Գիտեի՞ք արդյոք
Ինչո՞ւ էր Հիսուսը Եհովային դիմելիս ասում՝ «Ա՛բբա, Հա՛յր»
«Աբբա» արամերեն բառը նշանակում է «հայր» կամ որպես կոչական՝ «Օ՜ Հայր»։ Գրություններում այս բառը հանդիպում է երեք անգամ։ Այն օգտագործվել է աղոթքների մեջ և ուղղվել է երկնային Հայր Եհովային։ Իսկ ինչո՞ւ էր այս բառն օգտագործվում։
Աստվածաշնչային մի հանրագիտարանում գրված է. «Հիսուսի օրերում մարդիկ «աբբա» բառը հաճախ էին օգտագործում իրենց առօրյայում։ Այն ցույց էր տալիս, որ երեխան շատ մտերիմ հարաբերություններ ունի իր հոր հետ» (The International Standard Bible Encyclopedia)։ Այդպիսի դիմելաձևը հոր հանդեպ սեր դրսևորելու լավագույն կերպերից մեկն էր։ Հետաքրքիր է, որ երբ փոքրիկ երեխան խոսել էր սովորում, առաջին բառերից մեկը, որ նա ասում էր, «աբբա»–ն էր։ Հիսուսը օգտագործեց այս բառը, երբ ջերմագին աղոթում էր իր Հորը։ Գեթսեմանի պարտեզում իր մահից ընդամենը մի քանի ժամ առաջ նա աղոթեց Եհովային ու նրան դիմեց հետևյալ խոսքերով. «Ա՛բբա, Հա՛յր» (Մարկոս 14։36)։
«Հունա–հռոմեական ժամանակաշրջանում հրեաների հոգևոր գրականության մեջ «ա՛բբա» բառը բացարձակապես չի օգտագործվել, քանի որ այդպիսի դիմելաձևը համարվել է չափից շատ ազատ և Աստծու նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում,— նշվում է վերոհիշյալ աշխատության մեջ։— Սակայն այն, որ Հիսուսը.... աղոթքում օգտագործել է այս բառը, ևս մեկ անգամ հաստատում է այն միտքը, որ նա շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել իր Հոր հետ»։ Մյուս երկու համարները, որտեղ գրվել է «աբբա» բառը, Պողոս առաքյալի նամակներում են։ Դրանք վկայում են, որ առաջին դարի քրիստոնյաները նույնպես իրենց աղոթքներում օգտագործել են այս բառը (Հռոմեացիներ 8։15; Գաղատացիներ 4։6)։
Ինչո՞ւ է Աստվածաշնչի մի մասը գրվել հունարենով
Պողոս առաքյալը նշեց, որ «Աստծու սրբազան պատգամները» վստահվեցին հրեաներին (Հռոմեացիներ 3։1, 2)։ Դա է պատճառը, որ Աստվածաշնչի առաջին մասը գրվել է հիմնականում եբրայերենով՝ այն լեզվով, որով խոսում էին հրեաները։ Սակայն Քրիստոնեական Գրությունները գրվել են հունարենովa։ Ինչո՞ւ։
Մ.թ.ա. 4–րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու զինվորները խոսում էին դասական հունարենի տարբեր բարբառներով, որոնք արդեն սկսել էին միաձուլվել։ Արդյունքում առաջ եկավ կոյնե՛ հունարենը։ Մակեդոնացու արշավանքները նպաստեցին, որ կոյնեն դառնա միջազգային լեզու։ Այդ արշավանքների ժամանակ Պաղեստինից դուրս արդեն շատ հրեական համայնքներ կային։ Պատճառներից մեկն այն էր, որ դարեր առաջ բազմաթիվ հրեաներ Բաբելոնի գերությունից չէին վերադարձել Պաղեստին։ Արդյունքում նրանց սերունդները աստիճանաբար մոռացել էին իրենց մայրենի լեզուն և դարձել էին հունախոս (Գործեր 6։1)։ Որպեսզի նրանք կարողանային օգտվել Եբրայերեն Գրություններից, ձեռագրերը թարգմանվեցին հունարեն կոյնե լեզվով, որը կոչվեց «Յոթանասնից» թարգմանություն։
Աստվածաշնչային մի բառարանում նշվում է, որ ոչ մի լեզու այնքան «հարուստ, ճկուն և տարածված չէր, որքան հունարենը» (Dictionnaire de la Bible)։ Բացի նրանից, որ այդ լեզուն ուներ հարուստ բառապաշար, քերականական տարբեր կառույցներ և բայեր, որոնք օգնում էին արտահայտելու մտքի բոլոր իմաստային երանգները, այն նաև ամբողջ կայսրության տարածքում միակ լեզուն էր, որով տարբեր ազգերի մարդիկ հեշտությամբ էին հաղորդակցվում և կարողանում էին ճշգրտորեն փոխանցել տեղեկությունը։ Պարզ է ուրեմն, թե ինչու հենց այդ լեզվով գրվեցին Քրիստոնեական Հունարեն Գրությունները։
[ծանոթագրություն]
a Եբրայերեն Գրությունների որոշ հատվածներ գրվել են արամերենով։ Ակներևաբար, Մատթեոսը իր անունը կրող Ավետարանը սկզբում գրել է եբրայերենով, իսկ հետո այն թարգմանել է հունարեն։
[նկար 13–րդ էջի վրա]
«ՅՈԹԱՆԱՍՆԻՑ» ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՌԻԿ ՁԵՌԱԳԻՐ
[թույլտվությամբ]
Courtesy of Israel Antiquities Authority