Վախեցի՛ր Եհովայից և երջանիկ կլինես
«Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է» (ՍԱՂՄՈՍ 112։1)։
1, 2. Ի՞նչ կարող է բերել աստվածավախությունը։
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ձեռք բերելը հեշտ չէ։ Իսկական երջանկության հասնելու համար հարկավոր է իմաստուն որոշումներ կայացնել, անել այն, ինչ ճիշտ է, և սխալից հեռու մնալ։ Մեր Արարիչը՝ Եհովան, տվել է իր Խոսքը՝ Աստվածաշունչը, որպեսզի սովորեցնի մեզ, թե ինչպես կարող ենք վայելել լավագույն կյանքը։ Փնտրելով Եհովայի առաջնորդությունը և հետևելով դրան ու, այդպիսով, աստվածավախություն դրսևորելով՝ կարող ենք իսկապես բավարարված ու երջանիկ լինել (Սաղմոս 23։1; Առակաց 14։26)։
2 Այս հոդվածում կքննարկենք աստվածաշնչային և ժամանակակից օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է իսկական աստվածավախությունը ուժ և քաջություն տալիս անհատին, որ նա դիմադրի սխալն անելու ճնշմանը և անի այն, ինչ ճիշտ է։ Կտեսնենք, թե ինչպես կարող է աստվածավախությունը երջանկություն բերել՝ մղելով մեզ ուղղելու մեր սխալ ընթացքը, ինչպես որ Դավիթ թագավորն արեց։ Նաև կիմանանք, որ վախը Եհովայի հանդեպ իսկապես մի թանկագին ժառանգություն է, որ ծնողները կարող են փոխանցել իրենց զավակներին։ Ուստի, Աստծու Խոսքը հավաստիացնում է. «Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է» (Սաղմոս 112։1)։
Աստվածավախությունն օգնում է վերագտնել երջանկությունը
3. Ի՞նչն օգնեց Դավթին ապաքինվելու իր մեղքերից։
3 Ինչպես քննարկվեց նախորդ հոդվածում, Դավիթը երեք դեպքերում թերացավ առողջ աստվածավախություն ցուցաբերել և մեղք գործեց։ Սակայն Եհովայի տված խրատի նկատմամբ նրա արձագանքից երևաց, որ նա, այնուամենայնիվ, աստվածավախ անձնավորություն է։ Աստծու նկատմամբ ունեցած հարգանքն ու ակնածանքը մղեցին նրան ընդունելու իր սխալը, ուղղելու ընթացքը և վերականգնելու լավ փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Թեև նրա կատարած սխալներից տուժեցին և՛ ինքը, և՛ ուրիշները, այդուհանդերձ նա անկեղծորեն զղջաց և դարձյալ ստացավ Եհովայի աջակցությունն ու օրհնությունը։ Անկասկած, Դավթի օրինակն այսօր կարող է քաջալերել այն քրիստոնյաներին, ովքեր գուցե լուրջ մեղքի մեջ ընկնեն։
4. Ինչպե՞ս կարող է աստվածավախությունն օգնել վերագտնելու երջանկությունը։
4 Քննենք Սոնյայի օրինակը։a Թեպետ նա լիաժամ ավետարանիչ էր, բայց վատ շրջապատ ընկավ, սկսեց ոչ քրիստոնեավայել վարք դրսևորել և զրկվեց քրիստոնեական ընկերակցությունից։ Գիտակցելով սխալը՝ Սոնյան ամեն անհրաժեշտ քայլերն արեց, որպեսզի վերականգնի իր փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Ժամանակի ընթացքում նա կրկին դարձավ ժողովի անդամ։ Սոնյան երբեք չէր կորցրել Եհովային ծառայելու ցանկությունը։ Վերջիվերջո, նա դարձյալ ռահվիրայական ծառայություն սկսեց։ Ավելի ուշ նա ամուսնացավ մի հիանալի քրիստոնյա երեցի հետ, իսկ ներկայումս նրանք միասին մեծ ուրախությամբ ծառայում են ժողովում։ Թեև Սոնյան շատ է ցավում ժամանակավորապես քրիստոնեական ուղուց շեղվելու համար, բայց նա երջանիկ է, որ աստվածավախությունն օգնեց իրեն վերադառնալ դեպի Եհովան։
