«Հագեք խոնարհամտությունը»
ԱՅԴ մարդը մի բարգավաճ քաղաքի բնակիչ էր և ի ծնե ուներ Հռոմի քաղաքացիություն։ Ամենայն հավանականությամբ, նա հայտնի ընտանիքից էր, ստացել էր մեր թվարկության առաջին դարում հնարավոր լավագույն կրթությունը, տիրապետում էր առնվազն երկու լեզվի և անդամակցում էր հրեաների մեջ հարգանք վայելող կրոնական մի խմբի՝ փարիսեցիներին։ Այդ մարդու անունը Սավուղ էր։
Սավուղը հավանաբար սովոր էր վերևից նայել հասարակ մարդկանց և հպարտանալ իր արդարությամբ (Ղուկաս 18։11, 12; Գործեր 26։5)։ Փարիսեցիները իրենց ուրիշներից վեր էին դասում, ձգտում էին հեղինակության և բարձր տիտղոսների (Մատթեոս 23։6, 7; Ղուկաս 11։43)։ Այսպիսի մարդկանց հետ շփվելով՝ Սավուղը հավանաբար ինքն էլ էր դարձել մեծամիտ։ Հայտնի է, որ նա մոլեռանդորեն հալածում էր քրիստոնյաներին։ Տարիներ անց նա ճանաչվեց որպես Պողոս առաքյալ։ Հիշելով իր անցյալը՝ Սավուղն ինքն իրեն անվանեց «հայհոյող, հալածող ու անպատկառ մարդ» (1 Տիմոթեոս 1։13)։
Այո՛, Սավուղը քրիստոնյա Պողոս առաքյալն էր, և նրա անձնավորությունը ամբողջապես փոխվել էր։ Նա այնքան խոնարհ էր դարձել, որ իր մասին ասաց, թե «սրբերի մեջ փոքրագույնից էլ փոքր» է (Եփեսացիներ 3։8)։ Ու թեպետ Պողոսը մեծ հաջողությունների հասավ քարոզչական գործում, դա գլուխ գովելու առիթ չտվեց իրեն։ Նա ամբողջ փառքը վերագրեց Աստծուն (1 Կորնթացիներ 3։5–9; 2 Կորնթացիներ 11։7)։ Ավելին, Պողոսն էր, որ քրիստոնյաներին տվեց հետևյալ խորհուրդը. «Ձեզ վրա հագեք կարեկցանքի ջերմ զգացմունքները, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և երկայնամտությունը» (Կողոսացիներ 3։12)։
Արդյո՞ք այս խորհուրդը վերաբերում է նաև մեզ՝ 21–րդ դարում ապրողներիս։ Արժե՞ խոնարհ լինել։ Խոնարհամտությունը իսկապե՞ս ուժեղ լինելու նշան է։
Ամենակարողը խոնա՞րհ է
Խոնարհության թեման քննարկելիս հարկավոր է հաշվի առնել Աստծու տեսակետը։ Ինչո՞ւ։ Որովհետև նա է մեր Գերիշխանն ու Արարիչը։ Մենք պետք է ընդունենք, որ, ի տարբերություն նրա, սահմանափակ հնարավորությունների տեր ենք և կախում ունենք նրանից։ «Նա Ամենակարող է. մենք չենք հասնիլ նորան. նա զօրութեամբ բարձրացեալ է»,— ասել է հնում ապրած մի իմաստուն անձնավորություն, որի անունը Եղիուս էր (Յոբ 37։23)։ Բավական է ընդամենը խորհրդածել մեր ահռելի տիեզերքի մասին, և արդեն իսկ պատճառ կտեսնենք խոնարհ լինելու։ «Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք,— առաջարկում է Եսայիա մարգարեն,— ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ» (Եսայիա 40։26)։
Ամենակարող լինելով հանդերձ՝ Եհովա Աստված խոնարհ է։ Դավիթ թագավորն իր աղոթքներից մեկում ասաց. «Դու տուիր ինձ քո փրկութեան վահանը, ու քո պատասխանելը [«խոնարհությունը», ՆԱ] մեծացրեց ինձ» (Բ Թագաւորաց 22։36)։ Աստված խոնարհ է այն իմաստով, որ հոգ է տանում խոնարհների մասին, ովքեր ձգտում են ուրախացնել իրեն։ Աստված նաև ողորմած է այդպիսի մարդկանց հանդեպ։ Եհովան երկնքից այսպես ասած խոնարհվում է, որպեսզի բարիք անի աստվածավախ անհատներին (Սաղմոս 113։5–7)։
