Ուրախություն վայելիր ամուսնական կյանքում
«Տունը կ’շինուի իմաստութիւնով, եւ հանճարով՝ կ’հաստատուի» (ԱՌԱԿ. 24։3)։
1. Ինչպե՞ս Աստված իմաստություն ցուցաբերեց առաջին մարդու առնչությամբ։
ՄԵՐ իմաստուն երկնային Հայրը գիտի, թե ինչն է լավ մարդ արարածի համար։ Նա նպատակ ուներ և իր նպատակի իրագործման համար որոշեց, որ մարդը ամուսնանա։ Աստված ասաց. «Լաւ չէ որ մարդը մինակ լինի»։ Եհովայի նպատակի կարևոր մասերից էր այն, որ մարդը, ամուսնանալով, երեխաներ ունենա և «լցնի երկիրը» (Ծննդ. 1։28; 2։18)։
2. Ի՞նչ կառույց հաստատեց Եհովան մարդկանց համար։
2 «Մի օգնական շինեմ իրան յարմար [«նրա համար՝ որպես նրան լրացում», ՆԱ]»,— ասաց Եհովան։ Այնուհետև Աստված առաջին մարդու վրա խոր քուն բերեց և նրա կատարյալ մարմնից վերցրեց մի կողոսկր։ Դրանից նա ստեղծեց առաջին կնոջը՝ Եվային։ Երբ Եհովան այդ կատարյալ կնոջը տարավ Ադամի մոտ, վերջինս ասաց. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը. սորան կ’կոչեն Կին. որովհետեւ սա մարդիցն առնուեցաւ»։ Եվան իրոք «լրացում» էր Ադամի համար։ Նրանք կատարյալ էին և ստեղծված Աստծու պատկերով։ Սակայն նրանցից յուրաքանչյուրն իրեն բնորոշ գծերն ուներ։ Այսպիսով՝ կայացավ առաջին ամուսնությունը։ Եհովան սահմանեց, թե ինչպիսին պետք է լինի ամուսնական կառույցը, և Ադամն ու Եվան պատրաստակամորեն հնազանդվեցին նրա առաջնորդությանը։ Դրա շնորհիվ նրանք փոխադարձ աջակցության աղբյուր կլինեին միմյանց համար (Ծննդ. 1։27; 2։21–23)։
3. Ինչպե՞ս են շատերը վերաբերվում ամուսնության պարգևին։ Ի՞նչ հարցեր են առաջանում։
3 Ցավոք, այսօր ամբողջ աշխարհում ըմբոստության ոգի է տարածված, ինչը բազմաթիվ խնդիրներ է հարուցում։ Սակայն Աստված մեղավոր չէ, որ մարդիկ նման ոգի են դրսևորում։ Շատերը արհամարհում են ամուսնական կառույցը, որը Եհովայի տված պարգևն է։ Նրանք այն համարում են հնաոճ։ Ըստ այդ մարդկանց՝ ամուսնությունը հիասթափության և տարաձայնությունների աղբյուր է։ Ամուսնալուծություններն այսօր համատարած երևույթ են դարձել։ Ծնողները բնական կապվածություն չեն զգում երեխաների հանդեպ։ Հաճախ երեխաները նրանց ձեռքում ընդամենը միջոց են հանգամանքները իրենց օգտին ծառայեցնելու համար։ Շատ ծնողներ չեն ուզում զիջել իրար գոնե հանուն ընտանիքի խաղաղության ու միասնության (2 Տիմոթ. 3։3)։ Ինչպե՞ս կարող են այս դժվար ժամանակներում ամուսինները պահպանել ուրախությունը։ Ինչպե՞ս կարող է զիջողամտությունը նպաստել, որ ամուսնությունը չքայքայվի։ Ի՞նչ ենք սովորում նրանցից, ովքեր այսօր կարողանում են պահպանել ուրախությունը ամուսնության մեջ։
Հնազանդվիր Եհովայի առաջնորդությանը
