Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 9/15 էջ 26–30
  • Ինչպե՞ս ողորմած լինել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս ողորմած լինել
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Եթե որևէ եղբայր... մերկ է»
  • «Եթե շարունակում եք խտրականություն դնել»
  • «Վերին իմաստությունը.... ողորմությամբ լի է»
  • «Ներեք մարդկանց իրենց հանցանքները»
  • «Բարին գործենք բոլորի հանդեպ»
  • «Ներսում եղածները տվեք»
  • «Ձեր Հայրը ողորմած է»
    2007 Դիտարան
  • Աստված «հարուստ է ողորմությամբ»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են
    Գովերգենք Եհովային
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 9/15 էջ 26–30

Ինչպե՞ս ողորմած լինել

«Եկեք բարին գործենք բոլորի հանդեպ, բայց հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 6։10)։

1, 2. Ի՞նչ ենք սովորում ողորմած լինելու մասին բարի սամարացու առակից։

ՀԻՍՈՒՍԻ հետ խոսելիս օրենքից լավատեղյակ մի մարդ հարցրեց նրան. «Իմ մերձավորը ո՞վ է»։ Ի պատասխան՝ Հիսուսը պատմեց հետևյալ առակը. «Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով և ավազակների ձեռքն ընկավ, որոնք մերկացրին, ծեծեցին ու նրան կիսամեռ թողնելով՝ հեռացան։ Այնպես պատահեց, որ մի քահանա իջնում էր այդ ճանապարհով, բայց երբ տեսավ նրան, հակառակ կողմով անցավ–գնաց։ Նույնպես էլ մի ղևտացի, երբ այդ տեղը հասավ ու տեսավ նրան, հակառակ կողմով անցավ–գնաց։ Բայց մի սամարացի, որ ճամփորդում էր այդ ճանապարհով, մոտ եկավ և տեսնելով նրան՝ խղճահարվեց։ Ուստի մոտեցավ ու կապեց նրա վերքերը՝ դրանց վրա ձեթ և գինի լցնելով։ Ապա նրան դրեց իր անասունի վրա և բերեց մի իջևանատուն ու հոգ տարավ նրա մասին։ Հաջորդ օրը երկու դինար հանեց, տվեց իջևանատիրոջն ու ասաց. «Հո՛գ տար նրա մասին, և ինչ էլ որ սրանից ավել ծախսես, կվճարեմ քեզ, երբ վերադառնամ»։ Ըստ քեզ՝ այս երեքից ո՞ր մեկը մերձավոր դարձավ այն մարդու համար, որը ավազակների ձեռքն էր ընկել»։ Այդ մարդը պատասխանեց. «Նա, որը նրա հետ ողորմածաբար վարվեց»» (Ղուկաս 10։25, 29–37)։

2 Այդ վիրավոր մարդու հանդեպ սամարացու վերաբերմունքը որքա՜ն վառ կերպով է ցույց տալիս, թե որն է իսկական ողորմությունը։ Կարեկցանքից մղված՝ սամարացին այնպիսի վերաբերմունք դրսևորեց, որը թեթևացում բերեց այդ անհատին։ Ավելին, դժվար կացության մեջ հայտնված մարդը անծանոթ էր սամարացուն։ Ողորմած լինելու համար ազգային, կրոնական կամ մշակութային տարբերությունները արգելքներ չեն։ Բարի սամարացու առակը պատմելուց հետո Հիսուսն իր զրուցակցին խորհուրդ տվեց. «Գնա՛ և դո՛ւ էլ նույնն արա» (Ղուկաս 10։37)։ Մենք կարող ենք հետևել այս հորդորին և ձգտել ողորմած լինել ուրիշների նկատմամբ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ողորմություն դրսևորել մեր առօրյա կյանքում։

«Եթե որևէ եղբայր... մերկ է»

