Աստվածավախ սիրտ մշակեք
«Երանի թէ նորանց սիրտն էլ այնպէս լինէր, որ ինձանից վախենալով իմ բոլոր պատուիրանքները պահէին ամեն ժամանակ» (Բ Օրինաց 5։29)։
1. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ մի օր մարդիկ ազատ կլինեն վախի զգացումից։
ՎԱԽԻ զգացումը դարեր շարունակ հանգիստ չի տվել մարդկանց։ Միլիոնավոր մարդիկ մշտական անհանգստության մեջ են՝ վախենալով սովի մատնվել, հիվանդանալ, հանցագործության կամ պատերազմի զոհ դառնալ։ Այդ իսկ պատճառով Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի ներածական մասում ցանկություն է հայտնվում տեսնել այնպիսի աշխարհ, որտեղ բոլոր մարդիկ ազատ կլինեն վախից։a Բարեբախտաբար, Աստված ինքն է վստահեցնում մեզ, որ նման աշխարհ կլինի, միայն թե՝ ոչ մարդկանց ձեռքով։ Միքիա մարգարեի միջոցով Եհովան խոստանում է, որ արդար նոր աշխարհում իր ժողովրդին «վախեցնող պիտի չ’լինի» (Միքիա 4։4)։
2. ա) Ինչպե՞ս են Գրությունները հորդորում մեզ վախենալ Աստծուց։ բ) Ի՞նչ հարցեր են ծագում, երբ խոսում ենք աստվածավախ լինելու մեր պարտավորության մասին։
2 Մյուս կողմից՝ վախը կարող է նաև հանդես գալ որպես դրական ուժ։ Գրություններում Աստծո ծառաներին բազմիցս կոչ է արվում վախենալ Եհովայից։ Մովսեսը պատվիրեց իսրայելացիներին. «Քո Եհովայ Աստուծանից վախեցիր, եւ նորան պաշտիր» (Բ Օրինաց 6։13)։ Դարեր անց Սողոմոնը գրեց. «Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար [«մարդուս բոլոր պարտականութիւնը», Արևմտ. Աստ.]» (Ժողովող 12։13)։ Մենք էլ, հրեշտակների առաջնորդությամբ, մեր քարոզչական գործունեության միջոցով բոլոր մարդկանց հորդորում ենք ‘վախենալ Աստծուց և փառք տալ նրան’ (Յայտնութիւն 14։6, 7)։ Բացի Եհովայից վախենալուց, քրիստոնյաները պետք է ամբողջ սրտով սիրեն նրան (Մատթէոս 22։37, 38)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք սիրել Աստծուն և միաժամանակ վախենալ նրանից։ Ինչո՞ւ է անհրաժեշտ վախենալ սիրող Աստծուց։ Ի՞նչ օգուտ կարող ենք ունենալ՝ մեր մեջ աստվածավախություն մշակելով։ Այս հարցերին պատասխանելու համար նախ հարկավոր է հասկանալ, թե ինչ է նշանակում վախենալ Աստծուց և ինչպես է նման վախը կարևոր տեղ զբաղեցնում նրա հետ ունեցած մեր հարաբերություններում։
Ակնածանք, խոր հարգանք և վախ
3. Ի՞նչ է նշանակում աստվածավախություն։
3 Աստվածավախությունը մի զգացում է, որը քրիստոնյաները պետք է ունենան իրենց Արարչի հանդեպ։ Նման վախի սահմանումներից մեկը հետևյալն է. «Ակնածանք ու խորին հարգանք Ստեղծիչի հանդեպ, նրան տհաճություն պատճառելու առողջ երկյուղածություն»։ Այսպիսով՝ աստվածավախությունն ազդում է մեր կյանքի երկու կարևոր կողմերի վրա. դրանք են՝ մեր վերաբերմունքը Աստծո նկատմամբ, և մեր վերաբերմունքը նրան ատելի վարքի նկատմամբ։ Ակներև է, որ այս երկուսն էլ առանցքային նշանակություն ունեցող հարցեր են ու մանրամասն քննության են արժանի։ Ըստ մի բացատրական բառարանի՝ քրիստոնյաների համար նման պատկառանքով լի վախը «ղեկավարում է կյանքը և՛ հոգևոր, և՛ բարոյական հարցերում» («Vine’s Expository Dictionary of New Testament Words»)։
