Առավելագույնս օգտվիր քո ամուրիությունից
«Ով կարող է այսպես ապրել, թող ապրի» (ՄԱՏԹ. 19։12)։
1, 2. ա) Ինչպե՞ս էին Հիսուսը, Պողոսը և ուրիշներ դիտում ամուրիությունը։ բ) Ինչո՞ւ գուցե ոմանք ամուրիությունը չհամարեն պարգև։
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ, անկասկած, մարդկությանը տված Աստծու ամենաթանկարժեք պարգևներից մեկն է (Առակ. 19։14)։ Այնուհանդերձ, ամուրի շատ քրիստոնյաներ նույնպես վայելում են բովանդակալից և բավարարվածություն բերող կյանք։ Հարոլդը, որը 95 տարեկան եղբայր է և երբեք ամուսնացած չի եղել, ասում է. «Թեև ինձ հաճելի է ընկերակցել ուրիշների հետ և հյուրասիրություն ցուցաբերել, սակայն երբ մենակ եմ, երբեք միայնակ չեմ։ Իսկապես, կարելի է ասել, որ ունեմ ամուրիության պարգևը»։
2 Թե՛ Հիսուս Քրիստոսը և թե՛ Պողոս առաքյալը ամուրիության մասին խոսեցին որպես Աստծու տված պարգևի, ինչպիսին որ ամուսնությունն է (կարդա՛ Մատթեոս 19։11, 12; 1 Կորնթացիներ 7։7)։ Սակայն ոչ բոլորն են իրենց ընտրությամբ ամուրի կամ առանց կողակցի։ Երբեմն հանգամանքների բերումով անհատը դժվարանում է համապատասխան կողակից գտնել։ Ոմանք էլ, ովքեր տարիներ շարունակ ամուսնացած են եղել, անսպասելիորեն մենակ են մնում ամուսնալուծության կամ կողակցի մահվան պատճառով։ Ուրեմն ի՞նչ իմաստով ամուրիությունը կամ կողակից չունենալը կարող է պարգև լինել։ Ինչպե՞ս կարող են այսպիսի քրիստոնյաները առավելագույնս օգտվել իրենց ամուրիությունից։
Առանձնահատուկ պարգև
3. Ի՞նչ առավելություններ են սովորաբար ունենում ամուրի քրիստոնյաները։
3 Ամուրին սովորաբար ավելի շատ ժամանակ և ազատություն է ունենում, քան ամուսնացածը (1 Կորնթ. 7։32–35)։ Դրանք հատուկ առավելություններ են, որոնք թույլ են տալիս նրան ընդլայնելու ծառայությունը, ընդարձակվելու սիրո մեջ և մոտենալու Եհովային։ Այդ պատճառով բազմաթիվ քրիստոնյաներ գնահատում են ամուրիության օգուտները և որոշում առնվազն մի որոշ ժամանակ «այսպես ապրել»։ Ուրիշները թերևս սկզբում չեն պլանավորել ամուրի լինել, բայց երբ իրենց հանգամանքները փոխվել են, լրջորեն խորհրդածել են իրենց իրավիճակի մասին և հասկացել, որ Եհովայի օգնությամբ նույնպես կարող են ամուրի մնալ։ Ուստի համակերպվել են իրենց նոր հանգամանքներին և «ապրում» են որպես ամուրի (1 Կորնթ. 7։37, 38)։
4. Ինչո՞ւ ամուրի քրիստոնյաները բոլոր հիմքերն ունեն իրենց թերարժեք չզգալու ծառայության մեջ։
4 Ամուրի քրիստոնյաները գիտեն, որ չպիտի ամուսնանան միայն նրա համար, որ ընդունված ու գնահատված լինեն Եհովայի կամ իր կազմակերպության կողմից։ Աստված սիրում է յուրաքանչյուրիս անհատապես (Մատթ. 10։29–31)։ Ոչ ոք և ոչինչ չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հռոմ. 8։38, 39)։ Անկախ այն բանից՝ ամուսնացած ենք, թե ամուրի, բոլոր հիմքերն ունենք մեզ թերարժեք չզգալու ծառայության մեջ։
