նրանցից պահանջում է բավական ժամանակ և ջանքեր, որ նրանք կարող էին օգտագործել այլ նպատակների համար։ Բայց Հիսուսի աշակերտների համար բարեկեցության հասնելու բանալին հետևյալն է. «Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։33)։
Դեյվիդը սթափվեց միայն այն ժամանակ, երբ գրեթե կորցրել էր ընտանիքը, ինչպես նաև հոգևորապես անկում էր ապրել։ Երբ նա սկսեց կյանքում առաջնահերթ տեղ հատկացնել Աստվածաշնչի ուսումնասիրությանը, աղոթքին և ծառայությանը, ապա մնացած բաները սկսեցին ընկնել իրենց տեղերը, ինչպեսև Հիսուսն էր ասել։ Նրա հարաբերությունները կնոջ և երեխաների հետ աստիճանաբար կարգավորվեցին։ Դեյվիդը կրկին ուրախ և գոհունակ դարձավ։ Նա շարունակեց փութաջանորեն աշխատել։ Ինչևէ, Դեյվիդը չհարստացավ։ Բայց նա արժեքավոր դասեր քաղեց իր ցավալի փորձից։
Դեյվիդն այժմ այլ տեսակետ ունի այն հարցի վերաբերյալ, թե արդյոք իմաստուն է տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Նա վճռել է այլևս թույլ չտալ, որ դրամը վճռական «ձայն» ունենա իր որոշումներ կայացնելու մեջ։ Դեյվիդն այժմ գիտի, որ կյանքում եղած ամենաթանկագին բաները՝ սիրող ընտանիքը, լավ ընկերները և Աստծու հետ փոխհարաբերությունները, անհնար է ձեռք բերել փողով (Առակաց 17։17; 24։27; Եսայիա 55։1, 2)։ Անշուշտ, ‘ուղղությունով գնալն’ ավելի կարևոր է, քան նյութական հարստությունը (Առակաց 19։1; 22։1)։ Դեյվիդն ընտանյոք հանդերձ որոշել է կարևոր բաները միշտ առաջին տեղում դնել (Փիլիպպեցիս 1։10, ՆԱ)։
Մարդկանց ջանքերը՝ իսկապես բարեկեցիկ և բարոյական հասարակություն ստեղծելու ուղղությամբ, բազմիցս ձախողվել են։ Բայց Աստված խոստացել է, որ իր Թագավորությունը մեզ կապահովի նյութական և հոգևոր բարիքներով, որոնց կարիքը ունենք երջանիկ կյանքով ապրելու համար (Սաղմոս 72։16; Եսայիա 65։21–23)։ Հիսուսը ուսուցանեց, որ իսկական բարեկեցությունը սկիզբ է առնում հոգևորից (Մատթէոս 5։3, ՆԱ)։ Ուստի, անկախ նրանից՝ նյութական առումով հարուստ ենք, թե աղքատ՝ հոգևոր բաներին առավելություն տալը լավագույն ձևն է՝ պատրաստվելու ապրել Աստծու նոր աշխարհում, որը շատ մոտ է (Ա Տիմոթէոս 6։17–19)։ Այդ աշխարհի բնակիչները միասին կկազմեն իսկապես բարեկեցիկ հասարակություն, բարեկեցիկ՝ թե՛ նյութական և թե՛ հոգևոր առումով։
[ծանոթագրություն]
a Անունը փոխված է։
[նկարներ 5-րդ էջի վրա]
Հոբը ապավինեց Աստծուն և ոչ թե իր հարստությանը
[նկարներ 7-րդ էջի վրա]
Կյանքում եղած ամենաթանկագին բաներն անհնար է փողով ձեռք բերել