«Համբերո՛ղ եղէք»
1 Ինչպես տեսնում ենք, Սատանայի այս ներկա համակարգի վերջը այսօր մոտ է ավելի, քան երբևէ, ուստի մենք պետք է ‘համբերող լինենք’, մինչ սպասում ենք Եհովայի օրվա փրկությանը։ Հատկապես այս օրհասական ժամանակներում չարակամ թշնամու «ուժերը» ցանկանում են շեղել մեր ուշադրությունը Եհովայի գերիշխանությանը վերաբերող վիճելի հարցից և հրապուրել, որպեսզի մեծամասամբ մեր անձնական հետաքրքրություններով զբաղված լինենք։ Այդ ճանապարհով Սատանան փորձում է մոլորեցնել մեզ, որպեսզի հանձնվենք կամ դանդաղենք Թագավորության քարոզչական աշխատանքում (Յակ. 5։7; Մատթ. 24։13, 14)։ Ինչպե՞ս կարող ենք անհրաժեշտ համբերատարություն ցուցաբերել։
2 Ինքնազսպում հանդես բերել։ Ծառայության ժամանակ անտարբերության կամ հակառակության հանդիպելիս՝ ինքնազսպումը կօգնի մեզ շարունակել քարոզչությունը։ Մենք չպետք է հեշտությամբ վախենանք կամ վիրավորվենք, երբ կոպիտ կամ անբարյացակամ մարդկանց հանդիպենք (Ա Պետ. 2։23)։ Այս ներքին ուժը կօգնի մեզ բացասականորեն չարտահայտվել մեր տարածքում հանդիպող այն մարդկանց մասին, ովքեր անտարբեր են կամ չարությամբ են լցված մեր հանդեպ, հասկանալով, որ նման խոսակցությունը կվհատեցնի և՛ մեզ, և՛ ծառայության մեջ մեզ հետ համագործակցող անհատներին։
3 Հարատևաբար համբերել։ Հնարավոր է, որ համբերատարություն ցուցաբերելու մեջ դժվարանանք, երբ առաջին անգամ հետաքրքրվող անհատի հետ հաճելի զրույց ունենալուց հետո մեզ չհաջողվի դարձյալ գտնել նրան տանը։ Նույն բանը կարող է պատահել, երբ այն անհատները, ում հետ մենք ուսուցում ենք անցկացնում, դանդաղում են հոգևոր քայլեր անելու կամ ճշմարտությանը թիկունք կանգնելու հարցում։ Այնուամենայնիվ, հարատև համբերատարություն ցուցաբերողները, որպես վարձատրություն, լավ արդյունքների են հասնում (Գաղ. 6։9)։ Մի քույր հաճախակի այցելում էր մի կնոջ։ Առաջին հինգ այցելությունների ընթացքում կնոջն ավելի շատ հետաքրքրում էին կողմնակի գործերը։ Վեցերորդ անգամ քարոզիչը տեղ հասավ անձրևից թրջված և ոչ մեկին չգտավ տանը։ Նա չհուսահատվեց, այլ հաստատակամություն ցուցաբերեց և կնոջը մի հնարավորություն ևս ընձեռեց։ Քույրը կրկին այցելեց նրան, իսկ կինն արդեն պատրաստ էր ուսուցումը սկսելու։ Հետագայում նա մեծ առաջադիմություններ արեց և կարճ ժամանակում իր կյանքը Եհովային նվիրեց։
4 Մենք գիտենք, որ Եհովայի օրը չի ուշանա։ Ուստի սպասում ենք նրա միջամտությանը՝ իմանալով, որ Աստծո համբերատարությունը բարի պտուղներ կբերի (Ամբ. 2։3; Բ Պետ. 3։9—15)։ Համբերատարության հարցում մենք պետք է Եհովային ընդօրինակենք և չհանձնվենք ծառայության մեջ։ Եկեք «հաւատով եւ համբերութեամբ» նայենք Եհովային, որը մեր կատարած տքնաջան աշխատանքի համար անշուշտ կպարգևատրի մեզ (Եբր. 6։10—12)։