Անհրաժե՞շտ է արդյոք սովորել հին եբրայերեն և հունարեն
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ մեծ մասը գրի է առնվել եբրայերեն և հունարեն լեզուներովa։ Գրողները, որոնք օգտագործել են այդ լեզուները, ներշնչված են եղել Աստծու սուրբ ոգով (Բ Թագաւորաց 23։2)։ Ուստի կարելի է ասել, որ նրանց գրած խոսքերը «ներշնչված են Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16, 17)։
Այսօր, սակայն, Աստվածաշունչ ընթերցողներից շատ քչերն են հասկանում եբրայերեն կամ հունարեն։ Նրանք օգտվում են թարգմանություններից։ Հավանաբար դու էլ ես նրանցից մեկը։ Քանի որ այս թարգմանությունները չեն կարող կոչվել ներշնչված, միգուցե հարցնես. «Կարո՞ղ եմ արդյոք ամբողջությամբ հասկանալ Աստվածաշունչը, եթե կարդում եմ թարգմանությունը, թե՞ պետք է եբրայերեն և հունարեն սովորեմ»։
Ուշադրության արժանի հանգամանքներ
Նախքան այս հարցին պատասխանելը, անհրաժեշտ է հաշվի առնել որոշ հանգամանքներ։ Առաջին՝ միայն հին եբրայերեն և հունարեն իմանալը բավարար չէ Աստվածաշունչը հասկանալու համար։ Ահա թե ինչ ասաց Հիսուսը հրեաներին. «Դուք Գրությունները քննում եք, որովհետև կարծում եք, թե նրանց միջոցով հավիտենական կյանք կունենաք. և հենց դրանք են, որ վկայում են իմ մասին։ Մինչդեռ դուք չեք ցանկանում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք» (Հովհաննես 5։39, 40)։ Ո՞րն էր պատճառը։ Մի՞թե նրանք լավ չէին հասկանում եբրայերեն։ Ո՛չ, նրանք, անշուշտ, լավ գիտեին այդ լեզուն։ Հիսուսը շարունակեց իր խոսքը՝ նշելով պատճառը. «Լավ գիտեմ, որ դուք Աստծու սերը չունեք ձեր մեջ» (Հովհաննես 5։42)։
Նման խոսքեր ասաց Պողոս առաքյալը Կորնթոսում ապրող հունախոս քրիստոնյաներին։ Նա գրեց. «Հրեաները նշաններ են ուզում, իսկ հույները իմաստություն են փնտրում, մինչդեռ մենք քարոզում ենք ցցին գամված Քրիստոսին՝ գայթակղության պատճառ հրեաների համար և հիմարություն ազգերի համար» (1 Կորնթացիներ 1։22, 23)։ Հստակ է ուրեմն, որ եբրայերեն կամ հունարեն իմանալը դեռ երաշխիք չէ, որ մարդիկ կընդունեն Աստծու Խոսքը։
Երկրորդ՝ ճիշտ է, որոշ մարդիկ այսօր խոսում են ժամանակակից եբրայերենով և հունարենով, սակայն այդ լեզուները բավականին տարբերվում են հին եբրայերենից ու հունարենից, որոնցով գրի է առնվել Աստվածաշունչը։ Այդ պատճառով հունախոս մարդկանց համար այսօր դժվար է ճշգրտությամբ հասկանալ հին հունարենը։ Բանն այն է, որ շատ նոր բառեր են մտել լեզվի մեջ, և որոշ բառեր էլ դուրս են եկել գործածությունից։ Կան հին բառեր էլ, որ թեև պահպանվել են, սակայն նոր իմաստ են ստացել։ Օրինակ՝ «գեղեցիկ» թարգմանված հունարեն բառը, որը հանդիպում է Գործեր 7։20 և Եբրայեցիներ 11։23 համարներում, ժամանակակից հունարենում նշանակում է «ծիծաղելի»։ Ավելին, մեծ փոփոխություններ են եղել լեզվի քերականության՝ ձևաբանության և շարահյուսության մեջ։
Եթե նույնիսկ սովորես ժամանակակից եբրայերեն և հունարեն, դա դեռ չի նշանակում, որ բնագիր լեզվով Աստվածաշունչը ավելի լավ կհասկանաս։ Անհրաժեշտ կլինի շարունակ բացել բառարաններ և քերականության գրքեր, որպեսզի պարզես, թե ինչ իմաստներ են ունեցել և ինչպես են գործածվել այդ հին լեզուների բառերը, երբ գրվում էր Սուրբ Գիրքը։
