Եհովան լսում է ընկճված մարդու աղաղակը
ԻՆՉՊԵՍ հին Իսրայելի Սողոմոն թագավորը նկատեց, «ժամանակ և պատահար բոլորիս է լինում» (Ժող. 9։11)։ Ողբերգական մի դեպք կամ ցավալի մի դժբախտություն կարող է դաժանորեն փոխել մեր կյանքի ընթացքը։ Օրինակ՝ ընտանիքի անդամի անսպասելի մահը կարող է էմոցիոնալ առումով սպառել մեզ։ Անցնող շաբաթների և ամիսների ընթացքում վիշտն ու վհատության զգացումը հնարավոր է՝ անտանելի դառնան։ Անհատը կարող է այնքան շփոթվել, որ իրեն անարժան զգա աղոթելու Եհովային։
Այսպիսի իրավիճակում մարդը քաջալերանքի, ուշադրության և սիրո կարիք ունի։ Սաղմոսերգու Դավթի երգի մեջ հետևյալ վստահեցումն ենք գտնում. «Եհովան նեցուկ է լինում բոլոր ընկնողներին և վեր է բարձրացնում բոլոր կռացածներին» (Սաղ. 145։14)։ Աստվածաշունչն ասում է մեզ, որ «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տար. 16։9)։ «Այս ընկճվածն աղաղակեց, և Եհովան լսեց, նրա բոլոր նեղություններից փրկեց նրան» (Սաղ. 34։6)։ Իսկ ինչպե՞ս է Եհովան աջակցում և մխիթարում ընկճված մարդուն։
«Ճիշտ ժամանակին ասված խոսքը»
Միջոցներից մեկը, որով Եհովան օգնում է ճիշտ ժամանակին, քրիստոնեական եղբայրությունն է։ Քրիստոնյաներին հորդոր է տրվում «սփոփել վհատված հոգիներին» (1 Թեսաղ. 5։14)։ Կարեկից հավատակցի սիրով և հոգատարությամբ լի խոսքերը կարող են զորացնել վհատված և վշտահար անհատին։ Մխիթարական խոսքեր ասելը անգամ կարճ զրույցի ժամանակ կարող են կենդանացնել հուսալքված մարդու ոգին։ Այդպիսի մտածված արտահայտություններ գուցե ասի մեկը, ով նման մտատանջություններ և էմոցիոնալ տառապանք է կրել։ Կամ էլ հնարավոր է՝ քո ծանր վիճակը նկատի խորաթափանց ընկերը, որը կյանքի մեծ փորձ ունի։ Մեր եղբայրների ու քույրերի միջոցով Եհովան կարող է կենդանացնել ընկճված մարդու ոգին։
Տեսնենք, թե ինչ իրավիճակում է հայտնվել վերջերս ամուսնացած Ալեքս անունով մի երեց, որն անսպասելիորեն կորցրեց իր կնոջը անբուժելի հիվանդության պատճառով։ Մի կարեկից շրջագայող վերակացու, որը նույնպես կորցրել է իր կնոջը, սակայն այժմ վերամուսնացած է, որոշեց մխիթարել Ալեքսին։ Նա պատմեց, թե ինչ տանջող զգացումներ էին իրեն պարուրել։ Թեև լավ էր զգում, երբ ուրիշների հետ էր ծառայության և ժողովի հանդիպումների ժամանակ, սակայն երբ տուն էր վերադառնում և փակում դուռը, իրեն շատ միայնակ էր զգում։ «Ի՜նչ թեթևություն եմ ապրում այն բանի գիտակցումից, որ ինչ զգում էի, բնական էր, և որ ուրիշներն էլ են այդ զգացումներն ունեցել»,— ասում է Ալեքսը։ Իսկապես, «ճիշտ ժամանակին ասված խոսքը» կարող է մխիթարական լինել, երբ մարդը վհատված է (Առակ. 15։23)։
Մեկ ուրիշ երեց, որը ճանաչում է մի քանի անձանց, ովքեր կորցրել են իրենց կողակիցներին, նույնպես մղվեց քաջալերական խոսքեր ասելու Ալեքսին։ Նա սիրալիր կերպով կարեկցանք արտահայտող խոսքեր ասաց՝ նշելով, որ Եհովան գիտի, թե ինչ ենք զգում և ինչի կարիք ունենք։ «Եթե ամիսների, տարիների ընթացքում զգաս, որ ուզում ես կողակից ունենալ,— ասաց եղբայրը,— իմացիր, որ Եհովայի սերը երևում է այն բանում, որ հիմա նա հնարավորություն է տալիս վերամուսնանալու»։ Իհարկե, ոչ բոլորը, որ կորցնում են իրենց կողակցին և հետո ցանկանում են վերամուսնանալ, կարող են կրկին ամուսնանալ։ Սակայն խորհելով եղբոր խոսքերի շուրջ՝ Ալեքսն ասաց. «Եթե հիշենք, որ Եհովան թույլ է տալիս վերամուսնանալ, ապա կազատվենք ցանկացած բացասական մտքից, թե անհավատարիմ կլինենք մեր կողակցին կամ Եհովայի հաստատած ամուսնական կառույցին, եթե ապագայում վերամուսնանանք» (1 Կորնթ. 7։8, 9, 39)։
Սաղմոսերգու Դավիթը, որն անձամբ շատ փորձություններ ու դժվարություններ էր կրել, հասկանում էր, որ «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց օգնության աղաղակին» (Սաղ. 34։15)։ Եհովան, անշուշտ, կարող է ճիշտ ժամանակին պատասխանել ընկճված մարդու աղաղակին կարեկից ու հասուն հավատակցի՝ մտածված և նրբանկատ խոսքերով։ Այսպիսի մոտեցումը թե՛ գնահատելի է, թե՛ գործնական։
Օգնություն ժողովների միջոցով
Վհատված անհատը հակված է բացասական բաների շուրջ մտածելու, որոնց պատճառով էլ կարող է մեկուսանալ։ Սակայն Առակներ 18։1-ը զգուշացնում է. «Մեկուսացող մարդը իր եսասիրական ցանկությունն է փնտրում։ Նա ամեն տեսակ իմաստության դեմ է դուրս գալիս»։ Ալեքսը խոստովանեց. «Երբ կորցնում ես կողակցիդ, ուղեղդ լցվում է բացասական մտքերով»։ Նա հիշում է, որ հարցնում էր ինքն իրեն. «Գուցե ուրիշ մի բան պետք է անեի։ Գուցե պիտի ավելի ուշադիր ու հասկացող լինեի»։ Նա շարունակում է. «Ես չէի պատկերացնում, որ այսուհետ մենակ եմ լինելու։ Շատ դժվար է դադարել այդպես մտածելուց, քանի որ ամեն օր հիշում ես, որ մենակ ես»։
Նա, ով ոգով փշրված է, առավել քան երբևէ առողջ ընկերակցության կարիք ունի, ինչը կարող է գտնել ժողովներում։ Այնտեղ մեր միտքը լցնում ենք Աստծու խոսքերով, որոնք դրական են և քաջալերիչ։
Քրիստոնեական հանդիպումները օգնում են, որ հավասարակշռված տեսակետ ունենանք մեր իրավիճակի մասին։ Երբ լսում ենք Աստվածաշնչից հատվածներ և խորհրդածում դրանց շուրջ, կենտրոնանում ենք ամենակարևոր հարցերի՝ Եհովայի գերիշխանության արդարացման ու նրա անվան սրբացման վրա և ոչ թե միայն մեր անձնական խնդիրների վրա։ Ավելին, այդ հանդիպումների ժամանակ զորանում ենք այն բանի գիտակցումից, որ նույնիսկ եթե ուրիշները տեղյակ չեն, թե ինչ դժվարությունների ենք բախվում, կամ չեն հասկանում, թե ինչ ենք զգում, Եհովան վստահաբար գիտի մեր խնդիրների մասին և հասկանում է մեզ։ Նա գիտի, որ «սրտի ցավի պատճառով ոգին խոցվում է» (Առակ. 15։13)։ Ճշմարիտ Աստված ցանկանում է օգնել մեզ, և դա մղում ու զորացնում է, որ շարունակենք առաջ գնալ (Սաղ. 27։14)։
Երբ Դավիթ թագավորը թշնամիների կողմից սաստիկ ճնշված էր, աղաղակեց Աստծուն. «Ոգիս մաշվում է իմ ներսում, սիրտս նվաղում է իմ մեջ» (Սաղ. 143։4)։ Դժբախտությունները հաճախ սպառում են մարդուն ֆիզիկապես և էմոցիոնալ առումով, նույնիսկ նրա սիրտն է նվաղում։ Տառապանքների պատճառով անհատը կարող է հիվանդանալ կամ երկարատև ֆիզիկական տկարություններ ունենալ։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան կօգնի մեզ տոկալու (Սաղ. 41։1–3)։ Թեև Աստված այսօր ոչ մեկին հրաշքով չի բուժում, սակայն նա իմաստություն և զորություն է տալիս տառապողին, որպեսզի դիմանա։ Հիշիր, որ երբ Դավիթը կքում էր դժվարությունների ներքո, դիմեց Եհովային։ «Հիշում եմ վաղուցվա օրերը,— երգեց նա,— մտածում եմ քո բոլոր գործերի մասին, հաճույքով խորհրդածում եմ քո ձեռքերի գործերի շուրջ» (Սաղ. 143։5)։
