Ընդօրինակիր Հիսուսին և արթուն մնա
«Արթո՛ւն մնացեք և շարունակ աղո՛թք արեք» (ՄԱՏԹ. 26։41)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
․․․․․
Մեր աղոթքներն ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ արթուն ենք։
․․․․․
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ արթուն ենք ծառայության մեջ։
․․․․․
Ինչո՞ւ է կարևոր արթուն մնալ փորձությունների ժամանակ, և ինչպե՞ս կարող ենք արթուն լինել։
1, 2. ա) Ի՞նչ հարցեր գուցե ծագեն արթնության հարցում Հիսուսի թողած օրինակի առնչությամբ։ բ) Հիսուսի կատարյալ օրինակը կարո՞ղ է օգտակար լինել մեղավոր մարդկանց համար։ Պարզաբանի՛ր օրինակով։
ԳՈՒՑԵ մտածես. «Իսկապես հնարավո՞ր է ընդօրինակել Հիսուսին արթուն մնալու հարցում։ Չէ՞ որ նա կատարյալ էր։ Ավելին, երբեմն կարողանում էր պարզ տեսնել ապագան և նույնիսկ իմանալ, թե ինչ է լինելու հազարավոր տարիներ հետո։ Իսկապե՞ս նա կարիք ուներ արթուն լինելու» (Մատթ. 24։37–39; Եբր. 4։15)։ Եկեք նախ քննենք այս հարցերը՝ տեսնելու համար, թե որքան կարևոր ու հրատապ է արթուն մնալը։
2 Արդյո՞ք կատարյալ օրինակը կարող է օգտակար լինել մեղավոր մարդկանց համար։ Այո՛, քանի որ հնարավոր է սովորել լավ ուսուցչից ու նրա օրինակից։ Պատկերացրու, որ ինչ-որ մեկը առաջին անգամ նետաձգություն է սովորում։ Նա չի կարողանում խփել նշանակետին, բայց շարունակում է սովորել ու կրկին անգամ փորձել։ Որպեսզի հաջողության հասնի, աշակերտը ուշադիր նայում է իր ուսուցչին, որը հմուտ նետաձիգ է, ուշադրություն է դարձնում, թե ինչպես է նա կանգնած, ինչ դիրքում են նրա ձեռքերը և ինչպես է մատները պահում աղեղնալարին։ Սկսնակը, որը վճռել է լավ նետաձիգ դառնալ, աստիճանաբար սովորում է, թե որքան ուժեղ պետք է քաշի լարը, հաշվի է առնում քամու ուղղությունն ու ուժգնությունը և շարունակ ջանքեր է թափում։ Նայելով ուսուցչին և ընդօրինակելով նրան՝ նա ավելի ու ավելի մոտ է սկսում խփել նշանակետին։ Նմանապես, մենք՝ որպես քրիստոնյաներ, շարունակ ձգտում ենք ավելի լավը դառնալ՝ կատարելով Հիսուսի հրահանգները ու հետևելով նրա կատարյալ օրինակին։
3. ա) Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ կարիք ուներ արթուն լինելու։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Իսկ ի՞նչ կարելի է ասել արթնության մասին։ Հիսուսը կարիք ունե՞ր արթուն լինելու։ Այո՛։ Օրինակ՝ իր երկրային կյանքի վերջին գիշերը նա հորդորեց հավատարիմ առաքյալներին. «Ինձ հետ արթո՛ւն եղեք»։ Ապա ավելացրեց. «Արթո՛ւն մնացեք և շարունակ աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26։38, 41)։ Թեև Հիսուսը միշտ էր պահում իր արթնությունը, բայց հատկապես այդ դժվարին ժամերին նա ցանկանում էր արթուն մնալ և հնարավորինս մոտ լինել իր երկնային Հորը։ Նա գիտեր, որ իր հետևորդներին էլ էր անհրաժեշտ զգոն լինել, և նրանք ոչ միայն այդ պահին պետք է զգոն լինեին, այլև ապագայում։ Ուստի տեսնենք, թե ինչու է Հիսուսն ուզում, որ արթուն մնանք, այնուհետև կքննենք, թե մեր կյանքի որ երեք ոլորտներում կարող ենք ընդօրինակել նրան ու արթուն լինել։
