Ի՞նչ է արել Աստված
Ինչ-որ մեկին լավ ճանաչելու համար օգտակար կլինի իմանալ՝ ինչ է նա արել, ինչ ձեռքբերումներ ունի և ինչ դժվարություններ է հաղթահարել։ Նմանապես, եթե ցանկանում եք լավ ճանաչել Աստծուն, պետք է իմանաք՝ ինչ է արել նա։ Եվ գուցե զարմանաք, երբ տեսնեք, որ անցյալում նրա արած շատ բաներ ոչ միայն հիմա են օգուտ բերում մեզ, այլև հիանալի ապագայի հույս են տալիս։
ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՐԱՐԵԼ Է ՄԵՐ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Եհովա Աստված մեր Մեծ Արարիչն է, և նրա «անտեսանելի հատկությունները.... հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20)։ «Նա է, որ իր զորությամբ ստեղծել է երկիրը, իր իմաստությամբ հաստատել է պտղաբեր երկիրը և իր հասկացողությամբ տարածել է երկինքը» (Երեմիա 10։12)։ Աստծու հիասքանչ ստեղծագործությունները նաև ցույց են տալիս, որ նա հետաքրքրված է մեզանով։
Նկատի առնենք, թե ինչպես է Եհովան մեր կյանքը դարձրել իմաստալից ու հետաքրքիր։ Նա ստեղծել է մեզ՝ մարդկանց, «իր պատկերով» (Ծննդոց 1։27)։ Դա նշանակում է, որ նա հնարավորություն է տվել մեզ որոշ չափով արտացոլելու իր հիասքանչ և անգերազանցելի հատկությունները։ Նա մեզ օժտել է հոգևոր բաները ընկալելու, այսինքն՝ իր արժեքները և մտածելակերպը հասկանալու ունակությամբ։ Երբ ջանք ենք թափում, որ ապրենք նրա արժեքներին ու մտածելակերպին ներդաշնակ, ավելի երջանիկ ենք լինում և ավելի իմաստալից կյանքով ենք ապրում։ Ավելին, Աստված մեզ այնպես է ստեղծել, որ կարողանանք իր հետ անձնական փոխհարաբերություններ հաստատել։
Երկրագունդը և նրա վրա գոյություն ունեցող ամեն բան ցույց են տալիս, թե որքան թանկ ենք Աստծու համար։ Ինչպես գրում է Պողոս առաքյալը, Աստված «իր մասին անդադար վկայություն տվեց՝ բարիք անելով. անձրևներ տվեց [մեզ] երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց [մեզ] ուտելիքներով և [մեր] սրտերը ուրախությամբ լցրեց» (Գործեր 14։17)։ Աստված չի բավարարվել՝ մեզ տալով գոյատևման համար անհրաժեշտ որոշ բաներ, այլ ապահովել է մեզ ամեն ինչով, այն էլ ապշեցուցիչ բազմազանությամբ և առատությամբ, որպեսզի վայելենք կյանքը։ Բայց այս ամենը ընդամենը փոքրիկ նշույլն է այն ամենի, ինչ նա մտադրվել է անել մեզ համար։
Եհովան երկիրը ստեղծել է, որ մարդիկ հավիտյան բնակվեն այնտեղ։ Աստվածաշնչում կարդում ենք, որ «երկիրը նա մարդկանց որդիներին է տվել» և որ «այն, զուր տեղը չի արարել, այլ բնակվելու համար է ստեղծել այն» (Սաղմոս 115։16; Եսայիա 45։18)։ Աստվածաշնչում նաև հստակ ասվում է, թե ովքեր պետք է բնակվեն երկրի վրա և որքան ժամանակ. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։
Եհովան ստեղծել էր առաջին տղամարդուն ու կնոջը՝ Ադամին ու Եվային, և բնակեցրել էր երկրի վրա գտնվող դրախտային պարտեզում, որպեսզի նրանք «մշակեին այն ու հոգ տանեին նրան» (Ծննդոց 2։8, 15)։ Աստված նրանց հետաքրքիր հանձնարարություն էր տվել, որը ներառում էր երկու բան՝ նրանք պետք է «բազմանային, շատանային» ու «լցնեին երկիրը և տիրեին նրան» (Ծննդոց 1։28)։ Փաստորեն՝ Ադամն ու Եվան երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար ունեին։ Ցավոք, նրանք որոշեցին չհնազանդվել Աստծուն և այլևս չէին կարող լինել «արդարների» թվում, ովքեր «կժառանգեն երկիրը»։ Ինչպես դեռ կիմանանք, առաջին մարդկային զույգի անհնազանդության պատճառով մարդկության կամ երկրի հետ կապված Եհովայի նպատակը չփոխվեց։ Բայց նախևառաջ տեսնենք՝ ուրիշ ինչ է արել Աստված։
