Դրախտային երկիր շուտո՛վ
«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՛ քո անունը։ Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)
ՀԱՆՐԱՃԱՆԱՉ այս աղոթքը, որը հայտնի է շատերին որպես «Հայր Մեր», կամ՝ «Տերունական աղոթք», հո՛ւյս է տալիս մարդկությանը։ Ինչպե՞ս։
«Տերունական աղոթքը» ցույց է տալիս, որ Աստված այդ Թագավորության միջոցով իր նպատակը կիրականացնի երկրի վրա, ինչպես որ իրականացրել է այն երկնքում։ Աստծու նպատակն է վերականգնել Դրախտը (Հայտնություն 21։1–5)։ Իսկ ի՞նչ է Աստծու Թագավորությունը, և ինչպե՞ս է այն երկրի վրա Դրախտը վերականգնելու։
Իրական կառավարություն
Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է։ Իսկ ցանկացած կառավարություն պետք է ունենա կառավարիչներ, օրենքներ և հպատակներ։ Արդյոք Աստծու Թագավորությունը բավարարո՞ւմ է այս պահանջները։ Տեսնենք, թե ինչպես է պատասխանում Աստվածաշունչը հետևյալ երեք հարցերին։
Ովքե՞ր են Աստծու Թագավորության կառավարիչները (Եսայիա 33։22)։ Եհովա Աստված իր որդուն՝ Հիսուս Քրիստոսին, Թագավորության մեջ իշխելու իրավունք է տվել (Մատթեոս 28։18)։ Եհովայի առաջնորդությամբ Հիսուսը ընտրել է սահմանափակ թվով մարդկանց «ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից», ովքեր իր հետ կղեկավարեն երկիրը որպես «թագավորներ» (Հայտնություն 5։9, 10)։
Ի՞նչ օրենքներ է հաստատել Աստծու Թագավորությունը իր հպատակների համար։ Օրենքներից և պատվիրաններից մի քանիսը ակտիվ գործողություն են պահանջում։ Հիսուսը նշեց, թե որն է ամենակարևոր օրենքը՝ ասելով. ««Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։ Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես»» (Մատթեոս 22։37–39)։
Մյուս օրենքները հպատակներից պահանջում են հեռու մնալ որոշ գործերից։ Օրինակ՝ Աստվածաշունչը հետևյալ հստակ խորհուրդն է տալիս. «Մի՛ մոլորվեք։ Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ այն տղամարդիկ, որոնք օգտագործվում են անբնական նպատակներով, ո՛չ էլ այն տղամարդիկ, որոնք կենակցում են տղամարդկանց հետ, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ չարախոսները, ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6։9, 10)։
Ովքե՞ր են Աստծու Թագավորության հպատակները։ Հիսուսը Աստծու Թագավորության հպատակներին նմանեցրեց գառների։ Նա ասաց. «Նրանք կլսեն իմ ձայնը և մեկ հոտ ու մեկ հովիվ կլինեն» (Հովհաննես 10։16)։ Աստծու Թագավորության հպատակ լինելու համար անհատը պետք է ոչ միայն ասի, որ ինքը հետևում է Բարի Հովվին՝ Հիսուսին, այլև կատարի նրա պատվիրանները։ Հիսուսն ասաց. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7։21)։
Ուստի նրանք, ովքեր Աստծու Թագավորության հպատակներն են, օգտագործում են Եհովայի անունը և մեծ հարգանք են դրսևորում այդ անվան հանդեպ, ինչպես որ Հիսուսն արեց (Հովհաննես 17։26)։ Նրանք հնազանդվում են Հիսուսի պատվիրանին և մարդկանց պատմում են «թագավորության այս բարի լուրի» մասին (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Նրանք նաև անկեղծ սեր են ցուցաբերում իրար նկատմամբ (Հովհաննես 13։35)։
Կործանում նրանց համար, «ովքեր կործանում են երկիրը»
Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Աստծու Թագավորությունը շուտով գործի կանցնի, և երկրի վրա մեծ փոփոխություններ կլինեն։ Որտեղի՞ց գիտենք դրա մասին։ Երկու հազար տարի առաջ Հիսուսը խոսեց մի նշանի մասին։ Դրա մեջ մտնելու էին շատ իրադարձություններ, որոնք ցույց էին տալու՝ «Աստծու թագավորությունը մոտ է» (Ղուկաս 21։31)։ Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, այդ նշանի դեպքերը ակնհայտ են համաշխարհային մասշտաբով։
