Ինչպես կարող է Հիսուսի մահը փրկել ձեզ
ՄՈՏ 2 000 տարի առաջ՝ մ.թ. 33–ին՝ հրեական Պասեքի ժամանակ, մի անմեղ մարդ մահացավ, որպեսզի ուրիշները կարողանային ապրել։ Ո՞վ էր այդ մարդը։ Դա նազարեթցի Հիսուսն էր։ Իսկ ո՞վ կարող է օգուտներ քաղել նրա կատարած վեհանձն քայլից։ Ողջ մարդկությունը։ Աստվածաշնչի մի հայտնի համարում կյանքեր փրկող այդ զոհաբերության մասին հետևյալն է ասվում. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։
Թեև շատերին է ծանոթ այս սուրբգրային համարը, սակայն քչերն են հասկանում դրա ճիշտ իմաստը։ Նրանք մտածում են. «Ինչո՞ւ Քրիստոսի զոհաբերության կարիքն ունենք։ Ինչպե՞ս կարող է մեկ մարդու մահը ազատել մարդկությանը մահվան անխուսափելի ճիրաններից»։ Աստվածաշունչը հստակ ու բավարարող պատասխաններ է տալիս այս հարցերին։
Ինչպես է մահը իշխանություն վերցրել բոլոր մարդկանց վրա
Ոմանք հավատում են, որ մարդիկ ստեղծվել են այն նպատակով, որ կարճ ժամանակ ապրեն երկրի վրա, անցնեն փորձությունների միջով, որոշ չափով երջանիկ լինեն, իսկ հետո մահանան ու տեղափոխվեն ավելի լավ տեղ։ Համաձայն այս տեսակետի՝ Աստծու նպատակն է, որ մարդիկ մահանան։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդիկ մեկ ուրիշ պատճառով են մահանում։ Այնտեղ կարդում ենք. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ՝ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։ Այս համարից երևում է, որ մարդիկ մահանում են մեղքի հետևանքով։ Իսկ ո՞վ է այն «մեկ մարդը», որի միջոցով մեղքի մահաբեր հետևանքները տարածվել են մարդկանց վրա։
«Ուորլդ բուք» հանրագիտարանում նշվում է, որ գիտնականների մեծամասնությունը ընդունում է, որ բոլոր մարդիկ սերում են միևնույն աղբյուրից, իսկ Աստվածաշունչը հստակորեն ցույց է տալիս, որ այդ մեկ աղբյուրը «մեկ մարդ» է։ Ծննդոց 1։27–ում կարդում ենք. «Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց»։ Այսպիսով Աստվածաշունչը նշում է, որ մարդկային առաջին զույգը Ամենակարող Աստծու արարչագործության գլուխգործոցն էր։
«Ծննդոց» գիրքը տեղեկացնում է նաև այլ մանրամասնություններ, որոնք տեղի ունեցան այն բանից հետո, երբ Եհովա Աստված ստեղծեց առաջին մարդուն։ Նշանակալից է, որ այդ արձանագրության մեջ Աստված ոչինչ չի նշում մահվան մասին՝ բացառությամբ այն դեպքի, որ մարդը կմահանար անհնազանդ լինելու հետևանքով (Ծննդոց 2։16, 17)։ Նա ցանկանում էր, որ մարդիկ հավիտյան ապրեին հրաշալի դրախտ–երկրի վրա, լինեին երջանիկ ու առողջ։ Աստված չէր ուզում, որ նրանք տառապեին ծերության ու մահվան հետևանքներից։ Այդ դեպքում ինչպե՞ս մահը սկսեց իշխել ողջ մարդկության վրա։
«Ծննդոց» գրքի 3–րդ գլխում արձանագրված է, թե ինչպես առաջին մարդկային զույգը իր կամքով որոշեց չհնազանդվել իրեն կյանք Պարգևողին՝ Եհովա Աստծուն։ Հետևանքը եղավ այն, որ Աստված իրագործեց իր դատավճիռը, որի մասին նախապես հայտնել էր։ Նա ասաց. «Հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» (Ծննդոց 3։19)։ Ինչպեսև Աստված ասել էր, երկու անհնազանդ մարդիկ ի վերջո մահացան։
Սակայն հասցված վնասը միայն առաջին մարդկային զույգի վրա չանդրադարձավ։ Նրանց անհնազանդության պատճառով վերացավ կատարյալ կյանքի հեռանկարը, որ նրանց սերունդները կարող էին ունենալ։ Եհովան Ադամի ու Եվայի դեռ չծնված սերունդներին նկատի ուներ, երբ նրանց ասաց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28)։ Ժամանակի ընթացքում երկիրը լցվելու էր մարդկանցով, և նրանք ապրելու էին աննկարագրելի երջանիկ կյանքով՝ առանց մահ տեսնելու։ Բայց նրանց նախահայր Ադամը՝ «մեկ մարդը», իրենց վաճառեց մեղքի ստրկության, որի վախճանը անխուսափելիորեն մահն էր լինելու։ Պողոս առաքյալը՝ առաջին մարդու ժառանգներից մեկը, գրեց. «Ես մարմնավոր եմ՝ մեղքի տակ ծախված» (Հռոմեացիներ 7։14)։
Ինչպես որ չար մարդիկ են վերջին ժամանակներում վնասել արվեստի շատ արժեքավոր գործեր, նույնպես էլ Ադամը, մեղք գործելով, լուրջ վնաս հասցրեց Աստծու հրաշալի ստեղծագործությանը՝ մարդ արարածին։ Ադամի զավակները երեխաներ ունեցան, ապա թոռներ և այդպես շարունակ։ Յուրաքանչյուր հաջորդ սերունդ ծնվում էր, մեծանում, սերունդ առաջ բերում և հետո մահանում։ Ինչո՞ւ էին նրանք բոլորը մահանում։ Որովհետև նրանք Ադամի ժառանգներն էին։ Աստվածաշունչը ասում է. «Մեկ մարդու հանցանքով շատերը մահացան» (Հռոմեացիներ 5։15)։ Հիվանդությունը, ծերությունը, սխալ գործելու հակումը և մահը ցավալի հետևանքներն են այն բանի, որ Ադամը անհավատարիմ գտնվեց իր ընտանիքին։ Այդ ընտանիքի մեջ մտնում ենք մենք բոլորս։
Հռոմի քրիստոնյաներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը գրեց անկատար մարդկանց խղճալի վիճակի մասին, որոնց թվում նաև ինքն էր, և մեղքի հետևանքների դեմ մղվող ծանր պայքարի մասին։ Նա բացականչեց. «Ի՜նչ թշվառ մարդ եմ ես։ Ո՞վ կազատի ինձ մահվանը ենթակա այս մարմնից»։ Կարևոր հարց է, այնպես չէ՞։ Ո՞վ կարող էր մեղքի ու մահվան ստրկությունից փրկություն առաջարկել Պողոսին, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են փրկվել։ Պողոսն ինքն էլ պատասխանում է. «Շնորհակալությո՛ւն Աստծուն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիներ 7։14–25)։ Այո, մեր Արարիչը միջոցներ է ձեռնարկել իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ փրկելու համար։
Հիսուսի դերը մարդկությանը փրկելու առնչությամբ Աստծու նպատակի մեջ
Հիսուսը ցույց տվեց իր ունեցած դերը մարդկությանը մեղքի կործանարար ստրկությունից փրկելու մեջ։ Նա ասաց. «Մարդու Որդին եկավ, որ.... իր կյանքը որպես փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Ինչպե՞ս է Հիսուսի կյանքը ծառայում որպես փրկանք։ Ի՞նչ օգուտներ է բերում նրա մահը։
Աստվածաշունչը Հիսուսի մասին ասում է, որ նա «առանց մեղքի է» և «մեղավորներից զատված» է։ Իր կյանքի ընթացքում Հիսուսը կատարելապես հնազանդվել է Աստծու Օրենքին (Եբրայեցիներ 4։15; 7։26)։ Հետևաբար, նրա մահվան պատճառը ոչ մեղքն էր և ոչ էլ անհնազանդությունը, ինչպես որ Ադամի պարագայում էր (Եզեկիէլ 18։4)։ Իրականում Հիսուսը մահացավ, թեև դրան արժանի չէր, որպեսզի կարողանար կատարել իր Հոր կամքը՝ մարդկությանն ազատել մեղքից ու մահից։ Ինչպես արդեն նշվեց, Հիսուսը պատրաստակամորեն «իր կյանքը որպես փրկանք տվեց»։ Անզուգական սիրուց մղված՝ նա պատրաստ էր «մահ ճաշակել ամեն մարդու համար» (Եբրայեցիներ 2։9)։
Հիսուսի կյանքը, որ նա զոհաբերեց, համարժեք էր Ադամի կյանքին, որը վերջինս կորցրեց, երբ մեղք գործեց։ Ի՞նչ արդյունքներ բերեց Հիսուսի մահը։ Եհովան այդ զոհաբերությունն ընդունեց «որպես համապատասխան փրկանք» (1 Տիմոթեոս 2։6)։ Աստված օգտագործեց Հիսուսի կյանքի արժեքը, որպեսզի բոլոր մարդկանց ետ գնի, կամ՝ ազատի մեղքի ու մահվան ստրկությունից։
Աստվածաշունչը հաճախ է հիշատակում մարդու Արարչի կողմից ցույց տրված սիրո այդ մեծ դրսևորման մասին։ Պողոսը հիշեցրեց քրիստոնյաներին, որ նրանք «մեծ գնով գնվեցին» (1 Կորնթացիներ 6։20; 7։23)։ Պետրոսը գրեց, որ Աստված ոչ թե ոսկով կամ արծաթով ազատեց քրիստոնյաներին մահվան տանող իրենց ընթացքից, այլ իր Որդու արյամբ (1 Պետրոս 1։18, 19)։ Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով Եհովան քայլեր ձեռնարկեց, որ մարդկությանն ազատի մահվան ճիրաններից։
