Իմաստո՛ւն եղիր և վախեցի՛ր Եհովայից
«Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է» (ԱՌԱԿԱՑ 9։10)։
1. Ինչո՞ւ է շատերի համար աստվածավախության գաղափարը դժվարըմբռնելի։
ԿԱՐ ժամանակ, երբ ինչ–որ մեկին աստվածավախ անվանելը հաճոյախոսություն էր համարվում։ Մեր օրերում շատերը աստվածավախությունը դիտում են որպես հնաոճ ու դժվարըմբռնելի գաղափար։ «Եթե Աստված սեր է, ապա ինչո՞ւ պետք է վախենանք նրանից»,— թերևս հարցնեն նրանք։ Այդ մարդկանց համար վախը տհաճ, նույնիսկ «կաթվածահար» անող զգացում է։ Իհարկե, ճշմարիտ աստվածավախությունը շատ ավելի լայն իմաստ ունի, և այն, ինչպես դեռ կտեսնենք, միայն զգացում չէ։
2, 3. Ի՞նչ է մտնում իսկական աստվածավախության մեջ։
2 Սուրբ Գրություններում աստվածավախությունը ներկայացվում է որպես ցանկալի հատկություն (Եսայիա 11։3)։ Այն արտացոլում է խոր ակնածանք և հարգանք Աստծու հանդեպ. դա նրան չտհաճեցնելու ուժգին ցանկությունն է (Սաղմոս 115։11)։ Աստվածավախ լինել նշանակում է՝ ընդունել Աստծու բարոյական չափանիշները և սերտորեն կառչած մնալ դրանց, ցանկանալ ապրել Աստծու՝ ճշտի և սխալի չափանիշներով։ Համաձայն մի աշխատության՝ այդ առողջ վախի մեջ արտահայտված է «Աստծու հանդեպ այնպիսի վերաբերմունք, որի շնորհիվ մարդն իմաստուն քայլեր է անում և խուսափում է ամեն տեսակի չարիքից»։ Ուստի, Աստծու Խոսքը միանգամայն տեղին կերպով նշում է. «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է» (Առակաց 9։10)։
3 Անշուշտ, աստվածավախությունը կապ ունի մարդու կյանքի շատ երեսակների հետ։ Այն առնչվում է ոչ միայն իմաստության, այլև ուրախության, խաղաղության, բարեկեցության, երկարակեցության, հույսի, վստահության և ապավինության հետ (Սաղմոս 2։11; Առակաց 1։7; 10։27; 14։26; 22։4; 23։17, 18; Գործք 9։31)։ Աստվածավախությունը սերտորեն կապված է նաև հավատի ու սիրո հետ։ Փաստորեն, այն առնչվում է Աստծու և մարդկանց հետ մեր ունեցած փոխհարաբերություններին (Բ Օրինաց 10։12; Յոբ 6։14; Եբրայեցիս 11։7)։ Աստծու հանդեպ վախը ներառում է խորին համոզվածություն, որ մեր երկնային Հայրը հոգ է տանում մեզանից յուրաքանչյուրին անհատապես և պատրաստ է ներելու մեր մեղքերը (Սաղմոս 130։4)։ Միայն անզեղջ ամբարիշտները Աստծուց սարսափելու պատճառ ունեն (Եբրայեցիս 10։26–31)։a
Սովորիր վախենալ Եհովայից
4. Ի՞նչը կօգնի մեզ սովորել վախենալ Եհովայից։
4 Քանի որ աստվածավախությունը շատ կարևոր է իմաստուն որոշումներ կայացնելու և Աստծու օրհնությունը ստանալու համար, ապա ինչպե՞ս կարող ենք սովորել առողջ վախ ունենալ Եհովայի հանդեպ (Բ Օրինաց 17։19)։ Գրություններում արձանագրված են աստվածավախ տղամարդկանց ու կանանց բազմաթիվ օրինակներ՝ «մեր սովորելու համար» (Հռովմայեցիս 15։4)։ Որպեսզի հասկանանք, թե ինչ է իսկապես նշանակում Աստծուց վախենալ, եկեք խորհենք այդ մարդկանցից մեկի՝ հին Իսրայելի Դավիթ թագավորի օրինակի շուրջ։
