Եհովան գնահատում է քո հնազանդությունը
«Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու» (ԱՌԱԿԱՑ 27։11)։
1. Ի՞նչ ոգի է այսօր տարածված աշխարհում։
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ և անհնազանդության ոգին այսօր տարածված է ամբողջ աշխարհում։ Եփեսոսի քրիստոնյաներին գրած նամակում Պողոս առաքյալը բացատրում է պատճառը. «Դուք մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի իրերի համակարգի համաձայն, օդի իշխանության իշխանի կամքի համաձայն, այն ոգու, որն այժմ ներգործում է անհնազանդության որդիների մեջ» (Եփեսացիներ 2։1, 2)։ Այո, քանի որ Բանսարկու Սատանան է «օդի իշխանության իշխանը», ուստի կարող ենք ասել, որ ամբողջ աշխարհը նա անհնազանդության ոգով է վարակել։ Նա այս բանը արել է առաջին դարում և ավելի կատաղի կերպով անում է Առաջին աշխարհամարտը սկսվելու օրերից ի վեր, երբ դուրս նետվեց երկնքից (Հայտնություն 12։9)։
2, 3. Ի՞նչ պատճառներ ունենք Եհովային հնազանդվելու համար։
2 Սակայն, լինելով քրիստոնյաներ, մենք գիտենք, որ Եհովա Աստված արժանի է մեր սրտանց հնազանդությանը, որովհետև նա է մեր Ստեղծիչը, մեր կյանքի Պահապանը, սիրառատ Գերիշխանը և մեր Ազատարարը (Սաղմոս 148։5, 6; Գործեր 4։24; Կողոսացիներ 1։13; Հայտնություն 4։11)։ Մովսեսի օրերում ապրող իսրայելացիները գիտակցում էին, որ Եհովան է իրենց կյանք Պարգևողն ու Փրկարարը։ Այդ պատճառով էլ Մովսեսը նրանց ասաց. «Զգոյշ եղէք որ անէք ինչպէս որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրել է» (Բ Օրինաց 5։32)։ Այո, Եհովան արժանի էր նրանց հնազանդությանը։ Սակայն շատ չանցած՝ նրանք անհնազանդ դարձան իրենց Գերիշխանին։
3 Որքանո՞վ է կարևոր մեր հնազանդ լինելը տիեզերքի Արարչին։ Մի անգամ Աստված իր Սամուել մարգարեի միջոցով ասաց Սավուղ թագավորին. «Հնազանդութիւնը՝ զոհից լավ է» (Ա Թագաւորաց 15։22, 23)։ Ինչո՞ւ նա այդպես ասաց։
Ինչու է հնազանդությունը «զոհից լավ»
4. Ի՞նչ իմաստով մենք կարող ենք ինչ–որ բան տալ Եհովային։
4 Լինելով Արարիչը՝ Եհովան արդեն ունի այն ամենը, ինչը որ մենք նյութական տեսքով ունենք։ Այդ դեպքում կա՞ մի բան, որ մենք կարող ենք տալ նրան։ Այո, մենք կարող ենք նրան մի շատ թանկարժեք բան տալ։ Ի՞նչ է դա։ Պատասխանը կարող ենք գտնել հետևյալ հորդորում. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։ Մենք կարող ենք մեր հնազանդությունը տալ Աստծուն։ Թեպետ մեր հանգամանքները տարբեր են, և մենք տարբեր ծագում ունենք, սակայն հնազանդ լինելով՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է պատասխան տալ Բանսարկու Սատանայի այն չարամիտ պնդմանը, թե մարդիկ հավատարիմ չեն մնա Աստծուն, երբ փորձությունների մեջ հայտնվեն։ Ինչպիսի՜ պատիվ է դա մեզ համար։