Երրորդ՝ նոր լեզու սովորելը շատ դժվար է։ Թեև սկզբում համեմատաբար հեշտ է սովորել որոշ արտահայտություններ, բայց լեզվի բոլոր նրբություններն ու երանգները հասկանալու համար երկարատև ջանքեր են անհրաժեշտ։ Մի հին ասացվածք կա, որ զգուշացնում է. «Թերի գիտելիքները վտանգավոր են»։ Ի՞նչ իմաստով։
Ո՞րն է բառի իմաստը
Երբևէ քո մայրենի լեզուն սովորող մի մարդ հարցրե՞լ է քեզ որևէ բառի իմաստը։ Եթե այո, ապա կընդունես, որ այդ հարցին պատասխանելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ բառը կարող է մի քանի իմաստ ունենալ։ Հավանաբար խնդրել ես, որ նա այդ բառով նախադասություն ասի, որովհետև առանց համատեքստի դժվար է ասել, թե որ իմաստով է այն օգտագործված։ Բերենք մի օրինակ։ Հայերեն «ակ» բառը տարբեր համատեքստերում տարբեր իմաստներ ունի։ Այն կարող է նշանակել թանկարժեք քար կամ գոհար, ակունք կամ աղբյուր, անիվ, ինչպես նաև թոնրի օդանցք։ Իսկ օրինակ «ակը տալ» կամ «ակը գցել» արտահայտությունները նշանակում են որոշ ճաշատեսակների մեջ քիչ քանակությամբ ձավարեղեն ավելացնել։ Հիմա թվարկվածներից ո՞րն է բառի ճիշտ իմաստը։
Բառարանի մեջ կարող ես գտնել բառի բոլոր հնարավոր իմաստները։ Որոշ բառարաններում բառի բացատրությունը տրվում է ըստ այն հաջորդականության, թե որքան հաճախ է օգտագործվում այդ իմաստով։ Սակայն միայն համատեքստն է օգնում հասկանալու, թե որ իմաստով է բառն օգտագործված։ Ենթադրենք՝ քեզ վատ ես զգում և ցանկանում ես պարզել, թե ինչ հիվանդությամբ ես տառապում։ Դու որոշ գիտելիքներ ունես բժշկությունից և որոշում ես օգտվել բժշկական որևէ բառարանից։ Հնարավոր է այնտեղ գտնես տեղեկություն, որ քո ունեցած նախանշանները 90 տոկոս դեպքերում լինում են այսինչ հիվանդության ժամանակ։ Սակայն մյուս 10 տոկոս դեպքերում դրանք մատնանշում են բոլորովին այլ հիվանդություն։ Անշուշտ կհամաձայնես, որ անհրաժեշտ է ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել նախքան վերջնական եզրահանգման գալը։ Նմանապես, եթե քեզ ծանոթ է բառի իմաստը, որն օգտագործվում է 90 տոկոս դեպքերում, ապա այն քեզ ոչնչով չի օգնի, եթե համատեքստում այդ բառն օգտագործված է մեկ այլ իմաստով։ Անհրաժեշտ է, որ դու ավելի շատ բան իմանաս նյութի մասին, որ գրված է համատեքստում, որպեսզի ստույգ հասկանաս բառի իմաստը։
Հետևաբար եթե ուզում ես հասկանալ Աստվածաշնչում օգտագործված բառերի կոնկրետ իմաստը, պետք է իմանաս, թե ինչի մասին է խոսվում համատեքստում։ Օրինակ՝ Աստծու Խոսքում օգտագործված ռո՛ւախ և պնև՛մա բառերը, որ սովորաբար թարգմանվել են ոգի կամ հոգի, ըստ համատեքստի՝ տարբեր իմաստներով կարող են օգտագործվել։ Երբեմն ճշգրտությամբ թարգմանվել են «հով» կամ «քամի» (Ելից 10։13; Հովհաննես 3։8)։ Այլ համատեքստերում այդ բառերը նշանակում են կյանքի ուժ (Ծննդոց 7։22; Սաղմոս 104։29; Հակոբոս 2։26)։ Անտեսանելի երկնային էակները նույնպես կոչվում են ոգիներ (Գ Թագաւորաց 22։21, 22; Մատթեոս 8։16)։ Աստծու գործուն ուժը կոչվում է նաև սուրբ ոգի, կամ՝ «Աստծու ոգի» (Ծննդոց 1։2; Մատթեոս 12։28)։ Նույն բառերը օգտագործվել են ցույց տալու համար այն ուժը, որ մղում է մեկին կամ մի խումբ մարդկանց որևէ հատկություն դրսևորելու, ինչ–որ կերպ վարվելու կամ որևէ զգացում ունենալու (Ծննդոց 26։34, 35; Գաղատացիներ 6։18)։
Թեև եբրայերենի և հունարենի բառարաններում գուցե նշվեն բառերի բոլոր իմաստները, սակայն միայն համատեքստը կօգնի քեզ հասկանալու, թե կոնկրետ ո՛ր իմաստով են դրանք օգտագործվածb։ Ուստի նկատի ունեցիր, որ Աստվածաշունչը հասկանալու համար շատ կարևոր նշանակություն ունի համատեքստը, անկախ այն բանից՝ բնագիրն է, թե թարգմանությունը։
Սխա՞լ է օգտվել թարգմանությունից
Ոմանք մեծ ջանքեր են ներդրել, որպեսզի եբրայերեն և հունարեն սովորեն։ Ու հիմա, չնայած ընդունում են, որ Աստծու Խոսքը կարդալիս ամեն բան չէ, որ պարզ է իրենց համար, սակայն հաճույքով են ընթերցում այն ու համարում են, որ իրենց ներդրած ջանքերը իզուր չեն եղել։ Սակայն եթե դու չգիտես այդ լեզուները, մի՞թե պետք է հուսալքվես ու մտածես, որ չես կարող հասկանալ Աստվածաշնչում գրի առնված ճշմարտությունը։ Իհա՛րկե ոչ։ Քննենք մի քանի պատճառ, թե ինչու կարող ենք վստահ ասել, որ այդ ճշմարտությունը հասանելի է բոլորին։
Առաջին՝ սխալ չէ օգտվել Աստվածաշնչի թարգմանություններից։ Իրականում Քրիստոնեական Հունարեն Գրությունները, կամ՝ Նոր Կտակարանը գրի առնողները հաճախ Եբրայերեն Գրություններից մեջբերումները արել են հունարեն թարգմանությունիցc (Սաղմոս 40։6; Եբրայեցիներ 10։5, 6)։ Թեև նրանք խոսում էին եբրայերեն և կարող էին մեջբերումներն անել Եբրայերեն Գրությունների բնագրից, սակայն ավելի հարմար էր մեջբերել այն թարգմանությունից, որը հասանելի էր նրանց, ում ուղղված էին իրենց խոսքերը (Ծննդոց 12։3; Գաղատացիներ 3։8)։
Երկրորդ՝ եթե նույնիսկ անհատը հասկանում է Աստվածաշնչի բնագիր լեզուները, միևնույնն է, Հիսուսի խոսքերը նա կարդում է թարգմանությունից։ Պատճառն այն է, որ ավետարանագիրները Հիսուսի խոսքերը գրել են հունարենով, թեև նա խոսել է եբրայերենի մի ձևովd։ Ցանկացած մարդ, ով կարծում է, թե Եհովայի հավատարիմ ծառաների գրի առած խոսքերը պետք է բնագիր լեզուներով կարդալ, և դա առանձնահատուկ իմաստության նշան է, ապա պետք է մտածի հետևյալ հարցի շուրջ՝ ինչո՞ւ Եհովան այնպես արեց, որ իր ամենամեծ Ծառայի՝ Հիսուսի խոսքերը գրվեն և պահպանվեն ոչ թե այն լեզվով, որով նա խոսեց, այլ այն լեզվով, որը հասկանալի էր այդ ժամանակ ապրող մարդկանց մեծամասնությանը։ Կարևորն այն է, որ կարդանք այդ ներշնչված պատգամը մեզ համար մատչելի լեզվով, որպեսզի հասկանանք և ապրենք դրա համաձայն։
Երրորդ՝ «բարի լուրը», որ գրված է Աստվածաշնչում, պետք է հասանելի լիներ «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» պատկանող խոնարհ մարդկանց (Հայտնություն 14։6; Ղուկաս 10։21; 1 Կորնթացիներ 1։27–29)։ Այս խոսքերի համաձայն՝ շատերն այսօր Սուրբ Գիրքը կարդում են իրենց մայրենի լեզվով։ Նրանք Աստծու նպատակներն իմանալու համար ստիպված չեն օտար լեզու սովորել։ Գոյություն ունեն բազմաթիվ լեզուներով տարբեր թարգմանություններ, և կարդացողը կարող է ընտրել այն թարգմանությունը, որն իրեն դուր է գալիսe։
