Աստված հարստություն խոստանո՞ւմ է
«Աստված ուզում է, որ դու հարստանաս, մի քանի մեքենա ունենաս, լավ գործի տեր լինես։ Միայն թե հավատա նրան, բացիր դրամապանակդ և տուր նրան բոլոր փողերդ»։
ԱՀԱ այսպիսի բան են խրախուսում Բրազիլիայի որոշ կրոնական ուղղություններ, ինչպես նշվում է բրազիլական թերթերից մեկում։ Շատերը նման կոչերին լրջորեն են վերաբերվում։ Օրինակ՝ «Թայմ» թերթում տպագրված էր, որ Միացյալ Նահանգներում անցկացված մի հարցման համաձայն՝ իրենց քրիստոնյա համարող մարդկանց «61 տոկոսը հավատում է, թե Աստված ուզում է, որ մարդիկ հարուստ լինեն։ Իսկ 31 տոկոսը համաձայն է այն տեսակետին, որ եթե փողերդ տաս Աստծուն, նա քեզ ավելի շատ փող կտա»։
Նմանատիպ տեսակետներ առաջ են քաշվում նաև բարգավաճ աստվածաբանություն կոչվող գաղափարախոսության կողմից։ Դրանք տարածված են հատկապես Լատինական Ամերիկայի երկրներում, օրինակ՝ Բրազիլիայում։ Այդ պատճառով էլ մարդիկ հաճախում են այն եկեղեցիները, որոնք խոստանում են, որ Աստված նյութապես կօրհնի իրենց։ Սակայն իսկապե՞ս Աստված խոստանում է հարստություն տալ իրեն ծառայող մարդկանց։ Իսկ հնում Աստծու բոլո՞ր ծառաներն են հարուստ եղել։
Եբրայերեն Գրություններում հաճախ ենք կարդում, որ Աստված նյութապես օրհնել է մարդկանց։ Օրինակ՝ Բ Օրինաց 8։18–ում գրված է. «Յիշիր քո Եհովայ Աստուծուն. որովհետեւ նա է հարստութիւն ստանալու համար քեզ ոյժ տուողը»։ Այս խոսքերը վստահեցնում էին իսրայելացիներին, որ եթե նրանք հնազանդվեին Աստծուն, նա իրենց հարուստ ազգ կդարձներ։
Իսկ ի՞նչ կարող ենք ասել անհատների մասին։ Օրինակ՝ հավատարիմ Հոբը շատ հարուստ էր։ Այն բանից հետո, երբ Սատանան փորձության ենթարկեց նրան և զրկեց հարստությունից, Եհովան «կրկնապատիկ ավելացրեց» Հոբի ունեցվածքը (Յոբ 1։3; 42։10)։ Աբրահամը նույնպես հարուստ էր։ Ծննդոց 13։2–ում կարդում ենք, որ նա «հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկիով»։ Երբ Արևելքի չորս թագավորները իրենց զորքերով գերի տարան Աբրահամի զարմիկին՝ Ղովտին, Աբրահամը «իր տանը մէջ ծնած երեք հարիւր տասնութը կրթուած ծառաները հանեց ու անոնց ետեւէն ինկաւ» (Ծննդոց 14։14, ԱԱ)։ Կարելի է պատկերացնել, թե որքան մեծ էր Աբրահամի ընտանիքը, եթե նա ուներ 318 «կրթված» ծառա։ Այն փաստը, որ նա կարողանում էր այդ մեծ ընտանիքին հոգ տանել և ուներ մեծ թվով անասուններ, խոսում է այն մասին, որ նա շատ հարուստ մարդ էր։
Այո՛, հնում ապրած հավատարիմ ծառաներից Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Դավիթը, Սողոմոնը և այլք, հարուստ են եղել։ Սակայն արդյո՞ք սա նշանակում է, որ Աստված հարստություն կտա նրանց, ովքեր կծառայեն իրեն։ Իսկ նա, ով աղքատ է, չո՞ւնի Աստծու օրհնությունը։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն այս հարցերը։