5. Ինչպե՞ս է անհնազանդությունը ազդում մեր Արարչի վրա։ Բացատրի՛ր։
5 Աստծուն հետաքրքրում են մեր կայացրած որոշումները։ Երբ մենք անհնազանդ ենք գտնվում, ապա դա ազդում է նրա վրա։ Ինչպե՞ս։ Նա ցավ է զգում, երբ տեսնում է, որ որևէ մեկը նման անխոհեմ ընթացք է բռնել (Սաղմոս 78։40, 41)։ Բերենք օրինակ. ենթադրենք՝ շաքարախտով հիվանդ անձնավորությունը չի հետևում իր համար օգտակար առողջ սննդակարգին և շարունակում է ուտել այն ամենը, ինչը վնասակար է։ Ի՞նչ կզգա իր հիվանդի առողջությամբ մտահոգված բժիշկը։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան ցավ է զգում, երբ մարդիկ իրեն չեն հնազանդվում, քանի որ գիտի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր առաջարկած՝ կյանքի դեղատոմսն անտեսելը։
6. Ի՞նչը կօգնի մեզ հնազանդվել Աստծուն։
6 Ի՞նչը կօգնի մեզանից յուրաքանչյուրին հնազանդ լինել։ Լավ կլինի, եթե մեզանից ամեն մեկը խնդրի Աստծուն «իմաստուն [«հնազանդ», ՆԱ] սիրտ» ունենալ, ինչը որ Սողոմոն թագավորը խնդրեց։ Նա այդպիսի սիրտ խնդրեց, որպեսզի կարողանար իսրայելացիներին դատելու համար «բարիի ու չարի մէջտեղը ջոկել» (Գ Թագաւորաց 3։9)։ Մեզ «հնազանդ սիրտ» է հարկավոր, որպեսզի կարողանանք բարու և չարի տարբերությունը տեսնել մի աշխարհում, որը անհնազանդության ոգով է ողողված։ Աստված մեզ իր Խոսքն է տվել՝ Աստվածաշունչը, և իր Խոսքն ուսումնասիրելու համար ձեռնարկներ, ինչպես նաև քրիստոնեական հանդիպումներն ու ժողովի հոգատար երեցներին, որպեսզի կարողանանք մեր մեջ «հնազանդ սիրտ» զարգացնել։ Արդյոք մենք լիովին օգտվո՞ւմ ենք սիրով տրված այս միջոցառումներից։
7. Ինչո՞ւ է Եհովան շեշտում, որ հնազանդությունը զոհերից ավելի կարևոր է։
7 Հիշիր, որ անցյալում Եհովան իր վաղեմի ժողովրդին ասաց, որ հնազանդությունն ավելի կարևոր է, քան կենդանական զոհաբերությունները (Առակաց 21։3, 27; Ովսէէ 6։6; Մատթեոս 12։7)։ Ինչո՞ւ էր դա այդպես, եթե Եհովան ինքն էր պատվիրել իր ժողովրդին նման զոհեր մատուցել։ Իսկ ինչի՞ց մղված պետք է իսրայելացին զոհեր մատուցեր։ Արդյոք դա պետք է աներ Աստծուն հաճեցնելո՞ւ համար, թե՞ պարզապես ինչ–որ արարողություն կատարելու։ Եթե երկրպագություն մատուցողը իսկապես ձգտում է հաճեցնել Աստծուն, ուրեմն ամեն ինչ կանի, որ հնազանդվի Աստծու բոլոր պատվիրաններին։ Աստծուն պետք չեն կենդանական զոհեր, բայց մեր հնազանդությունը արժեքավոր մի բան է, որը մենք կարող ենք նրան տալ։
Նախազգուշացնող օրինակ
8. Ինչո՞ւ Աստված մերժեց Սավուղին որպես թագավորի։
