Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը Աստծու Թագավորության մասին
«Նա շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով.... Աստծու թագավորության բարի լուրը» (ՂՈՒԿԱՍ 8։1)։
ՍՈՎՈՐԱԲԱՐ մենք խոսում ենք այնպիսի թեմաների շուրջ, որոնք կարևոր են մեզ համար և հոգեհարազատ են մեզ։ Ինչպես Հիսուսն ասաց, «սրտի լիությունից է բերանը խոսում» (Մատթեոս 12։34)։ Երբ ուշադրություն ենք դարձնում, թե ծառայության ընթացքում ինչի մասին էր հիմնականում Հիսուսը խոսում, հասկանում ենք, որ Աստծու Թագավորության թեման կարևոր էր իր համար։
Իսկ ի՞նչ է Աստծու Թագավորությունը։ Այն մի կառավարություն է, որը ղեկավարվում է թագավորի կողմից։ Այս կառավարության հիմնադիրը Աստված է։ Հիսուսի հաղորդած պատգամի գլխավոր թեման Աստծու Թագավորությունն էր։ Ավետարաններում ավելի քան 110 անգամ հիշատակվում է այս Թագավորության մասին։ Սակայն Հիսուսը միայն խոսքերով չէր սովորեցնում։ Նրա գործերը նույնպես շատ բան էին ասում Աստծու Թագավորության մասին։
Ո՞վ է Թագավորը։ Աստծու Թագավորության Թագավորը չի ընտրվել քվեարկության միջոցով։ Նա Թագավոր է նշանակվել Աստծու կողմից։ Հիսուսը նույնպես նշել է, որ ինքը Աստծու կողմից ընտրված Թագավոր է։
Հիսուսը գիտեր, որ Աստվածաշնչում կանխագուշակված էր, որ Մեսիան պիտի թագավորի (Բ Թագաւորաց 7։12–14; Դանիէլ 7։13, 14; Մատթեոս 26։63, 64)։ Այդ պատճառով մի քանի անգամ նա օգտագործել է «իմ թագավորություն» արտահայտությունը (Հովհաննես 18։36)։ Նա ասաց, որ ինքը խոստացված Մեսիան է (Հովհաննես 4։25, 26)։
Հիսուսը նաև սովորեցրեց, որ իր հետ սահմանափակ թվով մարդիկ են իշխելու երկնքում (Ղուկաս 22։28–30)։ Այդ իշխանակիցներին նա անվանեց «փոքր հոտ»։ Հիսուսը նրանց մասին ասել է. «Ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա» (Ղուկաս 12։32)։ Աստվածաշնչի վերջին գիրքը ցույց է տալիս, որ նրանց թիվը 144 000 է։ Այո՛, վերջիններս պատիվ ունեն Հիսուսի հետ իշխելու երկնքում (Հայտնություն 5։9, 10; 14։1)։
Որտեղի՞ց է Թագավորությունը իշխելու։ «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ»,— ասաց Հիսուսը հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսին (Հովհաննես 18։36)։ Աստծու Որդին չի իշխելու մարդկային ներկայացուցիչների միջոցով։ Նա հաճախ է ասել, որ Աստծու Թագավորությունը «երկնքի թագավորություն» էa, այսինքն՝ երկնային կառավարություն (Մատթեոս 4։17; 5։3, 10, 19, 20)։
Հիսուսը գիտեր, որ իր երկրային ծառայությունն ավարտելուց հետո վերադառնալու է երկինք։ Իր աշակերտներին նա ասաց, որ երկնքում «տեղ է պատրաստելու» իր ապագա իշխանակիցների համար (Հովհաննես 14։2, 3)։
Ի՞նչ է իրագործելու այս Թագավորությունը։ Հիսուսը սովորեցրեց աղոթել Աստծուն՝ ասելով. «Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Աստծու կամքը արդեն կատարվել է երկնքում։ Այս Թագավորության միջոցով է, որ Աստծու նպատակներն իրականանալու են երկրի վրա։ Հետևաբար Թագավորությունը շուտով մեծ փոփոխություններ է անելու։
Ի՞նչ է անելու Թագավորությունը երկրի վրա։ Հիսուսը սովորեցրեց, որ Աստծու Թագավորությունը վերացնելու է ոչ միայն չարությունը, այլ նաև չարագործներին (Մատթեոս 25։31–34, 46)։ Դա նշանակում է, որ ամեն տեսակի ապականություն և չարագործություն վերջ է ունենալու։ Ինչպես Հիսուսն ասաց, երկիրը լցվելու է այնպիսի մարդկանցով, ովքեր լինելու են «հեզ», արդար, ողորմած, «սրտով մաքուր» և խաղաղարար (Մատթեոս 5։5–9)։
