Սովորեցրու երեխայիդ լինել խաղաղասեր
Ութամյա Նիկոլի ընտանիքը երկրի մի ծայրից մյուս ծայրն էր տեղափոխվել, և նա իր տպավորությունների մասին ամենայն մանրամասնությամբ պատմում էր իր մտերիմ ընկերուհուն՝ Գաբրիելային։ Մի օր Գաբրիելան հանկարծ ասաց Նիկոլին, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում նրա կյանքը։ Խորապես վիրավորված և զայրացած՝ Նիկոլն ասաց իր մորը. «Այլևս չեմ ուզում տեսնել Գաբրիելային»։
ՊԱՏԱՆԵԿԱՆ խնդիրները, ինչպես Նիկոլի ու Գաբրիելայի պարագայում էր, ծնողական միջամտություն են պահանջում ոչ միայն վիրավորված զգացմունքները մեղմելու համար, այլև ցույց տալու, թե ինչպես կարելի է լուծել խնդիրները։ Պատանիները սովորաբար «մանկան պես են վարվում» և հաճախ չեն գիտակցում, թե ինչ ցավ կարող են պատճառել իրենց խոսքերն ու արարքները (1 Կորնթացիներ 13։11)։ Նրանք օգնության կարիք ունեն այնպիսի հատկություններ զարգացնելու համար, որոնք կօգնեն խաղաղ հարաբերություններ հաստատել ուրիշների հետ և՛ ընտանիքում, և՛ այլուր։
Քրիստոնյա ծնողները մեծ ցանկություն ունեն իրենց երեխաներին կրթելու այնպես, որ նրանք «խաղաղություն փնտրեն և հետամուտ լինեն դրան» (1 Պետրոս 3։11)։ Երջանիկ լինելու համար, որը գալիս է խաղաղասեր լինելուց, արժե ջանքեր ներդնել ու հաղթահարել կասկածները, հիասթափությունը և թշնամական զգացումները։ Եթե ծնող ես, ապա ինչպե՞ս կարող ես սովորեցնել երեխաներիդ լինել խաղաղասեր։
«Խաղաղության Աստծուն» հաճեցնելու ցանկություն զարգացրու
Եհովան «խաղաղության Աստված» է և «խաղաղություն է տալիս» (Փիլիպպեցիներ 4։9; Հռոմեացիներ 15։33)։ Ուստի իմաստուն ծնողները հմտորեն են օգտագործում Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, իրենց երեխաների մեջ Աստծուն հաճեցնելու ցանկություն զարգացնելու և նրա հատկություններն ընդօրինակելու համար։ Օրինակ՝ օգնիր երեխաներիդ պատկերացնել Եհովայի գահի շուրջբոլորը եղող զմրուխտե ծիածանի ապշեցուցիչ տեսիլքը, որը տրվեց Հովհաննեսին (Հայտնություն 4։2, 3)։a Բացատրիր, որ այս ծիածանը խորհրդանշում է խաղաղություն և հանգստություն, որոնք շրջապատում են Եհովային, և այս օրհնությունները կստանան բոլոր նրանք, ովքեր հնազանդվում են նրան։
Եհովան նաև առաջնորդություն է տալիս իր Որդու՝ Հիսուսի միջոցով, որը կոչվում է «Խաղաղության իշխան» (Եսայիա 9։6, 7)։ Երեխաների հետ միասին կարդացեք և քննարկեք Աստվածաշնչի պատմությունները, որտեղ Հիսուսը արժեքավոր դասեր է սովորեցրել վեճերից և կռիվներից հեռու մնալու մասին (Մատթեոս 26։51–56; Մարկոս 9։33–35)։ Բացատրիր, թե ինչու Պողոսը, որը «անպատկառ մարդ» էր եղել, շտկեց իր ճանապարհները և գրեց, որ «Տիրոջ ծառան չպետք է կռիվ անի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի.... չարիքի ենթարկվելիս իրեն զուսպ պահի» (1 Տիմոթեոս 1։13; 2 Տիմոթեոս 2։24)։ Երեխաների արձագանքը կարող է հաճելիորեն զարմացնել ձեզ։