ԻՆՉՈՒ Է ՀԻՍՈՒՍՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԱՐԹՈՒՆ ՄՆԱՆՔ
4. Ի՞նչ կապ գոյություն ունի արթուն լինելու անհրաժեշտության և այն բանի միջև, թե ինչ չգիտենք ապագայի մասին։
4 Պատճառը, թե ինչու է Հիսուսն ուզում, որ արթուն մնանք, այն է, որ մենք ամեն ինչ չէ, որ գիտենք ապագայի մասին։ Երկրի վրա եղած ժամանակ արդյոք Հիսուսը գիտե՞ր ապագայի վերաբերյալ բոլոր բաները։ Ո՛չ, քանի որ խոնարհաբար ընդունեց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. 24։36)։ Այդ ժամանակ Հիսուսը՝ «Որդին», կոնկրետ չգիտեր, թե երբ է գալու այս ամբարիշտ համակարգի վերջը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Արդյոք ապագայի վերաբերյալ մեր գիտելիքները սահմանափակ չե՞ն։ Անշո՛ւշտ։ Մենք չգիտենք, թե երբ է Եհովան ուղարկելու իր Որդուն, որ կործանի այս չար աշխարհը։ Իսկ եթե իմանայինք, կարիք կլինե՞ր արթուն մնալու։ Ինչպես ասաց Հիսուսը, վերջը հանկարծակի, անսպասելի է գալու, ուստի մենք միշտ պետք է արթուն լինենք (կարդա՛ Մատթեոս 24։43)։
5, 6. ա) Ապագայի և Աստծու նպատակների մասին մեր գիտելիքներն ինչպե՞ս են օգնում մեզ արթուն լինելու։ բ) Ինչո՞ւ ենք ավելի մեծ վճռականությամբ լցվում արթուն լինելու՝ իմանալով Սատանայի մասին։
5 Մյուս պատճառը, թե ինչու է Հիսուսն ուզում, որ արթուն մնանք, այն է, որ մենք շատ բաներ գիտենք ապագայի մասին։ Երբ նա երկրի վրա էր, ապագայի մասին այնպիսի ճշմարտություններ գիտեր, որոնցից իր շրջապատի մարդիկ բացարձակ անտեղյակ էին։ Ճիշտ է, մենք Հիսուսի չափ գիտելիքներ չունենք, սակայն նրա շնորհիվ բազում բաներ ենք իմացել Աստծու Թագավորության և այն մասին, թե ինչ է այն իրագործելու մոտ ապագայում։ Մեր շուրջը նայելով՝ դպրոցում, աշխատավայրում կամ ծառայության մեր տարածքում, մի՞թե չենք նկատում, որ շատերը, չիմանալով այդ փառահեղ ճշմարտությունները, ապրում են բացարձակ խավարի մեջ։ Սա ևս մեկ պատճառ է արթուն լինելու համար։ Հիսուսի նման՝ մենք կարիք ունենք միշտ զգոն լինելու և առիթներ փնտրելու, որ ուրիշներին պատմենք այն ամենը, ինչ գիտենք Աստծու Թագավորության մասին։ Յուրաքանչյուր այսպիսի հնարավորություն շատ թանկ է, ու մենք չենք ցանկանում կորցնել և ոչ մեկը։ Մարդկանց կյանքերը վտանգի տակ են (1 Տիմոթ. 4։16)։
6 Հիսուսը մի բան էլ գիտեր, ինչն օգնում էր իրեն արթուն մնալու։ Նա գիտեր, որ Սատանան վճռել է փորձել իրեն, հալածել ու կոտրել իր անարատությունը։ Այդ կատաղի թշնամին միշտ արթուն էր, որ «մեկ ուրիշ հարմար ժամանակ» գտնի Հիսուսին փորձության ենթարկելու համար (Ղուկ. 4։13)։ Սակայն վերջինս երբեք չէր կորցնում իր զգոնությունը։ Նա ցանկանում էր պատրաստ լինել դիմադրելու ցանկացած փորձության, գայթակղության, հակառակության ու հալածանքի։ Նույնը կարելի է ասել մեր մասին։ Մենք գիտենք, որ Սատանան շարունակում է «մռնչող առյուծի պես ման գալ՝ փնտրելով, թե ում կուլ տա»։ Այդ պատճառով Աստծու Խոսքը հորդորում է բոլոր քրիստոնյաներին. «Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք» (1 Պետ. 5։8)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք այդպես վարվել։
ԻՆՉՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԵԼ ԱՂՈԹՔԻ ՀԱՐՑՈՒՄ
7, 8. Ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուսը աղոթքի վերաբերյալ և ի՞նչ օրինակ թողեց։
7 Ըստ Աստվածաշնչի՝ մեծ կապ գոյություն ունի հոգևոր զգոնության՝ արթնության, և աղոթքի միջև (Կող. 4։2; 1 Պետ. 4։7)։ Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հիսուսն իր հետևորդներին խնդրեց, որ իր հետ արթուն լինեն, ասաց. «Արթո՛ւն մնացեք և շարունակ աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26։41)։ Արդյո՞ք նա այս խորհուրդը տվեց միայն այդ դժվար պահի համար։ Ո՛չ, դա սկզբունք է, որով հարկավոր է առաջնորդվել ամեն օր։
8 Աղոթքի հարցում Հիսուսն ակնառու օրինակ է թողել։ Թերևս հիշում ես, որ մի անգամ նա մի ամբողջ գիշեր անցկացրեց իր Հորն աղոթելով։ Փորձենք պատկերացնել (կարդա՛ Ղուկաս 6։12, 13)։ Գարուն է։ Հավանաբար Հիսուսն օթևանել է Կափառնայում ձկնորսական քաղաքի մոտակայքում։ Երեկոյան նա բարձրանում է այն լեռներից մեկը, որը նայում է դեպի Գալիլեայի ծովը։ Այս բարձունքից նա կարող է տեսնել, թե ինչպես է ամեն ինչ աստիճանաբար ընկղմվում խավարի մեջ և ինչպես են սկսում նշմարվել Կափառնայումի և հարևան գյուղերի աստիճանաբար վառվող ճրագները։ Սակայն երբ Հիսուսը դիմում է Եհովային, նա ամբողջովին կենտրոնանում է իր աղոթքի վրա։ Րոպեներ, ժամեր են անցնում։ Նա չի էլ նկատում, թե ինչպես են մեկը մյուսի հետևից հանգչում ճրագները, ինչպես է լուսինը լողում երկնքում և ինչպես են գիշերային կենդանիները դուրս գալիս որսի։ Հիսուսը պետք է կարևոր որոշում կայացնի՝ ընտրի իր 12 առաքյալներին, և հավանաբար հենց այդ մասին էլ աղոթում է։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպես է նա պատմում Հորը իր բոլոր մտքերն ու մտահոգությունները յուրաքանչյուր աշակերտի համար և թե ինչպես է ջերմեռանդորեն խնդրում նրան, որ առաջնորդի ու իմաստություն տա։
9. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, որ Հիսուսը ամբողջ գիշեր աղոթեց։
9 Արդյո՞ք Հիսուսի օրինակը սովորեցնում է մեզ, որ պետք է երկար ժամեր անցկացնենք աղոթելով։ Ո՛չ, քանի որ իր հետևորդների մասին նա ընդունեց. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մատթ. 26։41)։ Այնուհանդերձ, մենք կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Օրինակ՝ ցանկացած որոշում կայացնելուց առաջ, որը կարող է ազդել մեր, մեր ընտանիքի անդամների կամ հավատակիցների հավատի ու նվիրվածության վրա, խոսո՞ւմ ենք մեր երկնային Հոր հետ։ Աղոթքներում հայտնո՞ւմ ենք մեր մտահոգությունները քույրերի ու եղբայրների վերաբերյալ։ Սրտա՞նց ենք աղոթում, թե՞ պարզապես կրկնում ենք նույն բառերը։ Ուշադրություն դարձրու նաև, որ Հիսուսը թանկ էր համարում Հոր հետ առանձին, մտերմիկ զրույց ունենալու հնարավորությունը։ Այսօրվա զբաղված, անհանգիստ աշխարհում շատ հեշտ է տարվել կյանքի հոգսերով ու մոռանալ ամենակարևոր բաների մասին։ Եթե բավականաչափ ժամանակ հատկացնենք խոր, անձնական աղոթքներին, հոգևորապես ավելի զգոն կլինենք (Մատթ. 6։6, 7)։ Մենք ավելի կմոտենանք Եհովային, կփափագենք ամրացնել նրա հետ ունեցած մեր փոխհարաբերությունները ու կխուսափենք որևէ բան անելուց, ինչը կթուլացնի այդ հարաբերությունները (Սաղ. 25։14)։
ԻՆՉՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԵԼ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ
10. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ Հիսուսը չէր կորցնում իր զգոնությունը, որպեսզի բաց չթողնի վկայություն տալու առիթները։
10 Հիսուսը արթուն էր, որ կատարի Եհովայի կողմից իրեն նշանակված գործը։ Կան այնպիսի աշխատանքներ, որոնք անելիս, եթե մարդու միտքը կենտրոնանա այլ բաների վրա, լուրջ հետևանքներ չեն լինի։ Սակայն կան բազում աշխատանքներ, որոնք անելու համար անհատը պետք է միանգամայն կենտրոնացած ու զգոն լինի։ Այդպիսին է քրիստոնեական ծառայությունը։ Հիսուսը միշտ զգոն էր իր գործում. նա առիթներ էր փնտրում, որ հայտնի բարի լուրը։ Օրինակ՝ մի անգամ նա և իր աշակերտները առավոտյան երկար քայլելուց հետո եկան Սյուքար քաղաքի շրջակայքը։ Աշակերտները գնացին քաղաք՝ ուտելիք գնելու, իսկ Հիսուսը նստեց ջրհորի մոտ, որ հանգստանա։ Բայց նա չէր կորցրել իր զգոնությունը և վկայություն տալու առիթ տեսավ։ Մի սամարուհի եկավ ջուր հանելու։ Հիսուսը կարող էր նախընտրել նիրհել կամ պատճառներ գտնել զրույցից խուսափելու համար։ Սակայն նա խոսեց կնոջ հետ, նրան ներգրավեց զրույցի մեջ և զորեղ վկայությունը տվեց, ինչը ազդեց Սյուքարի բնակիչներից շատերի կյանքի վրա (Հովհ. 4։4–26, 39–42)։ Կարո՞ղ ենք ընդօրինակել Հիսուսի արթնությունը՝ թերևս ձգտելով ավելի զգոն լինել, որ բաց չթողնենք առօրյայում հանդիպած մարդկանց բարի լուրը հայտնելու հնարավորությունները։
11, 12. ա) Հիսուսն ի՞նչ պատասխանեց նրանց, ովքեր փորձում էին շեղել իր ուշադրությունը ծառայությունից։ բ) Իր գործի նկատմամբ Հիսուսն ինչպիսի՞ հավասարակշռված վերաբերմունք դրսևորեց։
11 Երբեմն որոշ մարդիկ, լավ միտումներ ունենալով, փորձում էին Հիսուսի ուշադրությունը շեղել իր գործից։ Կափառնայումի ժողովուրդը, տեսնելով, թե ինչպես է նա հրաշքով բուժումներ անում, ցանկացավ նրան իր մոտ պահել, և դա հասկանալի է։ Սակայն Հիսուսի նպատակն էր քարոզել ողջ «Իսրայելի տան կորած ոչխարներին» և ոչ թե միայն մի քաղաքի բնակիչների (Մատթ. 15։24)։ Ուստի այդ մարդկանց նա ասաց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկ. 4։40–44)։ Հստակ է, որ Հիսուսի կյանքը կենտրոնացած էր ծառայության վրա։ Նա թույլ չէր տալիս, որ որևէ բան շեղի իր ուշադրությունը դրանից։