Իսկ մի՞թե մարդիկ ապրելու են աղտոտված երկրում։ Իհա՛րկե ոչ։ Հիսուսը խոստացավ, որ Աստծու Թագավորության ներքո երկրի վրա մեծ փոփոխություններ են լինելու։ Այն չարագործը, որ գամված էր Հիսուսի կողքին, ասաց. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»։ Վերջինս էլ պատասխանեց. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր, դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։42, 43)։ Փաստորեն, Աստծու Թագավորությունը երկիրը վերածելու է Եդեմի պարտեզի պես դրախտային վայրի։
Ուրիշ ի՞նչ է անելու Թագավորությունը մարդկության համար։ Հիսուսը ոչ միայն խոստացավ, այլև ցույց տվեց, թե ինչ է անելու Աստծու Թագավորությունը։ Նա հրաշքով բազմաթիվ բուժումներ արեց՝ այդպիսով ցույց տալով, թե ավելի մեծ մասշտաբով ինչ է անելու ապագայում իր Թագավորության ներքո։ Մատթեոսի Ավետարանում Հիսուսի մասին հետևյալն է գրված. «Նա շրջում էր ողջ Գալիլեայով մեկ՝ սովորեցնելով նրանց ժողովարաններում, քարոզելով թագավորության բարի լուրը և բուժելով ամեն տեսակ տկարություն ու հիվանդություն, որ մարդիկ ունեին» (Մատթեոս 4։23)։
Հիսուսը տարբեր բուժումներ էր անում։ Օրինակ՝ «կույր ծնված մարդու աչքերը բացեց» (Հովհաննես 9։1–7, 32, 33)։ Մի ուրիշ առիթով քնքուշ հպումով բուժեց բորոտությամբ տառապող մի մարդու (Մարկոս 1։40–42)։ Իսկ մի անգամ էլ «խուլ ու լեզվի արատ ունեցող մի մարդու» բերեցին Հիսուսի մոտ, և նա կարողացավ «նույնիսկ խուլին լսել տալ ու համրին խոսել» (Մարկոս 7։31–37)։
Անգամ մահը խնդիր չէր Աստծու նշանակած Թագավորի համար։ Աստվածաշնչում երեք դեպք կա արձանագրված այն մասին, թե ինչպես Հիսուսը կյանքի բերեց մահացածներին։ Նա հարություն տվեց այրի կնոջ միակ որդուն, 12–ամյա մի աղջնակի և իր ընկեր Ղազարոսին (Ղուկաս 7։11–15; 8։41–55; Հովհաննես 11։38–44)։
Հովհաննես առաքյալի միջոցով Հիսուսը նկարագրեց, թե ինչ հրաշալի ապագա է սպասում Աստծու Թագավորության հպատակներին. «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն նրա ժողովուրդը։ Եվ ինքը Աստված նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 1։1; 21։3, 4)։ Մի պահ պատկերացրու. կյանք այնպիսի աշխարհում, որտեղ չկա ո՛չ ցավ, ո՛չ արտասուք, ո՛չ տառապանք, ո՛չ մահ։ Այդ ժամանակ, ինչպես Տերունական աղոթքում է ասվում, Աստծու կամքը կկատարվի երկրի վրա, ինչպես երկնքում։
Ե՞րբ է հաստատվելու Աստծու Թագավորությունը։ Հիսուսը նշեց, որ իր թագավորության իշխանության սկիզբը բնորոշվելու է մի ժամանակահատվածով, որը կոչվելու է նրա «ներկայությունը»։ Նա մանրամասնորեն կանխագուշակեց, թե երբ է իր ներկայությունը սկսվելու։ Այդ ժամանակահատվածում ամբողջ աշխարհում լինելու էին պատերազմներ, սովեր, երկրաշարժեր, համաճարակներ և շատանալու էին ցավերն ու ամբարշտությունը (Մատթեոս 24։3, 7–12; Ղուկաս 21։10, 11)։ Այս և այլ առանձնահատուկ նշաններ, որոնք կանխագուշակել էր Հիսուսը, սկիզբ առան 1914–ից, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Ուստի այժմ Հիսուսը իշխում է երկնքում որպես Թագավոր։ Շուտով Թագավորությունը կհաստատվի նաև երկրի վրաb։
Իսկ ի՞նչ նշանակություն ունի Աստծու Թագավորությունը անձամբ քեզ համար։ Դա կախված է այն բանից, թե ինչպես կարձագանքես Հիսուսի պատգամին։
[Ծանոթագրություններ]
a «Երկնքի թագավորություն» արտահայտությունը Մատթեոսի Ավետարանում հանդիպում է մոտ 30 անգամ։
b Մանրամասն տեղեկություններ այն մասին, թե որտեղից գիտենք, որ Աստծու Թագավորությունը մոտ է, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի իններորդ գլուխը՝ «Արդյո՞ք վերջին օրերում ենք ապրում»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։