Օրհնություններ, որ գալիս են Աստծուց
ԵԹԵ դուք հավատարիմ լինեք Աստծուն, նա հարստություն կտա՞ ձեզ։ Միգուցե։ Բայց հավանաբար դա չի լինի այն, ինչ ակնկալում էիք։ Քննենք Հիսուսի մայր Մարիամի օրինակը։ Գաբրիել հրեշտակը հայտնվեց նրան և ասաց, որ նա արժանացել է Աստծու բարեհաճությանը և պետք է լույս աշխարհ բերի Աստծու Որդուն (Ղուկաս 1։28, 30–32)։ Մարիամը հարո՞ւստ էր։ Երբ Հիսուսի ծնվելուց հետո նա եկավ տաճար, «մի զույգ տատրակ կամ երկու աղավնու ձագ» մատուցեց։ Իսկ այսպիսի զոհերն աղքատ մարդիկ էին բերում (Ղուկաս 2։24; Ղեւտացոց 12։8)։
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ այս կինը չուներ Աստծու օրհնությունը միայն այն պատճառով, որ աղքատ էր։ Երբ նա այցելեց իր բարեկամուհուն՝ Եղիսաբեթին, վերջինս «սուրբ ոգով լցվեց ու բարձր ձայնով կանչեց՝ ասելով. «Օրհնյա՜լ ես դու [Մարիամ] կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո արգանդի պտուղը»» (Ղուկաս 1։41, 42)։ Մարիամին շնորհվեց Աստծու սիրելի Որդու մայրը դառնալու պատիվը։
Փաստորեն, Աստծու Որդին՝ Հիսուսը, որը ծնվել ու մեծացել էր աղքատ ընտանիքում, նույնպես հարուստ մարդ չէր և համեստ կյանքով ապրեց։ Մի առիթով նա ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի» (Ղուկաս 9։57, 58)։ Այդուհանդերձ, այն, ինչ Հիսուս Քրիստոսն արեց իր երկրային կյանքի ընթացքում, հնարավորություն տվեց իր աշակերտներին մեծ հարստություն ձեռք բերելու։ Պողոս առաքյալը գրել է. «[Նա] աղքատացավ, որպեսզի նրա աղքատությամբ դուք հարստանաք» (2 Կորնթացիներ 8։9)։ Ի՞նչ հարստություն էր դա, և ի՞նչ հարստություն կարող ենք ստանալ մենք։
Ի՞նչ հարստություն
Հաճախ նյութապես հարուստ մարդը չի կարողանում հավատ դրսևորել Աստծու հանդեպ, քանի որ ավելի շատ ապավինում է փողին։ Հիսուսն ասել է. «Որքա՜ն դժվար կլինի փող ունեցողների համար Աստծու թագավորությունը մտնել» (Մարկոս 10։23)։ Ակներևաբար, Հիսուսի աշակերտները նյութական հարստություն չէ, որ ստացան։
Իրականում առաջին դարի քրիստոնյաների մեծ մասը աղքատ էր։ Մի անգամ, երբ ի ծնե կաղ մի մարդ փող էր մուրում, Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն եմ տալիս. Հիսուս Քրիստոսի՝ նազովրեցու անունով՝ քայլի՛ր» (Գործեր 3։6)։
Հակոբոս աշակերտի խոսքերը նույնպես ցույց են տալիս, որ քրիստոնեական ժողովում մարդիկ հիմնականում աղքատ էին։ Նա գրել է. «Լսեցե՛ք, սիրելի՛ եղբայրներս։ Չէ՞ որ Աստված ընտրեց նրանց, ովքեր աղքատ են աշխարհի տեսանկյունից, որպեսզի հարուստ լինեն հավատի մեջ և ժառանգներ լինեն այն թագավորության, որը նա խոստացավ իրեն սիրողներին» (Հակոբոս 2։5)։ Ավելին, Պողոս առաքյալն ասաց, որ քրիստոնյա դառնալու համար «իմաստունները չէ, որ կանչվեցին, ոչ էլ շատ զորավորները և շատ ազնվատոհմները» (1 Կորնթացիներ 1։26)։