3, 4. Ինչո՞ւ մենք պետք է ողորմած լինենք հատկապես մեր հավատակիցների հանդեպ։

3 «Քանի դեռ ժամանակը բարենպաստ է մեզ համար, եկեք բարին գործենք բոլորի հանդեպ, բայց հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ»,— ասաց Պողոս առաքյալը (Գաղատացիներ 6։10)։ Սկզբում կքննարկենք, թե ինչպես կարող ենք ողորմություն ցուցաբերել մեր հավատակիցների հանդեպ։

4 Հորդորելով ճշմարիտ քրիստոնյաներին ողորմություն ցուցաբերել իրար նկատմամբ՝ Հակոբոս աշակերտն ասաց. «Նա, ով ողորմություն չի անում, առանց ողորմության էլ դատաստան կստանա» (Հակոբոս 2։13)։ Ներշնչված այս խոսքերի համատեքստը հուշում է մեզ, թե ինչ կերպերով կարող ենք ողորմություն դրսևորել։ Հակոբոս 1։27–ում գրված է. «Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ երկրպագությունը սա է՝ հոգ տանել որբերին և այրիներին նրանց նեղության մեջ և իր անձը անբիծ պահել աշխարհից»։ Իսկ նույն գրքի 2–րդ գլխի 15, 16 համարներում կարդում ենք. «Եթե որևէ եղբայր կամ քույր մերկ է և օրվա համար բավականաչափ ուտելիք չունի, և ձեզանից մեկն ասում է նրան՝ «գնա՛ խաղաղությամբ, տաքացի՛ր և կշտացի՛ր», բայց նրան չեք տալիս մարմնի համար անհրաժեշտ բաները, ապա ո՞րն է օգուտը»։

5, 6. Մեր ժողովի անդամների հանդեպ ինչպե՞ս կարող ենք ողորմությամբ հարուստ լինել։

5 Ուրիշներին հոգ տանելը և դժվար կացության մեջ գտնվողներին օգնելը ճշմարիտ կրոնին բնորոշ առանձնահատկություններից են։ Որպես ճշմարիտ երկրպագուներ՝ մենք ուրիշների հանդեպ մեր հետաքրքրությունը չենք սահմանափակում միայն խոսքերով։ Ընդհակառակը՝ կարեկցանքի ջերմ զգացումը մղում է մեզ ինչ–որ բան անել նրանց համար, ովքեր լուրջ դժվարություններ ունեն (1 Հովհաննես 3։17, 18)։ Օրինակ՝ մեր հիվանդ հավատակցի համար կերակուր պատրաստելը, տարեցներին տնային գործերում օգնելը, անհրաժեշտության դեպքում որևէ մեկին մեքենայով ժողովի հանդիպման տանելը կամ արժանի մարդկանց համար ոչ մի բան չխնայելը ողորմությամբ հարուստ գործեր են (Բ Օրինաց 15։7–10)։

6 Սակայն քրիստոնեական ժողովի անդամներին հոգևորապես աջակցելը ավելի կարևոր է։ Մեզ հորդոր է տրվում. «Սփոփեք վհատված հոգիները, թիկունք կանգնեք թույլերին» (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ «Տարեց կանանց» խրախուսվում է «լինել բարին սովորեցնող» (Տիտոս 2։3)։ Իսկ քրիստոնյա վերակացուների մասին Աստվածաշնչում ասվում է, որ նրանք պետք է լինեն «քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս» (Եսայիա 32։2)։