Լավ է տառապել, քան թե մեղք գործել
5, 6. Բացատրեք, թե ինչպես և ինչու Դավիթը երկու անգամ խնայեց Սավուղի կյանքը։
5 Անշուշտ, շատ ավելի լավ է, երբ աստվածավախությունը անհատին ետ է պահում մեղք գործելուց։ Այդպես եղավ Դավթի հետ։ Մի անգամ Սավուղը, երեք հազարանոց զորքով նրան հետապնդելով, մտավ քարայր, հենց այն քարայրը, որտեղ թաքնված էին Դավիթն ու իր մարդիկ։ Դավթի ընկերները հորդորեցին նրան սպանել Սավուղին. մի՞թե Եհովան չէր Դավթի ձեռքը մատնել թշնամուն։ Դավիթը գաղտագողի մոտեցավ Սավուղին և կտրեց նրա հագուստի ծայրը։ Բայց քանի որ Դավիթը աստվածավախ էր, նույնիսկ այդ համեմատաբար անվնաս արարքից նա խղճի խայթ զգաց։ ‘Զսպելով’ իր բորբոքված մարդկանց՝ Դավիթն ասաց. «Աստուած չ’անէ որ Տիրոջ օծեալին՝ իմ տիրոջը այս բանը անեմ, որ իմ ձեռքը նորա վերայ մեկնեմ. որովհետեւ նա Տիրոջ օծեալն է»b (Ա Թագաւորաց 24։2–8)։
6 Մեկ ուրիշ անգամ Սավուղը և նրա զինվորները բանակ էին դրել գիշերելու համար, և «Տիրոջ կողմանէ նորանց վերայ խոր քուն էր եկել»։ Դավիթն ու նրա քաջ զարմիկ Աբեսսան աննկատ եկան բանակի մեջտեղը և կանգ առան ուղիղ Սավուղի գլխավերևում։ Աբեսսան ցանկացավ մեկընդմիշտ վերջ տալ Սավուղի կյանքին։ Սակայն Դավիթն արգելեց նրան՝ ասելով. «Տիրոջ օծեալին ո՞վ կարող է ձեռք մեկնել եւ անպարտ լինիլ» (Ա Թագաւորաց 26։9, 12)։
7. Ի՞նչը Դավթին ետ պահեց մեղք գործելուց։
7 Ինչո՞ւ Դավիթը չսպանեց Սավուղին, երբ երկու անգամ առիթ ներկայացավ։ Որովհետև նա Եհովայից ավելի շատ էր վախենում, քան Սավուղից։ Աստծու հանդեպ առողջ վախ ունենալով՝ Դավիթը պատրաստ էր անհրաժեշտության դեպքում տառապել, քան թե մեղք գործել (Եբրայեցիս 11։25)։ Նա լիովին վստահ էր, որ Եհովան հոգ է տանում իր ժողովրդին և անձամբ իրեն՝ Դավթին։ Նա գիտեր, որ Աստծուն հնազանդվելն ու վստահելը երջանկություն և բազմաթիվ օրհնություններ է բերում, այնինչ Եհովային անտեսելը նրա տհաճությունն է հարուցում (Սաղմոս 65։4)։ Նա նաև գիտեր, որ Աստված կատարելու էր իր խոստումը՝ այսինքն, որ Դավիթը դառնալու էր թագավոր, իսկ Սավուղին իր որոշած ժամին և ձևով հեռացնելու էր (Ա Թագաւորաց 26։10)։
Աստվածավախությունը երջանկություն է բերում
8. Ինչպե՞ս վարվեց Դավիթը ճնշման տակ, և ի՞նչ կարող ենք սովորել նրանից։
