Դուք ունե՞ք անմահ հոգի
Արդյոք մենք միայն մսից ու արյունի՞ց ենք կազմված, թե՞ մեր կազմության մեջ ուրիշ մի բան էլ կա՝ բացի այն տարրերի ամբողջությունից, որոնցից մենք բաղկացած ենք։ Արդյո՞ք մենք այսօր երկրի վրա ենք, իսկ վաղը՝ մեկ ուրիշ տեղ։ Կամ մեր մարմնից ինչ–որ անտեսանելի մի մաս շարունակո՞ւմ է ապրել մահից հետո։
ՉՆԱՅԱԾ աշխարհում գոյություն ունեցող կրոնները բազմաթիվ շփոթեցնող հավատալիքներ են սովորեցնում անդրշիրիմյան կյանքի մասին, սակայն նրանց մեծ մասը մեկ հիմնական գաղափար է ընդունում. մարդու մեջ ինչ–որ բան անմահ է և մահից հետո շարունակում է ապրել։ Շատ մարդիկ հավատում են, որ այդ «ինչ–որ բանը» հոգին է։ Իսկ դո՞ւք ինչին եք հավատում։ Արդյո՞ք մեր մարմնի մի մասը միս է, իսկ մյուս մասը՝ հոգի։ Ի՞նչ է հոգին։ Մարդիկ ունե՞ն անմահ հոգի։ Որքա՜ն կարևոր է, որ մենք իմանանք ճշմարտությունը այն մասին, թե ով ենք մենք։
«Մարդը կենդանի հոգի եղաւ»
Արդյոք «հոգին» մարդու մի մա՞սն է, որը մահվան ժամանակ բաժանվում է մարմնից և շարունակում է ապրել։ Աստվածաշնչյան մի բառարանի համաձայն՝ «հաճախ հոգին հավասարեցվում է անհատի ողջ էությանը» («Holman Illustrated Bible Dictionary»)։ Օրինակ՝ Ծննդոց 2։7 համարում գրված է. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգիa եղաւ»։ Առաջին մարդ Ադամը հոգի էր։
Այս գաղափարին, որ «հոգին» կարող է վերաբերել անհատի ողջ էությանը, թիկունք են կանգնում նաև աստվածաշնչյան բնագրի ուրիշ համարներ։ Օրինակ՝ Աստվածաշնչում խոսվում է այն մասին, որ հոգին աշխատանք է կատարում (Ղեւտացոց 23։30)։ Նաև նշվում է, որ հոգին կարող է նեղանալ, վշտանալ, տրտմել, վախենալ և վհատվել (Դատաւորաց 16։16; Յոբ 19։2; Սաղմոս 119։28; Գործեր 2։43; 1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Հոգու մասին խոսելով որպես անձնավորության՝ Հռոմեացիներ 13։1–ը նշում է. «Թող ամեն անձ [«հոգի», ծնթ.] հպատակվի վերին իշխանություններին»։ Իսկ 1 Պետրոս 3։20–ում կարդում ենք. «Նոյի օրերում.... մի քանի մարդ, այսինքն՝ ութ հոգի, ապահով անցան ջրերի միջով»։ Սուրբգրային այս համարներում ոչ մի բան ցույց չի տալիս, որ հոգին ինչ–որ անմահ էություն է, որը շարունակում է ապրել մահից հետո։
Իսկ ի՞նչ կարելի է ասել կենդանիների ու բույսերի մասին։ Նրանք նո՞ւյնպես հոգիներ են։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում կենդանիների արարումը։ Աստված պատվիրեց՝ ասելով. «Թող ջրերը եռան կենդանի շունչ [հոգի] ունեցող զեռուններով»։ Իսկ հաջորդ ստեղծագործական օրը Աստված ասաց. «Երկիրը շնչաւոր կենդանի [կենդանի հոգիներ] հանէ իրենց տեսակի պէս, անասուններ եւ սողուններ եւ երկրի գազաններ իրանց տեսակի պէս» (Ծննդոց 1։20, 24)։ Ուստի բոլոր կենդանի արարածները՝ մարդիկ թե կենդանիները, հոգիներ են։ Աստվածաշնչում չի նշվում, որ բույսերն էլ են հոգիներ։
Սակայն «հոգի» բառը մեկ ուրիշ իմաստով էլ է օգտագործվում։ Յոբ 33։22–ում կարդում ենք. «Նորա անձը [հոգին] մօտենում է կորստեան, եւ նորա կեանքը՝ սպանողներին»։ Այս համարում «հոգի» և «կյանք» բառերը օգտագործված են որպես հոմանիշներ, և «հոգի» բառը մեկ ուրիշ իմաստ է ավելացնում «կյանք» բառին։ Հետևաբար, «հոգի» բառը կարող է նաև վերաբերել կյանքին, որն ունի կենդանի հոգին, այսինքն՝ մարդը։ Գրություններում Մովսեսի թշնամիների մասին նշվում է, «որ նրա կյանքը [հոգին] որոնում էին», այսինքն՝ փնտրում էին, որպեսզի սպանեին նրան (Ելից 4։19)։ Իսկ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Մարդու Որդին եկավ, որ.... իր կյանքը [«հոգին», ծնթ.] որպես փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։
«Հոգու» մասին Աստվածաշնչի բացատրությունը պարզ է և հետևողական։ Փաստորեն, այս բառը կարող է վերաբերել մարդկանց, կենդանիներին և այն կյանքին, որն ունեն ստեղծված արարածները՝ որպես կենդանի հոգիներ։ Ինչպես դեռ կտեսնենք, այս հասկացողությունը ներդաշնակ է Աստվածաշնչում տրված այն բացատրությանը, թե ինչ է տեղի ունենում, երբ հոգին մահանում է։