Իվենը հիշում է, որ երբ յոթ տարեկան էր, մի տղա դպրոցի ավտոբուսում իրեն չար ծաղրանքի ենթարկեց։ Նա ասում է. «Ես կատաղել էի այդ տղայի վրա և ուզում էի նույն ձևով հատուցել նրան։ Հետո հիշեցի, որ տանը սովորել էի մի դաս նրանց մասին, ովքեր փորձում են կռիվ սկսել։ Ես գիտեի, որ Եհովան ուզում է, որ ես «ոչ մեկին չարի փոխարեն չարով չհատուցեմ» և «խաղաղություն ունենամ բոլոր մարդկանց հետ»» (Հռոմեացիներ 12։17, 18)։ Իվենն իր մեջ ուժ և քաջություն գտավ ու մեղմությամբ հարթեց լարված իրավիճակը։ Նա ցանկանում էր հաճեցնել խաղաղության Աստծուն։
Եղիր խաղաղասեր ծնող
Ձեր տան մթնոլորտը խաղա՞ղ է։ Եթե այո, ապա ձեր զավակները առանց խոսքերի էլ կարող են շատ բան սովորել խաղաղության մասին։ Երեխաներին կրթելու արդյունավետությունը կախված է այն բանից, թե ինչ չափով եք դուք ընդօրինակում Աստծու և Քրիստոսի խաղաղ ուղիները (Հռոմեացիներ 2։21)։
Ռուսսը և Սինդին շատ ջանքեր են գործադրում իրենց երկու որդիներին դաստիարակելու համար։ Նրանք հորդորում են երեխաներին սիրալիր լինել, երբ ուրիշները բարկացնում են իրենց։ Սինդին ասում է. «Այն վերաբերմունքը, որ Ռուսսը և ես դրսևորում ենք մեր տղաների և ուրիշների հանդեպ, երբ դժվարություններ են առաջանում, մեծ դեր է խաղում այն բանում, թե ինչպես են մեր որդիները լուծում նմանատիպ խնդիրները»։
Նույնիսկ երբ սխալ ես թույլ տալիս (իսկ ո՞ր ծնողը թույլ չի տալիս), կարող ես օգտագործել այդ հնարավորությունը՝ արժեքավոր դասեր սովորեցնելու համար։ «Ժամանակ է եղել, երբ կինս՝ Թերին, և ես չափազանց սուր ենք արձագանքել և մեր երեք երեխաներին պատժել ենք նախքան բոլոր փաստերն իմանալը,— խոստովանում է Ստիվենը։— Սակայն երբ այդպես ենք վարվել, ներողություն ենք խնդրել»։ Թերին ավելացնում է. «Մենք միշտ ասել ենք մեր երեխաներին, որ ինքներս էլ անկատար ենք և սխալներ ենք գործում։ Զգում ենք, որ դա ոչ միայն նպաստում է մեր ընտանիքի խաղաղությանը, այլև օգնում է երեխաներին հետամուտ լինել խաղաղության»։
Ձեր երեխաները սովորո՞ւմ են խաղաղասեր լինել՝ տեսնելով, թե ինչպես եք վերաբերվում նրանց։ Հիսուսը հորդորեց. «Ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։ Ինչ թերություն էլ որ ունենաք, համոզված եղեք, որ սերը և ուշադրությունը, որոնք ցուցաբերում եք ձեր զավակների նկատմամբ, լավ արդյունքներ կբերեն։ Ձեր երեխաները ավելի պատրաստակամորեն կարձագանքեն, եթե նրանց կրթելիս սեր դրսևորեք։
Դանդաղ եղեք՝ զայրանալու մեջ
Առակաց 19։11–ը ասում է. «Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կ’անէ, եւ նորա փառքը [«գեղեցկությունը», ՆԱ] յանցանք ներելն է»։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին զարգացնել այս ունակությունը։ Դեյվիդը պատմում է, թե ինչ գործնական մոտեցում են ցուցաբերում ինքն ու իր կինը՝ Մարիանը, իրենց տղային և աղջկան դաստիարակելիս։ Նա ասում է. «Երբ նրանք վիճում են որևէ մեկի հետ, որը վիրավորել է նրանց խոսքով կամ ինչ–որ արարքով, հորդորում ենք կարեկցանք դրսևորել։ Մենք այսպիսի հարցեր ենք տալիս նրանց. «Միգուցե այդ անհատը ծա՞նր օր է ունեցել։ Կարող է նախանձո՞ւմ է։ Գուցե ինչ որ մեկը վիրավորե՞լ է նրան»»։ Մարիանն ավելացնում է. «Դա հանգստացնում է երեխաներին և օգնում է նրանց չկենտրոնանալ բացասական մտքերի վրա կամ վիճել այն մասին, թե ով է ճիշտ և ով է սխալ»։