12 Արդյո՞ք Հիսուսը այնքան էր կենտրոնացել իր գործի վրա, որ դարձել էր ֆանատիկ կամ ճգնավոր։ Արդյո՞ք նա այնքան էր կլանված իր ծառայությամբ, որ տեղյակ չէր, թե ընտանիքները ինչի կարիք ունեն։ Ո՛չ, Հիսուսը հավասարակշռված էր և կատարյալ օրինակ թողեց այդ հարցում։ Նա հաճույք էր ստանում կյանքից և ուրախ ժամանակ էր անցկացնում ընկերների հետ։ Նա անկեղծորեն հետաքրքրված էր ընտանիքներով՝ նրանց կարիքներով ու խնդիրներով, և ազատորեն իր սերն էր դրսևորում երեխաների հանդեպ (կարդա՛ Մարկոս 10։13–16)։
13. Թագավորության քարոզչության գործում ինչպե՞ս կարող ենք Հիսուսի պես արթուն և հավասարակշռված լինել։
13 Ընդօրինակելով Հիսուսի արթնությունը՝ ինչպե՞ս կարող ենք ձգտել հավասարակշռված լինել։ Մենք թույլ չենք տալիս, որ այս աշխարհը շեղի մեզ ծառայությունից։ Նույնիսկ լավ միտումներ ունեցող հարազատներն ու ընկերները գուցե դրդեն մեզ նվազեցնելու ծառայությունը կամ ապրելու իրենց տեսանկյունից նորմալ կյանքով։ Սակայն եթե ընդօրինակենք Հիսուսին, մեր ծառայությունը կերակուրի պես կհամարենք (Հովհ. 4։34)։ Ծառայությունը հոգևորապես սնում է մեզ և ուրախություն է պարգևում։ Այդուհանդերձ, մենք երբեք նպատակ չունենք ծայրահեղական լինելու՝ դառնալով չափից շատ արդար կամ ճգնավոր մարդ։ Հիսուսի պես՝ ցանկանում ենք լինել «երջանիկ Աստծու» ծառաներ՝ ուրախ ու հավասարակշռված (1 Տիմոթ. 1։11)։
ԻՆՉՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԵԼ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
14. Փորձությունների ժամանակ ո՞ր հակմանը պետք է դիմադրենք և ինչո՞ւ։
14 Ինչպես տեսանք, Հիսուսը արթուն մնալու անհրաժեշտությունը հատկապես ընդգծեց, երբ դաժան փորձությունների էր ենթարկվում (կարդա՛ Մարկոս 14։37)։ Դժվարությունների բախվելիս ավելի քան երբևէ պետք է հիշենք նրա օրինակը։ Փորձությունների ժամանակ շատերը հակված են մոռանալու մի կենսական ճշմարտություն, որն այնքան կարևոր է, որ դրա մասին երկու անգամ է նշված «Առակներ» գրքում. «Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդու աչքին, բայց դրա վերջում մահվան ճանապարհներն են» (Առակ. 14։12; 16։25)։ Եթե ապավինենք մեր մտածողությանը, հատկապես երբ լուրջ խնդիրներ ենք ունենում, հավանաբար, վտանգի կենթարկենք թե՛ մեզ, թե՛ մեր սիրելիներին։
15. Տնտեսապես դժվար ժամանակներում ի՞նչ գայթակղության առաջ կարող է կանգնել ընտանիքի գլուխը։