5. Ի՞նչ է հարկավոր ամուրիությունից առավելագույնս օգտվելու համար։
5 Այնուհանդերձ, ինչպես երաժշտության և սպորտի բնագավառում ունեցած ունակություններն է հարկավոր լավագույնս օգտագործել, այնպես էլ ջանքեր են պահանջվում ամուրիության պարգևից առավելագույնս օգտվելու համար։ Ուստի ինչպե՞ս կարող են այսօր ամուրի քրիստոնյաները՝ եղբայր թե քույր, երիտասարդ թե տարիքով ավելի մեծ, հանգամանքների բերումով առանց կողակցի թե իրենց ընտրությամբ, օգուտներ քաղել իրենց իրավիճակից։ Եկեք քննենք վաղ քրիստոնեական ժողովի մի քանի քաջալերական օրինակներ և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել դրանցից։
Ամուրի երիտասարդ ժամանակ
6, 7. ա) Ի՞նչ առանձնաշնորհում ստացան ծառայության մեջ Փիլիպոսի կույս աղջիկները։ բ) Ինչպե՞ս Տիմոթեոսը առավելագույնս օգտվեց իր ամուրիության տարիներից և ի՞նչ օրհնություններ քաղեց այն բանից, որ հոժարակամորեն ծառայեց երիտասարդ տարիքում։
6 Փիլիպոս ավետարանիչն ուներ չորս կույս աղջիկ, որոնք, ինչպեսև իրենց հայրը, նախանձախնդիր էին քարոզչական գործում (Գործ. 21։8, 9)։ Մարգարեանալը սուրբ ոգու հրաշքով տրված պարգևներից էր, և այս երիտասարդ աղջիկները օգտագործում էին այն՝ ի կատարում Հովել 2։28, 29-ի։
7 Տիմոթեոսը մի երիտասարդ էր, որը լավագույնս էր օգտվում իր ամուրիությունից։ Վաղ մանկությունից նա սովորել էր «սուրբ գրքերը» իր մորից՝ Եվնիկեից, և տատիկից՝ Լոիդայից (2 Տիմոթ. 1։5; 3։14, 15)։ Սակայն նրանք հավանաբար քրիստոնյաներ դարձան միայն այն ժամանակ, երբ Պողոսը առաջին անգամ այցելեց իրենց հայրենի քաղաք Լյուստրա մոտ 47թ.-ին։ Երկու տարի անց, երբ Պողոսը երկրորդ անգամ էր այնտեղ, Տիմոթեոսը, ակներևաբար, մոտ 20 տարեկան էր։ Թեև համեմատաբար երիտասարդ էր և նոր էր ճշմարտության մեջ, Լյուստրայի և հարևան Իկոնիոնի քրիստոնյա երեցները նրա մասին լավ էին խոսում (Գործ. 16։1, 2)։ Ուստի Պողոսը հրավիրեց Տիմոթեոսին ընկերակցել իրեն շրջագայական ծառայության մեջ (1 Տիմոթ. 1։18; 4։14)։ Մենք հստակ չենք կարող ասել, որ Տիմոթեոսը երբեք չի ամուսնացել։ Այնուհանդերձ, ակնհայտ է, որ երիտասարդ տարիքում նա պատրաստակամորեն ընդունեց Պողոսի հրավերը և տարիներ շարունակ վայելեց ծառայությունը որպես ամուրի միսիոներ ու վերակացու (Փիլիպ. 2։20–22)։
8. Ինչի՞ շնորհիվ Հովհաննես Մարկոսը հոգևոր նպատակների հետամուտ եղավ և ի՞նչ օրհնություններ ստացավ՝ այդպես վարվելով։
