Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ Սավուղ թագավորը հարցրեց Դավթին՝ «ո՞ւմ տղան ես դու» այն բանից հետո, երբ Դավիթը սպանեց Գողիաթին, չնայած որ մինչ այդ դեպքը Սավուղը մարդ էր ուղարկել Դավթի ետևից, որպեսզի վերջինս իր սպասավորը դառնար (Ա Թագաւորաց 16։22; 17։58)։
Առաջին պատասխանը, որ կարելի է այս հարցին տալ, թերևս այն է, որ Սավուղը մոռացել էր, թե ով էր Դավիթը, քանի որ նրանց առաջին հանդիպումը շատ կարճ էր տևել։ Սակայն դա անհավանական է, քանի որ Ա Թագաւորաց 16։18–23 համարները ցույց են տալիս, որ Սավուղ թագավորը մարդ էր ուղարկել հենց Դավթի ետևից։ Նա շատ սիրեց նրան ու իր զինակիրը դարձրեց։ Ուստի Սավուղը պետք է որ շատ լավ ճանաչեր Դավթին։
Որոշ աստվածաշնչագետներ կարծում են, որ Ա Թագաւորաց 17։12–31 և 17։55–18։5 համարները ավելացվել են հետագայում, քանի որ դրանք չկան հունարեն «Յոթանասնից» թարգմանության որոշ օրինակների մեջ, որը Եբրայերեն Գրությունների թարգմանությունն է՝ ամբողջացված մ.թ.ա. երկրորդ դարում։ Սակայն միայն «Յոթանասնից» թարգմանության այդ օրինակների հիման վրա այսպիսի եզրակացություն անելը իմաստուն չէ, որովհետև այս համարները կան նաև Եբրայերեն Գրությունների այլ վստահարժան ձեռագրերում։a
Ակներևաբար հարցը ուղղելով սկզբում Աբեններին և հետո նոր Դավթին՝ Սավուղը միայն Դավթի հոր անունով չէ, որ հետաքրքրված էր։ Տեսնելով Դավթին բոլորովին նոր լույսի ներքո՝ որպես մեծ հավատի և քաջության տեր անձնավորության, որը քիչ առաջ հաղթանակ էր տարել Գողիաթի դեմ՝ Սավուղը ցանկացավ իմանալ, թե ինչպիսի մարդ էր դաստիարակել այդ տղային։ Նա գուցե մտածում էր Դավթի հորը՝ Հեսսեին, կամ նրա ընտանիքի մյուս անդամներին էլ ընդգրկել իր բանակի մեջ, քանի որ այն քաջությունն ու խիզախությունը, որ նա տեսավ Դավթի մեջ, կարող էր նաև նրանց մեջ լինել։
Եվ չնայած Ա Թագաւորաց 17։58–ում միայն Դավթի կարճ պատասխանն է գրի առնված՝ «քո ծառայ Բեթլեհէմացի Յեսսէի տղան եմ», սակայն հաջորդող խոսքերից կարելի է ենթադրել, որ նրանց միջև երկար զրույց է տեղի ունեցել։ Այս կապակցությամբ ուշադրություն դարձրեք, թե ինչ մեկնաբանություն են տալիս աստվածաշնչագետներ Կառլ Քիլը և Ֆրանց Դելիտշը. «[Ա Թագաւորաց 18։1] համարի խոսքերից երևում է, որ երբ Դավիթն արդեն պատասխանել էր Սավուղի հարցին, վերջինս շարունակել էր լրացուցիչ հարցեր տալ նրանց ընտանիքի գործերի մասին։ Հենց այդ համարի խոսքերը հուշում են, որ նրանց միջև երկար զրույց է տեղի ունեցել»։
Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ «ո՞ւմ տղան ես դու» հարցով Սավուղը մտադիր էր իմանալ ոչ թե Դավթի ով լինելը, ինչը նա արդեն գիտեր, այլ Դավթի ընտանիքի մասին որոշ մանրամասնություններ։
[ծանոթագրություն]
a Այն, որ «Յոթանասնից»–ում բացակայող համարները իրականում եղել են բնագրերում, տե՛ս «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը (հատոր 2, էջ 855, անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 31–րդ էջի վրա]
Ինչո՞ւ Սավուղը հարցրեց Դավթին, թե ում տղան է նա