5. Հովվություն անելն ինչպե՞ս սովորեցրեց Դավթին վախենալ Եհովայից։
5 Եհովան մերժեց Իսրայելի առաջին թագավոր Սավուղին՝ նրա մարդավախության և աստվածավախության պակասի պատճառով (Ա Թագաւորաց 15։24–26)։ Ի տարբերություն Սավուղի՝ Դավիթն իսկապես աստվածավախ մարդ էր, ինչը երևում է նրա կյանքից և Եհովայի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերություններից։ Վաղ հասակում նա հաճախ էր արածեցնում իր հոր ոչխարները (Ա Թագաւորաց 16։11)։ Ըստ ամենայնի, աստղազարդ երկնքի տակ անցկացրած գիշերները Դավթին օգնեցին հասկանալ, թե ինչ է նշանակում վախենալ Եհովայից։ Թեև Դավիթը կարող էր տեսնել անծայրածիր տիեզերքի միայն մի փոքր մասը, նա ճիշտ եզրակացության հանգեց. Աստված արժանի է հարգանքի և հիացական երկրպագության։ Նա գրեց. «Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար» (Սաղմոս 8։3, 4)։
6. Ըմբռնելով Եհովայի մեծությունը՝ ի՞նչ էր զգում Դավիթը։
6 Այո՛, Դավիթն անչափ տպավորվել էր՝ հասկանալով, թե որքան չնչին է ինքը աստղալից երկնքի համեմատությամբ։ Այդ բանի գիտակցումը չվախեցրեց նրան, այլ մղեց փառաբանելու Եհովային. «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը» (Սաղմոս 19։1)։ Աստծու հանդեպ ունենալով այսպիսի ակնածանք՝ Դավիթը էլ ավելի մոտեցավ Եհովային, ցանկացավ ճանաչել նրա կատարյալ ճանապարհները և գնալ նրանցով։ Պատկերացրու Դավթի զգացումները, երբ նա երգեց. «Դու մեծ ես ու հրաշք գործող. դու ես միայն Աստուած։ Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ» (Սաղմոս 86։10, 11)։
7. Ինչպե՞ս աստվածավախությունն օգնեց Դավթին դուրս գալ Գողիաթի դեմ։
7 Երբ փղշտացիները ներխուժեցին Իսրայելի երկիր, նրանց ամենաուժեղ մարտիկը՝ Գողիաթը, որ մոտ երեք մետր հասակ ուներ, նախատեց իսրայելացիներին՝ ըստ էության ասելով. «Ընտրեք ձեր միջից մեկին, որ կռվի ինձ հետ։ Եթե նա հաղթի, մենք ձեր ծառաները կդառնանք» (Ա Թագաւորաց 17։4–10)։ Սավուղը և նրա ամբողջ զորքը սարսափահար էին եղել, բայց ոչ՝ Դավիթը։ Վերջինս գիտեր, որ հարկավոր է Եհովայի՛ց վախենալ և ոչ թե մարդուց, որքան էլ որ մարդը ուժեղ լինի։ «Ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը,— ասաց Դավիթը Գողիաթին։— Եւ այս բոլոր ժողովքը իմանան՝ որ Տէրը սրով եւ նիզակով չէ ազատում. որովհետեւ պատերազմը Տիրոջն է»։ Պարսատիկով և ընդամենը մեկ քարով և, իհարկե, Եհովայի օգնությամբ Դավիթը գետին տապալեց հսկային (Ա Թագաւորաց 17։45–47)։
8. Աստվածավախ անհատների օրինակից ի՞նչ ենք սովորում։
