ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եհովայի օրհնությունները գերազանցել են իմ բոլոր սպասելիքները
«ՌԱՀՎԻՐԱ դառնալը իմ պարտքն է։ Բայց այդ ծառայությունը ձանձրալի չի՞ լինի»,— մտածում էի ես։ Ինձ շատ էր դուր գալիս իմ աշխատանքը. ես Գերմանիայից սննդամթերք էի արտահանում Աֆրիկայի տարբեր վայրեր, ինչպիսիք են Դար էս-Սալամը, Էլիզաբեթվիլը և Ասմարան։ Մտքովս էլ չէր անցնում, որ մի օր լիաժամ ծառայությունը ինձ բերելու էր Աֆրիկայի այս և բազմաթիվ այլ վայրեր։
Երբ ի վերջո փարատեցի կասկածներս և ռահվիրայություն սկսեցի, իմ առաջ կյանքի մի այնպիսի ուղի բացվեց, որը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները (Եփես. 3։20)։ Բայց հնարավոր է՝ ձեզ հետաքրքրի, թե ինչպես դա եղավ։ Պատմեմ ամենասկզբից։
Ես ծնվել եմ Գերմանիայի Բեռլին քաղաքում 1939 թ.-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից մի քանի ամիս անց։ Երբ աշխարհամարտը մոտենում էր ավարտին՝ 1945 թ.-ին, Բեռլինը օդային ուժգին ռմբակոծությունների էր ենթարկվում։ Դրանցից տուժեց նաև մեր փողոցը։ Ընտանիքով փախանք ռմբապաստարան։ Հետո ապահովության համար տեղափոխվեցինք Էրֆուրտ՝ մայրիկիս ծննդավայր։
Ծնողներիս ու քրոջս հետ՝ Գերմանիայում (մոտ 1950)
Մայրս հոգևոր մեծ քաղց ուներ, ուստի անձկագին փնտրում էր ճշմարտությունը. կարդում էր փիլիսոփաների աշխատություններ և ուսումնասիրում էր տարբեր կրոնների ուսմունքներ, բայց ապարդյուն։ Մոտ 1948 թ.-ին մեր տան դուռը թակեցին երկու կին, որոնք Եհովայի վկաներ էին։ Մայրս ներս հրավիրեց այդ կանանց և հարցերի տարափ տեղաց նրանց վրա։ Մեկ ժամ չանցած՝ նա ինձ ու փոքր քրոջս ասաց. «Գտա՛ ճշմարտությունը»։ Շուտով մայրս, քույրս ու ես Էրֆուրտում սկսեցինք հաճախել ժողովի հանդիպումներին։
1950-ին վերադարձանք Բեռլին, որտեղ սկսեցինք հաճախել «Բեռլին-Կրոյցբերգ» ժողովի հանդիպումներին։ Հետո տեղափոխվեցինք մեկ այլ թաղամաս և մեկ այլ ժողով՝ «Բեռլին-Տեմպելհոֆ»։ Որոշ ժամանակ անց մայրս մկրտվեց, բայց ես չէի խիզախում այդ քայլն անել։ Ինչո՞ւ։
ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՄ ԱՄԱՉԿՈՏՈՒԹՅՈՒՆՍ
Ես հոգևորապես շատ դանդաղ էի առաջադիմում, որովհետև չափազանց ամաչկոտ էի։ Թեև երկու տարի էր՝ մասնակցում էի քարոզչական ծառայությանը, բայց այդ ընթացքում երբեք բերանս չէի բացել՝ վկայություն չէի տվել։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցի շփվել այնպիսի եղբայրների ու քույրերի հետ, որոնք քաջաբար դիմակայել էին զանազան փորձությունների և փաստել իրենց նվիրվածությունը Եհովայի հանդեպ։ Նրանցից ոմանք անցել էին նացիստական համակենտրոնացման ճամբարների բովով, մյուսների հավատն էլ թրծվել էր Արևելյան Գերմանիայի բանտերում։ Կային այնպիսիներ, որոնք, իրենց ազատությունը վտանգելով, գաղտնաբար գրականություն էին տեղափոխել Արևելյան Գերմանիա։ Այդ մարդկանց օրինակը խորապես տպավորեց ինձ։ Մտածեցի, որ եթե նրանք հանուն Եհովայի ու հավատակիցների վտանգել են իրենց կյանքն ու ազատությունը, ապա ես առնվազն պիտի փորձեմ ամաչկոտությունս հաղթահարել։