Եհովան գնահատում է իր ծառաների խոնարհությունը։ Պողոս առաքյալը գրել է. «Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անարժան բարություն է ցույց տալիս» (1 Պետրոս 5։5)։ Իսկ Առակաց 16։5–ում հպարտության վերաբերյալ Եհովայի տեսակետի մասին կարդում ենք. «Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները»։ Բայց արդյոք խոնարհությունը կարո՞ղ է ուժի նշան լինել։
Սխալ պատկերացումներ խոնարհության մասին
Խոնարհությունը նվաստացած վիճակ չէ։ Որոշ հին մշակույթներում խոնարհները նույնացվում էին ստրուկների հետ՝ խղճուկ, թշվառ ու շողոքորթ։ Այս պատկերացմանը հակառակ՝ Աստվածաշունչը շեշտում է, որ խոնարհամտությունը պատիվ է բերում։ Օրինակ՝ մի իմաստունի միջոցով Աստծու խոսքում գրվել է հետևյալ միտքը. «Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք» (Առակաց 22։4)։ Իսկ Սաղմոս 13։6–ում կարդում ենք. «Թէպէտ Տէրը բարձր է, բայց խոնարհը կը տեսնէ» (Սաղմոս 138։6, ԱԱ)։
Եթե մարդը խոնարհ է, դա ամենևին էլ չի նշանակում, որ նա ընդունակություններ կամ ձեռքբերումներ չունի։ Օրինակ՝ թեև Հիսուս Քրիստոսը երբեք ձևականորեն չէր թաքցնում այն փաստը, որ Եհովայի միածին որդին է և կարևոր ծառայություն է կատարում երկրի վրա, սակայն նա խոնարհ էր։ Հիսուսը իր կատարած գործերի համար փառքը վերագրում էր Հորը։ Բացի այդ, նա իր զորությունը գործի էր դնում հօգուտ ուրիշների, ոչ թե իշխանություն ձեռք բերելու և մարդկանց կեղեքելու նպատակով (Մարկոս 14։61, 62; Հովհաննես 6։51)։
Խոնարհները ուժեղ մարդիկ են
Հիսուս Քրիստոսը իր ժամանակակիցներին հայտնի դարձավ իր «զորավոր գործերի» շնորհիվ (Գործեր 2։22)։ Այնուհանդերձ, ոմանց աչքերում նա «մարդկանց անարգի» պես էր (Դանիէլ 4։17)։ Նա ոչ միայն համեստ կյանք էր վարում, այլև հաճախ սովորեցնում էր, որ արժե՛ խոնարհություն ցուցաբերել (Ղուկաս 9։48; Հովհաննես 13։2–16)։ Սակայն խոնարհություն դրսևորելով՝ Հիսուսն ամենևին էլ թույլ անձնավորություն չդարձավ։ Ընդհակառակը՝ նա խիզախորեն պաշտպանում էր իր Հոր անունը և կատարում իր ծառայությունը (Փիլիպպեցիներ 2։6–8)։ Աստվածաշնչում Հիսուսը ներկայացված է որպես անվախ առյուծ (Հայտնություն 5։5)։ Նրա օրինակը ցույց է տալիս, որ խոնարհությունը չի խանգարում մարդուն լինելու հաստատակամ և ուժեղ։
Ձգտելով իսկական խոնարհություն մշակել՝ մենք կտեսնենք, որ մեծ ջանքեր են անհրաժեշտ խոնարհամտությամբ առաջնորդվելու համար։ Հարկավոր է միշտ կատարել Աստծու կամքը՝ փոխանակ ընտրելու հեշտ ճանապարհը և տրվելու մարմնական հակումներին։ Խոնարհություն զարգացնելու համար կամքի ուժ է պետք, որպեսզի կարողանանք հետին պլան մղել սեփական շահերը և անձնուրացորեն ծառայել Եհովային և մարդկանց։
Ինչ օգուտներ կքաղենք
