«Շարունակի՛ր պատմել»
ՆԵԶԼՈԲՆԱՅԱ (Ռուսաստան) քաղաքի դպրոցներից մեկում բարձր դասարանների աշակերտները գրականության դասի ժամանակ ուսումնասիրում էին ռուս գրող Միխայիլ Բուլգակովի ստեղծագործությունները։ Նրա վեպերից մեկում Հիսուս Քրիստոսը նսեմացվում է, իսկ Սատանան նկարագրվում է որպես հերոս։ Դասարանային քննարկումից հետո ուսուցչուհին հանձնարարեց ստուգողական աշխատանք գրել այդ վեպի հիման վրա։ Սակայն աշակերտներից մեկը՝ 16–ամյա Եհովայի վկա Անդրեյը, քաղաքավարի կերպով խնդրեց, որ չկատարի այդ հանձնարարությունը, քանի որ իր խիղճը թույլ չի տալիս այդպիսի գրականություն կարդալ։ Դրա փոխարեն՝ նա առաջարկեց շարադրություն գրել այն մասին, թե, իր կարծիքով, ինչպիսին է Հիսուս Քրիստոսը։ Ուսուցչուհին համաձայնվեց։
Շարադրության մեջ Անդրեյը բացատրեց, որ թեև հարգում է ուրիշների կարծիքը, սակայն գտնում է, որ Հիսուսի մասին տեղեկություններ իմանալու լավագույն ձևը չորս Ավետարաններից մեկը կարդալն է։ Անդրեյը գրում է. «Այդպիսով դուք կծանոթանաք Հիսուսի կյանքին և նրա սովորեցրած ուսմունքներին, որոնք գրի են առել ականատեսները»։ Այնուհետև շարունակում է. «Ուշադրության է արժանի նաև այն, թե ինչպես է նկարագրվում Սատանան։ Ոմանց համար գուցե զվարճալի է կարդալ այնպիսի գիրք, որտեղ Սատանան նկարագրվում է որպես հերոս, սակայն ինձ համար՝ ոչ»։ Նա բացատրել էր, որ իրականում Սատանան ոգեղեն զորեղ ու չար արարած է, որն ըմբոստացել է Աստծու դեմ։ Նա է պատճառը, որ մարդիկ դարձել են մեղավորներ և տառապում են ու դժվարություններ կրում։ Անդրեյը եզրափակել էր շարադրությունը՝ գրելով. «Չեմ կարծում, որ այդ վեպն ընթերցելը ինձ համար օգտակար կլինի։ Իհարկե, ես ոչինչ չունեմ Բուլգակովի դեմ, սակայն Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունն իմանալու համար անձամբ ես նախընտրում եմ կարդալ Աստվածաշունչը»։
Ուսուցչուհուն այնքան էր դուր եկել Անդրեյի շարադրությունը, որ նա առաջարկեց նրան պատրաստել մի ելույթ Հիսուս Քրիստոսի մասին։ Անդրեյը ուրախությամբ համաձայնվեց։ Գրականության հաջորդ դասի ժամանակ Անդրեյը ելույթ ունեցավ ողջ դասարանի առջև։ Նա բացատրեց, թե ինչու է կարծում, որ Հիսուսը երբևէ ապրած մեծագույն մարդն է։ Այնուհետև Աստվածաշնչի «Մատթէոս» գրքից նա ընթերցեց այն հատվածը, որտեղ պատմվում էր Հիսուսի մահվան մասին։ Երբ ելույթին հատկացված ժամանակը մոտեցավ ավարտին, Անդրեյը ցանկացավ եզրափակել այն, սակայն դասարանցիներն ասացին. «Շարունակի՛ր պատմել։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո»։ Նա կարդաց շարունակությունը, որտեղ գրված էր Հիսուսի հարության մասին։
Երբ Անդրեյը վերջացրեց, համադասարանցիները շատ հարցեր տվեցին Հիսուսի և Եհովա Աստծու վերաբերյալ։ Անդրեյն ասում է. «Ես աղոթում էի Եհովային, որ ինձ իմաստություն տա, և նա պատասխանեց իմ աղոթքին։ Ես կարողացա պատասխանել նրանց բոլոր հարցերին»։ Դասից հետո Անդրեյն իր ուսուցչուհուն տվեց «Երբևէ ապրած մեծագույն Մարդը»a գիրքը, որը նա ուրախությամբ վերցրեց։ Անդրեյն ասում է. «Ուսուցչուհիս բարձր գնահատականներ նշանակեց ինձ և գովեց այն բանի համար, որ ունեմ իմ անձնական համոզմունքները և չեմ ամաչում դրանց մասին խոսել։ Նա նաև ասաց, որ համամիտ է որոշ համոզմունքների հետ»։
Անդրեյն ուրախ է, որ հետևել է Աստվածաշնչով կրթված իր խղճին և չի կարդացել այնպիսի գրականություն, որն անարգում է Եհովային և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Այսպիսի դիրքորոշումը ոչ միայն պաշտպանել է նրան սխալ տեսակետներից, այլև հիանալի հնարավորություն է տվել աստվածաշնչյան ճշմարտությունը պատմել ուրիշներին։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։