8 Այն, թե որքան կարևոր է հնազանդությունը, ցույց է տալիս Սավուղ թագավորի մասին Աստվածաշնչի արձանագրությունը։ Երբ Սավուղը սկսեց թագավորել, նա մի համեստ ու խոնարհ կառավարիչ էր և իր «աչքերին փոքր էր երեւում»։ Ավելի ուշ, սակայն, հպարտությունն ու սխալ մտածելակերպը սկսեցին տիրապետել նրա որոշումների վրա (Ա Թագաւորաց 10։21, 22; 15։17)։ Մի անգամ Սավուղը պետք է պատերազմի դուրս գար փղշտացիների դեմ։ Սամուելը պատվիրել էր թագավորին սպասել իրեն, որպեսզի ինքը գար ու զոհեր մատուցեր Եհովային, նաև հետագա գործողությունների համար ուղղություն տար նրան։ Սակայն Սամուելը նրա ակնկալածից ավելի ուշ եկավ, և մարդիկ սկսեցին ցրվել։ Տեսնելով դա՝ Սավուղը «ինքը մատուցրեց ողջակէզը»։ Այդ բանը դուր չեկավ Եհովային։ Երբ վերջապես Սամուելը եկավ, թագավորը սկսեց արդարացնել իր անհնազանդ արարքը՝ պատճառաբանելով, որ քանի որ մարգարեն ուշացավ, ինքը «իրեն ստիպելով» ողջակեզ մատուցեց Եհովայի հաճությունը ստանալու համար։ Սավուղ թագավորի համար այդ ողջակեզը մատուցելը ավելի կարևոր էր, քան Սամուելի պատվիրանին հնազանդվելը։ Ուստի Սամուելն ասաց նրան. «Դու յիմարութիւն արիր, չ’պահեցիր քո Տէր Աստուծոյ պատուիրանքը, որ նա քեզ պատուիրել է»։ Եհովային չհնազանդվելու հետևանքները ծանր էին. նա կորցրեց թագավորելու իրավունքը (Ա Թագաւորաց 10։8; 13։5–13)։
9. Ինչպե՞ս Սավուղը անհնազանդ գտնվեց Աստծուն։
9 Թագավորը այդ դեպքից ինչ–որ բան սովորե՞ց։ Ո՛չ։ Ավելի ուշ Եհովան պատվիրեց Սավուղին ոչնչացնել ամաղեկացիներին, որոնք նախկինում առանց որևէ պատճառի հարձակվել էին իսրայելացիների վրա։ Սավուղը նույնիսկ չպետք է խնայեր նրանց ընտանի կենդանիներին։ Նա հնազանդվեց Եհովային և «զարկեց Ամաղէկին Եւիլայից մինչեւ.... Սուրը»։ Երբ Սամուելը եկավ թագավորին դիմավորելու, վերջինս, ցնծալով իր հաղթանակով, ասաց. «Տէրիցն օրհնեալ լինես. Տիրոջ խօսքը կատարեցի»։ Սակայն անտեսելով իրեն տրված հստակ հրահանգները՝ Սավուղը և իր մարդիկ կենդանի պահեցին Ագագ թագավորին ու «ոչխարներին եւ արջառների լաւերին եւ գէրերին, եւ գառներին, եւ ամեն պատուական բաներին»։ Սավուղ թագավորը արդարացրեց իր անհնազանդ արարքը՝ ասելով. «Ժողովուրդը խնայեց լաւ ոչխարներին եւ արջառներին, որ նորանց քո Տէր Աստուծուն զոհ մատուցանեն» (Ա Թագաւորաց 15։1–15)։
10. Սավուղը ի՞նչ դաս թերացավ սովորել։
10 Այդ պահին Սամուելն ասաց Սավուղին. «Մի՞թէ Տէրը այնքան հաւանում է ողջակէզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն. ահա հնազանդութիւնը՝ զոհից լավ է, եւ ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը» (Ա Թագաւորաց 15։22)։ Քանի որ Եհովան վճռել էր, որ այդ կենդանիները պետք է ոչնչացվեին, ուստի նրանք ընդունելի չէին զոհաբերության համար։
Հնազանդ եղիր բոլոր բաներում
11, 12. ա) Ինչպե՞ս է Եհովան գնահատում այն ջանքերը, որ մենք գործադրում ենք երկրպագության մեջ նրան հաճեցնելու համար։ բ) Ինչպե՞ս կարող է անհատը խաբել ինքն իրեն՝ մտածելով, թե Աստծու կամքն է կատարում, մինչդեռ իրականում նա անհնազանդություն է դրսևորում։