15 Օրինակ՝ ընտանիքի գլուխը գուցե շատ դժվարություններ ունենա՝ ձգտելով նյութապես ապահովել «իրեններին» (1 Տիմոթ. 5։8)։ Նա գուցե գայթակղվի այնպիսի աշխատանք ընտրելու, որի պատճառով պարբերաբար ստիպված կլինի բաց թողնել քրիստոնեական հանդիպումները, չի կարողանա անցկացնել ընտանեկան երկրպագությունը կամ մասնակցել ծառայությանը։ Եթե նա ապավինի միայն իր մտածողությանը, գուցե արդարացնի այդպիսի ընթացքը, նույնիսկ ճիշտ համարի այն։ Սակայն դրա պատճառով նա կարող է հոգևորապես հիվանդանալ ու մահանալ։ Որքա՜ն ավելի լավ կլինի հետևել Առակներ 3։5, 6-ում արձանագրված Սողոմոնի խորհրդին, որն ասաց. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները»։
16. ա) Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսն այն հարցում, որ ապավինում էր ոչ թե իր, այլ Եհովայի իմաստությանը։ բ) Շատ ընտանիքների գլուխներ դժվար իրավիճակներում ինչպե՞ս են ընդօրինակում Հիսուսին։
16 Փորձությունների ներքո Հիսուսը կտրականապես հրաժարվեց իր հասկացողությանը ապավինելուց։ Միայն մտածիր. երկրի վրա երբևէ ապրած ամենաիմաստուն մարդը նախընտրեց չապավինել իր իմաստությանը։ Երբ Սատանան փորձում էր Հիսուսին, նա ամեն անգամ հետևյալ բառով էր պատասխանում նրան՝ «գրված է» (Մատթ. 4։4, 7, 10)։ Փորձությանը դիմագրավելու համար նա ապավինում էր իր Հոր իմաստությանը՝ դրսևորելով այնպիսի խոնարհություն, որը չունի Սատանան և որը նա արհամարհում է։ Մենք է՞լ ենք այդպես վարվում։ Հիսուսի արթնությունն ընդօրինակող ընտանիքի գլուխը թույլ կտա, որ հատկապես դժվար ժամանակներում Աստծու Խոսքն առաջնորդի իրեն։ Ամբողջ աշխարհում հազարավոր ընտանիքների գլուխներ հենց այդպես են վարվում։ Նրանք հաստատակամորեն Աստծու Թագավորությունն ու մաքուր երկրպագությունը կյանքում առաջին տեղում են դնում և անգամ վեր են դասում նյութական շահերից։ Այդպիսով նրանք լավագույնս հոգ են տանում իրենց ընտանիքներին։ Եհովան էլ, իր խոստման համաձայն, օրհնում է ընտանիքին նյութապես ապահովելու նրանց ջանքերը (Մատթ. 6։33)։
17. Ի՞նչն է մղում քեզ ընդօրինակելու Հիսուսին և արթուն մնալու։
17 Անկասկած, Հիսուսը արթնության հարցում լավագույն օրինակն է թողել։ Նրա օրինակը գործնական է, օգտակար և նույնիսկ կյանքեր է փրկում։ Հիշիր՝ Սատանան փափագում է քեզ հոգևոր քնի մեջ գցել, թուլացնել հավատդ, դրդել, որ անտարբեր դառնաս քո երկրպագության հանդեպ և անարատությունդ պահելու հարցում զիջումների գնաս (1 Թեսաղ. 5։6)։ Թույլ մի՛ տուր, որ նա հաջողության հասնի։ Հիսուսի պես՝ արթուն մնա. արթուն՝ աղոթքներիդ ու ծառայության մեջ և փորձություններին դիմագրավելիս։ Այդպես վարվելով՝ նույնիսկ հիմա՝ այս համակարգի վերջալույսում, կվայելես հարուստ, երջանիկ, բավարարվածություն բերող կյանք։ Իսկ երբ Տերը գա կործանելու այս աշխարհը, կտեսնի, որ զգոն ես ու ակտիվ՝ կատարում ես իր Հոր կամքը։ Եհովան մեծ ուրախությամբ քեզ կպարգևատրի հավատարիմ ընթացքիդ համար (Հայտն. 16։15)։
[նկար 6-րդ էջի վրա]
Հիսուսը ջրհորի մոտ քարոզեց սամարացի կնոջը։ Ամեն օր ի՞նչ առիթներ ես ստեղծում, որ քարոզես
[նկար 7-րդ էջի վրա]
Հոգալով ընտանիքիդ հոգևոր բարօրության մասին՝ ցույց ես տալիս, որ արթուն ես