Այսպիսի դաստիարակությունը կարող է հրաշալի պտուղներ բերել։ Նկատի առնենք, թե ինչպես Նիկոլի մայրը՝ Միշելը, օգնեց նրան ավելին անել, քան պարզապես վերականգնել հարաբերությունները Գաբրիելայի հետ։ Միշելն ասում է. «Նիկոլը և ես կարդացինք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի 14–րդ գլուխը։b Հետո ես նրան բացատրեցի, թե ինչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ պետք է ներենք ինչ–որ մեկին «յոթանասունյոթ անգամ»։ Այնուհետև ես ուշադրությամբ լսեցի Նիկոլին, երբ նա արտահայտում էր իր զգացմունքները, և օգնեցի նրան պատկերացնել, թե որքան տխուր է Գաբրիելան, որ իր լավագույն ընկերուհին այդքան հեռու է» (Մատթեոս 18։21, 22)։
Երբ Նիկոլը հասկացավ, թե ինչը կարող էր Գաբրիելայի պոռթկումի պատճառը լինել, նրա մեջ կարեկցանք առաջացավ և նա զանգեց Գաբրիելային՝ ներողություն խնդրելու։ «Այդ ժամանակից սկսած՝ Նիկոլը ուշադրություն է դարձնում ուրիշների զգացմունքներին և բարի բաներ է անում նրանց համար, որպեսզի իրենց լավ զգան»,— ասում է Միշելը (Փիլիպպեցիներ 2։3, 4)։
Օգնեք ձեր երեխաներին չբարկանալ ուրիշների սխալների վրա և չնեղվել տարաձայնությունների պատճառով։ Ինչ խոսք, դուք բավարարվածություն կզգաք՝ տեսնելով, թե ինչպես են երեխաները դրսևորում անկեղծ բարյացակամություն և ջերմ զգացմունքներ ուրիշների նկատմամբ (Հռոմեացիներ 12։10; 1 Կորնթացիներ 12։25)։
Քաջալերեք նրանց ներել
«Փառքը [«գեղեցկությունը», ՆԱ] յանցանք ներելն է»,— ասում է Առակաց 19։11–ը։ Ծանր տառապանքների մեջ անգամ Հիսուսը ընդօրինակեց իր Հորը և ներողամտություն դրսևորեց (Ղուկաս 23։34)։ Ձեր երեխաները կարող են սովորել ներելու գեղեցկությունը, երբ իրենց վրա զգան ձեր ներողամտությունը։
Օրինակ՝ հնգամյա Ուիլին սիրում է նկարներ գունազարդել իր տատիկի հետ։ Մի անգամ տատիկը հանկարծակի դադարեցրեց նկարելը, սաստիկ հանդիմանեց Ուիլիին և հեռացավ։ Ուիլին վհատվեց։ Հայրը՝ Սեմը, ասում է. «Ուիլիի տատիկը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ։ Ուստի մենք Ուիլիին դա բացատրեցինք այնպես, որ իրեն հասկանալի լինի»։ Երբ Սեմը ասաց Ուիլիին, որ իրեն էլ են շատ անգամ ներել, և որ նա պետք է նույն կերպով վարվի, զարմացավ Ուիլիի արձագանքի վրա։ Սեմն ասում է. «Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ զգացինք ես ու կինս, երբ տեսանք, թե ինչպես է մեր փոքրիկ տղան գնում իր 80–ամյա տատիկի մոտ, ինչպես է ներում հայցող տոնով խոսում նրա հետ և բռնելով նրա ձեռքից՝ տանում սեղանի մոտ»։
Իսկապես գեղեցիկ է, երբ երեխաները սովորում են «շարունակել համբերել» ուրիշների թերություններին ու սխալներին և ներել նրանց (Կողոսացիներ 3։13)։ Նույնիսկ երբ մարդիկ դիտմամբ վիրավորական ձևով են վարվում, հավաստիացրու երեխայիդ, որ խաղաղ պատասխանը կարող է զորեղ ազդեցություն ունենալ, քանի որ «եթէ Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաեւ նորա թշնամիներին կ’հաշտեցնէ նորա հետ» (Առակաց 16։7)։