7. Անտիոքի քրիստոնյաներից ի՞նչ ենք սովորում ողորմություն դրսևորելու մասին։

7 Այրիներին, որբերին և կարիքավորներին հոգ տանելուց և քաջալերելուց բացի՝ առաջին դարի քրիստոնյաները ժամանակ առ ժամանակ իրենց կարողության չափով օգնում էին նաև այլ վայրերում ապրող իրենց հավատակիցներին։ Օրինակ՝ երբ Ագաբոս մարգարեն կանխագուշակեց, որ «մեծ սով էր լինելու ամբողջ բնակեցված երկրի վրա», Անտիոքի քրիստոնյաները «որոշեցին, որ ամեն մեկն իր կարողացածի չափով օգնություն ուղարկի Հրեաստանում բնակվող եղբայրներին»։ Ուստի «Բառնաբասի և Սողոսի ձեռքով» այդ մասին տեղեկացվեց այնտեղի երեցներին (Գործեր 11։28–30)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ներկայիս քրիստոնյաների մասին։ «Հավատարիմ և իմաստուն ծառան» կազմակերպում է օգնության կոմիտեներ՝ հոգ տանելու համար այն եղբայրներին, ովքեր գուցե մեծ վնասներ են կրել փոթորիկներից, երկրաշարժերից և ցունամիներից (Մատթեոս 24։45)։ Հոժարակամորեն մեր ժամանակը, ջանքերը և միջոցները տրամադրելը և այս կոմիտեների հետ համագործակցելը ողորմություն դրսևորելու հրաշալի առիթներ են։

«Եթե շարունակում եք խտրականություն դնել»

8. Ինչպե՞ս է խտրականությունը խանգարում, որ ողորմած լինենք։

8 Զգուշացնելով, որ մեր մեջ կան հատկություններ, որոնք խանգարում են ողորմություն դրսևորել և սիրո «թագավորական օրենքը» կատարել՝ Հակոբոսը գրեց. «Եթե շարունակում եք խտրականություն դնել, ապա մեղք եք գործում, քանի որ օրենքի կողմից հանդիմանվում եք որպես օրինազանցներ» (Հակոբոս 2։8, 9)։ Երբ խտրականություն դնելով՝ ողորմություն ենք ցուցաբերում միայն նյութապես հարուստ մարդկանց հանդեպ, ապա հնարավոր է անտարբեր մնանք «աղքատի աղաղակին» (Առակաց 21։13)։ Խտրականությունը կոտրում է ողորմած լինելու ոգին։ Մենք ողորմած կլինենք, եթե տարբերություն չդնենք մարդկանց միջև։

9. Ինչո՞ւ սխալ չէ առանձնահատուկ ուշադրություն դարձնել նրանց, ովքեր արժանի են նման վերաբերմունքի։

9 Սակայն արդյոք անկողմնապահ լինելը նշանակո՞ւմ է, որ մենք երբեք չպետք է որևէ մեկին առանձնահատուկ ուշադրության արժանացնենք։ Իհա՛րկե ոչ։ Իր համագործակից Եպափրոդիտոսի մասին Պողոս առաքյալը Փիլիպպեի քրիստոնյաներին գրեց. «Այսպիսի մարդկանց թանկ գնահատեք»։ Ինչո՞ւ։ «Որովհետև հանուն Տիրոջ գործի նա քիչ էր մնում մահանար՝ իր հոգին վտանգի ենթարկելով, որպեսզի ամբողջովին լրացնի ձեր բացակայությունը և ձեր փոխարեն՝ ինքը ծառայություն մատուցի ինձ» (Փիլիպպեցիներ 2։25, 29, 30)։ Իրոք, նա իր հավատարիմ ծառայության համար գնահատանքի էր արժանի։ Դեռ ավելին, 1 Տիմոթեոս 5։17–ում կարդում ենք. «Այն երեցները, որ լավ են ղեկավարում, թող կրկնակի պատվի արժանանան, հատկապես նրանք, ովքեր տքնաջան աշխատում են խոսելու և սովորեցնելու մեջ»։ Այո՛, գնահատանքի են արժանի նաև հոգևոր լավ հատկությունները։ Այսպիսի վերաբերմունքը խտրականություն չէ։

«Վերին իմաստությունը.... ողորմությամբ լի է»

10. Ինչո՞ւ մենք պետք է կառավարենք մեր լեզուն։

10 Լեզուն օգտագործելու մասին Հակոբոսը գրում է. «Մի անկառավարելի, վնասաբեր բան է այն՝ լցված մահաբեր թույնով։ Նրանով մենք օրհնում ենք Եհովային՝ Հորը, և նրանով էլ անիծում մարդկանց, որոնք «Աստծու նմանությամբ» են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։ Եղբայրնե՛րս, պետք չէ, որ այս բաներն այսպես շարունակվեն։ Բայց եթե դուք դառը նախանձ և կռվասիրություն ունեք ձեր սրտերում, մի՛ պարծեցեք և սուտ մի՛ խոսեք ճշմարտության դեմ։ Սա այն իմաստությունը չէ, որ վերևից է գալիս, այլ երկրայինն է, մարմնավորը, դիվականը։ Որովհետև որտեղ նախանձ ու կռվասիրություն կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան։ Սակայն վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար, խոհեմ, հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի, կողմնապահություն չանող, առանց կեղծավորության» (Հակոբոս 3։8–10, 14–17)։

11. Ինչպե՞ս կարող ենք ողորմած լինել մեր լեզուն օգտագործելիս։

11 Ունե՞նք արդյոք իմաստություն, որը «լի է ողորմությամբ»։ Դե երևում է այն բանից, թե ինչպես ենք օգտագործում մեր լեզուն։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մասին, որ նախանձի ու կռվասիրության պատճառով մենք պարծենում ենք, սուտ ենք խոսում կամ վնասակար բամբասանք ենք տարածում։ Սաղմոս 94։4–ում նշվում է, որ այն անհատները, ովքեր պարծենում են, «անօրէնութիւն գործողներ են»։ Որքա՛ն արագ կարող են վնասակար զրույցները վարկաբեկել անմեղ անհատի հեղինակությունը (Սաղմոս 64։2–4)։ Բացի այդ, մտածիր, թե ինչ ցավ կարող է պատճառել «ստախօս վկան», որը «սուտեր է փչում» (Առակաց 14։5; Գ Թագաւորաց 21։7–13)։ Լեզվի սխալ գործածության մասին խոսելուց հետո Հակոբոսը գրում է. «Եղբայրնե՛րս, պետք չէ, որ այս բաներն այսպես շարունակվեն» (Հակոբոս 3։10բ)։ Իրականում ողորմած լինելու համար պահանջվում է, որ մեր լեզուն մաքուր, խաղաղարար և խոհեմ լինի։ Հիսուսն ասաց. «Ամեն անպետք խոսքի համար, որ մարդիկ խոսում են, հաշիվ պիտի տան Դատաստանի օրը» (Մատթեոս 12։36)։ Ուրեմն որքան կարևոր է, որ մենք ողորմած լինենք մեր լեզուն օգտագործելիս։

«Ներեք մարդկանց իրենց հանցանքները»

12, 13. ա) Ի՞նչ ենք սովորում ողորմած լինելու մասին Հիսուսի պատմած առակից։ բ) Ի՞նչ է նշանակում ներել մեր եղբորը «մինչև յոթանասունյոթ անգամ»։

12 Հիսուսի առակը մի ծառայի մասին, որը 60 000 000 դինար էր պարտք իր տիրոջը, ցույց է տալիս, թե է՛լ ինչպես կարող ենք ողորմած լինել։ Իր պարտքը վճարելու ոչ մի միջոց չունենալով՝ ծառան աղաչեց, որ թագավորը ողորմի իրեն։ «Խղճալով» ծառային՝ թագավորը չեղյալ համարեց նրա պարտքը։ Բայց ծառան դուրս գնաց, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն ընդամենը հարյուր դինար էր պարտք, և անողորմաբար նրան բանտը գցեց։ Երբ ծառայի տերն իմացավ, թե ինչ էր պատահել, կանչեց նրան ու ասաց. «Չա՛ր ծառա, ես այն ամբողջ պարտքը չեղյալ համարեցի քեզ, երբ դու աղաչեցիր ինձ։ Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմած լինեիր քո ծառայակցի հանդեպ, ինչպես որ ես ողորմած եղա քո հանդեպ»։ Եվ նրա տերը նրան հանձնեց բանտապահներին։ Հիսուսն ավարտեց առակը՝ ասելով. «Նույն ձևով էլ իմ երկնային Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզանից ամեն մեկը իր եղբորը սրտանց չների» (Մատթեոս 18։23–35)։

13 Որքան վառ կերպով է վերոհիշյալ առակը ընդգծում այն միտքը, որ ողորմած լինելու մեջ մտնում է նաև պատրաստակամորեն ներելը։ Եհովան չեղյալ է համարել մեր մեղքերի հսկայական պարտքը։ Պետք չէ՞ արդյոք, որ մենք էլ «ներենք մարդկանց իրենց հանցանքները» (Մատթեոս 6։14, 15)։ Հիսուսը անողորմ ծառայի մասին առակը պատմեց, երբ Պետրոսը հարցրեց նրան. «Տե՛ր, եթե իմ եղբայրը մեղք գործի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան։ Մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Ասում եմ քեզ. ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ» (Մատթեոս 18։21, 22)։ Այո, ողորմած անհատը պատրաստ է ներելու մինչև յոթանասունյոթ անգամ, այսինքն՝ անվերջ։

14. Մատթեոս 7։1–4 համարների համաձայն՝ ինչպե՞ս կարող ենք ողորմություն ցուցաբերել ամեն օր։

14 Ողորմություն դրսևրելու մեկ ուրիշ կերպ էլ կա, որի մասին Հիսուսը խոսեց Լեռան քարոզում։ Կարդում ենք. «Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նույն դատաստանով էլ կդատվեք.... Ուրեմն ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «թո՛ւյլ տուր հանեմ աչքիդ միջի շյուղը», երբ քո աչքում գերան կա» (Մատթեոս 7։1–4)։ Այսպիսով՝ մենք կարող ենք ամեն օր ողորմություն ցուցաբերել՝ անտեսելով ուրիշների սխալները կամ թերությունները՝ առանց նրանց քննադատելու։

«Բարին գործենք բոլորի հանդեպ»

15. Ինչո՞ւ միայն մեր հավատակիցների հանդեպ չէ, որ պետք է ողորմություն ցուցաբերենք։

15 Ճիշտ է, Աստվածաշնչի «Հակոբոս» գիրքը նշում է, որ պետք է ողորմած լինել հավատակիցների նկատմամբ, սակայն դա չի նշանակում, որ չպետք է ողորմած լինել ուրիշների հանդեպ։ «Բարի է տէրը ամենի համար,— գրված է Սաղմոս 145։9–ում,— նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է»։ Մեզ հորդոր է տրվում «ընդօրինակել Աստծուն» և «բարին գործել բոլորի հանդեպ» (Եփեսացիներ 5։1; Գաղատացիներ 6։10)։ Եվ չնայած մենք չենք սիրում «աշխարհը և ոչ էլ այն ամենը, ինչ որ աշխարհի մեջ է», սակայն միևնույն ժամանակ անտարբեր չենք աշխարհում ապրող մարդկանց կարիքների նկատմամբ (1 Հովհաննես 2։15)։

16. Ո՞ր գործոնները կարող են ազդել ուրիշների հանդեպ ողորմություն ցուցաբերելու վրա։

16 Որպես քրիստոնյաներ՝ միշտ չէ, որ կարողանում ենք օգնել նրանց, ովքեր դժբախտ պատահարի զոհ են դարձել կամ գտնվում են շատ դժվար կացության մեջ (Ժողովող 9։11)։ Այսպիսի դեպքերում հանգամանքներն են թելադրում, թե ինչ կարող ենք անել և որքան կարող ենք անել (Առակաց 3։27)։ Իսկ երբ նյութապես օգնում ենք ուրիշներին, պետք է զգույշ լինել, որ մեր բարի գործերով չդրդենք անհատին ծուլության (Առակաց 20։1, 4; 2 Թեսաղոնիկեցիներ 3։10–12)։ Իրականում անհատը ոչ միայն կարեկցանքի ջերմ զգացմունքից, այլև առողջ դատողությունից մղված պետք է ողորմություն ցուցաբերի։