11 Որքան ուրախ է Եհովան, երբ տեսնում է, որ իր նվիրված ծառաները, թեպետև հալածվում են, սակայն անսասան են մնում, հռչակում են Թագավորության բարի լուրը՝ չնայած մարդկանց անտարբերությանը, ու հաճախում են ժողովի հանդիպումներին, նույնիսկ երբ մեծ դժվարությամբ են իրենց օրվա ապրուստը վաստակում։ Մեր հոգևոր կյանքին վերաբերող այսպիսի կարևոր հարցերում հնազանդություն ցուցաբերելը ուրախությամբ է լցնում Եհովայի սիրտը։ Եհովայի երկրպագության մեջ ներդրած մեր ջանքերը նրա կողմից թանկ են գնահատվում, երբ դրանք սիրուց մղված են գործադրվում։ Մարդիկ կարող են չնկատել մեր ծանր աշխատանքը, բայց Աստված ուշադրություն է դարձնում մեր սրտանց տրված զոհերին և հիշում է դրանք (Մատթեոս 6։4)։
12 Մեր Աստծուն ամբողջովին հաճեցնելու համար, սակայն, մենք պետք է հնազանդություն ցույց տանք մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Մենք երբեք չպետք է մեզ խաբենք՝ մտածելով, որ Աստծու պահանջները կատարելու հարցում կարող ենք որոշ ազատություն տալ ինքներս մեզ այնքան ժամանակ, քանի դեռ երկրպագում ենք նրան կյանքի այլ ոլորտներում։ Օրինակ՝ անհատը կարող է խաբել ինքն իրեն՝ մտածելով, որ եթե կատարում է երկրպագության մեջ մտնող որոշ բաներ, ապա կարող է անբարոյականություն կամ այլ լուրջ սխալներ գործել և անպատիժ մնալ։ Որքա՜ն սխալ է այդպես մտածելը (Գաղատացիներ 6։7, 8)։
13. Երբ մենք մենակ ենք, ինչպե՞ս կարող է Եհովայի հանդեպ մեր հնազանդությունը փորձության ենթարկվել։
13 Ուստի մենք կարող ենք ինքներս մեզ հարցնել՝ «արդյոք հնազանդվո՞ւմ եմ Եհովային իմ ամենօրյա գործերում, նույնիսկ ինձ գաղտնի թվացող բաներում»։ Հիսուսն ասաց. «Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քչի մեջ անարդարը շատի մեջ էլ է անարդար» (Ղուկաս 16։10)։ Արդյոք մենք քայլո՞ւմ ենք մեր «սրտի անմեղութիւնովը» նույնիսկ մեր «տան մէջ», երբ ուրիշները մեզ չեն տեսնում (Սաղմոս 101։2)։ Իրոք, երբ մենք մեր տանն ենք, մեր անարատությունը կարող է փորձության ենթարկվել։ Շատ երկրներում, որտեղ սովորական բան է տներում համակարգիչներ ունենալը, անպարկեշտ տեսարաններ դիտելու համար բավական է միայն մկնիկը սեղմել։ Իսկ մի քանի տարի առաջ նման բաներ տեսնելու համար անհատը պետք է այնպիսի տեղեր այցելեր, որոնք անբարո զվարճությունների համար էին նախատեսված։ Արդյոք մենք հնազանդորեն հետևո՞ւմ ենք Հիսուսի այս խոսքերին. «Ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում»։ Կհրաժարվե՞նք արդյոք անբարո տեսարաններին նայելուց (Մատթեոս 5։28; Յոբ 31։1, 9, 10; Սաղմոս 119։37; Առակաց 6։24, 25; Եփեսացիներ 5։3–5)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հեռուստատեսային այն ծրագրերի մասին, որոնք բռնություն են ցույց տալիս։ Համաձա՞յն ենք մենք մեր Աստծու հետ, որի հոգին «կ’ատէ ամբարիշտը ու բռնութիւն սիրողը» (Սաղմոս 11։5, ԱԱ)։ Կամ ի՞նչ կարելի է ասել թաքուն չափից շատ խմիչք օգտագործելու մասին։ Աստվածաշունչը դատապարտում է հարբեցողությունը և միևնույն ժամանակ զգուշացնում է քրիստոնյաներին սովորություն չդարձնել «չափից շատ գինի» խմելը (Տիտոս 2։3; Ղուկաս 21։34, 35; 1 Տիմոթեոս 3։3)։
