Այո՛, սա ուսումնասիրության թողարկումն է
Մենք փոփոխություններ ենք արել ուսումնասիրության թողարկման մեջ, որ քեզ համար այն լինի ավելի գրավիչ ու օգտակար, երբ ուսումնասիրես Եհովայի անգին Խոսքը (Սաղ. 1։2; 119։97)։
Չորս տարի առաջ էր, երբ սկսեցինք «Դիտարանի» երկու հրատարակություններ թողարկել, մեկը հանրության, մյուսը Եհովայի վկաների և այն ուսումնասիրողների համար, ովքեր հոգևորապես առաջադիմում են։
Ուսումնասիրության թողարկման մասին Եհովայի երկար տարիների ծառաներից մեկը գրել է. «Այն հրաշալի էր ու սիրտ թափանցող. դա էր իմ տպավորությունը «Դիտարանի» ուսումնասիրության առաջին թողարկման մասին։ Ավելի խոր հոգևոր լեզուն ու խոսքերը ուղիղ իմ սրտին են հասնում։ Անչափ շնորհակալ եմ այս հրաշալի նոր հրատարակության համար»։ Մեկ ուրիշ եղբայր այսպես է արտահայտվել. «Անհամբեր սպասում եմ այն ժամերին, երբ մենակ եմ մնում, որ «Ծանոթագրություններով Աստվածաշնչի» միջոցով ուսումնասիրեմ այս թողարկումը»։ Հուսով ենք՝ դու էլ նույն զգացումներն ունես։
Ինչպես գիտես, «Դիտարանը» լույս է տեսնում 1879թ.-ից՝ սխրագործություն, որը հնարավոր է եղել միայն Եհովայի ոգու և օրհնության շնորհիվ (Զաք. 4։6)։ Այս 133 տարիների ընթացքում պարբերագրի կազմը մի քանի անգամ փոփոխվել է։ 2012թ. «Դիտարանի» ուսումնասիրության յուրաքանչյուր թողարկման կազմի վրա պատկերված կլինի նկարչի ձեռքով արված մի գունագեղ տեսարան, որը կհիշեցնի մեզ Եհովայի Թագավորության մասին վկայություն տալու պատվերի մասին (Գործ. 28։23)։ 2-րդ էջում կտեսնես կազմի վրայի նկարի բնօրինակը հակիրճ մակագրությամբ, թե ինչ է տեղի ունենում և որտեղ։ Ողջ տարվա ընթացքում այսպիսի նկարազարդումները կհիշեցնեն բոլորիս, որ Եհովայի ժողովուրդը քարոզում է բարի լուրը «ամբողջ երկրով մեկ» (Մատթ. 24։14)։
Ուրիշ ի՞նչ փոփոխություններ են եղել պարբերագրում։ Փոխվել է ամփոփիչ հարցերի շրջանակի տեղը. այն կլինի ուսումնասիրության յուրաքանչյուր հոդվածի սկզբում։ Այդպիսով դու նախապես կտեսնես, թե որոնք են հոդվածի գլխավոր մտքերը, որ պետք է փնտրես հոդվածը կարդալիս և ուսումնասիրելիս։ «Դիտարանի» ուսումնասիրություն անցկացնողները կշարունակեն օգտագործել այդ հարցերը, որպեսզի ուսումնասիրության վերջում ամփոփեն նյութը։ Կնկատես նաև, որ լուսանցքները փոքր-ինչ ավելի լայն են և որ էջերն ու պարբերությունները մատնանշող թվերը ավելի ցայտուն են երևում։
Ինչպես բացատրվում է այս ամսվա թողարկման մեջ, ավելացվել է նոր խորագիր՝ «Մեր արխիվից», որտեղ կներկայացվեն տեղեկություններ Եհովայի վկաների ժամանակակից պատմության էջերից։ Նաև ժամանակ առ ժամանակ իրական կյանքից դեպքեր կհրատարակվեն «Անձնվիրաբար ծառայողների կյանքից» խորագրի տակ։ Դրանցում վառ կերպով կնկարագրվի, թե ինչ ուրախություն, բավարարվածության զգացում ու երջանկություն են ունեցել քույրերն ու եղբայրները՝ ծառայելով այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։
Թող որ այս պարբերագրի միջոցով Աստծու Խոսքի ուսումնասիրությունը մեծ ուրախություն պարգևի քեզ։
Հրատարակիչներ
[նկար 3-րդ էջի վրա]
1879
[նկար 3-րդ էջի վրա]
1895
[նկար 3-րդ էջի վրա]
1931
[նկար 3-րդ էջի վրա]
1950
[նկար 3-րդ էջի վրա]
1974
[նկար 3-րդ էջի վրա]
2008