«Դիտարանի» ուսումնասիրության նոր թողարկումը
ԱՅՍ պարբերագիրը, որ այժմ ընթերցում ես, «Դիտարանի»՝ ուսումնասիրության համար նախատեսված թողարկման առաջին համարն է։ Մենք կցանկանայինք ներկայացնել այդ նոր թողարկման որոշ առանձնահատկություններ։
Ուսումնասիրության թողարկումը հրատարակվում է Եհովայի վկաների, ինչպես նաև առաջադիմություններ կատարող ուսումնասիրողների համար։ Այն լույս կտեսնի ամիսը մեկ անգամ և կպարունակի ուսումնասիրության չորս կամ հինգ հոդված։ Ուսումնասիրության հոդվածների քննարկման ծրագիրը տպագրված է պարբերագրի շապիկի վրա։ Ի տարբերություն «Դիտարանի»՝ հանրության համար նախատեսված թողարկման՝ ուսումնասիրության թողարկման շապիկի նկարը անփոփոխ է լինելու, քանի որ այն չենք տարածելու քարոզչական ծառայության ժամանակ։
Պարբերագրի 2–րդ էջում կգտնես ուսումնասիրության յուրաքանչյուր հոդվածի կամ հոդվածաշարի նպատակի վերաբերյալ համառոտ ամփոփում, որը շատ օգտակար կլինի։ Այնտեղ կգտնես նաև լրացուցիչ հոդվածների ցանկը։ Այս առանձնահատկությունը շատ օգտակար կլինի «Դիտարանի» ուսումնասիրությունը անցկացնողների համար, որ նրանք իմաստալից քննարկումներ պատրաստեն։
Դու կնկատես, որ ուսումնասիրության հոդվածները փոքր–ինչ կարճ են, քան նախկինում էին։ Դա կնպաստի այն բանին, որ «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպմանը ավելի շատ ժամանակ տրամադրվի սուրբգրային գլխավոր համարների քննարկմանը։ Մենք քաջալերում ենք քեզ բաց անել և կարդալ յուրաքանչյուր հոդվածում բերված բոլոր սուրբգրային համարները։ Որոշ սուրբգրային համարների կողքին գրված է «կարդա՛» բառը, և դրանք պետք է ընթերցվեն ու քննարկվեն «Դիտարանի» ուսումնասիրության ընթացքում։ Մյուս համարները նույնպես կարելի է կարդալ, եթե ժամանակը ներում է։ Որոշ հոդվածներում կնկատես, որ մի շարք համարների կողքին գրված է «համեմատի՛ր» բառը։ Քանի որ այդ սուրբգրային համարներն անմիջականորեն թիկունք չեն կանգնում պարբերության գլխավոր մտքերին, ուստի դրանք սովորաբար չեն ընթերցվի ժողովի հանդիպման ժամանակ։ Մինչդեռ այդ համարները պարունակում են լրացուցիչ հետաքրքիր տեղեկություններ կամ անուղղակիորեն կարող են թիկունք կանգնել քննարկվող մտքերին։ Մենք խրախուսում ենք քեզ «Դիտարանի» ուսումնասիրությանը պատրաստվելիս կարդալ այդ համարները։ Թերևս մեկնաբանություն տալիս նշես դրանք։
«Դիտարան» պարբերագրում այլևս տարեկան հաշվետվություն չի լինի։ 2008 թ.–ից սկսած՝ այն կտպագրվի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրում, ինչպես նաև «Տարեգրքում»։ Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, ուսումնասիրության համար նախատեսված թողարկումը պարունակում է նաև լրացուցիչ հոդվածներ։ Թեև դրանցից շատերը չեն քննարկվելու ժողովի հանդիպումների ժամանակ, սակայն խրախուսում ենք քեզ ուշադրությամբ կարդալ դրանք։ Այդ հոդվածները նույնպես հոգևոր սնունդ են պարունակում, որ տալիս է «հավատարիմ և իմաստուն ծառան» (Մատթեոս 24։45–47)։
«Դիտարանի»՝ ուսումնասիրության համար նախատեսված թողարկումը և հանրության համար նախատեսված թողարկումը երկու տարբեր պարբերագրեր չեն։ Երկուսն էլ նույն «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը» պարբերագիրն են։ Երկու թողարկումների երկրորդ էջում էլ զետեղված է միևնույն բովանդակությունն ունեցող պարբերություն, որում բացատրվում է «Դիտարանի» նպատակը։ Երկուսն էլ կընդգրկվեն «Դիտարանի» տարեկան միահյուսված հատորում։ Իսկ «Հիշո՞ւմ եք» խորագրում, որը կտպագրվի ուսումնասիրության համար նախատեսված թողարկման մեջ, այս երկու թողարկումներից էլ նյութեր կլինեն։
Սկսած 1879 թ.–ից՝ «Դիտարան» պարբերագիրը հավատարմորեն հռչակել է Աստծու Թագավորության մասին ճշմարտությունները՝ չնայած պատերազմներին, տնտեսական խնդիրներին և հալածանքին։ Մենք աղոթում ենք, որ Եհովայի օրհնությամբ այս պարբերագիրը շարունակի ծառայել իր այդ նպատակին՝ թողարկման նոր ձևով։ Եվ աղոթում ենք, որ Եհովան օրհնի քեզ, սիրելի ընթերցող, որ մեծ օգուտներ քաղես ուսումնասիրության համար նախատեսված «Դիտարանի» այս նոր թողարկումից։