4. ա) Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը ամուսնության վերաբերյալ։ բ) Ինչպե՞ս են հնազանդ քրիստոնյաները հետևում Պողոսի տված առաջնորդությանը։
4 Քրիստոնյա Պողոս առաքյալը, Աստծուց ներշնչված, խորհուրդ տվեց այրիներին, որ եթե ուզում են նորից ամուսնանալ, ապա պետք է դա անեն «միայն Տիրոջով» (1 Կորնթ. 7։39)։ Սա նոր միտք չէր այն քրիստոնյաների համար, ովքեր հրեաներ էին։ Եհովան իսրայելացիներին տվել էր Օրենք, որտեղ պարզ նշվում էր, որ նրանք չպետք է «խնամություն անեն» շրջակա հեթանոս ազգերի հետ։ Օրենքում նաև բացատրվում էր, որ Աստծու այս հրահանգին չհետևելը կարող է վտանգավոր լինել նրանց համար. «Որովհետեւ [ոչ իսրայելացիները] քո որդկանցը իմ ծառայութիւնից կ’դարձնեն, եւ նորանք օտար աստուածների կ’պաշտեն. եւ Եհովայի բարկութիւնը ձեզ վերայ կ’բորբոքուէ եւ ձեզ շուտով կ’փչացնէ» (Բ Օրին. 7։3, 4)։ Այս առումով ի՞նչ դիրքորոշում է ակնկալում Եհովան իր ծառաներից այսօր։ Ակնհայտ է, որ Աստծու ծառան պետք է ամուսնանա «Տիրոջով», այսինքն՝ այնպիսի անհատի հետ, ով Եհովայի նվիրված և մկրտված երկրպագու է։ Այս հարցում Աստծու առաջնորդությանը հնազանդվելը իմաստուն է։
5. Ինչպե՞ս են Եհովան և ամուսնացած քրիստոնյաները դիտում ամուսնական խոստումը։
5 Ամուսնական խոստումը սուրբ է Աստծու աչքում։ Նկատի ունենալով առաջին ամուսնությունը՝ Հիսուսը՝ Աստծու Որդին, ասաց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթ. 19։6)։ Սաղմոսերգուն հիշեցնում է մեզ խոստումների լրջության մասին՝ ասելով. «Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը [կամ՝ խոստումները]» (Սաղ. 50։14)։ Թեև ամուսնացող զույգին մեծ ուրախություն է սպասում, նրանք չպետք է մոռանան, որ հարսանիքի օրը միմյանց տված խոստումները լուրջ են և պատասխանատվություններ են բերում (Բ Օրին. 23։21)։
6. Ի՞նչ կարող ենք սովորել Հեփթայեից։
6 Քննենք Հեփթայեի օրինակը։ Մ.թ.ա. 12–րդ դարում նա դատավոր էր Իսրայելում։ Հեփթայեն խոստացավ Եհովային. «Եթե Ամմոնի որդիքը բոլորովին իմ ձեռքը մատնես, այն ժամանակ իմ տան դռնիցն ինձ դիմաւորելու դուրս եկողը, երբոր ես խաղաղութեամբ ետ դառնամ Ամմոնի որդիներից, Տիրոջը թող լինի, եւ նորան ողջակէզ մատուցանեմ»։ Երբ նա վերադարձավ տուն՝ Մասփա, նրա աղջիկը՝ միակ զավակը, դուրս եկավ դիմավորելու։ Արդյո՞ք Հեփթայեն փորձեց որևէ կերպով դրժել իր խոստումը։ Ո՛չ։ Նա ասաց. «Ես բերանս բացի Տիրոջը եւ չեմ կարող ետ դարձնել» (Դատ. 11։30, 31, 35)։ Հեփթայեն պահեց Եհովային տված խոստումը, թեև դա նշանակում էր, որ նա չէր ունենալու հետնորդ, ով կշարունակեր կրել իր անունը։ Իհարկե, այդ խոստումը ամուսնական խոստման հետ կապ չուներ, սակայն Հեփթայեն պահեց իր խոսքը, և դա լավ օրինակ է քրիստոնյա ամուսինների համար։