Այն փաստը, որ այս ներշնչված խոսքերը արձանագրված են Աստվածաշնչում, ցույց է տալիս, որ Եհովան հասկանում է մեր զգացմունքները։ Դրանք երաշխիք են, որ նա լսում է մեր աղաղակները։ Եթե ընդունենք Եհովայի օգնությունը, «նա նեցուկ կլինի մեզ» (Սաղ. 55։22)։
«Անդադար աղոթեք»
Հակոբոս 4։8 համարն ասում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»։ Աստծուն մոտենալու կերպերից մեկը աղոթքն է։ Պողոս առաքյալը հորդորում է մեզ. «Անդադար աղոթեք» (1 Թեսաղ. 5։17)։ Նույնիսկ երբ դժվարանում ենք բառերով արտահայտել մեր զգացմունքները, հիշենք, որ «ոգին բարեխոսում է մեզ համար, երբ մենք հառաչում ենք, թեև անձայն» (Հռոմ. 8։26, 27)։ Եհովան իսկապես հասկանում է, թե ինչ ենք զգում։
Մոնիկան, որը մտերիմ փոխհարաբերություններ է վայելում Եհովայի հետ, ասում է. «Աղոթքի, Աստվածաշնչի ընթերցանության և անձնական ուսումնասիրության շնորհիվ զգում եմ, որ Եհովան դարձել է իմ ամենամտերիմ Ընկերը։ Նա այնքան իրական է ինձ համար, որ կարողանում եմ տեսնել, թե ինչպես է միշտ օգնում ինձ։ Մխիթարական է իմանալ, որ նույնիսկ երբ չեմ կարողանում բացատրել, թե ինչ եմ զգում, նա հասկանում է ինձ։ Ես գիտեմ, որ նրա բարությունն ու օրհնությունները անսահման են»։
Ուրեմն եկեք անպայման ընդունենք մեր հավատակիցների սիրառատ ու մխիթարական խոսքերը, կիրառենք բարի խորհուրդները և հավատն ամրացնող հիշեցումները, որոնք լսում ենք քրիստոնեական հանդիպումների ժամանակ, և մեր սիրտը թափենք Եհովայի առաջ աղոթքի միջոցով։ Այս ժամանակահարմար բաներն այն միջոցներն են, որոնցով Եհովան ցույց է տալիս, որ հոգ է տանում մեր մասին։ Ալեքսն իր անձնական փորձից ասում է. «Եթե մեր ձեռքից եկածն անենք, որ օգտվենք այն ամենից, ինչ Եհովա Աստված տալիս է մեզ՝ հոգևորապես ամուր մնալու համար, կստանանք «սովորականին գերազանցող ուժը», որ տոկանք ցանկացած դժվարության» (2 Կորնթ. 4։7)։
[Շրջանակ/Նկար 18-րդ էջի վրա]
Մխիթարություն ընկճված մարդու համար
Սաղմոսները հարուստ են մարդկային զգացմունքների արտահայտումներով և բազում վստահեցումներով, որ Եհովան իսկապես լսում է ընկճված մարդու աղաղակը, որը ճնշված է սթրեսի պատճառով։ Նկատի առ հետևյալ տողերը.
«Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի և օգնության համար իմ Աստծուն աղաղակեցի։ Իր տաճարից նա լսեց իմ ձայնը, և նրան ուղղված օգնության աղաղակս նրա ականջին հասավ» (Սաղ. 18։6)։
«Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղ. 34։18)։
«[Եհովան] բուժում է սրտով կոտրվածներին և կապում է նրանց վերքերը» (Սաղ. 147։3)։
[նկար 17-րդ էջի վրա]
Որքա՜ն մխիթարական կարող է լինել «ճիշտ ժամանակին ասված խոսքը» նեղության օրը