Մեր ընթերցողները հարցնում են
Եհովայի վկաները բողոքականնե՞ր են
Եհովայի վկաների կրոնը բողոքականության ուղղություն չէ։ Տեսնենք, թե ինչո՞ւ։
Բողոքականությունը ձևավորվեց Եվրոպայում 16–րդ դարում։ Բողոքականների նպատակն էր բարեփոխումներ մտցնել Հռոմի կաթոլիկ եկեղեցում։ Առաջին անգամ «բողոքական» կոչվեցին Մարտին Լյութերի հետևորդները 1529 թ.–ին Շպայեր քաղաքում (Գերմանիա) անցկացվող պաշտոնական խորհրդաժողովի ժամանակ։ Այդուհետ նրանք, ովքեր առաջնորդվում էին Ռեֆորմացիայի սկզբունքներով և նպատակներով, համարվեցին բողոքականներ։ Մի բացատրական բառարանում նշվում է. «Բողոքականը այն քրիստոնյան է, որը մերժում է Պապի բացարձակ գերիշխանությունը և համաձայն է ռեֆորմատական եկեղեցու գաղափարաբանություններին՝ միայն հավատով կարելի է արդարանալ, յուրաքանչյուրը կարող է և իրավունք ունի հոգևոր պաշտոն կատարել, և բացարձակ հեղինակությունը Աստվածաշունչն է, որը ճշմարտության միակ աղբյուրն է» (Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th Edition)։
Թեև Եհովայի վկաները նույնպես մերժում են Պապի բացարձակ գերիշխանությունը և ամբողջ սրտով առաջնորդվում են Աստվածաշնչի սկզբունքներով, սակայն նրանց ուսմունքները տարբերվում են բողոքականների ուսմունքներից։ Կրոնի մասին մի հանրագիտարանում Եհովայի վկաների մասին ասվում է, որ նրանք «առանձին» կրոն են (The Encyclopedia of Religion)։ Քննենք այդ տարբերություններից երեքը։
Առաջին՝ չնայած բողոքականները մերժել են կաթոլիկության որոշ առանձնահատկություններ, սակայն Ռեֆորմացիայի առաջնորդները պահպանել են որոշ ուսմունքներ, ինչպես օրինակ՝ Երրորդության, կրակե դժոխքի և հոգու անմահության ուսմունքները։ Ի տարբերություն նրանց՝ Վկաները համարում են, որ այդ ուսմունքները ոչ միայն հակասում են Աստվածաշնչին, այլև դրանց պատճառով մարդկանց մեջ սխալ պատկերացում է ստեղծվում Աստծու մասին (տե՛ս այս պարբերագրի 4–7 էջերը)։
Երկրորդ՝ Եհովայի վկաների դավանած կրոնը ուղղված չէ որևէ կրոնի դեմ։ Նրանք հետևում են Աստվածաշնչի հետևյալ խոսքերին. «Տիրոջ ծառան չպետք է կռիվ անի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի, սովորեցնելու համար՝ որակյալ, չարիքի ենթարկվելիս իրեն զուսպ պահի, մեղմությամբ սովորեցնի նրանց, ովքեր անբարյացակամորեն են տրամադրված» (2 Տիմոթեոս 2։24, 25)։ Թեև Վկաները ցույց են տալիս Աստվածաշնչի ուսմունքների և որոշ կրոնների ուսմունքների միջև եղած տարբերությունները, սակայն նրանց նպատակը կրոնների մեջ բարեփոխումներ մտցնելը չէ։ Եհովայի վկաները ցանկանում են օգնել յուրաքանչյուր մարդու ճանաչելու Աստծուն և հասկանալու Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը (Կողոսացիներ 1։9, 10)։ Երբ այլ հավատալիքներ ունեցող մարդիկ շարունակաբար հակառակվում են, Վկաները անօգուտ վիճաբանությունների մեջ չեն մտնում (2 Տիմոթեոս 2։23)։
Երրորդ՝ ի տարբերություն բողոքականության, որը բաժանվել է հարյուրավոր ուղղությունների, Եհովայի վկաները համաշխարհային եղբայրություն են։ Ինչ վերաբերում է նրանց ուսմունքներին, ապա Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ նրանք «միևնույն բանն են խոսում» ավելի քան 230 երկրներում։ Նրանց մեջ խմբավորումներ չկան։ Վկաները «միաբանված են միևնույն մտքով և միևնույն մտածելակերպով» (1 Կորնթացիներ 1։10)։ Նրանք իրենց հավատակիցների հետ ձգտում են «պահպանել ոգու միասնությունը՝ խաղաղության միավորող կապի մեջ լինելով» (Եփեսացիներ 4։3)։