Ի՞նչն է ամուսնությունը դարձնում հաջող
7. Ի՞նչ փոփոխություններ պետք է անեն նոր ամուսնացածները։
7 Շատ ամուսնական զույգեր հաճույքով են հիշում իրենց մտերմության շրջանը։ Որքա՜ն ուրախալի էր ճանաչել ապագա կողակցին։ Ինչքան ավելի շատ ժամանակ էին անցկացնում իրար հետ, այնքան ավելի լավ էին ճանաչում միմյանց։ Սակայն կան մարդիկ, որոնք նախքան ամուսնանալը չեն ճանաչել իրար, քանի որ ծնողներն են իրենց համար կողակից ընտրել, կամ էլ գուցե մեկ ուրիշը։ Ամեն դեպքում, մտերմության շրջան եղել է, թե ոչ՝ տղամարդն ու կինը, դառնալով կողակիցներ, փոփոխություններ են արել։ Մի ամուսին խոստովանում է. «Ամուսնության սկզբում մեր գլխավոր խնդիրը գիտակցելն էր, որ այլևս ամուրի չենք։ Մի որոշ ժամանակ դժվարանում էինք հավասարակշռություն պահել ընկերների և ընտանիքի անդամների հետ շփվելու հարցում»։ Մեկ այլ տղամարդ, որն արդեն 30 տարի է, ինչ ամուսնացած է, համատեղ կյանքի առաջին իսկ ամիսներին հասկացավ, որ հավասարակշռված լինելու համար ինքը պետք է «հոգնակի մտածի»։ Նախքան հրավեր ընդունելը կամ ինչ–որ բան խոստանալը նա խորհրդակցում էր կնոջ հետ, որից հետո որոշում էր կայացնում՝ հաշվի առնելով իրենց երկուսի տեսակետները։ Այդպիսի իրավիճակում օգտակար է զիջող լինել (Առակ. 13։10)։
8, 9. ա) Ինչո՞ւ է կարևոր լավ հաղորդակցությունը։ բ) Ո՞ր հարցերում է հարկավոր ճկուն լինել և ինչո՞ւ։
8 Երբեմն ամուսնանում են տարբեր ծագում ունեցող մարդիկ։ Այս դեպքում հատկապես կարևոր է բաց հաղորդակցությունը։ Հաղորդակցման ձևերը տարբեր են։ Դիտելով, թե ինչպես է կողակիցդ զրուցում իր հարազատների հետ՝ կկարողանաս նրան ավելի լավ հասկանալ։ Երբեմն մարդու մտածելակերպը կարելի է ճանաչել ոչ թե նրանից, թե ինչ է նա ասում, այլ թե ինչպես է դա ասում։ Բացի այդ, շատ բան կարելի է հասկանալ չասված խոսքերից (Առակ. 16։24; Կող. 4։6)։ Խորաթափանցությունը շատ կարևոր է երջանիկ լինելու համար (կարդա՛ Առակաց 4։3)։
9 Շատ ամուսիններ զգացել են, որ կարևոր է ճկուն լինել սիրած զբաղմունքի կամ զվարճության հարցում։ Նախքան ամուսնությունը քո կողակիցը միգուցե զբաղվել է սպորտով կամ ակտիվ հանգստի այլ ձևերով։ Հարկ կա՞, որ այժմ որոշակի փոփոխություններ արվեն (1 Տիմոթ. 4։8)։ Նույն հարցը կարելի է տալ այն ժամանակի առնչությամբ, որ ամուսինները տրամադրում են հարազատներին։ Հասկանալի է, որ ամուսինները պետք է բավականաչափ ժամանակ ունենան միասին հոգևորապես կերտվելու և այլ բաներ անելու համար (Մատթ. 6։33)։
10. Ինչպե՞ս է զիջողամտությունը նպաստում ծնողների և նրանց ամուսնացած երեխաների միջև լավ հարաբերություններին։