«Ո՛չ ամաչկոտությանը» գործողությունը սկսեցի, երբ մասնակցեցի 1955 թ.-ին կազմակերպված հատուկ քարոզարշավին։ «Տեղեկատու»a թերթիկում տպագրվեց Նաթան Նորի նամակը, որտեղ նա ասում էր, որ դա մեր ամենամեծ քարոզարշավն է լինելու։ Եղբայր Նորը նաև նշել էր, որ եթե յուրաքանչյուր քարոզիչ մասնակցի այդ նախաձեռնությանը, ապա դա կլինի «բոլոր ժամանակների ամենահիանալի քարոզչական ամիսը»։ Որքա՜ն ճիշտ էին այս խոսքերը։ Քարոզարշավից կարճ ժամանակ անց նվիրվեցի Եհովային և 1956-ին հորս ու քրոջս հետ մկրտվեցի։ Սակայն շուտով կանգնելու էի ևս մի կարևոր որոշման առաջ։
Գիտեի, որ ռահվիրայությունը կյանքի այն ուղին է, որով ճիշտ է ընթանալ, բայց տարիներ շարունակ հետաձգում էի այդ ծառայությունը սկսելը։ Ես նախ որոշեցի Բեռլինում ուսում ստանալ մեծածախ առևտրի և արտահանման ու ներկրման ոլորտներում։ Հետո ցանկացա փորձ ձեռք բերելու համար որոշ ժամանակ աշխատել իմ մասնագիտությամբ։ Ուստի 1961-ին համաձայնվեցի աշխատանքի անցնել Համբուրգում՝ Գերմանիայի ամենամեծ նավահանգստային քաղաքում։ Որքան հմտանում էի իմ աշխատանքում, այնքան ավելի շատ էի ուզում հետաձգել ռահվիրայական ծառայությանս մեկնարկը։ Բայց մինչև ե՞րբ էր այդ ամենը շարունակվելու։
Այնքա՜ն շնորհակալ եմ Եհովային, որ ինձ շատ սիրող եղբայրների միջոցով օգնեց հոգևոր ճիշտ առաջնահերթություններ սահմանել։ Ընկերներիցս մի քանիսը ռահվիրայություն էին սկսել և դրանով լավ օրինակ էին դարձել ինձ համար։ Ճիշտ որոշում կայացնելու հարցում ինձ նաև օգնեց համակենտրոնացման ճամբարից վերապրած մի եղբայր՝ Էրիխ Մունդտը, որը հորդորեց ապավինել Եհովային։ Նա ասաց, որ ճամբարում ազատազրկված այն եղբայրները, որոնք հույսը իրենց վրա էին դրել, հետագայում հոգևորապես թուլացան։ Իսկ նրանք, ովքեր ամբողջությամբ Եհովային էին ապավինում, հավատարիմ մնացին և ժողովում դարձան ամուր սյուներ։
Ռահվիրայական ծառայությանս սկզբում (1963)
Եղբայր Մարտին Փետցինգերը, որը հետագայում ծառայեց որպես Կառավարիչ մարմնի անդամ, նույնպես շարունակ հորդորում էր եղբայրներին՝ ասելով. «Քաջությունը ձեր ամենաարժեքավոր ունեցվածքն է»։ Այս խոսքերի շուրջ խորհելուց հետո վերջապես դուրս եկա աշխատանքից և 1963 թ. հունիսին ռահվիրա դարձա։ Դա կյանքիս լավագույն որոշումներից էր։ Երկու ամիս հետո, մինչ կսկսեի նոր աշխատանք փնտրել, ինձ հատուկ ռահվիրա նշանակեցին։ Իսկ տարիներ անց Եհովան մի պարգև տվեց, որը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները. ինձ հրավիրեցին սովորելու «Գաղաադ» դպրոցի 44-րդ դասարանում։
«ԳԱՂԱԱԴՈՒՄ» ԱՆԳԻՆ ԴԱՍ ԵՄ ՍՈՎՈՐՈՒՄ
«Հեշտությամբ չհրաժարվեք ձեր նշանակումից». սա ամենաարժեքավոր դասերից մեկն էր, որ սովորեցի եղբայրներից, հատկապես Նաթան Նորից և Լայման Սուինգլից։ Նրանք հորդորում էին մեզ շարունակել մեր ծառայությունը, անգամ եթե շատ դժվար լիներ։ Մի անգամ եղբայր Նորն ասաց. «Ձեր ծառայության մեջ ինչի՞ վրա կկենտրոնանաք։ Կեղտի՞, միջատների՞, աղքատությա՞ն։ Թե՞ կնկատեք ծառերը, ծաղիկները և մարդկանց երջանիկ դեմքերը»։ Ապա ավելացրեց. «Սովորեք սիրել մարդկանց»։ Մի օր էլ, երբ եղբայր Սուինգլը բացատրում էր, թե որոշ եղբայրներ ինչու են հեշտությամբ հանձնվել, նրա ձայնը դողաց, և նա հազիվ կարողացավ զսպել արցունքները, ուստի ստիպված եղավ մի պահ դադար տալ ու հանդարտվել։ Դա խոր ազդեցություն թողեց ինձ վրա, և ես վճռեցի երբեք չհիասթափեցնել ո՛չ Քրիստոսին, ո՛չ էլ նրա հավատարիմ եղբայրներին (Մատթ. 25։40)։
Ես, Կլոդը և Հայնրիխը՝ Լուբումբաշիում մեր միսիոներական ծառայության ժամանակ (1967)
Երբ ստացանք մեր նշանակումները, որոշ բեթելցիներ, հետաքրքրասիրությունից դրդված, մեզանից մի քանիսին հարցրին, թե ուր ենք մեկնելու։ Յուրաքանչյուր պատասխանից հետո նրանք ինչ-որ դրական բան էին ասում, մինչև որ ես ասացի՝ Կոնգո (Կինշասա)։ Մի պահ քար լռություն տիրեց, հետո նրանք պարզապես կմկմացին. «Փաստորեն, Կոնգո։ Թող Եհովան քեզ հետ լինի»։ Այդ ժամանակ լրատվամիջոցներով շատ էր խոսվում Կոնգոյում տեղի ունեցող պատերազմի և սպանությունների մասին։ Բայց ես մտքումս վառ էի պահում այն դասը, որ սովորել էի։ Ուստի 1967 թ. սեպտեմբերին կայացած ավարտականից կարճ ժամանակ անց Հայնրիխ Դենբոստելի և Կլոդ Լինդսիի հետ մեկնեցի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք՝ Կինշասա։
ԿՅԱՆՔԻ ԴՊՐՈՑ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կինշասա գալուց հետո սկսեցինք ֆրանսերեն սովորել. դա տևեց երեք ամիս։ Հետո տեղափոխվեցինք Լուբումբաշի (նախկինում՝ Էլիզաբեթվիլ)։ Այն գտնվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավում՝ Զամբիայի սահմանի մոտ։ Ապրում էինք քաղաքի կենտրոնում գտնվող միսիոներական տանը։
Լուբումբաշիի տարածքի մեծ մասում բարի լուրը երբեք չէր քարոզվել, ուստի մենք շատ ուրախ էինք, որ այդ գործում առաջիններից էինք։ Շուտով այնքան շատ մարդիկ ցանկացան ուսումնասիրել Աստվածաշունչը, որ չէինք հասցնում բոլորին օգնել։ Մենք նաև վկայություն էինք տալիս իշխանության ներկայացուցիչներին և ոստիկանության աշխատակիցներին։ Այստեղ շատերը խորապես հարգում էին Աստծու Խոսքը և մեր քարոզչական գործը։ Մարդիկ հիմնականում սվահիլի լեզվով էին խոսում, ուստի ես ու Կլոդ Լինդսին նաև այդ լեզուն սովորեցինք, ինչից հետո մեզ նշանակեցին այն ժողով, որի հանդիպումները սվահիլիով էին անցկացվում։
Թեև մեր ծառայության ընթացքում հետաքրքիր ու հաճելի շատ դեպքեր էին լինում, սակայն մենք նաև դժվարություններ էինք կրում։ Հաճախ ստիպված էինք լինում գործ ունենալ հարբած զինվորների կամ կոպիտ ոստիկանների հետ, որոնք կեղծ մեղադրանքներ էին առաջ քաշում մեր դեմ։ Մի անգամ զինված ոստիկանների մի մեծ խումբ ներխուժեց միսիոներական տուն, որտեղ ժողովի հանդիպում էինք անցկացնում, ու մեզ տարավ ոստիկանության կենտրոնական բաժին։ Այնտեղ մեզ ստիպեցին հատակին նստած մնալ գրեթե մինչև գիշերվա ժամը տասը, ինչից հետո ազատ արձակեցին։