14. Կարո՞ղ ենք արդյոք հնազանդվել Աստծուն գումարային հարցերում։
14 Մենք պետք է զգոնություն պահպանենք նաև գումարային հարցերում։ Օրինակ՝ կներքաշվե՞նք արագ հարստանալու գործարքների մեջ, որի պատճառով գուցե խարդախության դիմելու վտանգի մեջ հայտնվենք։ Արդյոք կդիմե՞նք անօրինական ճանապարհների՝ խուսափելու համար հարկերը մուծելուց։ Թե՞ բարեխղճորեն կհնազանդվենք հետևյալ պատվերին. «Ամենքին տվեք իրենց հասանելիքը. որին պետք է հարկ տալ՝ հարկը» (Հռոմեացիներ 13։7)։
Հնազանդություն, որը առաջ է գալիս սիրուց
15. Ինչո՞ւ ես հնազանդվում Եհովայի պատվիրաններին։
15 Աստծու պատվիրաններին հնազանդվելը օրհնություններ է բերում։ Օրինակ՝ ծխախոտի գործածությունից հեռու մնալով, բարոյական կյանքով ապրելով և արյան սրբությունը հարգելով՝ մենք կխուսափենք որոշ հիվանդությունների զոհը դառնալուց։ Ավելին, կյանքի մյուս ոլորտներում Աստվածաշնչի ճշմարտության համաձայն ապրելով՝ մենք օգուտներ կստանանք ոչ միայն տնտեսական և սոցիալական առումով, այլև մեր ընտանեկան կյանքում (Եսայիա 48։17)։ Այս տեսանելի օգուտներից յուրաքանչյուրը իրավացիորեն կարելի է օրհնություն համարել, ինչը փաստում է, թե իրականում որքան գործնական են Աստծու օրենքները։ Սակայն Եհովային հնազանդվելու հիմնական պատճառն այն է, որ մենք սիրում ենք նրան։ Մենք Աստծուն չենք ծառայում եսասիրական նպատակներով (Յոբ 1։9–11; 2։4, 5)։ Աստված մեզ տվել է ընտրության ազատություն՝ հնազանդվելու նրան, ում որ մենք ենք կամենում։ Իսկ մենք ընտրում ենք Եհովային հնազանդվելը, որովհետև ցանկանում ենք հաճելի լինել նրան և ձգտում ենք անել այն, ինչը ճիշտ է (Հռոմեացիներ 6։16, 17; 1 Հովհաննես 5։3)։
16, 17. ա) Հիսուսը ինչպե՞ս սիրուց մղված հնազանդություն ցույց տվեց Աստծուն։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
16 Հիսուսը սիրուց մղված էր հնազանդվում Եհովային և այդ առումով կատարյալ օրինակ թողեց մեզ (Հովհաննես 8։28, 29)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա «չարչարանքներից հնազանդություն սովորեց» (Եբրայեցիներ 5։8, 9)։ Ինչպե՞ս։ Նա «խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ մահ տանջանքի ցցի վրա» (Փիլիպպեցիներ 2։7, 8)։ Ճիշտ է, երկնքում Հիսուսն արդեն հնազանդություն էր ցույց տվել, սակայն հետագայում նրա հնազանդությունը փորձության ենթարկվեց երկրի վրա։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը բոլոր առումներով համապատասխան էր՝ ծառայելու որպես Քահանայապետ ինչպես իր հոգևոր եղբայրների, այնպես էլ հավատ ունեցող բոլոր մարդկանց համար (Եբրայեցիներ 4։15; 1 Հովհաննես 2։1, 2)։