8 Երիտասարդ տարիքում Հովհաննես Մարկոսը նույնպես առավելագույնս օգտվեց իր ամուրիությունից։ Նա և իր մայր Մարիամը, ինչպես նաև իր զարմիկ Բառնաբասը Երուսաղեմի ժողովի անդամներ էին։ Մարկոսի ընտանիքը հավանաբար բարեկեցիկ կյանքով էր ապրում, քանի որ նրանք քաղաքում տուն ու ծառա ունեին (Գործ. 12։12, 13)։ Չնայած այս ամենին՝ երիտասարդ Մարկոսը չտրվեց իր ցանկությունները բավարարելուն, չդարձավ եսակենտրոն, ոչ էլ ձգտեց տուն-տեղ դնել և իր ընտանիքի հետ հարմարավետ կյանքով ապրել։ Վաղ տարիքում առաքյալների հետ ընկերակցությունը թերևս նրա մեջ միսիոներ ծառայելու ցանկություն էր արթնացրել։ Ուստի նա մեծ ուրախությամբ միացավ Պողոսին ու Բառնաբասին նրանց առաջին միսիոներական շրջագայության ժամանակ և դարձավ նրանց սպասավորը (Գործ. 13։5)։ Հետագայում նա շրջագայեց Բառնաբասի հետ, իսկ ավելի ուշ Պետրոսի հետ ծառայեց Բաբելոնում (Գործ. 15։39; 1 Պետ. 5։13)։ Մենք չգիտենք, թե Մարկոսը ինչքան ժամանակ ամուրի մնաց։ Սակայն նա գերազանց համբավ ձեռք բերեց որպես մեկը, ով պատրաստակամորեն ծառայում էր ուրիշներին և շատ բան էր անում ծառայության մեջ։
9, 10. Ի՞նչ հնարավորություններ ունեն այսօր քրիստոնյա ամուրի երիտասարդները իրենց ծառայությունն ընդլայնելու համար։ Բե՛ր օրինակ։
9 Այսօր էլ ժողովում բազում երիտասարդներ պատրաստ են իրենց ամուրի տարիներին ընդլայնել ծառայությունը։ Մարկոսի ու Տիմոթեոսի նման՝ նրանք գնահատում են այն, որ կարող են «առանց շեղումների անդադար Տիրոջը ծառայել» (1 Կորնթ. 7։35)։ Սա իսկապես առավելություն է։ Ծառայության հնարավորությունները բազմաթիվ են՝ ռահվիրայություն, ծառայություն այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, սովորել օտար լեզու, մասնակցել Թագավորության սրահների ու մասնաճյուղերի շինարարությանը, սովորել Ծառայության կատարելագործման դպրոցում, ինչպես նաև ծառայել Բեթելում։ Եթե դեռ երիտասարդ ես ու ամուսնացած չես, առավելագույնս օգտվո՞ւմ ես քո հնարավորություններից։
10 Մարկ անունով մի եղբայր ռահվիրայություն սկսեց մոտ քսան տարեկանում, մասնակցեց Ծառայության կատարելագործման դպրոցին ու աշխարհի տարբեր մասերում նշանակումներ ունեցավ։ Հայացք նետելով անցած 25 տարիների լիաժամ ծառայությանը՝ նա ասում է. «Ես փորձում եմ քաջալերել ժողովի յուրաքանչյուր անդամի, ծառայության գնալ նրանց հետ, հովվական այցելություններ անել, հրավիրել իմ տուն՝ ճաշի, և հոգևորապես թարմացնող հավաքույթներ կազմակերպել։ Այս ամենն ինձ մեծ ուրախություն է պարգևում»։ Ինչպես երևում է Մարկի խոսքերից, ամենամեծ ուրախությունը ստանում ենք տալուց, իսկ ողջ կյանքում սուրբ ծառայություն կատարելը շատ հնարավորություններ է ընձեռում ուրիշներին տալու համար (Գործ. 20։35)։ Նշանակություն չունի, թե երիտասարդներն ինչ հետաքրքրություններ, հմտություններ կամ կյանքի փորձ ունեն, նրանք այսօր շատ բան ունեն անելու Տիրոջ գործում (1 Կորնթ. 15։58)։
11. Որո՞նք են ամուսնանալ չշտապելու մի քանի օգուտները։