Իսկ ի՞նչ է տեղի ունենալու դրանից հետո։ Հիսուսը ասաց. «Այն ժամանակ մեծ նեղություն կլինի, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի» (Մատթեոս 24։21)։ Դա չի լինելու աղետ։ Այդ ժամանակ Աստվա՛ծ է «կործանելու նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։ Ամբարիշտները, որոնց եսասեր արարքների հետևանքով երկրագունդը կործանման եզրին է, «բնաջինջ կ’լինին երկրիցը»։ Իսկ անարատ մարդիկ, ովքեր Աստծուն ծառայում են նրան ընդունելի ձևով, «կ’մնան նորանում» (Առակաց 2։21, 22)։
Եհովա Աստված հիմնավոր պատճառներ ունի այդպիսի վճռական քայլերի դիմելու համար։ Ինչո՞ւ։ Բերենք օրինակ՝ պատկերացրեք դուք վարձով տրվող բնակարաններ ունեք։ Վարձակալներից ոմանք քաղաքավարի են և ուշադիր, նրանք ժամանակին վճարում են վարձը ու հոգ են տանում իրենց տների մասին։ Իսկ մյուս վարձակալները կարգապահ չեն։ Նրանք եսասեր են և չեն մուծում վարձը։ Դեռ ավելին, նրանք վնասում են բնակարանը։ Չնայած շարունակ տրվող նախազգուշացումներին՝ միևնույնն է, այդ մարդիկ վատ վարք են դրսևորում։ Ի՞նչ կանեիք դուք։ Որպես տանտեր՝ դուք անկասկած դուրս կվռնդեիք այդ վարձակալներին տնից։
Նմանապես, Եհովա Աստված, լինելով երկրի և ամեն բանի Ստեղծիչը, իրավունք ունի որոշելու, թե ով կապրի երկրի վրա (Հայտնություն 4։11)։ Եհովայի նպատակն է երկրի վրայից վերացնել չար մարդկանց, ովքեր անտեսում են նրա կամքը և ոտնահարում են ուրիշների իրավունքները (Սաղմոս 37։9–11)։
Դրախտը՝ վերականգնված
Շուտով Աստծու Թագավորությունը Հիսուսի գլխավորությամբ կիշխի երկրի վրա։ Հիսուսը այդ ժամանակաշրջանը կոչեց «վերաստեղծման ժամանակ» (Մատթեոս 19։28)։ Ինչպիսի՞ պայմաններ կլինեն։ Ուշադրություն դարձնենք Աստվածաշնչի հետևյալ խոստումներին։
Սաղմոս 46։9. «Դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը»։
Եսայիա 35։1. «Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս»։
Եսայիա 65։21–23. «Իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները։ Նորանք պիտի դարտակ տեղը չ’վաստակեն, եւ չ’ծնեն թշուառութեան համար»։
Հովհաննես 5։28, 29. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում, [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան»։
Հայտնություն 21։4. «[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի»։
Հիմքեր՝ այս ամենին հավատալու համար
Դուք հավատո՞ւմ եք Աստվածաշնչի խոստումներին։ Աստծու Խոսքում կանխագուշակվել է, որ շատերը չեն հավատա։ Այնտեղ գրված է. «Վերջին օրերում ծաղրողներ կգան.... իրենց իսկ ցանկությունների համաձայն կվարվեն՝ ասելով. «Որտե՞ղ է նրա խոստացված ներկայությունը։ Քանզի այն օրից, երբ մեր նախահայրերը մահվան քնով ննջեցին, ամեն բան շարունակվում է մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր»» (2 Պետրոս 3։3, 4)։ Սակայն այս ծաղրողները սխալվում են։ Նկատի առեք ներքոհիշյալ չորս պատճառները, թե ինչու կարող եք հավատալ Աստվածաշնչի խոսքերին։
1) Աստված անցյալում միջոցներ է ձեռնարկել չարությունը վերացնելու համար։ Նոյի օրերի Ջրհեղեղը ակնառու օրինակ է (2 Պետրոս 3։5–7)։
2) Աստծու Խոսքը ճշգրտորեն կանխագուշակել էր այն իրադարձությունները, որոնք համաշխարհային մասշտաբով այսօր տեղի են ունենում։
3) Ամեն բան չի «շարունակվում մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր»։ Մարդիկ ամբողջ աշխարհում բարոյական անկում են ապրում, սոցիալական վատ դրության մեջ են, իսկ երկրագնդի շրջակա միջավայրը քայքայվում է։ Պատմության մեջ նման բան երբեք չի եղել։
4) Ներկայումս «թագավորության այս բարի լուրը» քարոզվում է ամբողջ աշխարհում՝ ազդարարելով, որ շուտով «կգա վերջը» (Մատթեոս 24։14)։
Դուք կարող եք ուսումնասիրել Աստվածաշունչը, Եհովայի վկաների օգնությամբ, որպեսզի ավելին իմանաք հավիտենական կյանքի մասին, որը բերելու է Աստծու Թագավորությունը (Հովհաննես 17։3)։ Այո՛, մարդկությանը հիանալի ապագա է սպասում։ Ամենալավ ժամանակները դեռ առջևում են։ Իսկ դուք կունենա՞ք այսպիսի ապագա։
[մեջբերում 7–րդ էջի վրա]
Նրանք, ովքեր ասում են, որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա, սխալվում են
[նկար 8–րդ էջի վրա]
Դուք կունենա՞ք այսպիսի ապագա