Թող Եհովան «քո բոլոր նպատակներն իրագործի»
«Անսահման ուրախություն գտիր Եհովայի մոտ, և նա կկատարի քո սրտի խնդրանքները» (ՍԱՂ. 37։4)։
1. Երիտասարդները ի՞նչ պետք է որոշեն ապագայի վերաբերյալ, սակայն ինչո՞ւ հարկավոր չէ չափից շատ անհանգստանալ (տես հոդվածի սկզբի նկարը)։
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵ՛Ր, թերևս կհամաձայնեք, որ ճանապարհորդություն սկսելուց առաջ իմաստուն կլինի ծրագրել այն։ Կյանքը նույնպես ճանապարհորդություն է, ուստի երիտասարդ տարիքն է այն ժամանակը, երբ պետք է որոշեք, թե ուր եք գնալու։ Ինչ խոսք, ծրագրեր կազմելը կարող է դժվար լինել։ Հեդեր անունով մի աղջիկ ասում է. «Դա վախ է ներշնչում։ Չէ՞ որ պետք է որոշես, թե ինչպես ես ապրելու կյանքիդ մնացած մասը»։ Սակայն քաջ եղիր։ Եհովան ասում է իր ժողովրդին. «Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ» (Ես. 41։10)։
2. Որտեղի՞ց գիտես, որ Եհովան ուզում է՝ երջանիկ ապագա ունենաս։
2 Եհովան հորդորում է քեզ իմաստությամբ ծրագրել քո ապագան (Ժող. 12։1; Մատթ. 6։20)։ Նա ուզում է, որ երջանիկ լինես։ Այդ մասին է վկայում նրա ստեղծագործությունը՝ այն հաճելի տեսարանները, ձայներն ու համերը, որ կարող ես վայելել։ Բացի այդ, մտածիր, թե Եհովան ինչպես է հոգ տանում մեր մասին, սովորեցնում մեզ և ցույց տալիս կյանքի լավագույն ուղին։ Իր խորհուրդը մերժողներին նա ասում է. «Ընտրում էիք այն, ինչը տհաճ է ինձ.... Իմ ծառաները կուրախանան, իսկ դուք կամաչեք։ Իմ ծառաները սրտի բերկրանքից ուրախ կբացականչեն» (Ես. 65։12–14)։ Եհովան փառավորվում է, երբ իր ծառաները իրենց կյանքում իմաստուն որոշումներ են կայացնում (Առակ. 27։11)։
ՆՊԱՏԱԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՔԵԶ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԲԵՐԵՆ
3. Եհովան ի՞նչ խորհուրդ է քեզ տալիս։
3 Ինչպե՞ս ծրագրել ապագան։ Ի՞նչ խորհուրդ է տալիս Եհովան։ Նա մարդկանց այնպես է ստեղծել, որ երջանիկ լինելու համար նրանք պետք է ճանաչեն իրեն ու հավատարմորեն ծառայեն (Սաղ. 128։1; Մատթ. 5։3)։ Մարդիկ շատ են տարբերվում կենդանիներից, որոնք բավարարվում են պարզապես ուտելով, խմելով և սերունդ տալով։ Աստված ուզում է, որ դու երջանիկ լինես՝ ձգտելով ուրիշ բաների։ Քո Արարիչը սիրո Աստված է, «երջանիկ Աստված», ով մարդկանց «իր պատկերով» է ստեղծել (2 Կորնթ. 13։11; 1 Տիմոթ. 1։11; Ծննդ. 1։27)։ Դու երջանիկ կլինես, եթե նմանվես մեր սիրառատ Աստծուն։ Երբևէ զգացե՞լ ես, թե որքան ճշմարիտ են հետևյալ աստվածաշնչյան խոսքերը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35)։ Սա մարդկային կյանքին վերաբերող հիմնարար ճշմարտություն է։ Ուստի Եհովան ցանկանում է, որ ապագայի ծրագրերիդ հիմքում լինի սերը իր և ուրիշների հանդեպ (կարդա Մատթեոս 22։36–39)։
4, 5. Ի՞նչն էր Հիսուսին երջանիկ դարձնում։
4 Հիսուս Քրիստոսը կատարյալ օրինակ է երիտասարդների համար։ Երբ նա երեխա էր, անկասկած խաղում էր և զվարճանում։ Աստվածաշունչն ասում է, որ կա «ծիծաղելու ժամանակ.... և պարելու ժամանակ» (Ժող. 3։4)։ Հիսուսը նաև մտերմանում էր Եհովայի հետ՝ ուսումնասիրելով նրա Խոսքը։ Երբ նա 12 տարեկան էր, տաճարում գտնվող ուսուցիչները «հիանում էին նրա հասկացողությամբ և պատասխաններով», որոնք վերաբերում էին հոգևոր հարցերին (Ղուկ. 2։42, 46, 47)։