1969-ին ես շրջանային վերակացու նշանակվեցի։ Այդ ծառայության ընթացքում երբեմն ստիպված էի լինում երկար տարածություններ անցնել ցեխոտ շավիղներով և մարդաբոյ խոտերի միջով, ինչը Աֆրիկայում սովորական բան է։ Գյուղերից մեկում մի հավ իր ճուտիկների հետ գիշերը մահճակալիս տակ էր քնել։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես, դեռ լույսը չբացված, նա իր ոգևորված կանչով արթնացրեց ինձ։ Միշտ ջերմությամբ եմ հիշում այն օրերը, երբ եղբայրների հետ երեկոյան հավաքվում էինք խարույկի շուրջը և աստվածաշնչյան ճշմարտություններ քննարկում։
Իմ տեսած ամենամեծ դժվարություններից մեկը կապված էր կեղծ եղբայրների հետ, որոնք ձևացնում էին, թե Եհովայի վկաներ են, սակայն իրականում «Կիտավալա» շարժման անդամներ էին։b Նրանցից ոմանք սողոսկել էին ժողովներ և անգամ դարձել երեցներ։ Այս «ստորջրյա խութերից» շատերին բացահայտեցին մեր ազնվասիրտ եղբայրներն ու քույրերը (Հուդա 12)։ Ի վերջո Եհովան զտեց ժողովները և հիմք պատրաստեց մի զարմանահրաշ աճի համար։
1971-ին ինձ նշանակեցին Կինշասայի մասնաճյուղ։ Այնտեղ տարատեսակ աշխատանքներ եմ արել. զբաղվել եմ նամակագրությամբ, գրականության պատվերներով և ծառայության հետ կապված տարբեր հարցերով։ Բեթելում սովորեցի կազմակերպել աշխատանքը սահմանափակ ենթակառուցվածքներ ունեցող հսկայական երկրում։ Երբեմն ամիսներ էին անցնում, մինչև մեր ուղարկած նամակները հասնում էին ժողովներ։ Նամակները ինքնաթիռից տեղափոխում էին նավակներ, որոնք էլ շաբաթներով խրված էին մնում ջրային հակինթների հյուսած խիտ գորգի մեջ։ Այնուամենայնիվ, այս և նմանատիպ այլ դժվարություններ հաջողությամբ հաղթահարվում էին։
Հիանում էի՝ տեսնելով, թե եղբայրները ինչպես էին սահմանափակ գումարով մեծ համաժողովներ կազմակերպում։ Նրանք տերմիտների սարքած բլրակների վրա բեմահարթակ էին կառուցում՝ պատերի համար օգտագործելով երկար խոտեր։ Նույն խոտերը՝ փաթույթի ձևով ոլորված, ծառայում էին որպես նստարաններ։ Բացի այդ, նրանք բամբուկից տաղավարներ էին շինում, իսկ որպես տանիք ծառայում էին եղեգնյա խսիրները։ Դրանք նաև որպես սեղան էին օգտագործվում։ Եվ քանի որ եղբայրները մեխեր չունեին, այդ ամենն ամրացնում էին ծառի կեղևից ստացած ժապավեններով։ Ցավոք, այդ ընթացքում չէի կարողանում օգտակար լինել, բայց նրանց հնարամտությունն ու կենսուրախությունը անչափ տպավորում էին ինձ։ Ես շատ սիրեցի նրանց բոլորին։ Ուստի երբ նոր նշանակում ստացա ու մեկնեցի Կոնգոյից, այնտեղի հավատակիցների հանդեպ կարոտը դարձավ իմ մշտական ուղեկիցը։
ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՔԵՆԻԱՅՈՒՄ
1974-ին ինձ տեղափոխեցին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գտնվող մասնաճյուղ։ Մեզ ահռելի աշխատանք էր սպասում, քանի որ Քենիայի մասնաճյուղը կազմակերպում էր շրջակա տասը երկրներում իրականացվող քարոզչական գործը, ընդ որում՝ դրանցից մի քանիսում մեր գործունեությունը արգելքի տակ էր։ Ինձ հաճախ էին հանձնարարում այցելել այդ երկրներ, հատկապես Եթովպիա։ Այնտեղ մեր հավատակիցները հալածվում էին ու ծանր փորձությունների ենթարկվում։ Նրանցից շատերին դաժանորեն ծեծում կամ բանտարկում էին։ Անգամ եղել էին դեպքեր, երբ ոմանց սպանել էին։ Բայց մեր հավատակիցները դիմացան այդ ամենին ու հավատարիմ մնացին, քանի որ լավ փոխհարաբերություններ ունեին Եհովայի և միմյանց հետ։
