«Գաղաադի» 126–րդ դասարանի ավարտական ծրագիրը
Միսիոներական ծառայության հաջողության գաղտնիքը
ՊԱՏԵՐՍՈՆԻ «Դիտարանի» կրթական կենտրոնում ոգևորություն էր տիրում (Նյու Յորք)։ Շաբաթ օր էր՝ 2009 թ. մարտի 14–ը։ «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 126–րդ դասարանի ավարտականն էր։ Շրջանավարտները նշանակվելու էին 22 երկրներ՝ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու համար (Մատթեոս 24։14)։
Ուսանողները ավարտել էին աստվածաշնչային հինգամսյա ինտենսիվ դասընթացը, որը պատրաստել էր նրանց միսիոներական ծառայությանը։ Ավարտականի ժամանակ նրանք վերջին անգամ էին լսելու իմաստուն խորհուրդներ ու հրահանգներ, որոնք կօգնեին հասնելու իրենց նպատակին։
Կառավարիչ մարմնի անդամ էնթոնի Մորիսը, որը նաև ավարտական ծրագրի նախագահողն էր, իր խոսքում նշեց, որ «Գաղաադ» դպրոցը հիմնադրվել է 1943 թ.–ին։ Այդ ժամանակից ի վեր՝ այն պատրաստել է միսիոներներ, որոնք մեծ դեր են ունեցել բարի լուրը մինչև աշխարհի ծայրերը տանելու գործում։
Եղբայրը նաև հիշեցրեց, որ թեև դպիրներն ու փարիսեցիները Հիսուսի հետևորդներին համարում էին «առանց ուսմունքի եւ տգէտ» մարդիկ, սակայն ընդունում էին, որ աշակերտները համարձակությամբ են խոսում, քանի որ Հիսուսի հետ են եղել (Գործեր 4։13, ԱԹ)։ Նմանապես, դասընթացի ժամանակ միսիոներների ստացած կրթությունը իրենց մղելու էր համարձակությամբ խոսելու։
«Մի դատիր՝ արտաքինին նայելով» ելույթը ներկայացրեց եղբայր Ռոբերտ Սիրանկոն, որը համագործակցում է Կառավարիչ մարմնի Գրական կոմիտեի հետ։ Նա ասաց, որ շուտով ուսանողները կհանդիպեն տարբեր մշակույթներ և սովորություններ ունեցող մարդկանց։ Միսիոներների համար հեշտ կլինի այդ մարդկանց քարոզել, եթե նրանք ունենան Եհովա Աստծու տեսակետը։ Գործեր 10։34 համարում օգտագործված բնագրի բառերը հաղորդում են այն միտքը, որ Աստված չի գնահատում արտաքինին նայելով։ Այսինքն՝ «Աստված կողմնակալ չէ»։ Եղբայր Սիրանկոն նաև նշեց. «Եթե Աստծու տեսակետը և վերաբերմունքը ունենաք ձեր տարածքներում ապրող մարդկանց նկատմամբ և գիտակցեք, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է ընդունելի լինել Աստծուն, ապա հաջողությունների կհասնեք ձեր միսիոներական ծառայության մեջ» (Գործեր 10։35)։
«Ամեն բան ունեք»
Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը իր ելույթում բերեց մի օրինակ։ Նա ասաց. «Ոմանց կարծիքով՝ ուղտը տգեղ կենդանի է, սակայն այդ կենդանին ամեն առումով պատրաստ է անապատում ապրելու համար»։ Միսիոներներն էլ ամեն բան ունեն իրենց նշանակված տարածքներում ծառայելու համար։ Եղբայրը նշեց հինգ բան, որ կօգնեն նրանց։
1. Սեր Եհովայի նկատմամբ (Մատթեոս 22։37, 38)։ Ուսանողներն արդեն ցույց են տվել, որ վճռել են ծառայել Եհովային։
2. Աստվածաշնչյան գիտելիքների պաշար։ Ուղտը սնունդ է կուտակում իր սապատներում։ Սակայն կենդանին շարունակում է սնվել և չի բավարարվում ունեցած պաշարով։ Միսիոներները նույնպես չպետք է բավարարվեն միայն այն գիտելիքներով, որ ստացել են «Գաղաադ» դպրոցում սովորելու ընթացքում, այլ շարունակ պետք է սնվեն հոգևորապես։
3. Սեր մարդկանց հանդեպ (Մատթեոս 22։39)։ Ուսանողները կարեկցում են մարդկանց։
4. Պատրաստակամության ոգի (Սաղմոս 110։3)։ Երբ միսիոների ուժերը սպառվում են, Եհովան զորացնում է նրան (Եսայիա 40։29)։
5. Երիտասարդական ավյուն։ Ինչպես ուղտն է անապատով տանում ուղևորին, այնպես էլ հնարավոր է միսիոները ստիպված լինի «տանել» այն հավատակցին, ով դժվարությունների է բախվել քրիստոնեական կյանքում։ Դրա համար ուժեր են անհրաժեշտ։ Միսիոներները ունեն այդ ուժը՝ երիտասարդական ավյունը։
Ծրագրի մյուս մասերը
«Գաղաադի» ուսուցիչներից մեկը՝ Մայքլ Բարնետը, իր ելույթում նշեց, որ Հակոբը Եգիպտոսի մի կառավարչի համար ընծա ուղարկեց երկրի ընտիր պտուղներից, այդ թվում նաև նուշ (Ծննդոց 43։11)։ Նուշը թեև փոքր է, սակայն շատ սննդարար է։ Ուսանողները դասընթացի ժամանակ վայելել են մեծ քանակությամբ փոխաբերական նուշեր։ Նրանք դասերի ընթացքում սովորեցին շատ արժեքավոր բաներ։ Օրինակ՝ անչափ կարևոր է բավարարվել այն ամենով, ինչ տալիս է Եհովան, և պետք է սիրել նշանակման նոր վայրը։
Մարկ Նումարը, որը նույնպես «Գաղաադի» ուսուցիչներից է, ասաց, որ Աստծու Խոսքը նման է «իմաստությամբ լի պարկի» (Յոբ 28։18, ՆԱ)։ Պետք է բացել այդ պարկը և օգտագործել պարունակությունը։ Եթե միսիոներական ծառայության վերաբերյալ նրանց ունեցած սպասելիքները չեն իրականանում, նրանք գուցե հիշեն Պողոս առաքյալի օրինակը։ Հիսուսի աշակերտները ուղարկեցին նրան 9 տարի ծառայելու հայրենի քաղաքում։ Պողոսը չմտածեց, թե ինքը «ընտրյալ անոթ» է և պետք է ծառայի մեկ այլ վայրում։ Նա ջանադրաբար ծառայեց այնտեղ, որտեղ նշանակվեց (Գործեր 9։15, 28–30)։ Երբեմն գուցե դժվար լինի հարգել Եհովայի կատարած ընտրությունը։ Սակայն Հովնաթանը լավ օրինակ է թողել միսիոներներին։ Նա ընդունեց, որ Եհովան Դավթին է նշանակել թագավոր և ուրախությամբ համաձայն էր նրան աջակցել։
Մյուս մասում՝ «Աստծու ծառաները համարձակությամբ են խոսում», ուսանողները վերհիշեցին այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել այդ հինգ ամիսների ընթացքում քարոզչական ծառայության ժամանակ։ Նրանցից շատերը սկսել էին Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել։ Իսկ հաջորդ մասում, որի վերնագիրն էր՝ «Պատրաստված՝ Եհովայի կազմակերպության կողմից», հարցազրույցներ անցկացվեցին երեք միսիոներների հետ, որոնք արդեն երկար ժամանակ ծառայում են իրենց նշանակումներում։ Նրանցից յուրաքանչյուրը պատմեց, թե ինչպես է սովորել համագործակցել Աստծու կազմակերպության հետ։
«Եղիր ուրախ միսիոներ»
Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը ներկայացրեց ծրագրի գլխավոր մասը, որը կոչվում էր՝ «Եղիր ուրախ միսիոներ»։ Նա նշեց, որ շատ «զվարճություններ» կան, որոնք, սակայն, իսկական ուրախություն չեն պատճառում (Առակաց 14։13; Ժողովող 2։10, 11)։ Մնայուն ուրախություն բերում է Աստծու կամքը կատարելը, որը երբեմն դժվար կարող է լինել։ Թեև հինգամսյա դասընթացի ժամանակ ուսանողները լարված էին, այնուհանդերձ նրանք բավարարվածության զգացում ունեին։
Կան մի շարք բաներ, որ նպաստում են ճշմարիտ քրիստոնյաների ուրախությանը։ Նախ՝ նրանք երկրպագում են երջանիկ Աստծուն (Սաղմոս 33։12; 1 Տիմոթեոս 1։11)։ Բացի այդ, ապրում են հոգևոր դրախտում։ Իսկ շուտով նաև կապրեն դրախտի վերածված երկրի վրա, ինչպես խոստանում է Աստվածաշունչը։ Ճշմարիտ քրիստոնյաները գտել են կյանքի իմաստը. այն է՝ ծառայել Եհովային և փառաբանել նրան։ Նրանք համոզված են, որ սիրված են Եհովայի և Հիսուսի կողմից։