8 Լինելով քրիստոնյաներ՝ մենք կարող ենք սպասել, որ մեզ ծաղրեն, հալածեն և ուրիշ փորձությունների ենթարկեն (Մատթէոս 24։9; Բ Պետրոս 3։3)։ Երբեմն գուցե դժվարություններ ունենանք նույնիսկ հավատակիցների հետ։ Սակայն մենք գիտենք, որ Եհովան տեսնում է ամեն ինչ, լսում է մեր աղոթքները և ճիշտ ժամանակին, իր կամքի համաձայն, կլուծի մեզ անհանգստացնող հարցը (Հռովմայեցիս 12։17–21; Եբրայեցիս 4։16)։ Ուստի, մենք ոչ թե հակառակորդներից ենք վախենում, այլ Աստծուց և նրանից ենք օգնություն սպասում։ Ինչպես և Դավիթը, մենք վրեժխնդիր չենք լինում մեր անձերի համար, և ոչ էլ զիջումների ենք գնում սուրբգրային սկզբունքների հարցում, որպեսզի խուսափենք տառապանքից։ Ի վերջո դա երջանկություն է բերում։ Բայց ինչպե՞ս։
9. Օրինակով ցույց տվեք, թե աստվածավախությունն ինչպես կարող է երջանկություն բերել՝ չնայած հալածանքին։
9 Աֆրիկայում երկար տարիներ ծառայած մի միսիոներ պատմում է. «Հիշում եմ մի մոր և նրա դեռահաս աղջկան, որոնք իրենց քրիստոնեական չեզոքության պատճառով չէին ցանկանում քաղաքական կուսակցության տոմս գնել։ Ամբոխը հարձակվեց նրանց վրա։ Հետո նրանց հրամայեցին տուն գնալ։ Ճանապարհին մայրը փորձում էր հանգստացնել լացող աղջկան, որը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ տեղի ունեցածի պատճառը։ Նրանք այդ պահին ուրախ չէին, բայց մաքուր խիղճ ունեին։ Հետագայում նրանք շատ ուրախ էին, որ հնազանդվել էին Աստծուն։ Եթե նրանք կուսակցական տոմսեր գնեին, ամբոխը անչափ երջանիկ կլիներ։ Այդ մարդիկ նրանց կտային զովացուցիչ ըմպելիքներ, և տունդարձի ամբողջ ճանապարհին նրանց շուրջը կպարեին։ Բայց այդ կինն ու նրա դուստրը, գիտեին, որ եթե զիջումների գնային, աշխարհի ամենադժբախտ մարդիկ կլինեին»։ Աստվածավախ լինելու շնորհիվ նրանք խուսափեցին այդ սարսափելի զգացումից։
10, 11. Մի կնոջ աստվածավախությունը ի՞նչ դրական արդյունքներ բերեց։
10 Աստծու հանդեպ վախ ունենալը երջանկություն է բերում նաև այն դեպքում, երբ բախվում ենք կյանքի սրբությանն առնչվող փորձությունների։ Երբ Մերին հղի էր երրորդ երեխայով, բժիշկը նրան խորհուրդ տվեց արհեստական վիժում կատարել՝ ասելով. «Քո առողջությունը վտանգի տակ է և հնարավոր է, որ 24 ժամվա ընթացքում մահանաս։ Երեխան նույնպես կմահանա։ Ամեն դեպքում, երաշխիք չկա, որ երեխան նորմալ կծնվի»։ Մերին Աստվածաշունչ էր ուսումնասիրում Եհովայի վկաների հետ և դեռ մկրտված չէր։ Նա ասում է. «Ես որոշել էի ծառայել Եհովային և, անկախ ամեն ինչից, հնազանդ լինել նրան» (Ելից 21։22, 23)։
11 Իր հղիության ընթացքում Մերին շարունակում էր ուսումնասիրել Աստվածաշունչը և հոգ տանել իր ընտանիքին։ Վերջապես երեխան ծնվեց։ Մերին պատմում է. «Ծննդաբերությունը մի քիչ ավելի դժվար անցավ, քան նախորդ երկուսը, բայց լուրջ բարդություններ չեղան»։ Աստվածավախությունն օգնեց Մերիին շարունակել մաքուր խիղճ ունենալ, և նա շուտով մկրտվեց։ Իսկ երեխան մեծացավ, նույնպես սովորեց վախենալ Եհովայից և այժմ ծառայում է Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում։
‘Զորացիր Եհովայով’
12. Ինչպե՞ս աստվածավախությունը զորացրեց Դավթին։
12 Աստվածավախությունն օգնեց Դավթին ոչ միայն հեռու մնալ սխալ բաներ անելուց, այլ նաև նրան զորացրեց, որ դժվար հանգամանքներում գործի վճռականորեն և իմաստնորեն։ Փախչելով Սավուղից՝ Դավիթը իր մարդկանց հետ մեկ տարի և չորս ամիս ապաստան գտավ փղշտացիների Սիկելակ քաղաքում (Ա Թագաւորաց 27։5–7)։ Մի անգամ, երբ տղամարդիկ քաղաքում չէին, ամաղեկացի ասպատակիչներն այրեցին քաղաքը և իրենց հետ տարան կանանց, երեխաներին և անասունները։ Երբ Դավիթն ու իր մարդիկ վերադարձան և տեսան, թե ինչ է պատահել, սկսեցին լաց լինել։ Վիշտն արագորեն փոխվեց բարկության, և Դավթի մարդիկ ցանկացան նրան քարկոծել։ Բայց Դավիթն այդ ծանր իրավիճակում չհուսահատվեց (Առակաց 24։10)։ Աստծու հանդեպ վախը մղեց նրան դառնալ դեպի Եհովան, և նա «զօրացաւ իր Տէր Աստուծովը»։ Եհովայի օգնությամբ Դավիթն ու իր մարդիկ հասան ամաղեկացիներին և ամեն ինչ ետ բերեցին (Ա Թագաւորաց 30։1–20)։
13, 14. Աստվածավախությունն ինչպե՞ս օգնեց մի քրիստոնյայի ճիշտ որոշումներ կայացնել։
13 Այսօր Աստծու ծառաները նույնպես բախվում են այնպիսի իրավիճակների, երբ հարկավոր է վստահություն դրսևորել Եհովայի հանդեպ և քաջ լինել՝ վճռականորեն գործելու համար։ Քննենք Քրիստինայի օրինակը։ Դեռ մանկուց Քրիստինան ուսումնասիրել է Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ։ Սակայն նա ցանկանում էր դաշնակահար դառնալ և համերգներ տալ։ Այդ նպատակին հասնելու համար Քրիստինան զգալի առաջադիմություններ կատարեց։ Բայց նա հասկանում էր, որ բարի լուրը քարոզելը կարևոր է, ուստի վախենում էր ընդունել այն պատասխանատվությունները, որոնք կունենար մկրտվելուց հետո։ Շարունակելով ուսումնասիրել Աստվածաշունչը՝ նա սկսեց զգալ Աստծու Խոսքի զորությունը։ Քրիստինան սովորեց Եհովայի հանդեպ վախ դրսևորել և հասկացավ, որ Աստված ակնկալում է, որ իր ծառաները սիրեն իրեն ամբողջ սրտով, մտքով, հոգով և զորությամբ (Մարկոս 12։30)։ Դա մղեց նրան նվիրվել Եհովային ու մկրտվել։
14 Քրիստինան խնդրեց, որ Եհովան օգնի իրեն հոգևորապես առաջադիմել։ Նա բացատրում է. «Ես գիտեի, որ համերգներ տվող դաշնակահարը անընդհատ շրջագայում է, կնքում է պայմանագրեր, որոնց համաձայն՝ նա պետք է մեկ տարում մինչև 400 համերգ տա։ Ուստի ես վճռեցի ուսուցչուհի դառնալ, որ կարողանամ ինքս ինձ ֆինանսապես ապահովել և ծառայել որպես լիաժամ ավետարանիչ»։ Այդ ժամանակ Քրիստինան արդեն պլանավորել էր իր առաջին համերգը իր երկրի ամենաճանաչված համերգասրահում։ «Դա իմ առաջին ու վերջին համերգն էր»,— ասում է նա։ Քրիստինան ամուսնացավ քրիստոնյա երեցի հետ, և այժմ նրանք միասին ծառայում են Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում։ Նա երջանիկ է, որ Եհովան իրեն ուժ տվեց ճիշտ որոշումներ կայացնելու համար, և որ այժմ ինքը կարող է իր ժամանակն ու կորովը օգտագործել Աստծու ծառայության մեջ։
Թանկարժեք ժառանգություն
15. Ի՞նչ էր ցանկանում Դավիթը փոխանցել իր զավակներին, և դա ինչպե՞ս արեց։
15 «Եկէք, որդիք, լսեցէք ինձ. ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ»,— գրեց Դավիթը (Սաղմոս 34։11)։ Լինելով հայր՝ Դավիթը վճռել էր իր զավակներին փոխանցել մի թանկարժեք ժառանգություն, որն է՝ Եհովայի հանդեպ իսկական, հավասարակշռված, առողջ վախը։ Խոսքով և գործով՝ Դավիթը Եհովային ներկայացնում էր ոչ թե որպես մի խստապահանջ ու ահասարսուռ Աստծու, որն առիթը բաց չի թողնում պատժելու իր օրենքները խախտողներին, այլ ինչպես մի Հոր, որն իր երկրային երեխաներին սիրում, խնամում և ներում է։ «Ո՞վ է իմանում իր սխալմունքները»,— հարցնում է Դավիթը։ Այնուհետև, շեշտելով իր վստահությունը, որ Եհովան բծախնդրորեն սխալներ չի փնտրում մեր մեջ, նա ավելացնում է. «Ծածուկ սխալմունքներիցս էլ սուրբ արա ինձ [«զիս մաքրէ», ԱԱ]»։ Դավիթը վստահ էր, որ եթե ջանքեր գործադրեր, ապա իր խոսքերն ու մտքերը ընդունելի կլինեին Եհովային (Սաղմոս 19։12, 14)։
16, 17. Ինչպե՞ս կարող են ծնողներն իրենց զավակներին աստվածավախություն սովորեցնել։
16 Դավիթը լավ օրինակ է այսօր ծնողների համար։ «Մեր ծնողները մեզ այնպես են դաստիարակել, որ հաճույք ստանանք ճշմարտության մեջ լինելուց,— ասում է Ռալֆը, որն իր եղբոր հետ ծառայում է Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում։— Երբ երեխա էինք, նրանք մեզ ներգրավում էին ժողովի գործունեության մասին զրույցների մեջ, և դա նպաստեց այն բանին, որ մենք էլ մեր ծնողների պես խանդավառությամբ լցվենք ճշմարտության նկատմամբ։ Նրանք մեր մեջ հավատ ներշնչեցին, որ մենք կարո՛ղ ենք օգտակար գործեր անել Եհովայի ծառայության մեջ։ Մենք ընտանիքով անգամ մի քանի տարի ապրեցինք մի երկրում, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ պահանջ կար, և մեր լուման ունեցանք նոր ժողովներ հաստատելու մեջ։
17 Մեզ ճշմարտության ուղու վրա պահեցին ոչ թե խիստ կանոնները, այլ այն, որ մեր ծնողների համար Եհովան իրական և շատ–շատ բարի անձնավորություն էր։ Նրանք ջանում էին Եհովային ավելի լավ ճանաչել ու հաճեցնել, և մենք դասեր քաղեցինք նրանց աստվածավախությունից և նրա հանդեպ ունեցած սիրուց։ Նույնիսկ երբ սխալվում էինք, մեր ծնողներն այնպես չէին անում, որ մենք կարծենք, թե Եհովան այլևս մեզ չի սիրում, և ոչ էլ, բարկանալով, կամայական սահմանափակումներ էին դնում մեզ վրա։ Հիմնականում նրանք նստում էին մեզ հետ և պարզապես զրուցում՝ փորձելով հասնել մեր սրտին. այդպիսի պահերին մայրիկի աչքերում երբեմն արցունքներ էինք տեսնում։ Եվ նրանք հասա՛ն իրենց նպատակին։ Մեր ծնողների խոսքերից և գործերից մենք հասկացանք, որ Եհովայից վախենալը հրաշալի բան է, և նրա Վկաներից մեկը լինելը ուրախություն ու հաճույք է և ոչ թե բեռ» (Ա Յովհաննէս 5։3)։
18. Ի՞նչ ձեռք կբերենք՝ առողջ վախ ունենալով ճշմարիտ Աստծու նկատմամբ։
18 Դավիթն իր ‘վերջին խոսքերում’ հետևյալ միտքն է արտահայտում. «Մարդկանց վերայ իշխողը թող արդար լինի, Աստուծոյ երկիւղովն իշխէ։ Նա նման է առաւօտեան լոյսին, երբոր արեգակը ծագում է» (Բ Թագաւորաց 23։1, 3, 4)։ Սողոմոնը՝ Դավթի որդին և նրա հաջորդը, ըստ ամենայնի, հասկացել էր այս խոսքերի իմաստը, որովհետև նա խնդրեց Եհովային, որ իրեն շնորհի «իմաստուն սիրտ» և «բարիի ու չարի մէջտեղը ջոկելու» ունակություն (Գ Թագաւորաց 3։9)։ Սողոմոնն ընդունեց, որ աստվածավախությունը իմաստության և երջանկության տանող ուղին է։ Ավելի ուշ նա եզրափակեց «Ժողովող» գիրքը հետևյալ խոսքերով. «Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։ Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար» (Ժողովող 12։13, 14)։ Եթե հետևենք այս խորհրդին, անշուշտ կտեսնենք, որ «խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձք[ը]» ոչ միայն իմաստություն և երջանկություն է, այլ նաև «հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք» (Առակաց 22։4)։
19. Ինչի՞ շնորհիվ կարող ենք հասկանալ «Տիրոջ երկիւղը»։
19 Աստվածաշնչային և ժամանակակից օրինակներից տեսնում ենք, որ Աստծու հանդեպ առողջ վախը դրական ազդեցություն է ունենում Եհովայի ճշմարիտ ծառաների կյանքում։ Այդպիսի վախը մեզ կարող է ոչ միայն ետ պահել այնպիսի գործեր անելուց, որոնք տհաճ են մեր երկնային Հորը, այլև տալ քաջություն և զորություն՝ չվախենալու մեր հակառակորդներից և դիմանալու փորձություններին ու դժվարություններին։ Ուրեմն՝ եկեք բոլորս, տարեց թե երիտասարդ, փութաջանորեն ուսումնասիրենք Աստծու Խոսքը, խորհրդածենք մեր սովորածի շուրջ և մոտենանք Եհովային կանոնավոր և սրտաբուխ աղոթքների միջոցով։ Վարվելով այդպես՝ ոչ միայն կգտնենք «Աստուծոյ գիտութիւնը», այլև կհասկանանք «Տիրոջ երկիւղը» (Առակաց 2։1–5)։
[ծանոթագրություններ]
a Անունները փոխված են։
b Գուցե սա այն դեպքերից մեկն է, որը մղեց Դավթին գրելու 57–րդ և 142–րդ սաղմոսները։
Կարո՞ղ եք բացատրել
Ինչպե՞ս կարող է աստվածավախությունը
• օգնել անհատին ապաքինվելու լուրջ մեղքից,
• երջանկություն բերել փորձությունների և հալածանքի ներքո,
• զորացնել մեզ, որ կատարենք Աստծու կամքը,
• թանկարժեք ժառանգություն լինել մեր երեխաների համար։
[նկար 26-րդ էջի վրա]
Աստվածավախությունը Դավթին ետ պահեց Սավուղ թագավորին սպանելուց
[նկարներ 29-րդ էջի վրա]
Աստվածավախությունը թանկարժեք ժառանգություն է, որ ծնողները կարող են փոխանցել իրենց զավակներին