Ընթերցողների հարցերը
Պատշա՞ճ է արդյոք, որ Եհովայի վկան ներկա լինի ոչ Վկա բարեկամի կամ ծանոթի հարսանիքին։
Հարսանիքը ուրախ միջոցառում է, ուստի հասկանալի է, որ քրիստոնյան կցանկանա մասնակցել դրան։ Ինչ խոսք, անչափահասը, ով հրավիրված է, պետք է հնազանդվի ծնողի կամ խնամակալի որոշմանը, եթե նրանք թույլ չեն տալիս իրեն ներկա լինելու հարսանիքին (Եփեսացիներ 6։1–3)։ Իսկ ինչպե՞ս պետք է վարվի քրիստոնյա կինը, որի ամուսինը, ով Վկա չէ, ցանկանում է, որ իր կինն իր հետ ներկա գտնվի եկեղեցում անցկացվող հարսանեկան արարողությանը։ Հնարավոր է՝ նրա խիղճը թույլ տա իրեն ներկա լինելու այնտեղ որպես զուտ դիտորդ՝ առանց մասնակցելու հարսանիքի հետ կապված որևէ կրոնական արարողության։
Ընդհանրապես հարսանեկան արարողության ներկա գտնվել–չգտնվելը անձնական որոշման հարց է։ Բայցևայնպես, յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հիշի, որ պատասխանատու է Եհովային, և պետք է քննի մի շարք սուրբգրային սկզբունքներ, երբ որոշում է մասնակցել ոչ Վկայի հարսանիքին։
Քրիստոնյայի համար ամենակարևոր բանը պետք է լինի Աստծու հավանությունը։ Հիսուսն ասաց. «Աստված Ոգի է, և նրան երկրպագողները պետք է ոգով և ճշմարտությամբ երկրպագեն նրան» (Հովհաննես 4։24)։ Ուստի Եհովայի վկաները չեն մասնակցում միջդավանանքային արարողությունների, ինչպես օրինակ՝ աղոթքների, ծիսակատարությունների կամ այնպիսի արարողությունների, որոնք հակասում են Աստվածաշնչի ճշմարտություններին (2 Կորնթացիներ 6։14–17)։
Քրիստոնյան գիտակցում է, որ իր որոշումը կարող է ազդել ուրիշների վրա։ Եթե որոշել ես ներկա լինել, ապա ինքդ քեզ հարց տուր. «Իմ հարազատները չե՞ն վիրավորվի, եթե լիովին չմասնակցեմ հարսանիքին»։ Հարկավոր է հաշվի առնել նաև, թե քո որոշումը ինչ ազդեցություն կթողնի հավատակիցներիդ վրա (Հռոմեացիներ 14։13)։ Գուցե դու կամ քո ընտանիքի անդամները կարծում եք, որ ոչ Վկայի հարսանեկան արարողությանը ներկա գտնվելը խնդիր չէ ձեզ համար։ Սակայն քո որոշումը բացասաբար չի՞ անդրադառնա քո հոգևոր եղբայրների ու քույրերի վրա։ Չի՞ վնասի ոմանց խիղճը։
Հարսանեկան արարողությունները, որոնք կապված են ոչ Վկա հարազատների հետ, կարող են դժվար իրավիճակներ ստեղծել։ Օրինակ՝ քեզ գուցե հրավիրեն հարսնաքույր կամ փեսեղբայր լինելու։ Կամ կողակիցդ Եհովայի վկա չէ և ցանկանում է լիարժեքորեն մասնակցել արարողությանը։ Եթե հարսանիքը իրենից ներկայացնում է քաղաքացիական արարողություն, որը վարում է դատավորը կամ պետական պաշտոնյան, ապա դրան մասնակցելը կարող է նշանակել ընդամենը հանդես գալ որպես ամուսնության վկա։
Սակայն եթե արարողությունը տեղի է ունենում կրոնական շենքում, կամ այն վարում է հոգևորականը, ապա լրացուցիչ խնդիրներ են ծագում։ Գուցե որոշես չգնալ՝ ցանկանալով Աստվածաշնչով կրթված մաքուր խիղճդ պահպանել, զիջումների չգնալ կրոնական համոզմունքներիդ հարցում, ինչպես նաև չցանկանալով անել այնպիսի մի բան, որն ակնկալվում է մասնակիցներից, ինչը, եթե չանես, գուցե անհարմար դրության մեջ դնի նրանց (Առակաց 22։3)։ Դու քո ընտանիքի անդամներին կամ ինքդ քեզ ավելորդ լարվածություն չես պատճառի, եթե նախապես բացատրես Աստվածաշնչի վրա հիմնված համոզմունքներդ՝ ցույց տալով, թե ինչ չափով կարող ես մասնակցել, կամ առաջարկելով մեկ այլ տարբերակ։
Բոլոր գործոններն ուշադրությամբ ծանրութեթև անելուց հետո քրիստոնյան գուցե որոշի, որ կարող է ներկա լինել ոչ Վկայի հարսանիքին, բայց չմասնակցել որևէ կրոնական արարողության։ Բայց եթե քրիստոնյան կարծում է, որ ներկա լինելը կարող է ստիպել իրեն զիջումների գնալու աստվածաշնչյան սկզբունքների հարցում, նա գուցե եզրակացնի, որ ինքը ավելի շատ վնաս կկրի, քան ուրախություն կստանա։ Եթե նա որոշի չգնալ ամուսնության արարողությանը, սակայն, որպես հրավիրված հյուր, ներկա լինի ամուսնությունից հետո նախատեսվող խնջույքին, ապա նա պետք է վճռական լինի անելու «ամեն բան Աստծու փառքի համար» (1 Կորնթացիներ 10։31)։ Նման որոշումներ կայացնելիս «յուրաքանչյուր մարդ [պատասխանատվության] իր սեփական բեռն է կրելու» (Գաղատացիներ 6։5)։ Ուստի, ինչ էլ որոշես, հիշիր, որ Եհովա Աստծու առջև մաքուր խիղճ պահպանելը ամենակարևոր բանն է։