4. Ինչպե՞ս կարող ենք մեր մեջ Ստեղծիչի հանդեպ ակնածանքի և խոր հարգանքի զգացում մշակել։
4 Ինչպե՞ս կարող ենք մեր մեջ Ստեղծիչի հանդեպ երկյուղածություն և խոր հարգանք մշակել։ Մենք ակնածում ենք, երբ տեսնում ենք գեղատեսիլ բնություն, տպավորիչ ջրվեժ կամ հափշտակիչ մայրամուտ։ Այս զգացումն ավելի է վեհանում, երբ հավատի աչքերով նման արարչագործությունների ետևում Աստծո ձեռքն ենք տեսնում։ Բացի այդ, Դավիթ թագավորի պես սկսում ենք հասկանալ, թե Եհովայի պատկառազդու ստեղծագործության համեմատությամբ որքան աննշան ենք մենք։ «Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ինչ է մարդը որ դու յիշում ես նորան» (Սաղմոս 8։3, 4)։ Նման ակնածանքը տանում է դեպի խոր հարգանքի, որը մղում է մեզ շնորհակալություն հայտնել ու գովաբանել Եհովային այն ամենի համար, որ անում է հանուն մեզ։ Դավիթը նաև գրեց. «Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է» (Սաղմոս 139։14)։
5. Ինչո՞ւ պիտի վախենանք Եհովայից, և ի՞նչ հրաշալի օրինակ ունենք այս առումով։
5 Ակնածանքի ու խոր հարգանքի զգացումները մեր մեջ առաջացնում են առողջ ու հարգալից վախ Աստծո՝ որպես Արարչի զորության հանդեպ և նրա՝ որպես տիեզերքի օրինական Տիրոջ իշխանության հանդեպ։ Հովհաննես առաքյալը տեսիլք տեսավ, որտեղ ‘նրանք, որ հաղթում են գազանին ու նրա պատկերին’, այսինքն՝ երկնքում գտնվող Քրիստոսի օծյալ հետևորդները, բացականչում են. «Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր։ Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ» (Յայտնութիւն 15։2–4, ԱԹ)։ Քրիստոսի այս իշխանակիցների աստվածավախությունը ծագում է Աստծո վեհափառության հանդեպ ունեցած խոր հարգանքից և մղում է նրանց երկնային Թագավորության մեջ պատվել Աստծուն՝ որպես գերագույն հեղինակության։ Երբ խորհրդածում ենք Եհովայի արած բոլոր բաների և տիեզերքի կառավարման իր արդար եղանակի շուրջ, արդյոք չե՞նք գալիս այն եզրակացության, որ իրոք նրանից վախենալու բազմաթիվ պատճառներ ունենք (Սաղմոս 2։11; Երեմիա 10։7)։
6. Ինչո՞ւ Եհովային ոչ հաճելի բան անելու առողջ վախ պիտի ունենանք։