5 Հիսուսը մեծացավ ու երջանիկ մարդ դարձավ։ Ի՞նչն էր նրան երջանկացնում։ Օրինակ՝ նա գիտեր, որ Աստված ուզում էր՝ ինքը «աղքատներին բարի լուր հռչակեր.... և կույրերին տեսողություն քարոզեր» (Ղուկ. 4։18)։ Հիսուսը երջանիկ էր, քանի որ անում էր այն, ինչ Աստված խնդրել էր իրեն։ Սաղմոս 40։8-ում գրված խոսքերը արտահայտում են նրա զգացմունքները. «Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված»։ Նա հաճույք էր ստանում՝ օգնելով մարդկանց ճանաչել իր երկնային Հորը (կարդա Ղուկաս 10։21)։ Այն բանից հետո, երբ Հիսուսը մի կնոջ հետ խոսեց ճշմարիտ երկրպագության մասին, իր աշակերտներին ասաց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործն ավարտեմ» (Հովհ. 4։31–34)։ Հիսուսին երջանիկ էր դարձնում այն, որ նա սիրում էր Աստծուն և ուրիշներին։ Դա քեզ էլ կարող է երջանիկ դարձնել։
6. Ինչո՞ւ արժե ապագայի ծրագրերի մասին խոսել փորձառու քրիստոնյաների հետ։
6 Շատ քրիստոնյաների երջանկություն է պարգևել այն, որ երիտասարդ տարիներին նրանք որպես ռահվիրա են ծառայել։ Ապագայի ծրագրերիդ մասին կարող ես խոսել այդպիսի մարդկանց հետ։ Աստվածաշնչում գրված է. «Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են, բայց խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում» (Առակ. 15։22)։ Հոգևորապես հասուն մարդիկ հավանաբար քեզ կասեն, որ լիաժամ ծառայելով՝ այնպիսի կրթություն կստանաս, որը քեզ օգուտ կտա ողջ կյանքի ընթացքում։ Հիսուսը իր Հոր կողմից կրթվել էր երկնքում։ Այնուհետև՝ երկրի վրա ծառայելու ընթացքում, շարունակում էր սովորել։ Օրինակ՝ նա իմացավ, թե Աստծու ծառան ինչ մեծ ուրախություն է ստանում, երբ բարի լուրը մարդկանց սրտերին է հասցնում և փորձությունների ժամանակ նրան հավատարիմ է մնում (կարդա Եսայիա 50։4; Եբր. 5։8; 12։2)։ Այժմ եկեք խոսենք լիաժամ ծառայության որոշ ձևերի մասին, որոնք կարող են քեզ անչափ երջանիկ դարձնել։
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳՈՐԾԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ
7. Շատ երիտասարդներ ինչո՞ւ են սիրում մասնակցել աշակերտներ պատրաստելու գործին։
7 Հիսուսն ասաց. «Գնացեք.... աշակերտներ պատրաստեք.... սովորեցնելով նրանց» (Մատթ. 28։19, 20)։ Եթե որոշես մասնակցել աշակերտներ պատրաստելու գործին, կընտրես կյանքի այն ուղին, որն ամենից շատ է բավարարվածություն տալիս և փառք է բերում Աստծուն։ Ինչպես ցանկացած աշխատանքի պարագայում է, քեզ ժամանակ է հարկավոր, որ հմտանաս այդ գործում։ Թիմոթի անունով մի եղբայր, որը պատանի տարիքից որպես ռահվիրա է ծառայում, վերջերս ասաց. «Ես սիրում եմ Եհովային լիաժամ ծառայել, քանի որ այդպես արտահայտում եմ իմ սերը նրա հանդեպ։ Սկզբում չէի կարողանում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել, բայց հետո տեղափոխվեցի ուրիշ տարածք և մի ամսում մի քանի ուսումնասիրություն սկսեցի։ Ուսումնասիրողներից մեկը արդեն գալիս է Թագավորության սրահ։ Այնուհետև երկու ամիս սովորեցի Ամուրի եղբայրների դպրոցումa, ինչից հետո ուրիշ նշանակում ստացա ու նոր վայրում չորս ուսումնասիրություն սկսեցի։ Սիրում եմ սովորեցնել մարդկանց, քանի որ տեսնում եմ, թե ինչպես է սուրբ ոգին փոխում նրանց» (1 Թեսաղ. 2։19)։