17 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Մենք կարող ենք ընդօրինակել Հիսուսին, եթե առաջին տեղում դնենք Աստծու կամքին հնազանդվելը (1 Պետրոս 2։21)։ Մենք բավարարվածություն ենք զգում, երբ Աստծու հանդեպ մեր սերը մղում է մեզ անել այն, ինչը Եհովան է պատվիրում, նույնիսկ այն դեպքերում, երբ այլ կերպ վարվելու փորձության ու ճնշման տակ ենք գտնվում (Հռոմեացիներ 7։18–20)։ Դրա մեջ մտնում է այն, որ մենք հոժարակամորեն հնազանդվենք նրանց, ովքեր, չնայած իրենց անկատարությանը, ճշմարիտ երկրպագության մեջ առաջնորդություն են վերցնում (Եբրայեցիներ 13։17)։ Իր պատվիրաններին հնազանդվելը Եհովան շատ թանկ է գնահատում։
18, 19. Մեր սրտանց հնազանդությունը Աստծուն ինչի՞ արդյունք է։
18 Այսօր Եհովային հնազանդվելու պատճառով մենք գուցե հալածանքներ դիմագրավենք մեր անարատությունը պահելու համար (Գործեր 5։29)։ Քարոզելու և սովորեցնելու մասին Եհովայի պատվիրանին հնազանդվելը նշանակում է նաև տոկալ մինչև իրերի այս համակարգի վախճանը (Մատթեոս 24։13, 14; 28։19, 20)։ Մեզ տոկունություն է հարկավոր, որպեսզի շարունակենք մեր եղբայրների հետ միասին հավաքվել, նույնիսկ եթե աշխարհի կողմից մեծ ճնշում ենք զգում։ Մեր սիրառատ հայրը տեսնում է, թե նման իրավիճակներում նրան հնազանդ մնալու համար ինչ ջանքեր ենք գործադրում։ Սակայն որպեսզի ամբողջությամբ հնազանդ լինենք նրան, պետք է պայքարենք մեր մեղավոր մարմնի դեմ և հեռու մնանք չարից՝ սեր զարգացնելով բարու հանդեպ (Հռոմեացիներ 12։9)։
19 Երբ մենք Եհովային ծառայում ենք սիրուց մղված և գնահատանքով լի սրտով, ապա կարող ենք վստահ լինել, որ նա «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբրայեցիներ 11։6)։ Ճիշտ է, զոհեր մատուցելը անհրաժեշտ է և ցանկալի, սակայն սիրուց մղված հնազանդությունն է, որ ամենից շատ հաճելի է նրան (Առակաց 3։1, 2)։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մենք ինչ–որ բան ունենք Եհովային տալու։
• Ի՞նչ սխալներ գործեց Սավուղը։
• Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ ընդունում ես, որ հնազանդությունը զոհից լավ է։
• Ի՞նչն է մղում քեզ հնազանդվել Եհովային։
[նկար 26–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կզգա իրեն հիվանդի առողջությամբ մտահոգված բժիշկը, եթե հիվանդը անտեսի նրա խորհուրդները
[նկար 28–րդ էջի վրա]
Ինչո՞ւ Սավուղ թագավորը տհաճություն պատճառեց Եհովային
[նկարներ 30–րդ էջի վրա]
Դու հնազանդվո՞ւմ ես Աստծու պատվիրաններին, երբ տանը մենակ ես