8 Մենք էլ գուցե բախվենք խոչընդոտների կամ թշնամիների, որոնք պակաս ահասարսուռ չեն։ Ի՞նչ կարող ենք անել։ Դավթի և անցյալում ապրած մյուս հավատարիմների պես՝ պետք է աստվածավախություն դրսևորենք։ Վախը Աստծու հանդեպ կարող է կոտրել մարդավախությունը։ Եհովայի հավատարիմ ծառա Նեեմիան իսրայելացիներին, որոնց վրա հակառակորդները ճնշում էին բանեցնում, հորդորեց. «Նորանց երեսիցը մի վախենաք, յիշեցէք մեծ եւ ահեղ Տիրոջը» (Նէեմիա 4։14)։ Եհովայի աջակցությամբ Դավիթը, Նեեմիան և մյուս հավատարիմ անձինք կարողացան կատարել հանձնարարված գործը։ Մենք նույնպես կկարողանանք, եթե աստվածավախություն հանդես բերենք։
Խնդիրները դիմագրավենք աստվածավախությամբ
9. Ինչպիսի՞ հանգամանքներում Դավիթն աստվածավախություն դրսևորեց։
9 Այն բանից հետո, երբ Դավիթը սպանեց Գողիաթին, Եհովան նրան ուրիշ հաղթանակներ էլ տվեց։ Սակայն նախանձ Սավուղը նախ զգացմունքների ազդեցության տակ, ապա խորամանկությամբ և այնուհետև բանակի օժանդակությամբ փորձեց սպանել Դավթին։ Թեպետ Եհովան վստահեցրել էր վերջինիս, որ նա թագավոր էր դառնալու, այնուհանդերձ Դավիթը տարիներ շարունակ ստիպված էր փախուստի մեջ լինել, կռվել և սպասել, թե երբ Եհովան իրեն թագավոր կնշանակի։ Այդ ամբողջ ժամանակ Դավիթը փաստեց, որ ինքը վախենում է ճշմարիտ Աստծուց (Ա Թագաւորաց 18։9, 11, 17; 24։2)։
10. Վտանգավոր իրավիճակում Դավիթն ինչպե՞ս աստվածավախություն դրսևորեց։
10 Մի անգամ Դավիթը փորձեց ապաստան գտնել Անքուսի մոտ, որը փղշտացիների Գեթ քաղաքի թագավորն էր, և այդ քաղաքը Գողիաթի հայրենիքն էր (Ա Թագաւորաց 21։10–15)։ Թագավորի ծառաները հայտարարեցին, որ Դավիթն իրենց ազգի թշնամի է։ Ինչպե՞ս վարվեց նա այդ վտանգավոր իրավիճակում։ Դավիթն աղոթեց Եհովային՝ բացելով իր սիրտը նրա առաջ (Սաղմոս 56։1–4, 11–13)։ Նա ձևացրեց, թե խելագար է, և փախավ նրանցից, բայց գիտեր, որ իրականում Եհովան է ազատել իրեն՝ օրհնելով իր ջանքերը։ Այն, որ Դավիթը լիովին ապավինեց Եհովային և վստահեց նրան, ցույց է տալիս, որ նա իսկապես աստվածավախ անձնավորություն էր (Սաղմոս 34։4–6, 9–11)։
11. Ինչպե՞ս կարող ենք փորձությունների ժամանակ Դավթի պես աստվածավախություն դրսևորել։
11 Դավթի պես՝ մենք կարող ենք աստվածավախ լինել, եթե վստահենք Աստծու խոստմանը, համաձայն որի՝ նա կօգնի մեզ դիմագրավելու մեր խնդիրները։ «Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. եւ նա կ’կատարէ»,— ասաց Դավիթը (Սաղմոս 37։5)։ Սա չի նշանակում, թե մենք պարզապես պետք է մեր խնդիրների լուծումը թողնենք Եհովային, իսկ ինքներս ոչինչ չանենք այդ ուղղությամբ։ Երբ Դավիթն օգնության համար աղոթեց Աստծուն, այնուհետև որոշակի քայլեր ձեռնարկեց։ Նա, գործի դնելով իր աստվածատուր ֆիզիկական և մտավոր ունակությունները, ամեն ինչ արեց խնդիրը լուծելու համար։ Բայցևայնպես, Դավիթը հասկանում էր, որ զուտ մարդկային ջանքերով հնարավոր չէ հաջողության հասնել։ Մենք էլ պետք է դա գիտակցենք։ Մեր կարողության սահմաններում ամեն բան անելով՝ մնացածը պետք է թողնենք Եհովային։ Իրողությունն այն է, որ հաճախ, բացի Եհովային ապավինելուց, ուրիշ ոչինչ չենք կարող անել։ Հենց այդպիսի պահերի է, որ ի հայտ է գալիս՝ աստվածավա՞խ ենք, թե՞ ոչ։ Մեզ համար կարող են մխիթարական լինել Դավթի սրտառուչ խոսքերը. «Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից» (Սաղմոս 25։14)։
12. Ինչո՞ւ պետք է լրջորեն վերաբերվենք մեր աղոթքներին, և ինչպիսի՞ մտայնություն երբեք չպիտի ունենանք։
12 Հետևաբար, մենք պետք է լրջորեն վերաբերվենք աղոթելու և Աստծու հետ մեր փոխհարաբերությունների հարցին։ Երբ մոտենում ենք Եհովային, պետք է «հաւատա[նք], թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։6; Յակոբոս 1։5–8)։ Իսկ երբ նա օգնում է մեզ, պետք է «երախտագետ» (ՆԱ) լինենք, ինչպես Պողոս առաքյալն է խորհուրդ տալիս (Կողոսացիս 3։15, 17)։ Երբեք չպիտի նմանվենք այն մարդկանց, որոնց մասին մի օծյալ քրիստոնյա ասաց. «Նրանց կարծիքով՝ Աստված մի յուրօրինակ երկնային մատուցող է։ Երբ մի բանի կարիք են զգում, ուզում են պարզապես մատի մի շարժումով կանչել Աստծուն։ Իսկ երբ ստանում են իրենց ուզածը, կամենում են, որ նա հեռանա»։ Նման վերաբերմունքը խոսում է աստվածավախության պակասի մասին։
Աստվածավախության պակաս
13. Ո՞ր դեպքում Դավիթը թերացավ հարգանք դրսևորել Աստծու Օրենքի հանդեպ։
13 Ծանր իրավիճակներում ստանալով Եհովայի օգնությունը՝ Դավիթը դարձավ է՛լ ավելի աստվածավախ և Աստծուն ապավինող անձնավորություն (Սաղմոս 31։22–24)։ Երեք դեպքում, սակայն, Դավիթը թերացավ աստվածավախություն ցուցաբերել, ինչը լուրջ հետևանքներ ունեցավ։ Առաջին դեպքն այն է, երբ նա Եհովայի Ուխտի տապանակը Երուսաղեմ բերեց կառքով։ Այնինչ, Աստծու Օրենքի համաձայն, տապանակը իրենց ուսերի վրա պետք է տեղափոխեին ղևտացիները։ Ոզան, որ քշում էր կառքը, երբ բռնեց Տապանակը՝ այն ուղղելու նպատակով, տեղում մահացավ իր «յանցանքի» համար։ Ճիշտ է, Ոզան էր ծանր մեղք գործողը, բայց, վերջիվերջո, այդ դժբախտությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ Դավիթը հարգանք չէր ցուցաբերել Աստծու Օրենքի հանդեպ։ Աստվածավախություն դրսևորել՝ նշանակում է ամեն ինչ անել Աստծու սահմանած կարգով (Բ Թագաւորաց 6։2–9; Թուոց 4։15; 7։9)։
14. Ի՞նչ հետևանք ունեցավ այն, որ Դավիթը հաշվեց Իսրայելին։
14 Հետագայում Դավիթը Սատանայի դրդմամբ հաշվեց իսրայելացի ռազմիկներին (Ա Մնացորդաց 21։1)։ Վարվելով այդպես՝ նա աստվածավախության պակաս դրսևորեց, ինչի հետևանքով 70 000 իսրայելացիներ կորցրեցին իրենց կյանքը։ Թեպետ Դավիթը զղջաց Եհովայի առաջ, բայց կորուստները շատ մեծ եղան (Բ Թագաւորաց 24։1–16)։