10 Երբ տղամարդն ամուսնանում է, նա թողնում է իր հորն ու մորը։ Նույնը կարելի է ասել կնոջ մասին (կարդա՛ Ծննդոց 2։24)։ Սակայն ծնողներին պատվելու մասին Աստծու հրահանգը շարունակում է գործել նաև ամուսնությունից հետո։ Ուստի այդուհետ էլ տղամարդն ու կինը, ըստ ամենայնի, կցանկանան ժամանակ անցկացնել ծնողների և հարազատների հետ։ 25 տարվա ամուսնացած մի տղամարդ նկատում է. «Երբեմն դժվար է հավասարակշռել կողակցիդ ցանկություններն ու կարիքները քո ծնողների ու հարազատների ցանկությունների և կարիքների հետ։ Այս հարցում ինձ համար լավագույն ելքը Ծննդոց 2։24–ին հետևելն է։ Ճիշտ է, անհատը նվիրված է իր ընտանիքի անդամներին և պատասխանատվություններ ունի նրանց նկատմամբ, սակայն այս համարը ինձ ցույց է տալիս, որ առավել պետք է նվիրված լինեմ իմ կնոջը»։ Նույն ձևով էլ, քրիստոնյա ծնողները, ովքեր զիջող են, կընդունեն, որ իրենց ամուսնացած երեխաներն այժմ առանձին ընտանիք են կազմել, որտեղ ընտանիքին առաջնորդելու համար ամուսինն է պատասխանատու։
11, 12. Ինչո՞ւ է կենսական, որ ամուսինները ընտանեկան ուսումնասիրություն անցկացնեն և աղոթեն։
11 Կանոնավորաբար ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելը կենսական է։ Շատ քրիստոնեական ընտանիքների փորձը սա է հաստատում։ Գուցե հեշտ չլինի կազմակերպել և շարունակաբար անցկացնել ընտանեկան ուսումնասիրություն։ Մի ամուսին ասում է. «Եթե հնարավոր լիներ հետ գնալ և ինչ–որ բան փոխել, ապա դա կլիներ այն, որ մենք հենց ամուսնության սկզբից կանոնավորաբար ընտանեկան ուսումնասիրություն կանցկացնեինք»։ Նա ավելացնում է. «Այնքա՜ն լավ ես զգում, երբ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ կինդ հրճվանքով արտահայտվում է իրեն դուր եկած որևէ սուրբգրային մտքի վերաբերյալ»։
12 Միասին աղոթելը նույնպես կենսական է (Հռոմ. 12։12)։ Երբ թե՛ ամուսինը, թե՛ կինը երկրպագում են Եհովային, ամուսնական կապը կարող է ամրանալ Աստծու հետ ունեցած իրենց մտերիմ փոխհարաբերությունների շնորհիվ (Հակ. 4։8)։ Մի քրիստոնյա ամուսին բացատրում է. «Մենք չենք հապաղում իրարից ներողություն խնդրել սխալների համար և դրանց մասին հիշատակում ենք միասին աղոթելիս։ Այդպիսով ցույց ենք տալիս, որ անկեղծորեն ցավում ենք նույնիսկ ամենաչնչին բանի համար, որ տխրեցրել է մեզանից որևէ մեկին» (Եփես. 6։18)։
Իրար զիջեք
13. Ի՞նչ խորհուրդ է տալիս Պողոսը ամուսնական կյանքում ինտիմ փոխհարաբերությունների վերաբերյալ։