ԱՍՏՎԱԾ ՏՎԵԼ Է ԻՐ ԳՐԱՎՈՐ ԽՈՍՔԸ
Աստվածաշունչը անվանվում է նաև «Աստծու Խոսք»։ Ինչո՞ւ է Եհովան մեզ տվել այդ գիրքը։ Գլխավորաբար այն նպատակով, որ կարողանանք տեղեկություն ձեռք բերել իր մասին (Առակներ 2։1–5)։ Ինչ խոսք, Աստվածաշունչը չի պատասխանում Աստծու մասին ամեն մի հարցի։ Անհնար է, որ առհասարակ որևէ գիրք բավարարի այդ պահանջը (Ժողովող 3։11)։ Սակայն այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում, օգնում է ճանաչել Աստծուն։ Օրինակ՝ մենք հասկանում ենք՝ ինչպիսի անձնավորություն է նա, երբ կարդում ենք, թե ինչպես է վարվել տարբեր մարդկանց հետ։ Նաև տեսնում ենք՝ ինչպիսի մարդիկ են նրան հաճելի, և ինչպիսիք՝ ոչ (Սաղմոս 15։1–5)։ Բացի այդ, իմանում ենք, թե նա ինչ տեսակետ ունի երկրպագության, բարոյական արժեքների և նյութական բաների վերաբերյալ։ Բայց Եհովայի էության մասին ճշգրիտ ու մանրամասն պատկերացում կազմելու լավագույն միջոցը՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի խոսքերն ու գործերը քննելն է, որոնց մասին գրված է Աստվածաշնչում (Հովհաննես 14։9)։
Եհովան մեզ տվել է իր Խոսքը նաև մեկ այլ պատճառով. որպեսզի իմանանք, թե ինչ անենք երջանիկ և իմաստալից կյանքով ապրելու համար։ Աստվածաշնչի միջոցով Եհովան մեզ հայտնել է, թե ինչպես կառուցենք երջանիկ ընտանիք, ինչպես ունենանք բավարարվածության զգացում, ինչպես հաղթահարենք մտահոգությունները։ Եվ ինչպես դեռ կիմանանք այս ամսագրի մյուս հոդվածից, Աստվածաշունչը նաև պատասխանում է մարդկանց հուզող այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են՝ ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա, կամ ի՞նչ է սպասվում ապագայում։ Այն նաև հայտնում է, թե ինչ է արել Աստված, որպեսզի իր սկզբնական նպատակն իրականանա։
Աստվածաշունչը առանձնահատուկ գիրք է նաև շատ այլ առումներով, ինչը ցույց է տալիս, որ դրա հեղինակը կարող էր լինել միայն Աստված։ Այն գրել են մոտ 40 տղամարդիկ մոտավորապես 1 600 տարիների ընթացքում, սակայն այդ գրքում ծայրից ծայր զարգանում է մեկ գլխավոր թեմա, քանի որ դրա իրական Հեղինակը մեկն է՝ Աստված (2 Տիմոթեոս 3։16)։ Ի տարբերություն այլ հին աշխատությունների՝ Աստծու Խոսքը մեզ է հասել ամենայն ճշգրտությամբ։ Դա են փաստում աստվածաշնչյան հազարավոր հին ձեռագրեր։ Աստվածաշունչը պահպանվել է՝ չնայած տարբեր մարդիկ բազմիցս փորձել են խանգարել, որ այն թարգմանվի, տարածվի և ընթերցվի։ Այն ներկայիս ամենալայն տարածում գտած ու ամենաշատ թարգմանված գիրքն է։ Այն փաստը, որ մենք այսօր ունենք Աստվածաշունչը, ցույց է տալիս, որ «մեր Աստծու խոսքը մնում է հավիտյան» (Եսայիա 40։8)։
ԱՍՏՎԱԾ ԵՐԱՇԽԻՔ Է ՏՎԵԼ, ՈՐ ԻՐ ՆՊԱՏԱԿԸ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ
Աստված ձեռնարկել է հատուկ միջոց՝ որպես երաշխիք, որ մարդկության հետ կապված իր նպատակը կիրականանա։ Ինչպես արդեն նշեցինք, Աստված նպատակադրել էր, որ մարդիկ հավիտյան ապրեն երկրի վրա։ Սակայն երբ Ադամը չհնազանդվեց Աստծուն և այդպիսով մեղք գործեց, կորցրեց հավիտենական կյանքի հեռանկարը ոչ միայն իր, այլև իր ապագա սերունդների համար։ «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։ Մարդու անհնազանդության պատճառով Աստծու նպատակի իրականացումը կարծես թե հարցականի տակ դրվեց։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։
Եհովայի գործելակերպը ներդաշնակ էր իր էությանը և արտացոլում էր իր հատկությունները։ Նա արդարացիորեն պատասխանատվության կանչեց Ադամին ու Եվային իրենց արարքի համար, բայց և սիրուց մղված՝ քայլեր ձեռնարկեց հօգուտ նրանց ապագա սերունդների։ Գործի դնելով իր իմաստությունը՝ Եհովան որոշեց, թե ինչպես պետք է շտկի իրավիճակը և անմիջապես հայտնեց այդ մասին (Ծննդոց 3։15)։ Աստված մարդկանց ազատելու էր մեղքից ու մահից իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինչպե՞ս էր դա լինելու։
Մարդկությանը Ադամի ըմբոստության հետևանքներից ազատելու համար Եհովան Հիսուսին երկիր ուղարկեց, որպեսզի նա մարդկանց ցույց տա կյանքի տանող ճանապարհը և «իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն»a (Մատթեոս 20։28; Հովհաննես 14։6)։ Հիսուսը կարող էր տալ փրկանքը, քանի որ նա Ադամի պես կատարյալ մարդ էր։ Բայց ի տարբերություն Ադամի՝ Հիսուսը կատարելապես հնազանդվեց Աստծուն, անգամ մինչև մահ։ Քանի որ Հիսուսը ոչ մի մեղք չէր գործել և արժանի չէր մահվան, Եհովան նրան հարություն տվեց, որ նա կրկին ապրի երկնքում։ Դրանից հետո Հիսուսը կարող էր հավիտենական կյանքի հեռանկար բացել հնազանդ մարդկանց առջև, մի բան, ինչը չարեց Ադամը։ «Եվ ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավորներ դարձան, այդպես էլ մեկ մարդու հնազանդությամբ շատերը արդարներ կդառնան» (Հռոմեացիներ 5։19)։ Հիսուսի քավիչ զոհի միջոցով Աստված կիրականացնի իր խոստումը՝ մարդկանց կտա հավիտենական կյանք երկրի վրա։
Իմանալով, թե ինչպես Եհովան լուծեց Ադամի անհնազանդության պատճառով առաջացած խնդիրը՝ ավելի լավ ենք ճանաչում նրան։ Հստակ է, որ Եհովային ոչինչ չի կարող խանգարել ավարտին հասցնելու այն, ինչ նա սկսել է. նրա խոսքը «կկատարվի.... կիրագործվի» (Եսայիա 55։11)։ Նաև հասկանում ենք, թե որքան շատ է Եհովան սիրում մեզ։ «Աստված իր սերը նրանով դրսևորեց մեր հանդեպ, որ իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք։ Ահա սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և իր Որդուն ուղարկեց որպես հաշտության զոհ մեր մեղքերի համար» (1 Հովհաննես 4։9, 10)։
Աստված «նույնիսկ իր սեփական Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար տվեց նրան», ուստի համոզված ենք, որ «կշնորհի մնացած բոլոր բաները», որոնք խոստացել է (Հռոմեացիներ 8։32)։ Ի՞նչ է նա խոստացել անել մեզ համար։ Այս հարցի պատասխանը կտրվի հաջորդ հոդվածում։
Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ԱՍՏՎԱԾ։ Եհովան ստեղծել է մարդկանց, որպեսզի նրանք հավիտյան ապրեն երկրի վրա։ Նա տվել է Աստվածաշունչը, որ կարողանանք ճանաչել իրեն։ Հիսուս Քրիստոսի միջոցով Եհովան փրկանք է տվել, ինչն էլ երաշխիքն է այն բանի, որ իր նպատակը կիրականանա
a Փրկանքի մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 27-րդ դասում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և առկա է www.pr418.com/hy կայքում։