1980 թ.-ին կյանքս հաճելիորեն փոխվեց, երբ ամուսնացա Գեյլ Մեթսոնի հետ, որը Կանադայից է։ Մենք միասին «Գաղաադի» նույն դասարանում էինք սովորել և նամակագրական կապ էինք պահում։ Գեյլը որպես միսիոներ էր ծառայում Բոլիվիայում։ 12 տարի հետո մենք կրկին հանդիպեցինք Նյու Յորքում և կարճ ժամանակ անց ամուսնացանք Քենիայում։ Ես անչափ շնորհակալ եմ Գեյլին, որ նա իրերին միշտ Եհովայի տեսանկյունից է նայում և գոհ է այն ամենով, ինչ ունի։ Նա առայսօր իմ թանկագին աջակիցն ու սիրառատ ընկերն է։
1986-ին ես ու Գեյլը շրջագայական ծառայության անցանք, բայց միևնույն ժամանակ ես ծառայում էի որպես մասնաճյուղի կոմիտեի անդամ։ Շրջագայական ծառայության ընթացքում պետք է այցելեինք Քենիայի մասնաճյուղի հոգածության տակ գտնվող երկրներ։
Ելույթ եմ ունենում Ասմարայում անցկացվող համաժողովին (1992)
Միշտ ջերմությամբ եմ հիշում, թե ինչպես էինք պատրաստություններ տեսնում Ասմարայում (Էրիթրեա) 1992-ին կայանալիք համաժողովի համար, երբ մեր գործունեությունը այդ տարածքում դեռ արգելքի տակ չէր։ Ցավոք, մեզ հաջողվել էր միայն մի անհրապույր ամբար գտնել, որը դրսից խղճուկ տեսք ուներ, իսկ ներսի կողմից վիճակը նույնիսկ ավելի անմխիթար էր։ Համաժողովի օրը ես պարզապես ապշեցի, թե եղբայրները ինչպես էին կարողացել կերպարանափոխել այդ շինությունը՝ այն վերածելով մի վայրի, որտեղ հնարավոր էր արժանավայել ձևով երկրպագել Եհովային։ Շատ ընտանիքներ գեղեցիկ կտորներ էին բերել և դրանցով հմտորեն քողարկել էին այն ամենը, ինչը տհաճ էր աչքին։ Եվ մենք՝ 1 279 ներկաներս, շատ ոգևորիչ համաժողով վայելեցինք։
Շրջագայական ծառայությունը իր դժվարություններն ուներ։ Այն կատարելիս բազմազան կացարաններում ենք օթևանել։ Մի անգամ մեկ շաբաթ մնացել ենք օվկիանոսի ափին գտնվող մի շքեղ առանձնատանը։ Իսկ ուրիշ անգամ իջևանել ենք բանվորների ճամբարում գտնվող մի թիթեղյա տնակում, որի արտաքնոցը մոտ 100 մետր (300 ֆուտ) հեռու էր։ Բայց անկախ ամեն ինչից՝ մեր մտքում շատ հաճելի հիշողություններ են մնացել այդ ուրախ ժամանակներից, երբ ամբողջ օրը մեր եռանդուն ռահվիրաների ու քարոզիչների հետ ծառայության մեջ էինք անցկացնում։ Երբ նոր նշանակում ստացանք, ստիպված եղանք բաժանվել մեր սրտին թանկ բազմաթիվ ընկերներից, որոնց մինչև հիմա էլ շատ ենք կարոտում։
ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ
Քենիայի մասնաճյուղի հոգածության տակ գտնվող երկրներից մի քանիսում 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին մեր կազմակերպությունը պետական գրանցում ստացավ։ Արդյունքում այդ երկրներում մասնաճյուղեր կամ գրասենյակներ հիմնվեցին։ 1993-ին մեզ նշանակեցին Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում բացված գրասենյակ։ Այդ երկրում մեր կազմակերպությունը տասնամյակներ շարունակ ընդհատակյա գործունեություն էր վարել, բայց վերջապես պետական գրանցում էր ստացել։
Եթովպիայի գյուղերից մեկում՝ շրջագայական ծառայության ժամանակ (1996)