Օգուտներ կքաղե՞ք Քրիստոսի փրկանքից
Քրիստոսի փրկանքի բերած մեծ օգուտների մասին Հովհաննես առաքյալը գրեց. «[Հիսուս Քրիստոսը] հաշտության զոհ է մեր մեղքերի համար, բայց ոչ միայն մեր մեղքերի, այլ նաև ամբողջ աշխարհի» (1 Հովհաննես 2։2)։ Այո, Քրիստոսի փրկանքը ողջ մարդկությանն է օգուտներ բերում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ այդ անգին փրկանքից ինքնաբերաբար կարող են օգուտներ քաղել բոլորը։ Ո՛չ։ Վերհիշենք նախորդ հոդվածում հիշատակված փրկարարական գործի մասին։ Փորձելով ազատել արգելափակման մեջ հայտնված հանքափորներին՝ փրկարարները մի վերելակ իջեցրին նրանց մոտ, սակայն այնտեղ գտնվող մարդկանցից յուրաքանչյուրը պետք է մտներ վերելակ։ Նմանապես, նրանք, ովքեր ցանկանում են օգուտներ քաղել Քրիստոսի քավիչ զոհաբերությունից, չեն կարող պարզապես նստել ու սպասել Աստծու օրհնությանը։ Նրանք պետք է քայլեր ձեռնարկեն։
Իսկ ի՞նչ քայլեր է ակնկալում Աստված։ Հովհաննես 3։36–ից տեղեկանում ենք. «Ով հավատ է դրսևորում Որդու հանդեպ, հավիտենական կյանք ունի. ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա»։ Աստված ակնկալում է, որ մենք հավատ ընծայենք Քրիստոսի զոհաբերությանը։ Եվ դա դեռ ամենը չէ։ «Եթե պահում ենք [Հիսուսի] պատվիրանները, դրանով իմանում ենք, որ ճանաչեցինք նրան» (1 Հովհաննես 2։3)։ Պարզ է, ուրեմն, որ մեղքից և մահից ազատվելու կարևոր պայմաններն են Քրիստոսի փրկանքի հանդեպ հավատը և նրա պատվիրաններին հնազանդվելը։
Հիսուսի փրկանքի հանդեպ հավատ դրսևորելու կարևոր կերպերից մեկը նրա մահվան համար երախտագետ լինելն է։ Դա կարելի է ցույց տալ՝ հիշելով նրա մահը, ինչպես որ նա պատվիրել էր։ Իր մահից առաջ Հիսուսը խորհրդանշական ընթրիք հաստատեց իր հավատարիմ առաքյալների հետ և նրանց ասաց. «Սա՛ արեք իմ հիշատակի համար» (Ղուկաս 22։19)։ Եհովայի վկաները բարձր են գնահատում Աստծու Որդու հետ ունեցած իրենց ընկերությունը և հնազանդվում են այդ հրահանգին։ Այս տարի Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն տեղի կունենա մարտի 22–ին՝ շաբաթ օրը՝ արևամուտից հետո։ Մենք սրտանց հրավիրում ենք ձեզ ներկա լինելու այս հատուկ հանդիպմանը, ինչը կնշանակի հնազանդվել Հիսուսի հրահանգին։ Ձեր տեղանքում ապրող Եհովայի վկաներից կարող եք իմանալ այդ իրադարձության վայրը և ժամը։ Հիշատակի երեկոյի ժամանակ դուք ավելի շատ բան կիմանաք այն մասին, թե ինչ պետք է անեք, որպեսզի Քրիստոսի փրկանքի միջոցով կարողանաք ազատվել Ադամի մեղքի կործանարար ազդեցությունից։
Այսօր քչերն են լիովին գնահատում այն մեծ զոհաբերությունը, որ արել են Արարիչը և նրա Որդին՝ մարդկանց կործանումից ազատելու համար։ Նրանք, ովքեր հավատ են դրսևորում այդ զոհաբերության հանդեպ, մեծ ուրախություն են վայելում։ Պետրոս առաքյալն իր քրիստոնյա հավատակիցների մասին հետևյալը գրեց. «Դուք.... հավատ եք դրսևորում [Հիսուսի] հանդեպ և մեծապես ուրախանում եք անասելի ու փառավոր ուրախությամբ, քանի որ ստանում եք ձեր հավատի արդյունքը՝ ձեր հոգիների փրկությունը» (1 Պետրոս 1։8, 9)։ Հիսուս Քրիստոսի հանդեպ սեր զարգացնելով և հավատ դրսևորելով նրա քավիչ զոհաբերության հանդեպ՝ կարող եք ձեր կյանքը լցնել ուրախությամբ այսօր, իսկ ապագայում ազատվել մեղքից ու մահից։
[նկար 6–րդ էջի վրա]
Հիսուսն իր կյանքը տվեց Ադամի մեղքի դիմաց
[նկար 7–րդ էջի վրա]
Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն տեղի կունենա 2008 թ. մարտի 22–ին՝ շաբաթ օրը՝ արևամուտից հետո