Մեղանչող հոգին պիտի մեռնի
Աստվածաշնչում գրված է. «Մեղանչող անձը [հոգին] ինքը պիտի մեռնէ» (Եզեկիէլ 18։4)։ Վշտացած Եղիա մարգարեն «ուզեց որ մեռնէ», կամ ըստ բնագրի՝ որ իր հոգին մեռնի (Գ Թագաւորաց 19։4)։ Հովնանը նույնպես «իր անձի [հոգու]» համար ուզեց, որ այն մեռնի (Յովնան 4։8)։ Այո, երբ անհատը մեռնում է, մեռնում է հոգին։ Հոգին անմահ չէ։ Եվ քանի որ մարդը հոգի է, երբ ինչ–որ մեկը մահանում է, նույնն է, թե նրա հոգին է մահանում։
Իսկ ի՞նչ կարելի է ասել աստվածաշնչյան այն համարների առնչությամբ, որտեղ խոսվում է հոգու դուրս գնալու և նորից ետ գալու մասին։ Թե ինչ պատահեց Ռաքելի հետ, երբ նա որդի ծնեց, Աստվածաշունչն այդ կապակցությամբ ասում է. «Երբոր նորա հոգին դուրս էր գալիս (որովհետեւ մեռաւ,) նորա անունը Բենօնի դրաւ. բայց նորա հայրը Բենիամին կոչեց նորան» (Ծննդոց 35։18)։ Իսկ այրի կնոջ որդու հարության վերաբերյալ Գ Թագաւորաց 17։22–ում գրված է. «Տէրը լսեց Եղիայի ձայնին [աղոթքի միջոցով], եւ երեխայի շունչը [հոգին] նորա մէջը դարձաւ եւ նա կենդանացաւ»։ Արդյոք այս համարները մատնանշո՞ւմ են, որ հոգին ինչ–որ անտեսանելի, անշոշափելի մի բան է, որը կարող է դուրս գալ մարմնից կամ մտնել մարմնի մեջ։
Հիշենք, որ «հոգի» բառը նաև նշանակում է «կյանք»։ Ուստի այն, որ Ռաքելի հոգին դուրս էր գալիս, նշանակում է, որ նրա կյանքը իր ավարտին էր մոտենում։ Որոշ Աստվածաշնչերում «նորա հոգին դուրս էր գալիս» արտահայտությունը թարգմանվել է «նրա կյանքը ավարտվում էր» («Knox») կամ «նա իր վերջին շունչը տվեց» («Jerusalem Bible») արտահայտություններով։ Նույն ձևով էլ, այրու որդու պարագայում կյանքն էր, որ վերադարձավ տղային (Գ Թագաւորաց 17։23)։
Ով է մարդը
Աստվածաշունչը պարզորոշ կերպով ցույց է տալիս, թե ով է մարդը։ Նա հոգի չունի, նա հենց ինքը հոգի է։ Եվ քանի որ մենք արդեն դա գիտենք, ուստի կարող ենք ասել, որ մահացածների համար ապագա կյանքի հույսը կախված է հարությունից։ Աստվածաշունչը խոստանում է. «Սրա վրա մի՛ զարմացեք, որովհետև գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում, [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության, իսկ ովքեր չար գործեր են արել, դատաստանի հարության» (Հովհաննես 5։28, 29)։ Ոչ թե հոգու անմահության ուսմունքը, այլ հարության մասին այս վստահելի խոստումն է մահացածների համար իրական հույսի հիմք ծառայում։
Ուստի որքա՜ն կարևոր է ճշգրիտ գիտելիքներ ստանալ այն մասին, թե ինչ է հարությունը, և թե ինչ է այն նշանակում մարդկության համար։ Բացի այդ, շատ կարևոր է գիտելիքներ ունենալ նաև Աստծու և Քրիստոսի մասին, քանի որ իր աղոթքում Հիսուսն ասաց. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Ձեր տարածքում ապրող Եհովայի վկաները մեծ ուրախությամբ կօգնեն ձեզ Աստվածաշունչ ուսումնասիրել, որպեսզի դուք կարողանաք ավելի շատ գիտելիքներ ունենալ Աստծու, իր Որդու և Աստծու խոստումների վերաբերյալ։ Մենք հրավիրում ենք ձեզ կապ հաստատել Վկաների հետ կամ էլ գրել այս պարբերագրի հրատարակիչներին։
[ծանոթագրություն]
a Հայերեն Աստվածաշնչերում եբրայերեն նեֆեշ բառը հետևողականորեն չի թարգմանվել։ Այն թարգմանվել է «հոգի», «անձ», «շունչ», «սիրտ» բառերով։ «Նոր աշխարհ թարգմանությունը» այդ եբրայերեն բառը հետևողականորեն թարգմանում է «հոգի»։ Այս հոդվածում մեջբերված այն համարներում, որտեղ բնագրում հանդիպում է նեֆեշ բառը, և որը հայերենում թարգմանված է հիշյալ բառերից որևէ մեկով, ուղիղ փակագծերում տրվում է «հոգի» ձևը։
[նկարներ 4–րդ էջի վրա]
Նրանք բոլորը հոգիներ են
[թույլտվությամբ]
Goat: CNPC— Centro Nacional de Pesquisa de Caprinos (Sobral, CE, Brasil)