11 Թեև շատ երիտասարդներ ցանկանում են ի վերջո ամուսնանալ, սակայն հիմնավոր պատճառներ կան, որ նրանք չշտապեն։ Պողոսը քաջալերում է երիտասարդներին սպասել մինչև անցնի «երիտասարդության ծաղկուն շրջանը», երբ սեռական ցանկությունները շատ ուժեղ են (1 Կորնթ. 7։36)։ Ժամանակ է հարկավոր ինքդ քեզ հասկանալու և կյանքի փորձ ձեռք բերելու համար, որոնք անհրաժեշտ են համապատասխան կողակից ընտրելու հարցում։ Ամուսնական ուխտ կապելը լուրջ որոշում է, որոշում՝ ողջ կյանքի համար (Ժող. 5։2–5)։
Ամուրի կամ առանց կողակցի ավելի մեծ տարիքում
12. ա) Ինչպե՞ս այրի Աննան վարվեց իր նոր հանգամանքներում։ բ) Ի՞նչ առանձնաշնորհում ստացավ նա։
12 Ղուկասի Ավետարանում հիշատակված Աննան հավանաբար խոր վիշտ ապրեց, երբ իր ամուսինը ընդամենը յոթ տարի համատեղ կյանքից հետո անսպասելիորեն մահացավ։ Մենք չգիտենք՝ արդյոք նրանք երեխաներ ունեին կամ երբևէ Աննան մտածել էր վերամուսնանալու մասին։ Սակայն Աստվածաշունչը նշում է, որ 84 տարեկանում նա դեռ այրի էր։ Այն բանից, ինչ ասում է մեզ Սուրբ Գիրքը, կարող ենք եզրակացնել, որ Աննան օգտագործեց իր նոր հանգամանքները՝ Եհովային ավելի մոտենալու համար։ Նա «երբեք չէր հեռանում տաճարից և ծոմերով ու աղաչանքներով գիշեր-ցերեկ սուրբ ծառայություն էր մատուցում» (Ղուկ. 2։36, 37)։ Փաստորեն, հոգևորը նրա կյանքում առաջին տեղում էր։ Այդ ամենը իսկական ջանքեր և վճռականություն էր պահանջում, և դրա համար Աննան մեծապես վարձատրվեց։ Նա առանձնաշնորհում ունեցավ տեսնելու մանուկ Հիսուսին և ուրիշներին վկայեց այն ազատության մասին, որը բերելու էր ապագա Մեսիան (Ղուկ. 2։38)։
13. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Այծեմնիկը ակտիվ էր ժողովում։ բ) Ինչպե՞ս վարձատրվեց Այծեմնիկը իր առաքինության ու բարության համար։
13 Այծեմնիկ կամ Տաբիթա անունով մի կին ապրում էր Հոպպեում, որը հին նավահանգիստ էր և գտնվում էր Երուսաղեմից դեպի հյուսիս-արևմուտք։ Քանի որ Աստվածաշունչը չի նշում նրա ամուսնու մասին, թերևս այդ ժամանակ նա ամուսնացած չէր։ Այծեմնիկը «բարությամբ լի շատ գործեր էր անում ու առատորեն ողորմության նվերներ էր տալիս»։ Նա, ակներևաբար, բազմաթիվ հագուստներ էր պատրաստում կարիքավոր այրիների և ուրիշների համար, այդ պատճառով բոլորը սիրում էին նրան։ Ուստի երբ Տաբիթան անսպասելիորեն հիվանդացավ ու մահացավ, ամբողջ ժողովը մարդ ուղարկեց Պետրոսի հետևից, որ աղերսի նրան գալ ու հարություն տալ սիրելի քրոջը։ Երբ նրա հարության մասին լուրը տարածվեց ամբողջ Հոպպեում, շատերը հավատացյալներ դարձան (Գործ. 9։36–42)։ Իր յուրահատուկ բարությամբ Այծեմնիկը թերևս օգնել էր նրանցից ոմանց։
14. Ի՞նչն է մղում ամուրի քրիստոնյաներին մոտենալու Եհովային։
14 Աննայի և Այծեմնիկի նման՝ ժողովում այսօր կան անհատներ, որոնք ամուրի են կամ առանց կողակցի ավելի մեծ տարիքում։ Ոմանք գուցե չեն գտել համապատասխան կողակից։ Ուրիշներն էլ ամուսնալուծված են կամ այրի են։ Քանի որ այդ քրիստոնյաները չունեն կողակից, որին կարող են վստահել իրենց սրտում եղածը, նրանք սովորում են ավելի շատ ապավինել Եհովային (Առակ. 16։3)։ Սիլվիա անունով մի ամուրի քույր, որը ծառայում է Բեթելում ավելի քան 38 տարի, դա օրհնություն է համարում։ «Երբեմն հոգնում եմ ուժեղ լինելուց,— ասում է նա։— Մտածում եմ. «Ո՞վ կքաջալերի ինձ»»։ Բայց հետո ավելացնում է. «Համոզվածությունը, որ Եհովան ինձնից լավ գիտի, թե ինչի կարիք ունեմ, օգնում է ինձ մոտենալու իրեն։ Միշտ ստանում եմ քաջալերանք և երբեմն լիովին անսպասելի տեղից»։ Երբ էլ մոտենում ենք Եհովային, նա միշտ արձագանքում է ամենաքնքուշ և վստահություն ներշնչող կերպով։
15. Ինչպե՞ս կարող են չամուսնացած քրիստոնյաները ընդլայնվել սիրո մեջ։
15 Ամուրիությունը հատուկ հնարավորություն է ստեղծում «ընդլայնվելու» սիրո մեջ (կարդա՛ 2 Կորնթացիներ 6։11–13)։ Ջոլինը, որը ամուրի քույր է և 34 տարի անց է կացրել լիաժամ ծառայության մեջ, ասում է. «Ես շատ ջանք եմ գործադրել, որ ջերմ փոխհարաբերություններ ունենամ թե՛ իմ տարիքի մարդկանց, թե՛ տարբեր մարդկանց հետ։ Ամուրիությունը լավ հնարավորություն է ընձեռում տալու Եհովային, ընտանիքիդ, քույրերիդ, եղբայրներիդ, ինչպես նաև մերձավորներիդ։ Որքան մեծանում եմ, այնքան ավելի եմ ուրախանում, որ ամուրի եմ մնացել»։ Ժողովի տարեց, տկար անդամները, միայնակ ծնողները, երիտասարդները և ուրիշներ, անշուշտ, գնահատում են ամուրիների անշահախնդիր աջակցությունը։ Իսկապես, երբ սեր ենք դրսևորում մյուսների հանդեպ, ավելի լավ ենք զգում մեզ։ Կարո՞ղ ես դու էլ «ընդլայնվել» սիրո մեջ։
Ամուրի ողջ կյանքում
16. ա) Ինչո՞ւ Հիսուսը ամուրի մնաց ողջ կյանքում։ բ) Ինչպե՞ս Պողոսը իմաստնորեն օգտվեց իր կարգավիճակից։
16 Հիսուսը չամուսնացավ։ Նա պետք է պատրաստվեր ու կատարեր իրեն վստահված ծառայությունը։ Նա շատ ճանապարհորդում էր, աշխատում էր վաղ առավոտից մինչև ուշ գիշեր և ի վերջո զոհեց իր կյանքը։ Նրա համար ամուրի լինելը առավելություն էր։ Պողոս առաքյալն էլ ճանապարհորդեց հազարավոր կիլոմետրեր և ծառայության մեջ մեծ դժվարությունների բախվեց (2 Կորնթ. 11։23–27)։ Թեև նա գուցե նախկինում ամուսնացած էր եղել, սակայն առաքյալ նշանակվելուց հետո, հավանաբար, այլևս չուներ կողակից և նախընտրեց մենակ մնալ (1 Կորնթ. 7։7; 9։5)։ Հանուն ծառայության թե՛ Հիսուսը, թե՛ Պողոսը քաջալերեցին ուրիշներին ընդօրինակել իրենց, եթե հնարավոր է։ Սակայն նրանցից ոչ մեկը կուսակրոնություն ընդունելու պահանջ չսահմանեց Աստծու ծառաների համար (1 Տիմոթ. 4։1–3)։
17. Ինչպե՞ս են այսօր ոմանք հետևում Հիսուսի և Պողոսի օրինակին, և ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան գնահատում է նրանց, ովքեր այդպիսի զոհողություններ են անում։
17 Այսօր ոմանք նույնպես գիտակցաբար նախընտրում են չամուսնանալ, որպեսզի լիարժեքորեն կատարեն իրենց ծառայությունը։ Հարոլդը, որի մասին խոսվեց վերևում, ավելի քան 56 տարի ուրախությամբ ծառայում է Բեթելում։ «Տասը տարի Բեթելում ծառայելու ընթացքում,— ասում է նա,— նկատեցի, որ բազմաթիվ ամուսնական զույգեր թողնում են այս ծառայությունը հիվանդության կամ տարեց ծնողներին խնամելու պատճառով։ Քանի որ իմ ծնողները մահացել էին, և ես շատ էի սիրում Բեթելի ծառայությունը, չէի ուզում ամուսնանալով այդ առանձնաշնորհումը ռիսկի տակ դնել»։ Նմանապես, Մարգարեթ անունով մի քույր, որը երկար տարիներ ռահվիրա է ծառայում, նշում է. «Ամուսնանալու շատ հնարավորություններ եմ ունեցել, սակայն ծառայության մեջ այնքան զբաղված էի մարդկանց օգնելով, որ կարծես ժամանակ չունեի դրա մասին մտածելու։ Փոխարենը՝ կարողանում էի օգտագործել ազատությունս, որ զբաղված լինեմ ծառայության մեջ, և դա ինձ, անշուշտ, մեծ երջանկություն էր պարգևում»։ Անկասկած, Եհովան երբեք չի մոռանա նրան, ով ճշմարիտ երկրպագության համար անշահախնդրորեն այսպիսի զոհողություններ է անում (կարդա՛ Եսայիա 56։4, 5)։
Առավելագույնս օգտվիր քո հանգամանքներից
18. Ինչպե՞ս կարող են ուրիշները քաջալերել և օգնել կողակից չունեցող քրիստոնյաներին։
18 Բոլոր չամուսնացած քրիստոնյաները, ովքեր իրենց լավագույնն են անում ծառայության մեջ, արժանի են մեր անկեղծ գովասանքին ու քաջալերանքին։ Մենք սիրում ենք նրանց այնպիսին, ինչպիսին որ կան, սիրում ենք, քանի որ մեծ ջանքեր են ներդնում ժողովին աջակցելու համար։ Նրանք երբեք միայնակ չեն զգա, եթե մենք նրանց համար դառնանք հոգևոր «եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ» (կարդա՛ Մարկոս 10։28–30)։
19. Ինչպե՞ս կարող ես առավելագույնս օգտագործել քո հանգամանքները։
19 Անկախ նրանից՝ քո նախընտրությամբ թե հանգամանքների բերումով ես ամուրի կամ առանց կողակցի, թող որ աստվածաշնչյան և ժամանակակից այս օրինակները վստահեցնեն քեզ, որ կարող ես երջանիկ և արդյունավետ կյանք վարել։ Որոշ պարգևների փափագով ենք սպասում, իսկ մյուսները միանգամայն անսպասելի ենք ստանում։ Դրանցից մի քանիսը միանգամից ենք գնահատում, իսկ ուրիշները՝ միայն որոշ ժամանակ անց։ Ուստի շատ բան կախված է մեր վերաբերմունքից։ Ի՞նչ կարող ես անել, որ առավելագույնս օգտվես քո ամուրիությունից։ Մոտեցիր Եհովային, շատ բան ունեցիր անելու ծառայության գործում և ընդլայնվիր սիրո մեջ։ Ամուսնության նման՝ ամուրիությունը կարող է պարգև լինել, եթե դրա հանդեպ ունենանք Աստծու տեսակետը և իմաստնորեն օգտագործենք այն։
Հիշո՞ւմ ես
• Ինչպե՞ս կարող է ամուրիությունը պարգև լինել։
• Ինչպե՞ս կարող է ամուրիությունը օրհնություն լինել երիտասարդ ժամանակ։
• Եհովային մոտենալու և սիրո մեջ ընդլայնվելու ի՞նչ հնարավորություններ ունեն ամուրի և կողակից չունեցող քրիստոնյաները։
[նկարներ 18-րդ էջի վրա]
Լավագույնս օգտվո՞ւմ ես այն հնարավորություններից, որ ընձեռում է ծառայությունը