Ուրեմն, ի՞նչ հարստություն ստացան Հիսուսի աշակերտները։ Զմյուռնիայի ժողովին ուղղած իր նամակում նա ասում է. «Գիտեմ քո նեղությունն ու աղքատությունը, բայց դու հարուստ ես» (Հայտնություն 2։8, 9)։ Թեև Զմյուռնիայի քրիստոնյաները աղքատ էին, բայց արծաթից ու ոսկուց ավելի արժեքավոր հարստություն ունեին։ Նրանք հարուստ էին, քանի որ անարատ էին և հավատ ունեին Աստծու հանդեպ։ Իսկապես, հավատը շատ արժեքավոր մի բան է, որովհետև «բոլորը չէ, որ հավատ ունեն» (2 Թեսաղոնիկեցիներ 3։2)։ Այդպիսի մարդիկ աղքատ են Աստծու աչքում (Հայտնություն 3։17, 18)։
Հարուստ՝ հավատի շնորհիվ
Ինչո՞ւ է հավատը արժեքավոր համարվում։ Նրանք, ովքեր հավատ են դրսևորում Աստծու հանդեպ, ձեռք են բերում «նրա բարության, համբերության ու երկայնամտության հարստությունը» (Հռոմեացիներ 2։4)։ Նաև «[իրենց] հանցանքների ներում» են ստանում, քանի որ հավատ են ընծայում Հիսուսի քավիչ զոհաբերությանը (Եփեսացիներ 1։7)։ Դեռ ավելին, միայն նրանք են օժտվում «Քրիստոսի խոսքի» իմաստությամբ, ովքեր հավատ ունեն (Կողոսացիներ 3։16)։ Եվ քանի որ հավատով են աղոթում, «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք», պահպանում է նրանց սրտերն ու մտքերը՝ պարգևելով երջանկություն և գոհունակության զգացում (Փիլիպպեցիներ 4։7)։
Այս ամենից բացի, նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսի միջոցով հավատ են ընծայում Աստծուն, հավիտենական կյանքի հեռանկար ունեն։ Շատերին է ծանոթ Հիսուսի հետևյալ խոսքերը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Հավիտենական կյանքի հանդեպ մեր հույսը ավելի է ամրանում, երբ ճշգրիտ գիտելիքներ ենք ձեռք բերում Աստծու և նրա Որդու մասին, որն ասաց. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։
Թեև Աստված հիմնականում հոգևոր առումով է օրհնում, սակայն բավարարում է նաև մեր էմոցիոնալ և ֆիզիկական կարիքները։ Քննենք Բրազիլիայում ապրող Դալիդիոյի օրինակը։ Նախքան Աստծու նպատակների մասին ճշմարտությունն իմանալը նա եղել է հարբեցող, և այդ պատճառով նրա ընտանիքը քայքայման եզրին էր։ Նա ուներ նաև ֆինանսական խնդիրներ։ Մի օր, սակայն, Դալիդիոն սկսեց Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել, ու նրա կյանքը ամբողջովին փոխվեց։
Դալիդիոն ձերբազատվեց իր վնասակար սովորություններից և հոգևորապես առաջադիմեց։ Նա պատմում է. «Ժամանակին մի բարից մեկ ուրիշ բար էի գնում, իսկ այժմ տնից տուն եմ գնում»։ Այսօր Դալիդիոն ծառայում է որպես լիաժամ քարոզիչ։ Նա արդեն ունի լավ առողջական վիճակ, իսկ ֆինանսական խնդիրները վերացել են։ Նա ասում է. «Այն փողը, որ ծախսում էի խմիչքի վրա, այսօր օգտագործում եմ կարիքավոր մարդկանց օգնելու կամ անհրաժեշտ իրեր գնելու համար»։ Դալիդիոն նաև ձեռք է բերել բազում իսկական ընկերներ, որոնք նույնպես երկրպագում են Աստծուն։ Հիմա նա ունի մտքի խաղաղություն և բավարարվածության զգացում։ Եվ այս ամենն այն բանի շնորհիվ, որ ճանաչում է Աստծուն։