Օգնիր երեխայիդ լինել խաղաղարար
Երբ ծնողները օգտագործում են Աստծու Խոսքը, որ կրթեն իրենց երեխաներին «խաղաղ պայմաններում» ու դարձնեն նրանց այնպիսի մարդիկ, ովքեր «խաղաղություն են անում», նրանք իսկական օրհնություն են լինում իրենց զավակների համար (Հակոբոս 3։18)։ Այդպիսի ծնողները իրենց երեխաներին ապահովում են այն ամենով, ինչն անհրաժեշտ է խնդիրները լուծելու և խաղաղարար լինելու համար։ Սա մեծապես նպաստում է նրանց երջանկությանը և բավականության զգացում է պարգևում։
Դենն ու Քեթին երեք դեռահաս երեխաներ ունեն, որոնք հոգևորապես լավ վիճակում են գտնվում։ Դենն ասում է. «Թեև դժվարություններ եղել են նրանց դաստիարակելիս, երբ դեռ փոքր էին, բայց մենք ուրախ ենք, որ մեր երեխաները, մեծանալով, ծառայում են Եհովային։ Նրանք կարողանում են լեզու գտնել ուրիշների հետ և պատրաստակամորեն ներում են նրանց, երբ ինչ–որ բան սպառնում է խաղաղությանը»։ Քեթին ավելացնում է. «Սա հատկապես քաջալերական է մեզ համար, քանի որ խաղաղությունը Աստծու ոգու պտղի մասերից է» (Գաղատացիներ 5։22, 23)։
Ուստի հիմնավոր պատճառներով է, որ քրիստոնյա ծնողները «չեն հոգնում» և «չեն թուլանում» իրենց երեխաներին սովորեցնելիս, որ խաղաղարար լինեն, եթե անգամ սկզբում թվում է, թե նրանք դանդաղ են առաջադիմում։ Այդպես վարվելով՝ կարող եք վստահ լինել, որ «սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի» (Գաղատացիներ 6։9; 2 Կորնթացիներ 13։11)։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» գրքի 75–րդ էջի նկարը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ/նկար 20–րդ էջի վրա]
ԴՐԱԿԱ՞Ն ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Լրատվական միջոցների կողմից հրատարակված մի էսսեում, որի վերնագիրն է՝ «Բռնություն մասսայական լրատվական միջոցների ծրագրերում», ասվում է. «Խնդիրները լուծելու համար բռնություն գործադրելու միտքը ավելի է շեշտվում զվարճանալու նպատակով ցուցադրվող ծրագրերում, որտեղ թե՛ չարագործները և թե՛ հերոսները շարունակ դիմում են բռնության» (Media Awareness Network)։ Հեռուստատեսային ծրագրերի, ֆիլմերի և երաժշտական տեսահոլովակների միայն 10 տոկոսն է պատկերում բռնության հետևանքները։ Էսսեում ասվում է. «Բռնությունը ներկայացվում է որպես արդարացված, բնական և անխուսափելի միջոց, խնդիրները լուծելու պարզագույն ձև»։
Անհրաժեշտություն կա՞ փոփոխություններ անել հեռուստացույց դիտելու առնչությամբ։ Թույլ մի տուր, որ մասսայական միջոցներով ցուցադրվող զվարճությունները թուլացնեն քո վճռականությունը՝ սովորեցնելու երեխաներիդ լինել խաղաղարար։
[նկար 17–րդ էջի վրա]
Երեխաներիդ մեջ «խաղաղության Աստծուն» հաճեցնելու ցանկություն զարգացրու
[նկար 18–րդ էջի վրա]
Ժամանակ տրամադրիր ուղղելու երեխաների վատ խոսելաձևն ու գործերը
[նկար 19–րդ էջի վրա]
Երեխաներդ պետք է սովորեն ներողություն խնդրել և ներել