6 Բացի ակնածանքից ու խոր հարգանքից, այնուամենայնիվ, աստվածավախությունն իր մեջ պետք է ընդգրկի նաև նրան ոչ հաճելի բան անելու կամ անհնազանդ լինելու առողջ վախը։ Ինչո՞ւ։ Որովհետև թեև Եհովան ‘երկայնամիտ և առատ է ողորմությունով’, բայցևայնպես ‘հանցավորին բնավ անպարտ չի թողնում’։ Սա մենք պետք է հիշենք (Ելից 34։6, 7)։ Թեև Եհովան սիրող ու ողորմած է, այդուհանդերձ նա չի հանդուրժի անարդարությունն ու չարագործությունը (Սաղմոս 5։4, 5; Ամբակում 1։13)։ Նրանք, ովքեր կանխամտածված կերպով ու առանց զղջալու շարունակում են Եհովային տհաճ գործեր անել, ինչպես նաև նրանք, ովքեր հակառակվում են իրեն, անպատիժ չեն մնա։ Ինչպես Պողոս առաքյալն է ասել, «սարսափելի բան է կենդանի Աստուծոյ ձեռքն ընկնիլը»։ Զգուշանալով նման կացության մեջ ընկնելուց՝ մենք, վերջին հաշվով, ինքներս մեզ կպաշտպանենք (Եբրայեցիս 10։31, ԱԹ)։
«Նորան յարէք»
7. Եհովայի փրկարար զորությանը վստահելու ի՞նչ պատճառներ ունենք։
7 Աստծո հանդեպ ակնածալից վախը և խորապես գիտակցելը, թե ինչ ահռելի ուժի տեր է նա, նրան հավատալու և վստահելու նախապայմաններ են։ Ճիշտ ինչպես մանուկն է իրեն պաշտպանված զգում հոր մոտ, այնպես էլ մենք ենք մեզ ապահով ու վստահ զգում Եհովայի առաջնորդող ձեռքի տակ։ Ուշադրություն դարձրեք իսրայելացիների արձագանքին Եհովայի առաջնորդությամբ Եգիպտոսից դուրս գալուց հետո. «Իսրայէլը տեսաւ այն մեծ ձեռքը, որ Եհովան ցոյց տուաւ Եգիպտացիների վերայ. եւ ժողովուրդը վախեց Եհովայիցը, եւ հաւատաց Եհովային» (Ելից 14։31)։ Եղիսեի հետ պատահածը նույնպես վկայում է այն մասին, որ «Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց» (Սաղմոս 34։7; Դ Թագաւորաց 6։15–17)։ Եհովայի ժողովրդի մերօրյա պատմությունը և գուցե հենց մեր անձնական փորձը հաստատում են, որ Աստված իր ուժը գործադրում է հանուն նրանց, ովքեր ծառայում են իրեն (Բ Մնացորդաց 16։9)։ Այդպիսով սկսում ենք հասկանալ, որ «Տիրոջ վախումը զօրեղ վստահութիւն կայ» (Առակաց 14։26)։
8. ա) Ինչո՞ւ է Աստծո վախը մղում մեզ հետևել նրա ճանապարհներին։ բ) Բացատրեք, թե ինչպես պետք է ‘հարենք’ Եհովային։
8 Աստծո հանդեպ առողջ վախը ոչ միայն նպաստում է, որ նրան հավատանք ու վստահենք, այլև մղում է մեզ գնալ նրա ճանապարհներով։ Սողոմոնը տաճարի հանդիսավոր բացման ժամանակ աղոթեց Եհովային. «Քեզանից վախենան [իսրայելացիները] որ գնան քո ճանապարհներումը բոլոր այն օրերը, որ նորանք կ’ապրեն այս երկրի երեսին, որ դու տուիր մեր հայրերին» (Բ Մնացորդաց 6։31)։ Ավելի վաղ Մովսեսը հորդորել էր իսրայելացիներին. «Ձեր Եհովայ Աստուծուն հետեւէք, եւ նորանից վախենաք, նորա պատուիրանքները պահէք, եւ նորա ձայնին լսէք, նորան պաշտէք եւ նորան յարէք» (Բ Օրինաց 13։4)։ Ինչպես այս համարները հստակորեն ցույց են տալիս, Եհովայի ճանապարհներին հետևելու ու նրան ‘հարելու’ ցանկությունը սկիզբ է առնում նրան հավատալուց ու վստահելուց։ Այո, Եհովայի վախը տանում է նրան, որ իրեն հնազանդվում, ծառայում և ‘հարում’ ենք, ինչպես երեխան է «կպչում» իր հորը, որին ամբողջությամբ հավատում և վստահում է (Սաղմոս 63։8; Եսայիա 41։13)։
Սիրել Աստծուն՝ նշանակում է վախենալ նրանից
9. Ի՞նչ կապ գոյություն ունի աստվածավախության ու Աստծո հանդեպ սիրո միջև։
9 Գրությունների տեսանկյունից՝ Աստծուց վախենալը ոչ մի կերպ չի բացառում նրան սիրելը։ Ընդհակառակը, իսրայելացիներին կոչ էր արվում ‘Եհովայից վախենալ, նրա ամեն ճանապարհներում գնալ և նրան սիրել’ (Բ Օրինաց 10։12)։ Ուրեմն՝ աստվածավախ լինելը և աստվածասեր լինելը սերտորեն կապված են իրար։ Աստվածավախությունը մղում է մեզ գնալ նրա ճանապարհներով, իսկ դա էլ իր հերթին վկայում է, որ սիրում ենք նրան (Ա Յովհաննէս 5։3, ԱԹ)։ Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ երբ սիրում ենք մեկին, ապա բնական է, որ զգուշանանք նրան վիրավորել։ Իսրայելացիները անապատում եղած ժամանակ վիրավորեցին Եհովային իրենց ըմբոստ ընթացքով։ Անշուշտ, մենք չէինք ցանկանա անել այնպիսի բան, որը կվշտացներ մեր երկնային Հոր սիրտը (Սաղմոս 78։40, 41)։ Մյուս կողմից՝ քանի որ Եհովան «հաւանում է իրանից վախեցողներին», ապա մեր հնազանդությունն ու հավատարմությունը ուրախացնում են նրա սիրտը (Սաղմոս 147։11; Առակաց 27։11)։ Սերն Աստծո հանդեպ մղում է մեզ հաճեցնելու նրան, իսկ վախը՝ ետ է պահում նրան վիրավորելուց։ Այս հատկությունները միմյանց լրացնում են և ոչ թե՝ հակասում։
10. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ իրեն հաճելի է Եհովայից վախենալը։
10 Հիսուս Քրիստոսի կյանքը հստակորեն լուսաբանում է, թե ինչպես կարող ենք սիրել Աստծուն ու միևնույն ժամանակ վախենալ նրանից։ Հիսուսի մասին Եսայիան մարգարեացավ. «Նորա վերայ կ’հանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին։ Եվ նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է» (Եսայիա 11։2, 3)։ Համաձայն այս մարգարեության՝ Աստծո ոգին մղեց Հիսուսին վախենալ իր երկնային Հորից։ Բացի այդ, տեսնում ենք, որ այս վախը, որ շատ հեռու էր ճնշող լինելուց, բավականություն էր պատճառում նրան։ Հիսուսին հաճելի էր իր երկնային Հոր կամքը կատարելն ու նրան հաճեցնելը նույնիսկ դժվարագույն հանգամանքներում։ Տանջանքի ցցի վրա մեռնելուց առաջ նա խնդրեց Եհովային. «Ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու» (Մատթէոս 26։39)։ Տեսնելով, թե ինչպես է իր Որդին աստվածավախություն ցուցաբերում՝ Եհովան բարեհաճորեն լսեց նրա խնդրանքները, զորացրեց նրան ու հետագայում փրկեց մահից (Եբրայեցիս 5։7)։
Սովորում ենք վախենալ Եհովայից
11, 12. ա) Ինչո՞ւ պիտի սովորենք վախենալ Աստծուց։ բ) Ինչպե՞ս է Հիսուսը սովորեցնում մեզ վախենալ Եհովայից։
11 Ի տարբերություն բնազդային սոսկումի, որը զգում ենք բնության ուժերի ու նրա վեհության նկատմամբ, Աստծո հանդեպ վախը ակամայից չի առաջանում։ Ահա թե ինչու Մեծ Դավիթը՝ Հիսուս Քրիստոսը, մարգարեաբար մեզ է ուղղում հետևյալ հրավերը. «Եկէք, որդիք, լսեցէք ինձ. ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ» (Սաղմոս 34։11)։ Ինչպե՞ս կարող ենք Հիսուսից սովորել Եհովայից վախենալ։
12 Հիսուսը մեզ Եհովայից վախենալ է սովորեցնում նրանով, որ օգնում է հասկանալ, թե ինչ հրաշալի անձնավորություն է մեր երկնային Հայրը (Յովհաննէս 1։18)։ Նա իր օրինակով է ցույց տվել, թե ինչ է Աստված մտածում մյուսների մասին և ինչպես է վարվում նրանց հետ. չէ՞ որ կատարելապես արտացոլել է իր Հոր հատկանիշները (Յովհաննէս 14։9, 10)։ Բացի այդ, Հիսուսի զոհի միջոցով մենք մոտենում ենք Եհովային, երբ աղոթում ենք մեր մեղքերի թողության համար։ Աստծո ողորմածության այս ուշագրավ դրսևորումն ինքնին ծանրակշիռ պատճառ է նրանից վախենալու։ Սաղմոսերգուն գրեց. «Քեզ մօտ է թողութիւնը, որ քեզանից վախենան» (Սաղմոս 130։4)։
13. «Առակաց» գրքում նշված ի՞նչ քայլեր են օգնում մեզ վախենալ Եհովայից։
13 «Առակաց» գիրքը ուրվագծում է քայլերի մի հաջորդականություն, որը կարող է օգնել մեզ Աստծո հանդեպ վախ մշակել։ «Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ. որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին, երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին.... այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես» (Առակաց 2։1–5)։ Այստեղից երևում է, որ Աստծուց վախենալու համար հարկավոր է ուսումնասիրել նրա Խոսքը, ջանք չխնայել հասկանալու այդ գրքի խրատները, իսկ հետո ուշադրությամբ հետևել դրանց։
14. Ինչպե՞ս կարող ենք հետևել Իսրայելի թագավորներին տրված խորհրդին։
14 Հին Իսրայելի ամեն մի թագավորի պատվեր էր տրված ունենալ Օրենքի մեկ օրինակ և ‘իր կյանքի բոլոր օրերում կարդալ, որպեսզի սովորեր իր Եհովա Աստծուց վախենալ և այս օրենքի բոլոր խոսքերը պահել’ (Բ Օրինաց 17։18, 19)։ Նմանապես Աստվածաշնչի ընթերցանությունն ու ուսումնասիրությունը կարևոր են նաև մեզ համար, եթե ցանկանում ենք սովորել վախենալ Եհովայից։ Կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները մեր կյանքում՝ աստիճանաբար ձեռք ենք բերում աստվածային իմաստությունն ու գիտությունը։ Մենք սկսում ենք ‘հասկանալ Տիրոջ երկյուղը’, քանի որ տեսնում ենք, որ այն դրականորեն է ազդում մեր կյանքին, և բարձր գնահատել Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունները։ Բացի այդ, կանոնավորաբար հավաքվելով հավատակիցների հետ՝ լինենք երիտասարդ թե տարեց, կարող ենք լսել, թե ինչ է Աստված մեզ ուսուցանում, սովորել նրանից վախենալ ու քայլել նրա ուղիներով (Բ Օրինաց 31։12)։
Երանի Եհովայից վախեցողներին
15. Ինչպե՞ս է աստվածավախությունը կապված մեր երկրպագության հետ։
15 Վերոհիշյալից կարող ենք տեսնել, որ միանգամայն խելացի է աստվածավախ լինելը։ Մեզանից ամեն մեկը պետք է այդ հատկությունն իր մեջ մշակի, քանի որ դա շատ էական է Եհովայի երկրպագության մեջ։ Այդպես անելով՝ մենք կսկսենք լիովին վստահել նրան, գնալ իր ճանապարհներով ու ‘հարել’ իրեն։ Ինչպես Հիսուս Քրիստոսի պարագայում էր, աստվածավախությունը կարող է նաև մղել մեզ ապրել մեր նվիրման համաձայն այժմ ու ամբողջ հավիտենականության ընթացքում։
16. Ինչո՞ւ է Եհովան կոչ անում մեզ վախենալ իրենից։
16 Աստվածավախությունը երբեք հիվանդագին կամ չափազանց սահմանափակող չի լինում։ «Երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում»,— վստահեցնում է Աստվածաշունչը (Սաղմոս 128։1)։ Եհովան կոչ է անում մեզ վախենալ իրենից, քանի որ գիտի, որ այդ հատկությունը կպաշտպանի մեզ։ Նրա սիրով լի հոգատարությունը մենք տեսնում ենք Մովսեսին ուղղված իր խոսքերում. «Երանի թէ նորանց [իսրայելացիների] սիրտն էլ այնպէս լինէր, որ ինձանից վախենալով իմ բոլոր պատուիրանքները պահէին ամեն ժամանակ, որպէս զի իրանց համար բարի լինէր եւ իրանց որդկանցն էլ՝ յաւիտեան» (Բ Օրինաց 5։29)։
17. ա) Ի՞նչ օգուտներ է բերում աստվածավախ լինելը։ բ) Աստվածավախության հետ կապված՝ ի՞նչ հարցեր են քննարկվելու հաջորդ հոդվածում։
17 Նման կերպով, եթե մեր մեջ աստվածավախ սիրտ ենք մշակում, ապա մեզ համար դա ի բարին կլինի։ Ինչպե՞ս։ Նախևառաջ՝ նման տրամադրվածությունը հաճելի կլինի Աստծուն և մեզ կմոտեցնի նրան։ Դավիթն անձնական փորձից գիտեր, որ «իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է» (Սաղմոս 145։19)։ Երկրորդ՝ Աստծուց վախենալը հօգուտ մեզ կլինի, քանի որ կազդի չար բաների հանդեպ մեր վերաբերմունքի վրա (Առակաց 3։7)։ Հաջորդ հոդվածում կքննարկվի, թե ինչպես է վախի այս տեսակը պաշտպանում մեզ հոգևոր վտանգներից, կքննարկվեն նաև մի քանի սուրբգրային օրինակներ այնպիսի մարդկանց, ովքեր աստվածավախ էին ու չարից հեռու էին մնում։
[ծանոթագրություն]
a 1948 թ. դեկտեմբերի 10–ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիան։
Կարո՞ղ եք պատասխանել
• Ի՞նչ է նշանակում աստվածավախ լինել, և ինչպե՞ս է դա ազդում մեզ վրա։
• Ի՞նչ կապ գոյություն ունի Աստծուց վախենալու ու նրա հետ քայլելու միջև։
• Ինչպե՞ս է Հիսուսի օրինակը ցույց տալիս, որ Աստծուց վախենալը կապված է նրան սիրելու հետ։
• Ինչպե՞ս կարող ենք մեր մեջ աստվածավախ սիրտ մշակել։
[նկար 17–րդ էջի վրա]
Իսրայելացի թագավորներին պատվեր էր տրված Օրենքի անձնական օրինակն ունենալ ու ամեն օր կարդալ
[նկար 18–րդ էջի վրա]
Եհովայի վախն ունենալով՝ մենք սկսում ենք վստահել նրան, ինչպես երեխան՝ իր հորը
[նկար 15–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Աստղեր (Photo by Malin, © IAC/RGO 1991)