17. Ինչպե՞ս կարող ենք լավագույն կերպով ողորմություն ցուցաբերել նրանց նկատմամբ, ովքեր քրիստոնեական ժողովի անդամներ չեն։

17 Ողորմություն ցուցաբերելու լավագույն միջոցը այն մարդկանց նկատմամբ, ովքեր քրիստոնեական ժողովի անդամներ չեն, բարի լուրը քարոզելն է։ Ինչո՞ւ։ Քանի որ այսօր մարդկանց մեծամասնությունը խարխափում է հոգևոր խավարի մեջ։ Նրանք չեն կարողանում հաղթահարել դժվարությունները և ապագայի ոչ մի իրական հույս չունեն։ Շատ մարդիկ «կեղեքված են և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթեոս 9։36)։ Աստծու Խոսքը կարող է լինել «ճրագ իրենց ոտների համար»՝ օգնելով նրանց հաղթահարել կյանքի խնդիրները։ Աստվածաշունչը նաև «լոյս է իրենց ճանապարհի համար» այն իմաստով, որ հայտնում է ապագայի վերաբերյալ Աստծու նպատակը և այդպիսով պայծառ հույս է տալիս նրանց (Սաղմոս 119։105)։ Ի՜նչ մեծ պատիվ է պատմել ճշմարտության հրաշալի լուրը նրանց, ովքեր դրա կարիքը ավելի շատ ունեն։ Հաշվի առնելով, որ «մեծ նեղությունը» մոտենում է՝ հիմա է Թագավորության քարոզչության գործին եռանդորեն մասնակցելու և աշակերտներ պատրաստելու ժամանակը (Մատթեոս 24։3–8, 21, 22, 36–41; 28։19, 20)։ Ողորմության ուրիշ ոչ մի դրսևորում այսքան կարևոր չէ։

«Ներսում եղածները տվեք»

18, 19. Ինչո՞ւ պետք է ջանք թափենք ավելի հաճախ ողորմություն դրսևորելու համար։

18 «Ներսում եղածները տվեք որպես ողորմության նվերներ» (Ղուկաս 11։41)։ Որպեսզի բարի գործը լինի իսկական ողորմածության դրսևորում, այն պետք է լինի նվեր, որ տրվում է «ներսից», այսինքն՝ սրտանց և հոժարությամբ (2 Կորնթացիներ 9։7)։ Որքա՜ն մեծ թարմություն է բերում այդպիսի ողորմությունը մի աշխարհում, որտեղ դաժանությունը, եսասիրությունը և ուրիշների տառապանքի ու խնդիրների հանդեպ անտարբերությունը սովորական բաներ են դարձել։

19 Եկե՛ք, ուրեմն, ջանք թափենք ավելի հաճախ ողորմություն դրսևորել։ Որքան ողորմած լինենք, այնքան ավելի կնմանվենք Աստծուն։ Դրա շնորհիվ մենք կունենանք իմաստալից և բավականություն պատճառող կյանք (Մատթեոս 5։7)։

Ի՞նչ սովորեցիր

• Ինչո՞ւ է կարևոր ողորմություն դրսևորել հատկապես հավատակիցների նկատմամբ։

• Ինչպե՞ս կարող ենք ողորմություն ցուցաբերել քրիստոնեական ժողովում։

• Ինչպե՞ս բարին գործենք մարդկանց հանդեպ։

[նկար 26–րդ էջի վրա]

Սամարացին ողորմածորեն վարվեց

[նկարներ 27–րդ էջի վրա]

Քրիստոնյաները հարուստ են ողորմությամբ

[նկար 30–րդ էջի վրա]

Մարդկանց հանդեպ ողորմություն ցուցաբերելու լավագույն միջոցը բարի լուրը քարոզելն է

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը