Ձգտեք «տանել»
1 Մի անգամ, երբ Հիսուսն իր աշակերտների հետ քննարկում էր ամուսնության հարցը, ամուրիության մասին խոսեց որպես «պարգևի» (ՆԱ)։ Ապա ասաց. «Ով որ կարող է տանել՝ թող տանի» (Մատթ. 19։10–12)։ Դրանից մի քանի տարի անց Պողոս առաքյալը գրեց ամուրիության առավելությունների մասին և հորդորեց իր հավատակիցներին ամուրի մնալու հարցում հետևել իր օրինակին (Ա Կորնթ. 7։7, 38)։ Այսօր շատերը ամուրի են մնացել, այսպես ասած՝ ‘տարել’ են ամուրիությունը, և օգտվում են ամուրիության առավելություններից։ Որո՞նք են այդ առավելություններից մի քանիսը։
2 «Առանց զբաղումի» ծառայելը։ Պողոսը գիտակցում էր, որ ամուրիությունը հնարավորություն էր տալիս իրեն «առանց զբաղումի» (Արևմտ. Աստ.) ծառայել Եհովային։ Այսօր էլ այդպես է։ Օրինակ՝ ամուրի եղբայրը կարող է ձգտել սովորելու Ծառայության կատարելագործման դպրոցում, նաև ամուրի անհատն ընդհանուր առմամբ ազատ է ռահվիրա դառնալու, մեկ ուրիշ լեզու սովորելու, այնպիսի տարածք տեղափոխվելու, որտեղ քարոզիչների ավելի մեծ պահանջ կա, Բեթելում ծառայելու կամ հատուկ ծառայության այլ հնարավորություններից օգտվելու։ Նա ավելի շատ ժամանակ ու ավելի մեծ հնարավորություններ ունի անձնական խորը ուսումնասիրություն կատարելու և խորհրդածելու, ինչպես նաև անհատական, սրտաբուխ աղոթքներով Եհովայի հետ հաղորդակցվելու։ Չամուսնացած անհատը սովորաբար ավելի շատ ժամանակ է ունենում, որպեսզի ինքն իրեն տրամադրի՝ ուրիշներին օգնություն ցույց տալու։ Այս բոլորը անհատի «օգտին համար» (Արևմտ. Աստ.) է (Ա Կորնթ. 7։32–35; Գործք 20։35)։
3 Այսպիսի անշեղ ծառայությունը մեծ օրհնություններ է բերում։ 27 տարի Քենիայում բնակվելուց հետո ամուրի մի քույր գրում է. «Ես այնքան շատ ընկերներ ունեի, և այնքան շատ գործ կար անելու... Մենք համագործակցում էինք իրար հետ, հյուր գնում միմյանց։ .... Լինելով ամուրի՝ ես ավելի ազատ էի և հեշտությամբ կարող էի տեղափոխվել ուրիշ տեղ ապրելու՝ ծառայության մեջ զբաղված լինելու նպատակով, և դա ինձ մեծ ուրախություն էր պատճառում։— Նա ավելացնում է,— տարիների ընթացքում Եհովայի հետ փոխհարաբերություններս խորացան»։
4 Ձգտիր «տանել» ամուրիության պարգևը։ Հիսուսն ասաց, որ ամուրի մնալու մղումը պետք է լինի «երկնքի արքայութեան համար» ծառայելը (Մատթ. 19։12)։ Ինչպես ցանկացած պարգև, ամուրիությունը ևս պետք է ճիշտ օգտագործել, որպեսզի այն օգուտներ բերի և ուրախություն պատճառի։ Ամուրիության առավելություններից պատշաճ ձևով օգտվելով և իմաստության ու զորության համար Եհովային ապավինելով՝ չամուսնացած շատ անհատներ իրենց իսկ վրա զգացել են այդ պարգևի արժեքը։