15. Ինչո՞ւ Դավիթը սեռական անբարոյություն գործեց։
15 Մեկ ուրիշ դեպքում էլ Դավիթը, թերանալով աստվածավախություն դրսևորել, անբարո հարաբերություն ունեցավ Բերսաբեի՝ Ուրիայի կնոջ հետ։ Նա գիտեր, որ շնությունը և ուրիշի կողակցին ցանկանալն անգամ սխալ է (Ելից 20։14, 17)։ Խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ Դավիթը տեսավ Բերսաբեին լողանալիս։ Աստծու հանդեպ առողջ վախը պետք է մղեր Դավթին իսկույնևեթ իր աչքերն ու մտքերը կենտրոնացնել ուրիշ բանի վրա։ Բայց նա, ըստ ամենայնի, շարունակեց նայել այդ կնոջը, մինչև որ կիրքը հաղթեց աստվածավախությանը (Մատթէոս 5։28; Բ Թագաւորաց 11։1–4)։ Նա մոռացավ, որ Եհովան ներկա է իր կյանքի բոլոր ասպարեզներում (Սաղմոս 139։1–7)։
16. Ի՞նչ դժբախտություններ կրեց Դավիթն իր սխալների պատճառով։
16 Այդ անբարոյությունից որդի ծնվեց։ Կարճ ժամանակ անց Եհովան իր մարգարե Նաթանին ուղարկեց Դավթի մոտ՝ մերկացնելու նրա մեղքը։ Գիտակցելով իր արածը՝ Դավիթը դարձյալ սկսեց վախենալ Աստծուց և զղջաց։ Նա աղերսեց Եհովային, որ դեն չգցի իրեն և ‘վեր չառնի’ սուրբ ոգին իրենից (Սաղմոս 51։7, 11)։ Եհովան ներեց և մեղմացրեց նրա պատիժը, բայց չպաշտպանեց նրան իր սխալների բոլոր հետևանքներից։ Նորածինը մահացավ, և դրանից հետո Դավթի ընտանիքը մեծ դժբախտություններ տեսավ։ Որքա՜ն թանկ վճարեց նա այն բանի համար, որ թերացավ աստվածավախություն դրսևորել (Բ Թագաւորաց 12։10–14; 13։10–14; 15։14)։
17. Նկարագրեք, թե ինչ տառապանքներ է պատճառում մեղք գործելը։
17 Մեր օրերում նույնպես բարոյական հարցերում աստվածավախություն դրսևորելու պակասը կարող է լուրջ և երկարատև հետևանքներ ունենալ։ Փորձիր պատկերացնել, թե ինչ ցավ զգաց մի երիտասարդ կին, երբ իմացավ, որ իր քրիստոնյա ամուսինը, որը մեկնել էր արտագնա աշխատանքի, դավաճանել է իրեն։ Ցնցված լինելով ստացած լուրից՝ նա գլուխն առավ ձեռքերի մեջ և սկսեց աղիողորմ լաց լինել։ Որքա՞ն ժամանակ կպահանջվեր նրա ամուսնուց, որ դարձյալ շահեր իր կնոջ վստահությունն ու հարգանքը։ Անհատը նման տխուր հետևանքներից կկարողանա խուսափել, եթե իսկապես աստվածավախ լինի (Ա Կորնթացիս 6։18)։
Աստվածավախությունը մեզ հեռու է պահում մեղք գործելուց
18. Ո՞րն է Սատանայի նպատակը և գործելակերպը։
18 Սատանան մեծ արագությամբ քայքայում է աշխարհի բարոյական արժեքները, և այդ առումով նրա հատուկ թիրախն են ճշմարիտ քրիստոնյաները։ Մեզ բարոյապես ապականելու համար նա օգտագործում է մեր սրտերն ու մտքերը թափանցելու ամենաուղիղ ճանապարհը՝ մեր զգայարանները, հատկապես մեր աչքերն ու ականջները (Եփեսացիս 4։17–19)։ Ինչպե՞ս կվարվես, եթե անսպասելիորեն տեսնես որևէ անբարո պատկեր, լսես անպարկեշտ խոսք կամ հանդիպես անպատկառ մարդու։
19. Ինչպե՞ս աստվածավախությունն օգնեց մի քրիստոնյայի հաղթահարել գայթակղությունը։