Եղբայրը նաև նշեց. «Դու կլինես ուրախ միսիոներ, եթե սովորես բավարարվել ունեցածով»։ Մարդկանց սիրելով և նրանց կողմից սիրված լինելով՝ միսիոներները կպահպանեն իրենց ուրախությունը։ Ուստի պետք է անտեսել մարդկանց թերությունները և ոչ թե կենտրոնանալ դրանց վրա։ Կարևոր է նաև ուրիշներին բարիք անել, օգնել թույլերին և պատմել ոգևորիչ դեպքեր (Սաղմոս 41։1, 2; Գործեր 20։35)։ Միսիոները ուրախություն կստանա նաև, երբ ողջ ուժերը ներդնի ծառայության մեջ (Ղուկաս 11։28)։
Եղբայր Լյոշը ավարտեց իր ելույթը հետևյալ խոսքերով. «Շարունակեք ծառայել որպես ուրախ միսիոներներ՝ ունենալով հավասարակշռված տեսակետ զվարճությունների հանդեպ։ Կենտրոնացած եղեք երջանիկ Աստծուն՝ Եհովային փառաբանելու վրա և օգնեք մարդկանց երջանիկ լինել»։
Տարբեր երկրներից ողջույններ փոխանցելուց հետո եղբայր էնթոնի Մորիսը դիպլոմներ հանձնեց ուսանողներին։ Այնուհետև 126–րդ դասարանի ուսանողներից մեկը ընթերցեց Կառավարիչ մարմնին ուղղված իրենց նամակը։ Նամակում ուսանողները հայտնում էին իրենց երախտագիտությունը «Գաղաադ» դպրոցում սովորելու առանձնաշնորհման համար։
Ծրագրի վերջում նախագահողը նշեց, որ մարմնի «հոդերը և ջլերը» ներկայացնում են այն միջոցները, որոնցով «հավատարիմ և իմաստուն ծառան» սնում է հոգևորապես և առաջնորդում է Աստծու ժողովրդին (Կողոսացիներ 2։18, 19; Մատթեոս 24։45)։ Եթե «Գաղաադ» դպրոցի շրջանավարտները լիովին համագործակցեն Աստծու նշանակած ներկայացուցիչների հետ, նրանք հաջողությամբ կկատարեն իրենց ծառայությունը (2 Տիմոթեոս 4։5)։
[շրջանակ 30–րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 6
Նշանակման երկրները՝ 22
Ուսանողների թիվը՝ 56
Ամուսնական զույգերի թիվը՝ 28
Միջին տարիքը՝ 32,8 Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 17,9
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13,5
ՆՇԱՆԱԿՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ
Շրջանավարտները ուղարկվեցին ծառայելու հետևյալ երկրներ՝ Բենին, Բոլիվիա, Բուլղարիա, Բուրկինա Ֆասո, Կամերուն, Կոստա Ռիկա, Գանա, Գվատեմալա, Հոնդուրաս, Քենիա, Լիբերիա, Մադագասկար, Մոզամբիկ, Նիկարագուա, Պանամա, Պարագվայ, Պերու, Ռումինիա, Սիերա Լեոնե, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Տոգո և Ուգանդա։
[նկար 31–րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 126–րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ։
1) Կիրչհուֆ Կ., Նիկոլս Ք., Գուսման Յ., Քոյլ Հ., Բեքեր Օ., դե Սիմոնե Ա., 2) Մանսանարես Ա., Բուվիե է., Փեդլ Ջ., Մեյսն Հ., Բրաս Ջ., 3) Լի Ջ., Ֆորտե Ա., Բուչեր Թ., Մարշ Ա., Լեյտն Ս., Գլովեր Մ., 4) Կամբակ Հ., Ջոնս Թ., Ֆեռեյրա Ա., Մորալես Ջ., Չիկաս Ս., Դեյվիս Բ., Դորմանեն է., 5) Դորմանեն Բ., Նիկոլս Ջ., Պաչո Թ., Թիտմաս Լ., Բուվիե է., Կիրչհուֆ Ա., 6) Լեյտն Գ., Պաչո Ա., վան Կամպեն Բ., Մանսանարես Ա., Ռիվարդ Ա., Լի Յ., Թիտմաս Լ., 7) Բուչեր Մ., Քոյլ Ք., Մարշ Ս., Գուսման Ջ., Ջոնս Ու., Կամբակ Ջ., 8) Գլովեր Ա., Ֆեռեյրա Ջ., Մեյսն է., Ֆորտե Դ., Դեյվիս Ն., Չիկաս Օ., Ռիվարդ Յ., 9) Բրաս Դ., վան Կամպեն Դ., Մորալես Ա., դե Սիմոնե Մ., Բեքեր Մ., Փեդլ Դ.։