Եհովան շատ օրհնեց Եթովպիայում կատարվող քարոզչական գործը։ Բազմաթիվ եղբայրներ ու քույրեր ռահվիրայական ծառայություն սկսեցին։ 2012 թ.-ից ի վեր այս երկրի քարոզիչների 20 տոկոսից ավելին ամեն տարի ծառայում է որպես ռահվիրա։ Բացի այդ՝ աստվածապետական դպրոցները անհրաժեշտ կրթություն են տրամադրում։ Նաև ուրախ ենք, որ այստեղ ավելի քան 120 Թագավորության սրահ է կառուցվել։ 2004-ին Բեթելի ընտանիքը տեղափոխվեց նոր շենք։ Դրան կից կառուցվել է նաև համաժողովների սրահ, որը նույնպես մեծ օրհնություն է մեզ համար։
Տարիների ընթացքում ես ու Գեյլը շատ մտերմացանք Եթովպիայի մեր եղբայրների ու քույրերի հետ։ Նրանց ջերմությունն ու բարությունը զգալով՝ պարզապես չէինք կարող չսիրել այդ մարդկանց։ Վերջերս մենք առողջական լուրջ խնդիրներ ունեցանք, ինչի պատճառով մեր նշանակումը փոխվեց։ Այժմ մենք ծառայում ենք Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղում։ Այստեղ մեր մասին ջերմորեն հոգ են տանում, բայց մենք անչափ կարոտում ենք Եթովպիայի մեր թանկագին ընկերներին։
ԵՀՈՎԱՆ Է ԱՃԵՑՆՈՒՄ
Մենք մեր աչքերով ենք տեսել, թե Եհովան ինչպես է աճեցնում Թագավորության սերմերը (1 Կորնթ. 3։6, 9)։ Օրինակ, երբ առաջին անգամ վկայություն տվեցի Կոնգոյի պղնձի հանքերում աշխատող ռուանդացի հանքափորներին, Ռուանդայում այդ ժամանակ ոչ մի քարոզիչ չկար։ Այսօր այնտեղ ավելի քան 30 000 հավատակից ունենք։ 1967-ին Կոնգոյում (Կինշասա) մոտավորապես 6 000 քարոզիչ կար։ Այժմ այդ թիվը հասել է մոտ 230 000-ի, իսկ մեկ միլիոնից ավել մարդ էլ 2018 թ.-ին ներկա է եղել Հիշատակի երեկոյին։ Բոլոր այն երկրներում, որոնք մի ժամանակ Քենիայի մասնաճյուղի հոգածության տակ էին, քարոզիչների ընդհանուր թիվը գերազանցել է 100 000-ը։
Ավելի քան 50 տարի առաջ Եհովան տարբեր եղբայրների միջոցով օգնեց ինձ լիաժամ ծառայություն սկսել։ Թեև մինչև այսօր էլ պայքարում եմ ամաչկոտությանս դեմ, սակայն սովորել եմ ամբողջությամբ ապավինել Եհովային։ Աֆրիկան ինձ սովորեցրել է լինել համբերատար և բավարարվել ունեցածով։ Ես ու Գեյլը հիանում ենք այն եղբայրներով ու քույրերով, որոնք շատ հյուրասեր են, դիմացկուն և միշտ ապավինում են Աստծուն։ Սիրտս լի է խոր երախտագիտությամբ Եհովայի անզուգական բարության համար։ Նրա օրհնությունները իսկապես որ գերազանցել են իմ բոլոր սպասելիքները (Սաղ. 37։4)։
a Հետագայում կոչվեց «Մեր թագավորական ծառայությունը», իսկ այժմ դրա փոխարեն՝ լույս է տեսնում «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկը։
b «Կիտավալա» անվանումը ծագել է սվահիլիական մի բառից, որը նշանակում է «առաջնորդել, տիրապետել կամ իշխել»։ Այս շարժումը զուտ քաղաքական նպատակներ ուներ. այն ուզում էր, որ Կոնգոն անկախանար Բելգիայից։ Ցավոք, «Կիտավալա» խմբավորման անդամները ձեռք էին բերում, ուսումնասիրում էին և տարածում Եհովայի վկաների հրատարակությունները։ Նրանք աղավաղում էին աստվածաշնչյան ուսմունքները, որպեսզի արդարացնեին իրենց քաղաքական նպատակները, սնոտիապաշտական սովորույթներն ու անբարո վարքը։