Նաթան. մաքուր երկրպագության նվիրված պաշտպան
Հեշտ չէ ապացուցել ազդեցիկ մարդուն, որ իր վարվելակերպը ապականված է և որ ինքը կարիք ունի փոխվելու։ Կգնայի՞ր այդ քայլին՝ իմանալով, որ դիմացինդ մարդ է սպանել իր անունը փրկելու համար։
Հին Իսրայելի Դավիթ թագավորը շնություն էր գործել Բերսաբեի հետ, ու վերջինս հղիացել էր։ Իրենց մեղքը թաքցնելու համար Դավիթը սպանել էր տվել Բերսաբեի ամուսնուն և ամուսնացել նրա հետ։ Ամիսներն անցնում էին։ Դավիթը երկակի կյանքով էր ապրում և, անկասկած, շարունակում էր կատարել թագավորական պարտականությունները։ Սակայն Եհովան թույլ չտվեց, որ թագավորի մեղքերը ծածկված մնան։ Նա ուղարկեց իր մարգարեին՝ Նաթանին, որ ջրի երես հանի նրա արածները։
Սա դժվար հանձնարարություն էր։ Պատկերացրու քեզ Նաթանի փոխարեն։ Անշուշտ, Եհովայի հանդեպ նվիրվածությունն ու նրա սկզբունքներին ամուր կառչած լինելն էր մղում նրան հիշեցնելու Դավթին իր գործած մեղքերի մասին։ Բայց ինչպե՞ս էր մարգարեն անելու դա և համոզելու թագավորին, որ պետք է զղջա։
ՆՐԲԱՆԿԱՏ ՈՒՍՈՒՑԻՉ
Մի քանի րոպե հատկացրու և կարդա 2 Սամուել 12։1–25 համարները։ Պատկերացրու, որ դու Նաթանն ես ու Դավթին պատմում ես հետևյալ պատմությունը. «Երկու մարդ կար մի քաղաքում, մեկը՝ հարուստ, իսկ մյուսը՝ աղքատ։ Հարուստ մարդը շատ ոչխար ու խոշոր անասուն ուներ։ Իսկ աղքատ մարդը ոչինչ չուներ, բացի մի փոքր էգ գառնուկից, որին գնել էր։ Նա սնուցանում էր նրան, և գառնուկը մեծացավ նրա ու նրա որդիների հետ։ Այդ մարդու պատառից ուտում էր և նրա բաժակից խմում, նրա ծոցն էր քնում և նրա համար դստեր պես էր։ Հարուստ մարդու մոտ մի անցորդ եկավ, բայց նա չուզեց իր ոչխարներից ու ցլերից վերցնել ու կերակուր պատրաստել իր մոտ եկած ճամփորդի համար։ Ուստի վերցրեց աղքատ մարդու գառնուկը և անցորդի համար կերակուր պատրաստեց» (2 Սամ. 12։1–4)։
Դավիթը, որն ինքն էլ հովիվ էր եղել, հավանաբար հավատաց, որ դա իրական դեպք է։ Մի մեկնաբան հետևյալ ենթադրությունն է անում. «Հնարավոր է՝ Նաթանը սովոր էր նրա մոտ գալ կեղեքվածների դատական գործը պաշտպանելու համար, քանի որ այլ կերպ այդ մարդկանց խնդիրները չէին լուծվի։ Եվ այդ ժամանակ Դավթին թվաց, թե իր պարտականությունն է քննել այդ գործը»։ Նույնիսկ եթե դա այդպես է, Աստծու հանդեպ նվիրվածություն, ինչպես նաև քաջություն էր հարկավոր մարգարեին, որ այդպես խոսեր թագավորի հետ։ Նաթանի պատմությունը լսելով՝ Դավիթը խիստ բարկացավ։ «Կենդանի՛ է Եհովան, այդ բանն անող մարդը մահվա՛ն է արժանի»,— բացականչեց նա։ Եվ այդ ժամանակ Նաթանը հետևյալ ջախջախիչ խոսքերն ասաց Դավթին. «Այդ մարդը դո՛ւ ես» (2 Սամ. 12։5–7)։
Ուշադրություն դարձրու, թե ինչու Նաթանը այդ ձևով մոտեցավ խնդրին։ Ուրիշի հետ զգացական կապվածություն ունեցող անհատի համար հեշտ չէ օբյեկտիվորեն նայել իր իրավիճակին։ Բոլորս հակված ենք պատրվակներ բերելու՝ փորձելով արդարացնել ինքներս մեզ, երբ կասկածելի գործեր ենք անում։ Սակայն Նաթանի օրինակը մղեց Դավթին ակամայից դատապարտելու իր իսկ արարքները։ Թագավորը հստակ տեսավ, որ օրինակի միջի մարդու վարվելակերպը ահավոր էր։ Մարգարեն միայն այն բանից հետո ցույց տվեց, որ օրինակը վերաբերում է Դավթին, երբ վերջինս դատապարտեց այդ վարվելակերպը։ Այդ ժամանակ էր, որ թագավորը հասկացավ, թե որքան մեծ է իր մեղքը։ Դա օգնեց նրան ճիշտ տրամադրվածություն ունենալու և ընդունելու հանդիմանությունը։ Դավիթը հասկացավ, որ իսկապես «անարգել» է Եհովային, և ընդունեց հանդիմանությունը (2 Սամ. 12։9–14; Սաղ. 51, ենթախորագիր)։