8. Որոշ երիտասարդ քրիստոնյաներ ի՞նչ են արել, որ ավելի շատ մասնակցեն աշակերտներ պատրաստելու գործին։
8 Որոշ երիտասարդ քրիստոնյաներ օտար լեզու են սովորել։ Օրինակ՝ Ջեյկոբը, որը Հյուսիսային Ամերիկայից է, գրում է. «Երբ փոքր էի՝ յոթ տարեկան, դասընկերներիցս շատերը վիետնամցիներ էին։ Ուզում էի նրանց պատմել Եհովայի մասին, ուստի որոշ ժամանակ հետո որոշեցի սովորել նրանց լեզուն։ Հիմնականում սովորում էի՝ համեմատելով «Դիտարանի» անգլերեն և վիետնամերեն թողարկումները։ Նաև ընկերացա մոտակայքում գտնվող վիետնամալեզու ժողովի որոշ անդամների հետ։ Երբ 18 տարեկան էի, ռահվիրայություն սկսեցի։ Ավելի ուշ սովորեցի Ամուրի եղբայրների դպրոցում։ Դա ինձ օգնեց իմ նոր նշանակման մեջ. այժմ ռահվիրա եմ ծառայում վիետնամալեզու խմբում, որտեղ միակ երեցն եմ։ Շատ վիետնամցիներ զարմանում են, որ սովորել եմ իրենց լեզուն։ Նրանք ինձ տուն են հրավիրում, և հաճախ ինձ հաջողվում է նրանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Շատերը առաջադիմել են և մկրտվել» (համեմատիր Գործեր 2։7, 8)։
9. Ինչպե՞ս ենք կրթվում՝ մասնակցելով աշակերտներ պատրաստելու գործին։
9 Մասնակցելով աշակերտներ պատրաստելու գործին՝ մենք կրթվում ենք. ձեռք ենք բերում աշխատանքային լավ սովորություններ և հաղորդակցվելու հմտություններ, դառնում ենք ավելի ինքնավստահ ու նրբանկատ (Առակ. 21։5; 2 Տիմոթ. 2։24)։ Դրա հետ մեկտեղ՝ այդ գործը մեծ ուրախություն է բերում, քանի որ օգնում է՝ ավելի լավ ծանոթանանք մեր հավատալիքներին թիկունք կանգնող աստվածաշնչյան ապացույցներին։ Բացի այդ, սովորում ենք, թե ինչպես սերտորեն համագործակցենք Եհովայի հետ (1 Կորնթ. 3։9)։
10. Ինչպե՞ս կարող ես աշակերտներ պատրաստելու գործից ուրախություն ստանալ նույնիսկ այն տարածքում, որտեղ քչերն են արձագանքում բարի լուրին։
10 Դու կարող ես աշակերտներ պատրաստելու գործից հաճույք ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ քո տարածքում քիչ մարդիկ են արձագանքում բարի լուրին։ Աշակերտներ պատրաստելը թիմային աշխատանք է։ Ամբողջ ժողովն է փնտրում անկեղծ մարդկանց։ Չնայած հնարավոր է՝ միայն մեկ եղբայր կամ քույր գտնի այնպիսի մարդու, որն ի վերջո կդառնա աշակերտ, բոլորն են մասնակցում փնտրելու աշխատանքին, ուստի բոլորն էլ կարող են ուրախանալ։ Օրինակ՝ Բրենդոնը ինը տարի որպես ռահվիրա է ծառայել մի տարածքում, որտեղ արձագանք չկար։ Նա ասում է. «Ես սիրում եմ քարոզել բարի լուրը, քանի որ Եհովան է մեզ խնդրում դա անել։ Դպրոցն ավարտելուց կարճ ժամանակ հետո ես ռահվիրայություն սկսեցի։ Սիրում եմ քաջալերել մեր ժողովի երիտասարդ եղբայրներին և տեսնել, թե ինչպես են նրանք հոգևորապես աճում։ Ամուրի եղբայրների դպրոցում սովորելուց հետո նոր տարածք նշանակվեցի որպես ռահվիրա։ Ճիշտ է, մեր տարածքում ես չեմ գտել մեկին, ով կառաջադիմեր ու կմկրտվեր, սակայն ուրիշները գտել են։ Ուրախ եմ, որ նպատակ դրեցի լիարժեքորեն մասնակցելու աշակերտներ պատրաստելու գործին» (Ժող. 11։6)։
ԻՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԿԱՐՈՂ ԵՍ ՀԱՍՆԵԼ
11. Շատ երիտասարդներ սուրբ ծառայության ո՞ր ձևին են հաճույքով մասնակցում։
11 Եհովային ծառայելու շատ հնարավորություններ կան։ Օրինակ՝ բազմաթիվ երիտասարդներ մասնակցում են շինարարական կամավոր աշխատանքին։ Հարյուրավոր նոր Թագավորության սրահների կարիք կա։ Դրանց կառուցումը սուրբ ծառայություն է, որը փառք է բերում Աստծուն և կարող է քեզ երջանկություն պարգևել։ Ինչպես սուրբ ծառայության մյուս ձևերում, այնպես էլ շինարարության մեջ համագործակիցների հետ շփվելը ուրախություն է բերում։ Բացի այդ, երբ Աստծու կազմակերպության մեջ մասնակցում ենք շինարարական գործին, մենք կրթվում ենք. սովորում ենք հետևել անվտանգության կանոններին, լինել ժրաջան աշխատող և համագործակցել վերակացուների հետ։
Լիաժամ ծառայությունը շատ օրհնություններ կբերի (տես պարբերություն 11–13)
12. Ռահվիրայական ծառայությունը ինչպե՞ս կարող է նոր դռներ բացել քո առաջ։
12 Մի եղբայր, որի անունը Քևին է, ասում է. «Երբ դեռ փոքր էի, ուզում էի Եհովային լիաժամ ծառայել։ Ի վերջո 19 տարեկանում ռահվիրայություն սկսեցի։ Իմ կարիքները հոգալու համար կես դրույքով աշխատում էի մի եղբոր մոտ, որը շինարար էր։ Ես սովորեցի տանիք կապել, պատուհաններ ու դռներ տեղադրել։ Ավելի ուշ երկու տարի համագործակցեցի փոթորկից տուժածներին օգնող թիմի հետ՝ վերակառուցելով Թագավորության սրահներն ու մեր եղբայրների տները։ Երբ իմացա, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում շինարարների կարիք կա, դիմում գրեցի և հրավեր ստացա մեկնելու։ Այստեղ՝ Աֆրիկայում, Թագավորության սրահներ կառուցելու համար մի քանի շաբաթը մեկ մի վայրից մյուսն եմ տեղափոխվում։ Իմ շինարարական խումբը ասես ընտանիք լինի։ Մենք միասին ենք բնակվում, միասին ենք Աստվածաշունչ ուսումնասիրում և աշխատում։ Նաև սիրում եմ ամեն շաբաթ քարոզել տեղի եղբայրների հետ։ Այն նպատակները, որ դրել էի դեռ փոքր տարիքում, ինձ այնպիսի երջանկություն են բերում, որ չէի էլ կարող պատկերացնել»։
13. Բեթելի ծառայությունը ինչպե՞ս է երջանկություն պարգևում երիտասարդներին։
13 Որոշ երիտասարդներ, որոնք ձգտել են հասնել Եհովային լիաժամ ծառայելու իրենց նպատակին, այժմ ծառայում են Բեթելում։ Իրոք որ, Բեթելի ծառայությունը կյանքի ուղի է, որը երջանկություն է բերում, չէ՞ որ այնտեղ ամեն ինչ Եհովայի համար է արվում։ Բեթելի ընտանիքը օգնում է հոգևոր սնունդ մատակարարել։ Դաստին անունով մի բեթելցի պատմում է. «Երբ ինը տարեկան էի, լիաժամ ծառայության նպատակ դրեցի և դպրոցն ավարտելուց հետո ռահվիրայություն սկսեցի։ Մեկուկես տարի անց ինձ հրավիրեցին Բեթել, որտեղ սովորեցի տպագրահաստոցներ աշխատեցնել, իսկ ավելի ուշ՝ համակարգչային ծրագրավորմամբ զբաղվել։ Բեթելում ինձ համար հաճելի է լսել, թե ինչպես է ամբողջ աշխարհում առաջ գնում աշակերտներ պատրաստելու գործը։ Սիրում եմ ծառայել այստեղ, քանի որ մեր աշխատանքը մարդկանց օգնում է մտերմանալ Եհովայի հետ»։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԾՐԱԳՐԵՍ ԱՊԱԳԱԴ
14. Ինչպե՞ս կարող ես ծրագրել ապագադ, որ լիաժամ ծառայություն սկսես։