Ուստի ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ ճիշտ ես հասկանում Սուրբ Գիրքը։ Եհովայի վկաները պարզել են, որ Աստվածաշնչի թեմատիկ ուսումնասիրությունը լավագույն միջոցն է Աստծու Խոսքը հասկանալու համար։ Նրանք ընտրում են մի թեմա, օրինակ՝ «ամուսնություն», և սկսում են փնտրել այն բոլոր խոսքերը, որ վերաբերում են այդ թեմային։ Այդպես նրանք ասես թույլ են տալիս, որ մի համարը բացատրի, թե ինչ նշանակություն ունի մյուսը։ Դու էլ կարող ես ուսումնասիրել Աստծու Խոսքը Եհովայի վկաների օգնությամբ։ Նրանք բոլորին առաջարկում են Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն։ Անկախ այն բանից, թե ինչ լեզվով են մարդիկ խոսում, Աստված ուզում է, որ «ամեն տեսակ մարդիկ փրկվեն և ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան» (1 Տիմոթեոս 2։4; Հայտնություն 7։9)։
[ծանոթագրություններ]
a Աստվածաշնչի որոշ հատվածներ, օրինակ՝ Եզրաս 4։8–ից 6։18 և 7։12–26, Երեմիա 10։11, Դանիէլ 2։4բ–ից 7։28 համարները գրվել են արամերենով, որը մոտ էր հին եբրայերենին։
b Անհրաժեշտ է նշել, որ Աստվածաշնչի որոշ բառարաններում միայն գրված է, թե ինչպես է տվյալ բառը թարգմանվել Սուրբ Գրքի կոնկրետ որևէ թարգմանության մեջ, և չի նշվում բառի իմաստն ընդհանուր առմամբ։
c Հիսուս Քրիստոսի օրերում Եբրայերեն Գրությունների բոլոր գրքերը թարգմանված էին հունարեն։ Դա «Յոթանասնից» թարգմանությունն էր, որը լայնորեն օգտագործվում էր հունախոս հրեաների կողմից։ Եբրայերեն Գրություններից արված հարյուրավոր մեջբերումներ, որ հանդիպում են Հունարեն Գրություններում, վերցված են «Յոթանասնից» թարգմանությունից։
d Որոշ կարծիքների համաձայն՝ Մատթեոսի ավետարանը գրվել է եբրայերենով։ Ինչևէ, մեզ հասած օրինակը բնագրի հունարեն թարգմանությունն է, որը հավանաբար նույնպես գրվել է Մատթեոս առաքյալի կողմից։
e Աստվածաշնչի տարբեր թարգմանությունների մասին խոսվում է «Ինչպե՞ս Աստվածաշնչի լավ թարգմանություն ընտրել» հոդվածում, որը հրատարակվել է «Դիտարանի» 2008 թ. մայիսի 1–ի համարում։
[շրջանակ/նկար 22–րդ էջի վրա]
«Յոթանասնից» թարգմանությունը
Հիսուսի և առաքյալների ժամանակներում ապրող հունախոս հրեաները լայնորեն օգտվում էին «Յոթանասնից» թարգմանությունից, որը Եբրայերեն Գրությունների հունարեն թարգմանությունն է։ Այն շատ արժեքավոր է, քանի որ Սուրբ Գրությունների առաջին թարգմանությունն է, և տպավորիչ է իրականացված թարգմանչական աշխատանքների ծավալով։ Մի խումբ թարգմանիչներ սկսել են աշխատանքը մ.թ.ա. 3–րդ դարում, որը շարունակվել է ավելի քան հարյուր տարի, և ավարտին է հասցվել ուրիշ թարգմանիչների կողմից։
Առաջին դարի քրիստոնյաները օգտվել են Աստվածաշնչի այս թարգմանությունից, որպեսզի փաստեն, որ Հիսուսը Քրիստոսն էր խոստացված Մեսիան։ Նրանք այնքան հմտորեն էին օգտվում «Յոթանասնից» թարգմանությունից, որ այն շատերը սկսեցին համարել «քրիստոնեական» թարգմանություն։ Այդ պատճառով ժամանակի ընթացքում հրեաները սկսեցին ավելի քիչ օգտվել այդ գրքից։ Ուստի հետագայում լույս տեսան հունարեն լեզվով նոր թարգմանություններ։ Դրանցից մեկի հեղինակը մ.թ. 2–րդ դարում ապրող հուդայական կրոնն ընդունած մի մարդ էր՝ Աքվիլա անունով։ Այդ թարգմանության մասին մի աստվածաշնչագետ ասել է, որ այն ունի «արտասովոր յուրահատկություն». Աքվիլայի թարգմանության մեջ հանդիպում է եբրայերեն տառերով գրված Աստծու անունը՝ Եհովա։
[թույլտվությամբ]
Israel Antiquities Authority
[նկար 23–րդ էջի վրա]
Կարևոր է կարդալ Աստվածաշունչը մատչելի լեզվով, որպեսզի հասկանանք և ապրենք դրա համաձայն