Ի՞նչ կարող ենք սովորել։ Ուսուցչի նպատակն է օգնել ունկնդիրներին ճիշտ եզրահանգման գալու։ Նաթանը հարգում էր Դավթին, ուստի նրբանկատորեն խոսեց նրա հետ։ Նա գիտեր, որ թագավորն իր սրտում սիրում է արդարություն և արդարադատություն։ Իր պատմած օրինակով նա Դավթի մեջ արթնացրեց այդ աստվածային հատկությունները։ Մենք էլ կարող ենք օգնել անկեղծ մարդկանց հասկանալու Եհովայի տեսակետը։ Ինչպե՞ս։ Նրանց մեջ արթնացնելով արդարության զգացումը։ Եվ դա անելիս չպետք է ցույց տանք, թե բարոյապես կամ հոգևորապես ավելի բարձր ենք նրանցից։ Մենք ճիշտն ու սխալը որոշելու համար առաջնորդվում ենք Աստվածաշնչով և ոչ թե մեր անձնական կարծիքով։
Ամենից առավել Աստծու հանդեպ նվիրվածությունը օգնեց Նաթանին հանդիմանելու հզոր թագավորին (2 Սամ. 12։1)։ Այդպիսի նվիրվածությունը մեզ էլ քաջություն կտա կառչած մնալու Եհովայի արդար սկզբունքներից։
ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ՏԱՆՈՂ
Ակնհայտ է, որ Դավիթն ու Նաթանը լավ ընկերներ էին, քանի որ թագավորն իր որդիներից մեկի անունը Նաթան էր դրել (1 Տար. 3։1, 5)։ Աստվածաշնչում այս մարգարեի մասին առաջին անգամ խոսվում է այն դրվագում, երբ նա Դավթի հետ է։ Երկուսն էլ սիրում էին Եհովային։ Թագավորի համար Նաթանի կարծիքը, ակներևաբար, կարևոր էր, քանի որ նրան հայտնեց Եհովայի համար տաճար շինելու իր ցանկության մասին։ Նա ասաց. «Ես ապրում եմ մայրու փայտից կառուցված տան մեջ, մինչդեռ ճշմարիտ Աստծու տապանակը վրանի պաստառի տակ է գտնվում»։ Այդ խոսքերը լսելով՝ Նաթանն ասաց թագավորին. «Ինչ որ սրտումդ կա, գնա և արա, որովհետև Եհովան քեզ հետ է» (2 Սամ. 7։2, 3)։
Որպես Եհովայի հավատարիմ ծառա՝ Նաթանը ոգևորությամբ հավանություն տվեց Դավթի ծրագրին՝ կառուցելու երկրի վրա գոյություն ունեցող ճշմարիտ երկրպագության առաջին հաստատուն կենտրոնը։ Սակայն այդ ժամանակ Նաթանը, ակներևաբար, ոչ թե Եհովայի անունից խոսեց, այլ իր զգացմունքներն արտահայտեց։ Գիշերը Աստված ասաց մարգարեին, որ ուրիշ բան ասի թագավորին. Դավիթը չէր կառուցելու Եհովայի տաճարը։ Դա անելու էր նրա որդիներից մեկը։ Նաթանը նաև հայտարարեց, որ Աստված ուխտ էր կապում Դավթի հետ, ինչի շնորհիվ նրա «գահը դարեդար հաստատ պիտի մնար» (2 Սամ. 7։4–16)։
Աստծու կամքը չէր համապատասխանում տաճարի շինարարության վերաբերյալ Նաթանի մտածածին։ Այդուհանդերձ, այս խոնարհ մարգարեն, առանց տրտնջալու, լռելյայն համաձայնվեց Եհովայի նպատակին ու վարվեց դրան ներդաշնակ։ Որքա՜ն լավ օրինակ է նա թողել մեզ, որ թույլ տանք՝ Եհովան շտկի մեզ։ Դրանից հետո Նաթանի կատարած գործերը ցույց տվեցին, որ նա՝ որպես մարգարե, չէր կորցրել Աստծու հավանությունը։ Հավանաբար, Եհովան սուրբ ոգով ներշնչեց Նաթանին և տեսանող Գադին, որ առաջնորդեն Դավթին կազմակերպելու 4000 երաժիշտներին, որ ծառայեն տաճարում (1 Տար. 23։1–5; 2 Տար. 29։25)։
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆՈՂ
Նաթանը տեղյակ էր, որ ծեր Դավթից հետո թագավոր էր դառնալու Սողոմոնը։ Ուստի նա վճռականությամբ գործեց, երբ Դավթի կյանքի վերջին տարիներին Ադոնիան փորձեց զավթել գահը։ Եվ կրկին Նաթանը գործեց նրբանկատությամբ ու նվիրվածությամբ։ Սկզբում նա ասաց Բերսաբեին, որ հիշեցնի Դավթին այն մասին, որ նա խոստացել էր իր որդի Սողոմոնին տալ թագավորությունը։ Հետո մարգարեն ինքը գնաց թագավորի մոտ՝ հարցնելու, թե արդյոք նա է թույլ տվել, որ Ադոնիան թագավոր դառնա։ Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ տարեց թագավորը Նաթանին և մյուս հավատարիմ ծառաներին ասաց, որ Սողոմոնին օծեն ու թագավոր հռչակեն։ Այդպես՝ Ադոնիայի հեղաշրջումը ձախողվեց (1 Թագ. 1։5–53)։
ՀԱՄԵՍՏ ՊԱՏՄԻՉ
Նաթանին ու Գադին են վերագրվում 1 Սամուել 25–31 գլուխների և ամբողջ «2 Սամուել» գրքի գրությունը։ Այս ներշնչված գրքերում արձանագրված պատմությունների վերաբերյալ հետևյալն է ասվում. «Դավիթ թագավորի գործերի մասին, ինչպես առաջինների, այնպես էլ վերջինների, գրված է Սամուել տեսանողի, Նաթան մարգարեի և Գադ տեսանողի գրառումների մեջ» (1 Տար. 29։29)։ Նաթանի անունը նաև հիշատակվում է «Սողոմոնի մնացած գործերի մասին» արձանագրության առնչությամբ (2 Տար. 9։29)։ Հետևաբար, շատ հավանական է, որ նույնիսկ Դավթի մահից հետո Նաթանը շարունակում էր կարևոր դեր ունենալ արքունիքում։
Նաթանի մասին հիմնականում տեղեկանում ենք այն գրառումներից, որոնք հավանաբար հենց ինքն է արել։ Նրա մասին շատ բան ասում է այն, որ նա լռել է որոշ հարցերի վերաբերյալ։ Ակներևաբար, Նաթանը համեստ պատմիչ էր։ Նա փառասեր չէր և չէր ձգտում անուն ձեռք բերել։ Համաձայն աստվածաշնչյան մի բառարանի՝ ներշնչված արձանագրության մեջ նա «չի ներկայացնում ինքն իրեն և հանդես է գալիս առանց տոհմաբանության»։ Մենք ոչինչ չգիտենք Նաթանի ծագման ու անձնական կյանքի մասին։
ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԷՐ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Այն մի քանի բանից, ինչ Աստվածաշունչը հայտնում է Նաթանի մասին, պարզ է դառնում, որ նա խոնարհ մարդ էր և միևնույն ժամանակ եռանդորեն թիկունք էր կանգնում Աստծու նպատակներին ու կատարում նրա տված առաջադրանքները։ Եհովա Աստված լուրջ պատասխանատվություններ էր տվել նրան։ Խորհիր այն բանի շուրջ, թե ինչ հատկություններ ուներ մարգարեն. նա նվիրված էր Աստծուն ու խոր գնահատանքով էր լցված նրա պահանջների հանդեպ։ Ձգտիր ընդօրինակել այդ հատկությունները։
Դժվար թե քեզ ուղարկեն հանդիմանելու շնություն գործած թագավորի կամ ձախողելու հեղաշրջումը։ Սակայն Աստծու օգնությամբ կարող ես նվիրված լինել նրան ու կառչել նրա արդար սկզբունքներից։ Կարող ես նաև քաջ և միևնույն ժամանակ ճշմարտության նրբանկատ ուսուցիչ ու մաքուր երկրպագության պաշտպան լինել։
[նկար 25-րդ էջի վրա]
Թիկունք կանգնելով թագավորությանը՝ Նաթանը նրբանկատորեն խոսեց Բերսաբեի հետ