Ի՞նչ է իրականում տեղի ունենում, երբ մարդ մահանում է
«Բոլոր հոգիներն անմահ են, նույնիսկ չարերի հոգիները.... Նրանք որպես պատիժ անվերջ տանջվում են անշեջ կրակի մեջ և չեն մահանում, ուստի նրանց տառապանքները վերջ չունեն» (Կղեմես Ալեքսանդրացի, երկրորդ ու երրորդ դարերի գրող)։
ԿՂԵՄԵՍԻ նման՝ նրանք, ովքեր հավատում են, որ դժոխքը տանջանքի վայր է, ասում են, թե մարդու հոգին անմահ է։ Իսկ Աստվածաշունչը թիկունք կանգնո՞ւմ է այս գաղափարին։ Եկեք տեսնենք, թե ինչպես է Աստծու Խոսքը պատասխանում հետևյալ հարցերին։
Առաջին մարդը՝ Ադամը, անմահ հոգի ունե՞ր։ «Արարատ» թարգմանության մեջ Ադամի ստեղծման մասին կարդում ենք. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ» (Ծննդոց 2։7)։ Ուշադրություն դարձրեք, որ այս համարում չի ասվում, թե Ադամը հոգի ստացավ։
Ի՞նչ տեղի ունեցավ Ադամի հետ, երբ նա մեղք գործեց։ Աստծու սահմանած պատիժը դժոխքում հավիտյան տանջվելը չէր։ «Արարատ» թարգմանության մեջ կարդում ենք, թե Աստված ինչ պատիժ սահմանեց. «Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» (Ծննդոց 3։19, ընդգծումը մերն է)։ Աստծու ասած խոսքերից չի երևում, որ մահից հետո Ադամից ինչ–որ մի մաս շարունակելու է ապրել։ Երբ Ադամը մահացավ, մահացավ նաև Ադամ անունով հոգին։
Բոլոր մարդիկ անմահ հոգի ունե՞ն։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նորան եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեց, եւ մէկին ողջ չ’թողեց» (Յեսու 10։30)։ Իսկ Պողոս առաքյալը գրեց. «Սորա համար՝ ինչպէս մէկ մարդի [Ադամի] ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։ Ուրեմն եթե բոլոր մարդիկ մեղք են գործում, ապա տրամաբանական է եզրակացնել, որ բոլոր հոգիները մահանում են։
Մեռած հոգին գիտի՞ կամ զգո՞ւմ է ինչ–որ բան։ Աստծու խոսքում ասվում է. «Կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5)։ Նկարագրելով, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ մահվան ժամանակ՝ Աստվածաշունչն ասում է. «Նա դէպի իր հողը կ’դառնայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները» (Սաղմոս 146։4)։ Եթե մահացածները «մի բան չ’գիտեն» և «նորանց խորհուրդները» կորչում են, ապա ինչպե՞ս կարող են նրանք ցավ զգալ կամ տառապել դժոխքում։
Հետաքրքիր է, որ Հիսուս Քրիստոսը մահը չհամեմատեց գիտակցության որևէ ձևի հետ, այլ նմանեցրեց քնիa (Յովհաննէս 11։11–14)։ Սակայն ոմանք գուցե առարկեն՝ ասելով, որ Հիսուսը սովորեցնում էր, թե դժոխքը կրակե վայր է, և մեղավորներն են գցվում այնտեղ։ Եկեք տեսնենք, թե իրականում ինչ է սովորեցրել Հիսուսը դժոխքի մասին։
[ծանոթագրություն]
a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ինչ ենք սովորում Հիսուսից» խորագրի՝ «Հույս մահացածների համար» վերնագրով հոդվածը, էջ 16, 17։