Խոնարհ անձնավորությունը զերծ է հպարտությունից ու եսասիրությունից։ Գրություններում նրանց առնչությամբ օգտագործվում է «խոնարհամիտ» բառը (Եփեսացիներ 4։2)։ Խոնարհամտություն կարող ենք զարգացնել այն դեպքում, եթե իրատեսորեն գնահատենք ինքներս մեզ՝ մեր ուժեղ և թույլ կողմերը, մեր հաջողություններն ու անհաջողությունները։ Այս առումով լավ խորհուրդ է տալիս Պողոս առաքյալը. «Ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել, այլ այնպես մտածի, որ ողջամտություն ունենա» (Հռոմեացիներ 12։3)։ Այս խորհրդին հետևողները խոնարհություն են ցուցաբերում։
Մենք խոնարհություն դրսևորած կլինենք նաև այն դեպքում, եթե ուրիշների շահերը անկեղծորեն վեր դասենք սեփական շահերից։ Աստծու ներշնչմամբ՝ Պողոս առաքյալը քրիստոնյաներին այսպիսի խորհուրդ տվեց. «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (Փիլիպպեցիներ 2։3)։ Սա ներդաշնակ է այն հրահանգին, որը Հիսուսը տվել էր իր հետևորդներին. «Ձեր միջի ամենամեծը պետք է ձեր ծառան լինի։ Քանզի ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհեցվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Մատթեոս 23։11, 12)։
Այո՛, խոնարհամտությունը մեծացնում է մարդու արժեքը Աստծու աչքերում։ Շեշտելով այս միտքը՝ Հակոբոս աշակերտը գրեց. «Խոնարհեցրե՛ք ձեր անձերը Եհովայի աչքում, և նա կբարձրացնի ձեզ» (Հակոբոս 4։10)։ Ո՞վ չի ցանկանա, որ Աստված բարձրացնի իրեն։
Խոնարհության բացակայությունը հաճախ խնդիրներ և բախումներ է առաջ բերում։ Մինչդեռ այս հատկությունը դրսևորելով՝ միշտ դրական արդյունքների կհասնենք։ Օրինակ՝ կարժանանանք Աստծու հավանությանը (Միքիա 6։8)։ Նաև ներքին խաղաղություն կունենանք, քանի որ սովորաբար երջանկություն և բավարարվածության զգացում են վայելում ոչ թե հպարտ մարդիկ, այլ խոնարհները (Սաղմոս 101։5)։ Բացի այդ, այս հատկությունը ցուցաբերելու շնորհիվ շատ ավելի խաղաղ ու հաճելի փոխհարաբերություններ կունենանք մեր հարազատների, ընկերների, գործընկերների և ուրիշ մարդկանց հետ։ Խոնարհ անձնավորությունը կռվասեր և պահանջկոտ չէ. բաներ, որոնք հեշտությամբ զայրույթի, բախումների, դառնության և հարաբերությունների սառեցման պատճառ են դառնում (Հակոբոս 3։14–16)։
Այո՛, խոնարհամտություն զարգացնելով՝ լավ փոխհարաբերություններ կպահպանենք ուրիշների հետ։ Նաև կկարողանանք դիմագրավել այն դժվարություններին, որոնց բախվում ենք մրցակցության ոգով համակված այս եսակենտրոն աշխարհում։ Աստծու օգնությամբ Պողոս առաքյալը կարողացավ հաղթահարել իր մեծամտությունն ու հպարտությունը։ Մենք նույնպես պետք է մեր միջից հանենք մեծամտանալու կամ ուրիշներից մեզ վեր դասելու ցանկացած հակում։ «Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին»,— նախազգուշացնում է Աստվածաշունչը (Առակաց 16։18)։ Ուստի հետևե՛նք Պողոսի օրինակին և խորհուրդներին։ Այդպես վարվելով՝ անձամբ կհամոզվենք, որ «խոնարհամտություն հագնողները» իմաստություն են դրսևորում (Կողոսացիներ 3։12)։
[նկար 4–րդ էջի վրա]
Պողոսը կարողացավ հաղթահարել իր մեծամտությունն ու հպարտությունը
[նկար 7–րդ էջի վրա]
Խոնարհամտությունը կօգնի լավ փոխհարաբերություններ պահպանել ուրիշների հետ
[նկար 5–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Anglo-Australian Observatory/David Malin Images