Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 3/15 էջ 21–25
  • Հրեշտակներ. նրանց դերը մարդկանց կյանքում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հրեշտակներ. նրանց դերը մարդկանց կյանքում
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Որտեղի՞ց են առաջ եկել հրեշտակները
  • Որն է հրեշտակների դերը
  • Հրեշտակների աջակցությունը Քրիստոսի օրերում
  • Հրեշտակների աջակցությունը մեր օրերում
  • Նրանց ազդեցիկ դերը մոտ ապագայում
  • Հրեշտակներ. նրանց դերը մեր կյանքում
    2006 Դիտարան
  • Հրեշտակներն ինչպե՞ս կարող են ձեզ օգնել
    1998 Դիտարան
  • Հրեշտակները «ոգիներ են հանրային ծառայության համար»
    2009 Դիտարան
  • Ինչպես կարող են հրեշտակները օգնել ձեզ
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2007 Դիտարան
w07 3/15 էջ 21–25

Հրեշտակներ. նրանց դերը մարդկանց կյանքում

«Սորանից յետոյ տեսայ մի հրեշտակ երկնքիցը վայր գալիս. որ մեծ իշխանութիւն ունէր .... Եւ զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծ Բաբիլոնը» (ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 18:1, 2)։

1, 2. Ինչի՞ց է երևում, որ Եհովան հրեշտակներին օգտագործում է իր կամքը իրագործելու մեջ։

ՊԱՏՄՈՍ կղզում աքսորի մեջ գտնվելիս տարեց Հովհաննես առաքյալին մարգարեական տեսիլքներ տրվեցին։ Երբ ներշնչման ներքո նա հայտնվեց «Տիրոջ օրվա» մեջ, ցնցող իրադարձություններ տեսավ։ Այդ օրը սկսվեց 1914 թ.–ին Հիսուս Քրիստոսի թագադրումով և կշարունակվի մինչև նրա Հազարամյա Իշխանության վերջը (Յայտնութիւն 1:10, ԱՆԹ, ծնթ.)։

2 Այս հայտնությունը Եհովա Աստված անմիջականորեն Հովհաննեսին չտվեց, այլ մի միջոց օգտագործեց։ Յայտնութիւն 1։1–ում կարդում ենք. «Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ իր ծառաներին ցոյց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Յովհաննէս ծառային»։ Հիսուսի, ինչպես նաև հրեշտակներից մեկի միջոցով Եհովան «Տիրոջ օրվա» վերաբերյալ հրաշալի բաներ հայտնեց։ Հովհաննեսը նաև տեսավ «մի հրեշտակ երկնքիցը վայր գալիս. որ մեծ իշխանութիւն ունէր»։ Իսկ ի՞նչ հանձնարարություն էր ստացել այդ հրեշտակը։ Նա «զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծ Բաբիլոնը» (Յայտնութիւն 18:1, 2)։ Այս զորեղ հրեշտակը պետք է հայտարարեր Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության անկման մասին։ Այսպիսով՝ կասկած անգամ չի կարող լինել այն մասին, որ Եհովան հրեշտակներին կարևոր տեղ է հատկացնում իր կամքը իրագործելու մեջ։ Այս հոդվածում մենք մանրամասնորեն կքննենք, թե ինչ դեր են խաղում հրեշտակները Աստծու նպատակների մեջ և մեր կյանքում։ Բայց մինչ այդ եկեք տեսնենք, թե որտեղից են առաջ եկել այս ոգեղեն արարածները։

Որտեղի՞ց են առաջ եկել հրեշտակները

3. Շատերը ի՞նչ սխալ պատկերացումներ ունեն հրեշտակների մասին։

3 Այսօր միլիոնավոր մարդիկ հավատում են, որ հրեշտակներ կան, սակայն շատերը սխալ պատկերացումներ ունեն նրանց և նրանց ծագման մասին։ Օրինակ՝ որոշ կրոնասեր մարդիկ այն կարծիքին են, որ երբ իրենց սիրելիներից մեկը մահանում է, կանչվում է Աստծու մոտ և դառնում է հրեշտակ։ Արդյոք դա՞ է սովորեցնում Աստծու Խոսքը հրեշտակների ստեղծման, գոյության և նրանց ունեցած դերի մասին։

4. Ի՞նչ է մեզ հայտնում Աստվածաշունչը հրեշտակների ծագման մասին։

4 Իր զորությամբ և իշխանությամբ ամենագլխավոր հրեշտակը կոչվում է Միքայել հրեշտակապետ (Յուդա 9)։ Նա հենց ինքը Հիսուս Քրիստոսն է (Ա Թեսաղոնիկեցիս 4:15)։ Անհաշիվ դարեր առաջ, երբ Եհովան որոշեց դառնալ Արարիչ, նրա առաջին ստեղծագործությունը իր այդ հրեշտակ–Որդին էր (Յայտնութիւն 3:14; 19:11)։ Ավելի ուշ այս միածին Որդու միջոցով Եհովան ստեղծեց մնացած բոլոր ոգեղեն արարածներին (Կողոսացիս 1:15–17)։ Այս ոգեղեն արարածների մասին խոսելով որպես իր որդիների՝ Եհովան Հոբ նահապետին հարցրեց. «Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես .... Ո՞վ է ձգել նորա անկեան քարը. Առաւօտեան աստղերը միասին ցնծալիս, եւ Աստուծոյ բոլոր որդիքը երբոր գովաբանում էին» (Յոբ 38:4, 6, 7)։ Պարզ է, ուրեմն, որ հրեշտակները Աստծու ստեղծագործությունն են և գոյություն են ունեցել մարդկանցից երկար տարիներ առաջ։

5. Ինչպե՞ս են դասակարգված հրեշտակները։

5 «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»,— ասվում է Ա Կորնթացիս 14:33–ում։ Ահա թե ինչու է Եհովան իր ոգեղեն որդիներին դասակարգել երեք հիմնական խմբերի։ Առաջինը սերովբեներն են, որոնք ծառայում են որպես Աստծու գահի սպասավորներ, հռչակում են նրա սրբությունը և պահպանում նրա ժողովրդի հոգևոր մաքրությունը։ Երկրորդը քերովբեներն են, որոնք ջատագովում են Եհովայի գերիշխանությունը։ Եվ երրորդ դասի մեջ են մտնում մյուս հրեշտակները, որոնք կատարում են Եհովայի կամքը (Սաղմոս 103:20; Եսայիա 6:1–3; Եզեկիէլ 10:3–5; Դանիէլ 7:10)։ Ի՞նչ դեր են խաղում ոգեղեն այս արարածները մարդկանց կյանքում (Յայտնութիւն 5:11)։

Որն է հրեշտակների դերը

6. Ի՞նչ հանձնարարություն էր Եհովան տվել քերովբեներին Եդեմի պարտեզում։

6 Ոգեղեն արարածների մասին առաջին անգամ ուղղակիորեն խոսվում է Ծննդոց 3։24–ում, որտեղ կարդում ենք. «[Եհովան] արտաքսեց Ադամին. եւ Եդէմի պարտէզի դիմացի կողմիցը դրաւ քէրովբէներին եւ ամեն կողմ դարձող բոցեղէն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը պահելու համար»։ Այս քերովբեները փաստորեն թույլ չէին տալիս, որ Ադամն ու Եվան վերադառնան իրենց սկզբնական դրախտ–բնակարանը։ Դա մարդկության պատմության սկզբում էր։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր ի՞նչ դեր են կատարել հրեշտակները։

7. Բնագիր լեզուներում «հրեշտակ» բառի նշանակությունը ի՞նչ է մեզ ասում նրանց կատարած դերի մասին։

7 Աստվածաշնչում հրեշտակների մասին հիշատակվում է մոտ 400 անգամ։ Ինչպես եբրայերեն, այնպես էլ հունարեն լեզուներում «հրեշտակ» բառը կարելի է թարգմանել «պատգամաբեր»։ Ուստի կարելի է ասել, որ հրեշտակները որպես հաղորդակցության միջոց են ծառայել Աստծու և մարդկանց միջև։ Ինչպես նշեցինք առաջին երկու պարբերություններում, Եհովան օգտագործել է մի հրեշտակի՝ իր պատգամները Հովհաննեսին փոխանցելու նպատակով։

8, 9. ա) Ի՞նչ դեր խաղացին հրեշտակի այցելությունները Մանուեի և նրա կնոջ կյանքում։ բ) Ի՞նչ կարող են սովորել ծնողները Մանուեի և Աստծու հրեշտակի հանդիպումից։

8 Հրեշտակներին Եհովան օգտագործում է նաև երկրի վրա իր ծառաներին օգնելու և քաջալերելու նպատակով։ Իսրայելում դատավորների օրերում Մանուեն և նրա ամուլ կինը շատ էին ուզում երեխա ունենալ։ Եհովան ուղարկեց իր հրեշտակին՝ հայտնելու Մանուեի կնոջը, որ նա որդի պիտի ծնի։ Կարդում ենք. «Ահա դու կ’յղանաս եւ մի որդի կ’ծնես, եւ նորա գլխի վերայ ածելի պիտի չ’գայ. նորա համար որ այն տղան արգանդից Աստուծոյ ուխտաւորը պիտի լինի, եւ նա սկսելու է Իսրայէլին ազատել Փղշտացիների ձեռքիցը» (Դատաւորաց 13:1–5)։

9 Անցավ ժամանակ, և Մանուեի կինը մի որդի ծնեց՝ Սամսոնին, որն էլ Աստվածաշնչի պատմության մեջ հայտնի մարդկանցից մեկը դարձավ (Դատաւորաց 13:24)։ Մինչև երեխայի լույս աշխարհ գալը Մանուեն խնդրեց հրեշտակին, որ վերջինս վերադառնար և սովորեցներ իրենց, թե ինչպես պետք է դաստիարակեին տղային։ Նա հարցրեց. «Ի՞նչ կերպ պետք է անել տղային, եւ ի՞նչ է նորա բանը»։ Եհովայի հրեշտակը կրկնեց այն բոլոր պատվերները, որ տվել էր Մանուեի կնոջը (Դատաւորաց 13:6–14)։ Որքա՜ն քաջալերական էր սա Մանուեի համար։ Ճիշտ է, այսօր հրեշտակները չեն այցելում մարդկանց, սակայն ծնողները, Մանուեի նման, կարող են Եհովայի առաջնորդությունը փնտրել իրենց երեխաների դաստիարակության հարցում (Եփեսացիս 6:4)։

10, 11. ա) Ի՞նչ իրավիճակում հայտնվեցին Եղիսեն և նրա ծառան, երբ ասորական բանակը շրջապատեց նրանց։ բ) Այս դեպքի շուրջ խորհրդածելով՝ ի՞նչ օգուտներ ենք քաղում։

10 Այժմ տեսնենք, թե հրեշտակային աջակցության ինչ տպավորիչ դեպք տեղի ունեցավ Եղիսե մարգարեի օրերում։ Եղիսեն գտնվում էր Իսրայելի քաղաքներից մեկում՝ Դոթայիմում։ Մի օր, երբ Եղիսեի ծառան վաղ առավոտյան վեր կացավ ու դուրս նայեց, տեսավ, որ քաղաքը շրջապատված է ձիերով և պատերազմական կառքերով։ Ասորիների թագավորը հզոր ռազմական ուժեր էր ուղարկել Եղիսեին բռնելու։ Ինչպե՞ս դրան արձագանքեց Եղիսեի ծառան։ Վախով բռնված և գուցե խուճապահար՝ նա բացականչեց. «Վա՜յ, տէր իմ, ի՞նչ անենք»։ Նրա համար ամեն ինչ կորած էր։ Բայց Եղիսեն պատասխանեց. «Մի վախենար. որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները»։ Ի՞նչ էր նա ուզում ասել (Դ Թագաւորաց 6:11–16)։

11 Եղիսեն լավ գիտեր, որ հրեշտակների բանակը իրենց օգնության էր հասել, բայց նրա ծառան ոչ ոքի չէր տեսնում։ Ուստի «Եղիսէն աղօթք արաւ եւ ասեց. Ով Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ. եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը» (Դ Թագաւորաց 6:17)։ Այդ ժամանակ ծառայի աչքերը բացվեցին, և նա տեսավ հրեշտակների մեծաթիվ զորքը։ Մեր հոգևոր հասկացողությամբ մենք նույնպես կարող ենք «տեսնել» այդ հրեշտակներին, որոնք բոլորը Եհովայի և Քրիստոսի հսկողության ներքո օգնության են հասնում ու պաշտպանում են Եհովայի ժողովրդին։

Հրեշտակների աջակցությունը Քրիստոսի օրերում

12. Ի՞նչ աջակցություն ստացավ Մարիամը Գաբրիել հրեշտակից։

12 Իսկ այժմ տեսնենք, թե ինչ աջակցություն ստացավ հրեա կույս Մարիամը, երբ հետևյալ լուրը լսեց. «Կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. եւ նորա անունը Յիսուս կ’դնես»։ Նախքան այս ապշեցնող լուրը հայտնելը Աստծու կողմից ուղարկված Գաբրիել հրեշտակը նրան ասաց. «Մի վախենար, Մարիամ. որովհետեւ Աստուածանից շնորհք գտար» (Ղուկաս 1:26, 27, 30, 31)։ Այս խոսքերը որքա՜ն քաջալերեցին ու զորացրին Մարիամին և վստահեցրին այն բանում, որ նա Աստծու բարեհաճությունն ունի։

13. Հրեշտակներն ինչպե՞ս օգնեցին Հիսուսին։

13 Հրեշտակային աջակցության մեկ այլ օրինակ է այն դեպքը, երբ Հիսուսը անապատում դեմ կանգնեց Սատանայի առաջարկած երեք գայթակղություններին։ Այդ դրվագում կարդում ենք, որ փորձությունների վերջում «սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան» (Մատթէոս 4:1–11)։ Նմանատիպ մի բան տեղի ունեցավ Հիսուսի մահվանը նախորդող գիշերը։ Տագնապի մեջ՝ Հիսուսը ծնկի եկավ և աղոթեց՝ ասելով. «Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի: Եւ հրեշտակ երեւեցաւ նորան երկնքիցը, եւ զօրացնում էր նորան» (Ղուկաս 22:42, 43ա)։ Իսկ հրեշտակների կողմից ինչպիսի՞ աջակցություն ենք մենք ստանում այսօր։

Հրեշտակների աջակցությունը մեր օրերում

14. Ի՞նչ հալածանքներ են կրել Եհովայի վկաները մեր օրերում, սակայն արդյունքում ի՞նչ է եղել։

14 Մեր օրերում Եհովայի վկաների քարոզչական գործունեությունը քննելով՝ մենք ակնհայտորեն տեսնում ենք հրեշտակների աջակցությունը։ Օրինակ՝ Եհովայի ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ու դրանից առաջ (1939–1945 թթ.) Գերմանիայում և Արևմտյան Եվրոպայում կարողացել է դիմադրել նացիզմի կատաղի հարձակումներին։ Նրանք նույնիսկ ավելի երկարատև հալածանքների են դիմացել կաթոլիկ ֆաշիստական ռեժիմների օրոք Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ Բացի այդ, տասնամյակներ շարունակ Վկաները զրկանքներ են կրել նախկին Խորհրդային Միությունում և նրա կազմի մեջ մտնող պետություններում։ Չի կարելի անտեսել նաև այն դաժան հալածանքները, որ նրանք կրել են որոշ աֆրիկյան երկրներում։a Իսկ վերջին ժամանակներում Եհովայի ծառաները վայրագ հարձակումների ենթարկվեցին Վրաստանում։ Սատանան արել է հնարավոր ամեն բան Եհովայի վկաների գործունեությանը վերջ դնելու նպատակով։ Այնուհանդերձ, որպես կազմակերպություն՝ նրանք վերապրել են նման հակառակությունները, և դեռ ավելին՝ բարգավաճել են։ Մասամբ դա արդյունքն է այն բանի, որ նրանք գտնվել են հրեշտակների պաշտպանող հովանու տակ (Սաղմոս 34:7; Դանիէլ 3:28; 6:22)։

15, 16. Ինչպե՞ս են հրեշտակները աջակցում Եհովայի վկաներին նրանց համաշխարհային գործունեության մեջ։

15 Եհովայի վկաները լրջորեն են վերաբերվում իրենց այն հանձնարարությանը, որ պետք է ամբողջ աշխարհում քարոզեն Աստծու Թագավորության բարի լուրը և աշակերտներ պատրաստեն՝ ամենուրեք հետաքրքրություն ցույց տվող մարդկանց Աստվածաշնչի ճշմարտությունը սովորեցնելով (Մատթէոս 28:19, 20)։ Սակայն նրանք քաջ գիտակցում են, որ առանց հրեշտակների աջակցության չեն կարող կատարել այդ հանձնարարությունը։ Այդ պատճառով էլ Յայտնութիւն 14։6, 7 համարներում ասված խոսքերը միշտ էլ քաջալերանքի աղբյուր են եղել նրանց համար։ Այնտեղ կարդում ենք. «[Հովհաննես առաքյալը] տեսավ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի: Եւ մեծ ձայնով ասում էր. Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան. որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին»։

16 Այս խոսքերից պարզ տեսնում ենք, որ Եհովայի վկաների համաշխարհային ավետարանչական գործը անցկացվում է հրեշտակների աջակցությամբ ու հսկողությամբ։ Եհովան օգտագործում է իր հրեշտակներին, որպեսզի անկեղծ մարդկանց ուղղի դեպի իր Վկաները։ Միևնույն ժամանակ հրեշտակները Վկաներին են առաջնորդում արժանիներին գտնելու։ Դա է պատճառը, որ շատ անգամ Եհովայի վկաները հանդիպում են մարդկանց հենց այն պահերին, երբ նրանք ճգնաժամային ծանր վիճակում են գտնվում և հոգևոր օգնության խիստ կարիք ունեն։ Եվ դա այնքան հաճախ է պատահում, որ հնարավոր չէ սոսկ պատահականություն համարել։

Նրանց ազդեցիկ դերը մոտ ապագայում

17. Ի՞նչ պատահեց ասորեստանյան բանակին, երբ ընդամենը մեկ հրեշտակ հարձակվեց նրա վրա։

17 Եհովայի երկրպագուներին պատգամներ հաղորդելուց և զորացնելուց բացի՝ հրեշտակները մեկ ուրիշ նպատակի էլ են ծառայում։ Անցյալում նրանք ի կատար են ածել Աստծու դատաստանները։ Ահա մի օրինակ։ Մ.թ.ա. ութերորդ դարում Երուսաղեմը ասորեստանցի զինվորների հորդաների սպառնալիքի տակ էր։ Ինչպե՞ս վարվեց Եհովան։ Նա ասաց. «Ես կ’պաշտպանեմ այդ քաղաքը, որ ազատեմ՝ ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար»։ Աստվածաշնչում կարդում ենք, թե այդ ամենն ինչպես պատահեց։ «Եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին» (Դ Թագաւորաց 19:34, 35)։ Որքա՜ն խղճուկ են մարդկանց բանակները՝ համեմատած ընդամենը մեկ հրեշտակի զորության հետ։

18, 19. Ի՞նչ ազդեցիկ դեր են խաղալու հրեշտակները մոտ ապագայում, և դա ինչպե՞ս է անդրադառնալու մարդկության վրա։

18 Մոտ ապագայում հրեշտակները կծառայեն որպես Աստծու կործանարար ուժեր։ Շատ շուտով Հիսուսը կգա «իր զօրութեան հրեշտակներովը, կրակի բոցով»։ Նրանց նպատակը կլինի «վրէժ առնել նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին» (Բ Թեսաղոնիկեցիս 1:7, 8)։ Իսկ դա ինչպե՞ս կանդրադառնա մարդկանց վրա։ Նրանք, ովքեր հրաժարվում են արձագանքել Աստծու Թագավորության բարի լուրին, որն այսօր հռչակվում է համայն աշխարհում, կկործանվեն։ Միայն նրանք, ովքեր փնտրում են Եհովային, փնտրում են արդարություն ու հեզություն, «ծածկված կպահվեն Տիրոջ բարկության օրը» և ոչ մի վնաս չեն կրի (Սոփոնիա 2:3)։

19 Եվ այսպես, մենք երախտապարտ ենք, որ Եհովան օգտագործում է իր հրեշտակներին՝ երկրի վրա իր ծառաներին աջակցելու և զորացնելու նպատակով։ Հատկապես մխիթարական է այն, որ մենք հասկանում ենք հրեշտակների դերը Աստծու նպատակների մեջ, քանի որ եղան հրեշտակներ, որոնք ըմբոստացան Եհովայի դեմ և ընկան Սատանայի իշխանության տակ։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչ միջոցների կարող են դիմել քրիստոնյաները Բանսարկու Սատանայի և այդ հրեշտակների, կամ՝ դևերի զորեղ ազդեցությունից պաշտպանվելու համար։

[ծանոթագրություն]

a Այս հալածանքների մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Եհովայի վկաների տարեգիրքը»՝ 1983 թ. (Անգոլա), 1974 թ. և 1999 թ. (Գերմանիա), 1992 թ. (Եթովպիա), 2006 թ. (Զամբիա), 1978 թ. (Իսպանիա), 1982 թ. (Իտալիա), 1994 թ. (Լեհաստան), 1999 թ. (Մալավի), 1996 թ. (Մոզամբիկ), 2004 թ. (Մոլդովա), 2000 թ. (Չեխիա), 1972 թ. (Չեխոսլովակիա), 1983 թ. (Պորտուգալիա) և 2002 թ. (Ուկրաինա)։

Ի՞նչ սովորեցիք

• Որտեղի՞ց են առաջ եկել հրեշտակները։

• Ինչպե՞ս էր Եհովան օգտագործում հրեշտակներին աստվածաշնչյան ժամանակներում։

• Ըստ Յայտնութիւն 14։6, 7 համարների՝ ինչո՞վ են զբաղված հրեշտակները մեր օրերում։

• Ի՞նչ ազդեցիկ դեր են խաղալու հրեշտակները մոտ ապագայում։

[նկար 22–րդ էջի վրա]

Հրեշտակը քաջալերեց Մանուեին և նրա կնոջը

[նկար 23–րդ էջի վրա]

«Մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը