«Թագավորությունը սերմանել» ամսագրերի մատակարարման երթուղու ժամանակ
1 «Եհովային փառաբանենք մեր երգերով» գրքույկի թիվ 133 երգը (ռուս.) կոչվում է «Թագավորությունը սերմանել» և հիմնված է Հիսուսի այն առակի վրա, որում նա աշակերտներ պատրաստելու գործը համեմատում է սերմ ցանելու հետ (Մատթ. 13։4—8, 19—23)։ Երգի խոսքերում ասվում է. «Թե որքան շատ սերմ կընկնի պարարտ հողի մեջ, հաճախ դա կախված է քեզնից»։ Ինչպե՞ս կարող ենք մեր ծառայությունն ավելի արդյունավետ դարձնել. միջոցներից մեկը ամսագրերի մատակարարման երթուղի հաստատելն ու պահպանելն է։
2 Ամսագրերի մատակարարման երթուղու օգնությամբ կարող ենք որոշակի նպատակների հասնել։ 1) Ամեն երկու շաբաթը մեկ անգամ հետաքրքրվող անհատին այցելելով՝ նրա հետ մտերիմ փոխհարաբերություն հաստատելու հնարավորություն կունենաս։ 2) Աշխատիր կանոնավորապես մատակարարել կենսատու տեղեկություն պարունակող «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը։ 3) Անհատի հետ զրուցելով՝ կարող ես զարգացնել նրա ցանկությունը Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ, որը հնարավոր է առաջնորդի Սուրբ գրությունների ուսումնասիրության (Ա Պետ. 2։2)։
3 Ինչպես ամսագրերի մատակարարման երթուղի հաստատել Երբ որևէ մեկը հետաքրքրություն է ցուցաբերում ամսագրերի նկատմամբ, բացատրիր, որ յուրաքանչյուր համարը հիանալի հոդվածներ է պարունակում, և դու կարող ես ամեն երկու շաբաթը մեկ հաճույքով դրանք բերել նրանց։ Հեռանալուց հետո գրիր անհատի անունը, հասցեն, այցելության ամսաթիվը, ամսագրի համարը, ներակայացրած հոդվածը և անհատին հատկապես հետաքրքրող թեմաները։
4 Նախ և առաջ կարող ես ամսագրերի մատակարարման երթուղի հաստատել՝ ընդգրկելով միայն մի քանի հոգու։ Այնուհետև ընդլայնելով այն՝ ավելացնել նաև ուրիշներին, ում մոտ ամսագրեր ես թողել։ Գրականություն ցանկացողների մատակարարումը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի կարողանաս հեշտությամբ այցելել բոլորին։ Մանրամասն գրանցիր, թե յուրաքանչյուր այցելության ժամանակ ո՛ր թողարկումն ես թողել և երբ։ Նշումներ արա նաև ձեր խոսակցությունից, որպեսզի կողմնորոշվես, թե հաջորդ այցելության ժամանակ ինչպես կարելի է զարգացնել անհատի հետաքրքրությունը ճշմարտության հանդեպ։
5 Ընդգրկիր առևտրականներին և մասնագետներին Փորձը ցույց է տվել, որ առևտրականներն ու տարբեր մասնագետները սիրով և կանոնավորաբար վերցնում են մեր ամսագրերը։ Մի երեց ամսագրերի մատակարարման երթուղու ցանկում ընդգրկել էր նույնիսկ քաղաքագլխին։ Իսկ մի քարոզիչ տասը տարի աննահանջ կերպով ամսագրեր մատակարարելուց հետո Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց մի ընկերության ութսունամյա սեփականատիրոջ հետ։
6 Մի ռահվիրա քույր խանութում հանդիպում է ամուսնական զույգի, որը թեպետ սառը վերաբերմունք է ցուցաբերում նրա նկատմամբ, սակայն ամսագրեր է վերցնում։ Ուստի քույրը որոշում է օգնել այդ ամուսիններին՝ ամսագրեր մատակարարելով։ Որոշ ժամանակ անց ռահվիրան մտածում է դադարեցնել այդ երթուղին, որովհետև նրանք անբարյացակամ էին և այլևս չէին ցանկանում զրուցել, նույնիսկ երբ նա հարցեր էր տալիս՝ նրանց կարծիքն իմանալու նպատակով։ Սակայն քույրն աղոթքով առաջնորդություն է խնդրում և, ի վերջո, զույգին «Յավիտեան ապրիլ» գիրքը նվիրում։ Այն կարդալուց հետո կինը բացականչելով խոստովանում է. «Վերջապե՜ս, գտա ճշմարտությունը»։ Սկսվում է Աստվածաշնչի ուսումնասիրություն, և որոշ ժամանակ անց նրանք մկրտվում են։ Ռահվիրայի հաստատակամությունն իրոք որ լավ պտուղ տվեց։
7 Կրկնակի այցելություններ կատարիր Նոր ամսագիրը ստանալուն պես ընթերցիր բոլոր հոդվածները։ Ուշադրությամբ զննիր այն մտքերը, որոնք կարող են հետաքրքրել քո երթուղում տեղ գտած ցանկացած անհատի։ Կրկնակի այցելելով՝ կարող ես ասել. «Երբ ընթերցում էի այս հոդվածը, մտածեցի, որ այն գուցե հետաքրքիր լինի ձեզ համար»։ Ցանկացած տարիքի քարոզիչ կարող է ուրախություն ստանալ՝ ամսագրերի մատակարարման երթուղի կատարելով։ Նույնիսկ երեխաները կարող են ասել. «Ուրախ ենք՝ ձեզ կրկին տեսնելու։ Մենք բերել ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի ամենանոր համարները։ Կարծում ենք, որ ուրախ կլինեք ընթերցելու ահա այս հոդվածը....»։
8 Եթե հետաքրքրվողների ուշադրությունը դարձնես «Մեր հաջորդ թողարկման մեջ» շրջանակի վրա, ապա գալիք հոդվածների նկատմամբ նրանց մեջ սպասումի զգացումներ կարթնացնես։ Երբ հոդվածները բաղկացած են լինում մի քանի մասերից, նշիր այդ մասին, որպեսզի ընթերցողը բաց չթողնի որևէ մաս։ Մի մոռացիր, որ ամեն անգամ, երբ ամսագրեր ես թողնում քո երթուղում ընդգրկված անհատի մոտ, համարվում է կրկնակի այցելություն։ Եվ ամենից առաջ հիշիր, որ մեր նպատակն է այս այցելությունները վերածել Աստվածաշնչի տնային ուսուցումների։
9 Կանոնավորապես այցելիր քո երթուղում ընդգրկված անձանց Ամսագրերի մատակարարման աշխատանքը կարող ես կատարել այն ժամանակ, երբ դա հարմար է՝ վաղ առավոտյան, կեսօրից հետո, երեկոյան կամ էլ հանգստյան օրերին տնե–տուն ծառայություն կատարելիս։ Եթե հիվանդության կամ արձակուրդի պատճառով չես կարող ամսագրերը մատակարարել, խնդրիր ձեր տան կամ ժողովի որևէ քարոզչի քո փոխարեն դա անել։ Այդ դեպքում երթուղում ընդգրկված բոլոր հետաքրքրվողները ժամանակին կստանան իրենց ամսագրերը։
10 Թագավորությունը սերմանելու ուղիներից մեկը քո երթուղում ընդգրկված բոլոր անձանց կանոնավորապես «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերով ապահովելն է։ Եթե սովորեցնես նրանց աստվածաշնչային ճշմարտությունը, ապա նրանք կըմբռնեն Թագավորության խոսքը և, ի վերջո, Թագավորության պտուղ կբերեն (Մատթ. 13։8, 23)։