13 Ամուսնացած քրիստոնյաները պետք է խուսափեն այնպիսի սովորություններից, որոնք խիստ տարածված են սեքսի մոլուցքով համակված աշխարհում։ Նման սովորությունները թուլացնում են ամուսնական կապը։ Պողոսը խորհուրդ է տալիս. «Թող ամուսինը իր կնոջը նրա պարտքը տա, և կինն էլ թող նույն ձևով վարվի իր ամուսնու հետ։ Կինը իշխանություն չունի իր մարմնի վրա, այլ նրա ամուսինն ունի, նմանապես և ամուսինը իշխանություն չունի իր մարմնի վրա, այլ նրա կինն ունի»։ Այնուհետև առաքյալը հստակ հրահանգ է տալիս. «Իրար մի՛ զրկեք դրանից, բայց միայն փոխադարձ համաձայնությամբ մի որոշ ժամանակով»։ Ինչո՞ւ։ «Որպեսզի կարողանաք ժամանակ հատկացնել աղոթքին և նորից իրար միանաք, որ Սատանան չկարողանա ձեզ փորձել ձեր ինքնազսպման պակասի պատճառով» (1 Կորնթ. 7։3–5)։ Աղոթքի մասին հիշատակելով՝ Պողոսը ցույց է տալիս, թե ինչին պետք է նախապատվություն տա քրիստոնյան։ Բայց առաքյալը նաև պարզ ասում է, որ յուրաքանչյուր ամուսնացած քրիստոնյա պետք է ուշադիր լինի իր կողակցի ֆիզիկական և զգացական կարիքներին։
14. Սուրբգրային սկզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել ամուսիններին ինտիմ հարաբերություններում։
14 Ամուսինն ու կինը պետք է անկեղծ լինեն մեկը մյուսի նկատմամբ և հասկանան, որ ինտիմ փոխհարաբերություններում քնքշության պակասը կարող է խնդիրներ հարուցել (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։3, 4; համեմատի՛ր Մատթեոս 7։12)։ Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ կողակիցներից մեկը չի ընդունում մյուսի հավատը։ Նույնիսկ եթե անհամաձայնություններ կան, քրիստոնյան սովորաբար կարող է իրավիճակը բարելավել իր լավ վարքով, բարությամբ և կողակցի հետ համագործակցելով (կարդա՛ 1 Պետրոս 3։1, 2)։ Եհովայի և կողակցի հանդեպ սերը, որին ուղեկցում է զիջողամտությունը, կնպաստի, որ ամուսինների փոխհարաբերությունները այս հարցում բարելավվեն։
15. Ի՞նչ դեր է խաղում հարգանքը այն բանում, որ ամուսնությունը երջանիկ լինի։
15 Ամուսնական կյանքի մյուս հարցերում ևս լավ ամուսինը հարգանքով կվերաբերվի իր կնոջը։ Օրինակ՝ նա հաշվի կառնի իր կնոջ զգացմունքները նույնիսկ չնչին բաներում։ Մի տղամարդ, որ 47 տարի է, ինչ ամուսնացած է, խոստովանում է. «Մինչև օրս ես սովորում եմ, թե ինչպես վերաբերվել կնոջս»։ Աստվածաշունչը քրիստոնյա կնոջը հորդորում է խոր հարգանք տածել ամուսնու հանդեպ (Եփես. 5։33)։ Չի կարելի ասել, որ կինը հարգում է ամուսնուն, եթե նրա մասին բացասական է արտահայտվում և ուրիշների ներկայությամբ ընդգծում է նրա սխալները։ Առակաց 14։1–ը հիշեցնում է մեզ. «Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան»։
Մի՛ զիջեք Բանսարկուին
16. Ինչպե՞ս կարող են ամուսինները կիրառել Եփեսացիներ 4։26, 27–ում գրված խորհուրդը։