Ռենատոն նույնպես հարստացրել է իր կյանքը՝ Եհովայի հանդեպ հավատ զարգացնելով։ Երբ նայում ես այս ուրախ ու ժպտերես անձնավորությանը, դժվարանում ես հավատալ, որ մայրը լքել է նրան ծննդաբերելուց հետո։ Դեռևս պորտալարը վրան, ճանկռոտված ու կապտուկներով՝ նրան դրել էին պայուսակի մեջ ու թողել փողոցում՝ մի նստարանի տակ։ Մոտակայքով անցնելիս երկու կին նկատել էին, որ նստարանի տակ գտնվող պայուսակը շարժվում է։ Նրանց թվացել էր, թե պայուսակի մեջ կատվի ձագ է։ Երբ տեսել էին, որ այնտեղ նորածին է, անմիջապես տարել էին մոտակա հիվանդանոց։
Այդ կանանցից մեկը Եհովայի վկա էր։ Վերջինս տեղի ունեցածի մասին պատմում է իր հավատակիցներից մեկին՝ Ռիտային, որն ուներ մեկ աղջիկ և շատ էր ցանկանում տղա ունենալ, բայց ամեն անգամ պտուղը մեռած էր ծնվում։ Լսելով այդ պատմությունը՝ նա որոշում է որդեգրել Ռենատոյին։ Հետագայում Ռիտան պատմում է փոքրիկին, որ ինքը նրա իսկական մայրը չէ։
Ռիտան սիրով ու հոգատարությամբ է մեծացնում Ռենատոյին։ Նա նաև շատ ջանք է թափում Աստվածաշնչի սկզբունքները նրա մեջ արմատավորելու համար։ Ժամանակի ընթացքում Ռենատոն մեծ հետաքրքրություն է ցույց տալիս Աստվածաշնչի հանդեպ։ Նա նաև սկսում է ավելի շատ գնահատել այն, որ իր կյանքը փրկվել է։ Ամեն անգամ Ռենատոյի աչքերը արցունքով են լցվում, երբ կարդում է սաղմոսերգու Դավթի հետևյալ խոսքերը. «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ» (Սաղմոս 27։10)։
2002 թ.–ին Ռենատոն մկրտվեց։ Դրանով նա իր երախտագիտությունն արտահայատեց Եհովայի տված բոլոր բարիքների համար։ Հաջորդ տարի նա սկսեց ծառայել լիաժամ։ Առայսօր նա չգիտի, թե ովքեր են իր իսկական ծնողները և միգուցե երբեք էլ չիմանա։ Այդուհանդերձ, հասկանում է, որ ամենաարժեքավոր նվերներից մեկն այն է, որ կարողացել է ճանաչել ու հավատ ձեռք բերել Եհովայի՝ իր սիրառատ ու հոգատար Հոր հանդեպ։
Թերևս դուք էլ եք ցանկանում մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ։ Ինչ խոսք, դա կհարստացնի նաև ձեր կյանքը։ Մխիթարական է իմանալ, որ Եհովա Աստծուն ու նրա Որդուն ճանաչելու հնարավորությունը տրված է բոլորին՝ հարուստներին և աղքատներին։ Գուցե նյութապես չհարստանաք, բայց ձեռք կբերեք ներքին խաղաղություն և բավարարվածության զգացում, որոնք հնարավոր չէ գնել փողով։ Որքա՜ն ճշմարիտ են Առակաց 10։22–ում արձանագրված խոսքերը. «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ»։
Եհովա Աստված հետաքրքրված է այն մարդկանցով, ովքեր գալիս են դեպի իրեն։ Դա է պատճառը, որ նա ասում է. «Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։18)։ Եհովան խոստանում է, որ բոլոր նրանք, ովքեր ճիշտ մղումներով մոտենան իրեն, առատապես կօրհնվեն. «Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք» (Առակաց 22։4)։
[Մեջբերում 6–րդ էջի վրա]
Աստծու հանդեպ հավատ ունենալու շնորհիվ ձեռք ենք բերում խաղաղություն, երջանկություն և բավարարվածության զգացում
[նկար 5–րդ էջի վրա]
Թեև Հիսուսը աղքատ էր, սակայն նրա ընտանիքը առատապես օրհնվեց Աստծու կողմից