Մենք պետք է կրկին ու կրկին այցելենք
1 Երբ առաջին անգամ հաղորդեցին քեզ բարի լուրը, բարեհաճությամբ արձագանքեցի՞ր։ Եթե ոչ, պետք է երախտապարտ լինես, որ Եհովայի վկաները կրկին ու կրկին այցելել են քեզ, մինչև որ, ի վերջո, ընդունեցիր Աստվածաշունչն ուսումնասիրելու առաջարկը։ Քեզ նշանակված տարածքը կրկին անգամ այցելելիս՝ օգտակար է այդ մասին խորհելը։
2 Մարդկանց ապրելակերպն անընդհատ փոփոխվում է։ Նրանք նոր խնդիրների կամ իրավիճակների են հանդիպում, նրանց անհանգստացնում են հասարակության մեջ կամ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, տառապում են տնտեսության բնագավառի անհաջողություններից կամ էլ ընտանիքում հիվանդության կամ մահվան են հանդիպում։ Այս ամենը տեսնելով՝ հնարավոր է ցանկություն առաջանա նրանց մեջ՝ իմանալու այդ մտահոգությունների պատճառը։ Մենք նախ՝ պետք է հասկանանք նրանց մտահոգության պատճառը, ապա՝ սփոփիչ լուրը հաղորդենք։
3 Սա փրկարար աշխատանք է։ Խորհիր աղետի վայրերում աշխատող փրկարարների մասին։ Նույնիսկ երբ փրկարարները որոնման աշխատանքներ են կատարում մի վայրում, ուր փրկվողներ քիչ կան, նրանք չեն դանդաղում կամ հանձնվում միայն այն պատճառով, որ մի ուրիշ վայրում իրենց աշխատակիցներն ավելի մեծ թվով տուժածների են գտնում։ Մեր փրկարար աշխատանքը դեռ չի դադարեցվել։ Ամեն տարի մենք գտնում ենք հարյուր հազարավոր անհատների, ովքեր ցանկանում են փրկվել «մեծ նեղութիւնից» (Յայտն. 7։9, 14)։
4 «Ամենայն ոք, որ Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] անունը կանչի, կը փրկուի» (Հռովմ. 10։13—15)։ Այս խոսքերը պետք է դրդեն մեզ, որպեսզի համառորեն շարունակենք քարոզել։ Մեր տարածքը առաջին անգամ քարոզվելուց հետո բավականին ժամանակ է անցել, այնտեղ բնակվող երեխաները մեծացել են և այժմ բավականաչափ հասունացել, որպեսզի լրջորեն մտածեն իրենց ապագայի և կյանքի նպատակի մասին։ Մենք երբեք չենք կարող իմանալ, թե արդյունքում ով կլսի մեր լուրը (Ժող. 11։6)։ Նախկինում հակառակվող շատ մարդիկ այսօր ընդունել են ճշմարտությունը։ Մեր աշխատանքը մարդկանց դատելը չէ, այլ նրանց հնարավորություն տալը, որպեսզի այդ լուրը լսեն և այս հին աշխարհից փրկվեն։ Հիսուսի առաջին աշակերտների պես մենք էլ պետք է շարունակենք այցելել մարդկանց և փորձենք Թագավորության պատգամի հանդեպ հետաքրքրություն առաջացնել նրանց մեջ (Մատթ. 10։6, 7)։
5 Այն իրողությունը, որ մինչև հիմա քարոզելու հնարավորություն ունենք, Եհովայի ողորմածության արտահայտությունն է (Բ Պետ. 3։9)։ Կրկին ու կրկին մարդկանց պատգամը հաղորդելով՝ մենք ցույց ենք տալիս Եհովայի սերը ու այդպիսով փառաբանում նրան։