16 «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք. թող արևը մայր չմտնի, քանի դեռ դուք զայրացած վիճակում եք, ոչ էլ տեղ տվեք Բանսարկուին» (Եփես. 4։26, 27)։ Այս խորհուրդը կիրառելու դեպքում ամուսինները կկարողանան լուծել տարաձայնությունները կամ խուսափել դրանցից։ «Ես չեմ հիշում մի դեպք, որ մեր միջև անհամաձայնություն եղած լինի, և այդ մասին խոսած չլինենք իրար հետ, նույնիսկ եթե դրա համար ժամեր են պահանջվել»,— պատմում է մի քույր։ Նա և իր ամուսինը, երբ նոր էին ամուսնացել, որոշել էին թույլ չտալ, որ օրն անցնի առանց տարաձայնությունը լուծելու։ «Մենք որոշեցինք, որ ինչ խնդիր էլ լինի, ներենք իրար, մոռանանք և օրը սկսենք առանց հին խնդիրների»։ Այդպես անելով՝ նրանք «տեղ չեն տալիս Բանսարկուին»։
17. Նույնիսկ եթե ամուսինները կարծում են, որ իրար չեն համապատասխանում, ի՞նչը կօգնի նրանց։
17 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե ամուսնացել ես, բայց զգում ես, որ դու և քո կողակիցը չեք համապատասխանում իրար։ Այժմ թերևս մտածում ես, որ չես կարող մյուսների պես ուրախություն վայելել ամուսնության մեջ։ Քեզ կօգնի այն, որ հիշես, թե ինչ տեսակետ ունի Արարիչը ամուսնական կապի վերաբերյալ։ Աստծու ներշնչանքով Պողոս առաքյալը քրիստոնյաներին խորհուրդ տվեց. «Թող ամուսնությունը բոլոր մարդկանց կողմից պատվական համարվի, և ամուսնական անկողինը՝ առանց պղծության, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին» (Եբր. 13։4)։ Նաև պակաս կարևոր չեն հետևյալ խոսքերը. «Երեքպատիկ թելը շուտով չի կտրուիլ» (Ժող. 4։12)։ Երբ թե՛ ամուսինը և թե՛ կինը խորապես հետաքրքրված են Եհովայի անվան սրբացմամբ, նրանք կապված են ինչպես միմյանց, այնպես էլ Աստծու հետ։ Նրանք պետք է ջանք չխնայեն իրենց ամուսնության հաջողության համար՝ գիտակցելով, որ իրենց ճիշտ քայլերը դրականորեն են անդրադառնում Եհովայի՝ ամուսնության Հիմնադրի անվան վրա (1 Պետ. 3։11)։
18. Ամուսնության առնչությամբ ինչո՞ւմ կարող ես վստահ լինել։
18 Ոչ մի կասկած չկա, որ քրիստոնյաները կարո՛ղ են ուրախություն վայելել ամուսնական կյանքում։ Սակայն նրանցից պահանջվում են ջանքեր, ինչպես նաև քրիստոնեական հատկությունների դրսևորում, որոնցից է զիջողամտությունը։ Այսօր ամբողջ աշխարհում Եհովայի վկաների ժողովներում կան բազմաթիվ ամուսնական զույգեր, որոնք փաստում են, որ հնարավո՛ր է ուրախություն ստանալ ամուսնական կյանքից։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչո՞ւ անիրական չէ ամուսնության մեջ ուրախություն ակնկալելը։
• Ի՞նչը կարող է նպաստել ամուսնության հաջողությանը։
• Ի՞նչ հատկություններ պետք է մշակեն ամուսինները։
[նկար 9–րդ էջի վրա]
Ամուսինները իմաստուն են վարվում, երբ խորհրդակցում են իրար հետ նախքան հրավեր ընդունելը կամ ինչ–որ բան խոստանալը
[նկար 10–րդ էջի վրա]
Ձգտիր հարթել անհամաձայնությունը նույն օրը՝ «տեղ չտալով Բանսարկուին»