19 Դիտարկենք Անդրեիb՝ քրիստոնյա երեցի օրինակը։ Նա ապրում է Եվրոպայում, ընտանիքի հայր է և մասնագիտությամբ բժիշկ է։ Երբ Անդրեն հիվանդանոցում գիշերային հերթապահություն էր ունենում, նրա գործընկերուհիները բազմիցս նրա բարձին փակցնում էին սրտերով ձևավորված գրություններ՝ հրավիրելով սեռական հարաբերություններ ունենալ իրենց հետ։ Անդրեն հաստատակամորեն մերժում էր այդ առաջարկները։ Ավելին, նա, ցանկանալով խուսափել անբարո շրջապատից, ուրիշ տեղ աշխատանք գտավ։ Աստվածավախությունն օգնեց նրան իմաստուն քայլեր կատարել և առաջնորդեց օրհնությունների. այսօր Անդրեն արտահաստիքային ծառայություն է կատարում իր երկրի Եհովայի վկաների մասնաճյուղում։
20, 21. ա) Ինչպե՞ս կարող է աստվածավախությունն օգնել մեզ, որ մեղք չգործենք։ բ) Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։
20 Սխալ մտքերի վրա կենտրոնանալը կարող է անհատի մեջ ձևավորել մի այնպիսի մտավիճակ, որի արդյունքում նա պատրաստ է հրաժարվել Եհովայի հետ ունեցած թանկագին փոխհարաբերություններից, որպեսզի ստանա այն, ինչի իրավունքը չունի (Յակոբոս 1։14, 15)։ Բայց եթե վախ ունենք Եհովայի հանդեպ, ապա հեռու կմնանք և նույնիսկ հեռու կգնանք այնպիսի մարդկանցից, վայրերից, գործերից, ժամանցից, որոնք կարող են թուլացնել մեր բարոյական զգոնությունը (Առակաց 22։3)։ Ինչից էլ որ հրաժարվենք, փոքր է Եհովայի բարեհաճությունը կորցնելու համեմատությամբ (Մատթէոս 5։29, 30)։ Անշուշտ, իսկապես աստվածավախ կլինենք, եթե երբևէ գիտակցաբար չտրվենք անբարո բաների, այդ թվում՝ ցանկացած տեսակի պոռնկագրության, և ‘մեր աչքերը ետ դարձնենք ունայն բաներից’։ Եթե այդպես վարվենք, կարող ենք վստահ լինել, որ Եհովան ‘մեզ կապրեցնի’ և մեր իրական կարիքները կբավարարի (Սաղմոս 84։11; 119։37)։
21 Այո՛, աստվածավախությունը իմաստուն ընթացք է։ Այս հատկությունը դրսևորելը իսկական երջանկություն է բերում (Սաղմոս 34։9)։ Այս մասին կխոսվի հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս 1998 թ. հունվարի 8–ի «Արթնացե՛ք»–ի «Աստվածաշնչի տեսակետը. վախենա՞լ սիրո Աստծուց» հոդվածը (էջ 26, 27, ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Անունը փոխված է։
Կարո՞ղ եք բացատրել
• Ի՞նչ քրիստոնեական հատկություններ են մտնում աստվածավախության մեջ։
• Ինչպե՞ս է աստվածավախությունը հակադրվում մարդավախությանը։
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ճիշտ տեսակետ ունենք աղոթքի հանդեպ։
• Ինչպե՞ս կարող է աստվածավախությունը հեռու պահել մեզ մեղք գործելուց։
[նկար 23-րդ էջի վրա]
Դիտելով Եհովայի ստեղծագործությունները՝ Դավիթն աստվածավախություն սովորեց
[նկարներ 24-րդ էջի վրա]
Ինչպե՞ս կվարվես, եթե անսպասելիորեն հայտնվես գայթակղության առջև