14 Ինչպե՞ս կարող ես ծրագրել ապագադ, որպեսզի լիաժամ քրիստոնյա ծառայող դառնաս։ Այդ նպատակին հասնելու համար ամեն բանից առավել պետք է քրիստոնեական հատկություններ զարգացնես։ Ուստի ջանասիրաբար ուսումնասիրիր Աստծու Խոսքը, խորապես մտածիր դրա շուրջ և ձգտիր ժողովի հանդիպումների ժամանակ արտահայտել հավատդ։ Դպրոցական տարիներին կարող ես բարի լուրը քարոզելու հմտություններ և փորձ ձեռք բերել։ Սովորիր հետաքրքրություն ցույց տալ մարդկանց հանդեպ՝ նրբանկատորեն հարցնելով նրանց կարծիքը և լսելով պատասխանը։ Բացի այդ, կարող ես որոշ գործեր անել ժողովում, օրինակ՝ օգնել Թագավորության սրահի մաքրման և նորոգման ժամանակ։ Եհովայի համար հաճելի է օգտագործել նրանց, ովքեր խոնարհ են և պատրաստակամության ոգի ունեն (կարդա Սաղմոս 110։3; Գործ. 6։1–3)։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին հրավիրեց մասնակցելու միսիոներական ծառայությանը, քանի որ «նրա մասին լավ էին խոսում.... եղբայրները» (Գործ. 16։1–5)։
15. Ի՞նչ կարող ես անել, որ ապագայում ի վիճակի լինես քո կարիքները հոգալու։
15 Լիաժամ ծառայողները իրենց կարիքները հոգալու համար սովորաբար պետք է աշխատեն (Գործ. 18։2, 3)։ Գուցե նպատակ դնես կարճ ժամանակում որոշակի կրթություն ստանալու, որպեսզի քո բնակավայրում կարողանաս կես դրույքով աշխատանք գտնել։ Ծրագրեր կազմելիս խորհրդակցիր շրջանային վերակացուի և ձեր շրջանում ծառայող ռահվիրաների հետ։ Հարցրու նրանց, թե ռահվիրաների համար որ աշխատանքն է հարմար։ Այնուհետև, ինչպես Աստվածաշունչն է ասում, «քո գործերը Եհովային հանձնիր, և քո ծրագրերը կհաստատվեն» (Առակ. 16։3; 20։18)։
16. Եթե երիտասարդ տարիներին Եհովային լիարժեքորեն ծառայես, դա ինչպե՞ս կարող է պատրաստել քեզ, որ հետագայում այլ պատասխանատվություններ ստանձնես։
16 Վստահ եղիր, որ Եհովան ուզում է՝ երջանիկ ապագա ունենաս. նա ցանկանում է, որ «ամուր կառչես» դրան (կարդա 1 Տիմոթեոս 6։18, 19)։ Լիաժամ ծառայելով՝ դու շփվում ես ուրիշ լիաժամ ծառայողների հետ, և դա օգնում է, որ հասուն քրիստոնյա դառնաս։ Բացի այդ, շատերը եկել են այն եզրակացության, որ երիտասարդ տարիներին լիարժեքորեն ծառայելը իրենց օգնել է հաջող ամուսնություն ունենալ։ Շատ դեպքերում նրանք, ովքեր ամուսնությունից առաջ որպես ռահվիրա են ծառայել, կարողացել են դրանից հետո երկուսով շարունակել այդ ծառայությունը (Հռոմ. 16։3, 4)։
17, 18. Նպատակները ինչպե՞ս են կապված մարդու սրտի հետ։
17 Նպատակները մարդու սրտից են բխում։ Սաղմոս 20։4-ում Եհովայի մասին ասվում է. «Թող տա քեզ քո սրտի ցանկությունների համեմատ և քո բոլոր նպատակներն իրագործի»։ Ուստի մտածիր, թե ինչ ուղի ես ուզում ընտրել կյանքում։ Խորհիր այն մասին, թե ինչեր է Եհովան անում այսօր, և թե ինչպես կարող ես քո մասնակցությունը բերել նրա գործին։ Այնուհետև նպատակ դիր անելու այն, ինչ հաճելի է նրան։
18 Եհովային լիարժեքորեն ծառայելով՝ բավարարվածության խոր զգացում կունենաս, քանի որ դա է կյանքի այն ուղին, որը պատիվ է բերում Աստծուն։ Այո՛, «անսահման ուրախություն գտիր Եհովայի մոտ, և նա կկատարի քո սրտի խնդրանքները» (Սաղ. 37։4)։
a Այս դպրոցին փոխարինել է Թագավորության քարոզիչների դպրոցը։